Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2021 թվականի մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրոդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող, հայեցակարգային հիմքերի վրա հիմնված, կրիմինալոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք)։

Օրենսգրքի 551-րդ հոդվածի համաձայն՝ Օրենսգիրքը, որոշ բացառություններով, ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից։ Օրենսգիրքը գործողության մեջ դնելու ընթացակարգը նախատեսող 552-րդ հոդվածի համաձայն՝ Օրենսգիրքը գործողության մեջ է դրվում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքով։ Հետևաբար, Օրենսգիրքն առանձին օրենքով գործողության մեջ դնելու պահանջը ուղղակիորեն նախատեսված է հենց Օրենսգրքով։ Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 72-րդ և 73-րդ հոդվածների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որոնց համաձայն՝  արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ և անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով։ Նախագիծը, ՀՀ Սահմանադրության՝ վերը նշված հոդվածների պահանջների կատարումն ապահովելու նպատակով, մանրամասն կարգավորվում է արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակի վերացնող, պատիժը մեղմացնող, ինչպես նաև անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի կիրառման շրջանակն ու առանձնահատկությունները։

Քանի որ Օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական օրենքի հետադարձ ուժով կիրառելու կանոնը, դրանում նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ, տարածվելու է ոչ միայն քրեական դատավարության մինչդատական կամ դատական փուլերում գտնվող գործերով ներգրավված անձանց, այլ նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված և պատիժ կրող, ինչպես նաև պատիժ կրած, սակայն դատվածություն ունեցող անձանց նկատմամբ, Նախագիծը պետք է սահմանի նաև, թե ինչ դատավարական կարգով պետք է իրականացվի արարքի և պատժի համապատասխանեցումը, ինչպես նաև սահմանի պատժից ազատելու և համապատասխանեցումներ կատարելու իրավասություն ունեցող մարմինների և պաշտոնատար անձանց շրջանակը։

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագիծը սահմանում է մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ՀՀ տարածքում գործող այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի՝ Օրենսգրքին համապատասխանեցնելու պահանջ՝ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր հակասություններից խուսափելու նպատակով:

Նախագծի համաձայն՝ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո հիմնական և լրացուցիչ պատժից պետք է ազատվեն Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքով մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը դատապարտված այն անձինք, ովքեր դատապարտվել են այնպիսի արարքների համար, որոնք, Օրենսգրքի համաձայն, հանցագործություններ չեն համարվում: Այս կարգավորումն ուղղակիորեն բխում է Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասից, որի համաձայն՝ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո արարքի հանցավորությունը լրիվ վերացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ։

Քանի որ Օրենսգրքով վերացվել է Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված գույքի բռնագրավում պատժատեսակը, հիմք ընդունելով Օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, Նախագծի 3-րդ հոդվածը նախատեսում է գույքի բռնագրավում պատժատեսակից ազատել այն անձանց, որոնց նկատմամբ կայացված դատավճիռը 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ուժի մեջ չի մտել կամ դատավճիռն ուժի մեջ է մտել, սակայն գույքի բռնագրավում պատժատեսակը ի կատար չի ածվել:

Օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված՝ արարքի հանցավորությունը մասնակիորեն վերացնող օրենքի հետադարձ կիրառելիության կանոնի կենսագործմանն է ուղղված Նախագծի 4-րդ հոդվածը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքով մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը դատապարտված այն անձնանց արարքները, որոնց հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մասնակի վերացվել է, պետք է համապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին:

Նախագծի կարգավորման առարկան ներառում է նաև օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով պատժի չափերի համապատասխանեցման հարցերը։ Մասնավորապես, նախատեսվում է, Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված և պատիժ չկրած կամ պատիժ կրող, կամ պատիժը կրած, սակայն դատվածություն ունեցող անձանց նկատմամբ նշանակված, կիրառվող կամ կիրառված պատժի չափերը համապատասխանեցնել Օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է Օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն ժամկետից` հաշվի առնելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները: Այս կարգավորումը անմիջականորեն բխում է Օրենսգրքի 9-րդ հոդվածից և ուղղված է դրա կենսագործմանը։

Նախագծով հստակ կարգավորվում են Օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով դատվածության կանոնների կիրառման և դրանց՝ անձի վիճակն այլ կերպ բարելավող մասով հետադարձ ուժի հետ կապված հարցերը։ Այս կարգավորման կարևորությունը պայմանավորված է անձի դատվածությունը վերացնելու, ինչպես նաև անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող՝ Օրենսգրքով նախատեսվող դրույթները վերջինիս նկատմամբ կիրառելու անհրաժեշտությամբ։

Քանի որ Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 49-րդ հոդվածի 7-րդ մասում նախատեսված կալանք պատժատեսակը օրենսգրքում փոխարինվել է կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակով, Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան կալանք պատժատեսակի դատապարտված անձանց նկատմամբ նշանակված պատիժը, համաձայն Նախագծի 6-րդ հոդվածի, պետք է համապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակին: Նման համապատասխանեցման անհրաժեշտությունը պայմանավորված է պատիժ կրող և պատիժ կրած անձի նկատմամբ հետագա քրեաիրավական հնարավոր միջոցների (համաներում, պատժից պայմանական վաղաժամկետ ազատում և այլն) կիրառումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Օրենսգրքով, հանցավոր ծագում ունեցող գույքի, հանցագործության գործիքի, միջոցի և առարկայի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումն ապահովելու անհրաժեշտությամբ է պայմանավորված Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան կիրառված բռնագանձումը պետք է համապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի և առարկայի բռնագրավմանը, եթե բռնագանձում նախատեսող դատավճիռը 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ուժի մեջ չի մտել կամ դատավճիռը ուժի մեջ է մտել, սակայն գույքը չի բռնագանձվել:

Նախագիծը կարգավորում է նաև օրենսգիրքը գործողության մեջ դնելու հետևանքով դատվածության կանոնների կիրառման կարգը: Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից դատվածություն չունեցող պետք է համարել այն անձանց, որոնք պատիժ են կրել կամ կրում այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով լրիվ վերացվել է, ինչպես նաև պատժից ազատված այն անձանց, որոնք դատապարտվել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով լրիվ վերացվել է: Բացի այդ, նախագիծը սահմանում է, որ Օրենսգրքի 93-րդ հոդվածի 5-րդ մասին պետք է տրվի հետադարձ ուժ ՝ դատապարտված անձի վիճակը բարելավող մասով: Օրինակ, Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 84-րդ մասի 3-րդ մասի համաձայն՝ դատվածությունը մարվում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց երեք տարի անցնելուց հետո: Մինչդեռ Օրենսգրքի 93-րդ հոդվածի 5-րդ մասը, վերը նշված 84-րդ մասի 3-րդ մասի համեմատությամբ, համարվում է անձի իրավական վիճակը բարելավող նորմ, քանի որ առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի դատվածության մարման համար սահմանում է պատիժը կրելուց առավելագույնը 1 տարվա ժամկետ:

Նախագիծը սահմանում է նաև, թե ինչ դատավարական կարգով պետք է իրականացվի արարքի և պատժի համապատասխանեցումը, ինչպես նաև՝ պատժից ազատելու և համապատասխանեցումներ կատարելու իրավասություն ունեցող մարմինների և պաշտոնատար անձանց շրջանակը։ Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատժից ազատելիս, պատիժը մեղմացնելիս կամ հանցանք կատարած անձանց իրավական վիճակն այլ կերպ բարելավելիս mutatis mutandis կիրառվում են  Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի՝ դատական ակտերի կատարման փուլում դատական վարույթի կարգը սահմանող դրույթները: Նշված ընդհանուր կարգից նախատեսվել է երկու բացառություն, որոնց նպատակը դատարանների լրացուցիչ  ծանրաբեռնվածության բացառումն է։ Այսպես, օրինակ՝ այն դեպքում, երբ  անձը դատապարտվել և ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժ է կրում այնպիսի արարքի  համար, որի հանցավորությունը լրիվ վերացվել է Օրենսգրքով, վերջինիս պատժից ազատելու իրավասությունը վերապահվել է ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետին, բացառությամբ, երբ անձը դատապարտել է մեկից ավելի հանցագործության համար և Օրենսգրքով դրանցից առնվազն մեկը չի ապաքրեականացվել: Մնացած դեպքերում համապատասխանեցումը կատարվում է  իրավասու դատարանի կողմից։ Նույն տրամաբանությամբ, ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձանց պատժից ազատումը վերապահվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը կամ ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը (ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն այլևս չի կարգավորում դատական ակտերի կատարման փուլին առնչվող հարցերը՝ դրանց լուծումը թողնելով քրեակատարողական օրենսդրության տիրույթում) սահմանում է, թե որ դատարաններին է վերապահված դատական ակտերի կատարման փուլում ի հայտ եկած իրավական հարցերի լուծումը, հետևաբար՝ Նախագծում այդ հարցին առանձին անդրադարձ չի կատարվել:

Անդրադառնալով Նախագծի ընդունման ֆինանսական կողմին՝ հարկ է փաստել, որ Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործողության մեջ դնել Օրենսգիրքը և ապահովել ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ դրա կիրառումը:

Նախագծի ընդունմամբ հիմնական և լրացուցիչ պատիժներից կազատվեն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված այն անձինք, որոնց կատարած արարքները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով հանցագործություններ չեն համարվում: Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը դատապարտված այն անձնանց արարքները, որոնց հանցավորությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մասնակի վերացվել է, կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին: Նախագծով նախատեսված դեպքերում պատժից կազատվեն գույքի բռնագրավման դատապարտված անձինք, իսկ կալանքի դատապարտված անձանց պատիժը կհամապատասխանեցվի Օրենսգրքին: Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից անձի իրավական վիճակը բարելավող՝ դատվածությանը վերաբերող կանոնները կկիրառվեն այն անձանց նկատմամբ, որոնք պատիժ են կրել, կրում կամ ազատվել են պատժի կրումից այնպիսի արարքի համար, որի հանցավորությունը Օրենսգրքով լրիվ վերացվել է:

Նախագծով առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան բեռնաթափել դատարանները՝ Նախագծի ընդունմամբ պայմանավորված առանձին հարցերի լուծումը վերապահելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

  • Քննարկվել է

    17.05.2021 - 01.06.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պրոբացիա, Քրեակատարողական, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12744

Տպել