Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 306 Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի  մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը (այսուհետ նաև՝ Նախագիծ) պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ N 51-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի N 858-Ն որոշման կարգավորումներով:   

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2020 թվականի մարտի 12-ին ընդունվել է «Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 306-Ն որոշումը (այսուհետ նաև՝ Որոշում): Նշված Որոշմամբ սահմանվել է հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը: Ընդ որում, Որոշմամբ սահմանվում է, որ հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրերի հրապարակման եղանակով:  

Սակայն, 2021 թվականի հունվարի 19-ին, Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի փետրվարի 17-ին։ Օրենքի ընդունմամբ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների հայտարարագրման համակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ Օրենքով ներդրվել է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը։ «Հանրային ծառայության մասին» օրենքի 40.1-րդ հոդվածով սահմանվել են հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները, ծախսերի հայտարարագրման դեպքում ներկայացվող տեղեկատվությունը և այլն։ Ծախսերի հայտարարագրի ներդրմամբ պայմանավորված՝ վերանայվել են հայտարարագրման ինստիտուտի հետ կապված մյուս կարգավորումները ևս: Վերանայվել է գույքի հայտարարագրերի բովանդակությունը: Ներդրվել է փաստացի տիրապետվող գույքի, հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև այն գույքի հայտարարագրման պահանջ, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատուն: Ընդլայնվել է գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Տեղեկատվություն է ներկայացվում նաև անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռքբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչպես նաև սահմանվել է բանկային ավանդի և բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պահանջ: Օրենքով հստակեցվել է նաև հայտարարագրման ենթակա եկամուտների տեսակները: Վերանայվել է եկամտի հայտարարագրում ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Փոփոխությունների են ենթարկվել շահերի հայտարարագրման որոշ կարգավորումներ և այլն: Հարկ է նշել, որ վերոնշյալով պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի N 858-Ն որոշմամբ փոփոխություն է իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի «Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի ու հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 102-Ն որոշման մեջ: Կատարված փոփոխությամբ խմբագրվել է հայտարարագրերի օրինակելի ձևերը, այն համապատասխանեցնելով Օրենքի կարգավորումներին՝ ներառելով նոր ներդրված ինստիտուտները։ Վերոգրյալի հաշվառմամբ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանում է Կառավարությունը անհրաժեշտություն է առաջացել նաև վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 306-Ն որոշումը:  

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 306-Ն որոշման մեջ իրականացնել համապատասխան փոփոխություններ։ Մասնավորապես, առաջարկվում է խմբագրել որոշման հավելվածը, այն համապատասխանեցնելով Օրենքով սահմանված կարգավորումներին՝ ներառելով նոր ներդրված ինստիտուտների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը։ Ընդ որում, հաշվի առնելով փոփոխությունների լայնածավալ բնույթը, նպատակահարմար է գտնվել որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ:   

Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման համապատասխանությունը «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ N 51-Ն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի N 858-Ն որոշմամբ իրականացված փոփոխություններին:

  • Քննարկվել է

    08.06.2021 - 23.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5044

Տպել