Լրամշակման փուլում է
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու մասին գրավոր նախազգուշացման ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է միջոցներ ձեռնարկել պաշտպանության ենթակա անձանց կյանքը, առողջությունը և (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ: Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N – Ն
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՇՏՊԱՆՎՈՂ ԱՆՁԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՐԱՎՈՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 98.1-ին հոդվածի 3-րդ մասի և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել`
1) քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը և պայմանները` համաձայն հավելված 1-ի,
2) պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու մասին գրավոր նախազգուշացման ձևը` համաձայն հավելված 2-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«____» ___________ 2017թ.
ք.Երևան
Հավելված 1
ՀՀ կառավարության 2017 թվականի __________ ____-ի N _____-Ն որոշման
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով և պայմաններով (այսուհետ` կարգ) կարգավորվում են քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կողմից իրականացվող պաշտպանության միջոցների առանձին տեսակների իրականացման ընթացակարգերը, պայմանները, պաշտպանության միջոցներ իրականացմանը ներգրավվող մարմինների շրջանակը և պաշտպանության իրականացման հետ կապված այլ հարաբերություններ:
- Սույն կարգի դրույթներն իրականացվում են օրինականության, մարդու իրավունքներն ու ազատությունները պահպանելու, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, անկողմնակալության, անաչառության սկզբունքների հիման վրա և իրագործվում են բացառապես անձի համաձայնության պարագայում՝ ապահովելով նրա անձնական տվյալների և մասնավոր կյանքի գաղտնիությունը:
- Պաշտպանությունն իրականացնելիս անձնական տվյալների և մասնավոր կյանքի գաղտնիությունն ապահովվում է, եթե պաշտպանության իրականացման վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն դասված չեն պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների շարքին:
- Պաշտպանության իրականացման համար կարող են օգտագործվել բացահայտ և գաղտնի մեթոդներ ու միջոցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
- Պաշտպանության իրականացումը երաշխավորվում է պետության կողմից: Պաշտպանության համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով ոստիկանությանն այդ նպատակով հատկացվող միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:
- ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
- Պաշտպանություն իրականացվում է այն դեպքում, երբ պաշտպանվող անձի, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքին, առողջությանը, գույքին, իրավունքներին ու օրինական շահերին իրական վտանգ է սպառնում` քրեական դատավարությանն անձի մասնակցությամբ պայմանավորված:
- Պաշտպանությունն իրականացվում է անձի գրավոր դիմումի հիման վրա կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ` անձի համաձայնությամբ:
- Պաշտպանությունն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք) 98.1-ին հոդվածի 1-ին մասի 3-5-րդ և 8-9-րդ ենթակետերով նախատեսված պաշտպանության միջոցները քրեական վարույթն իրականացնող մարմնի անունից իրականացնում է ոստիկանությունը` իրավասու ստորաբաժանումների միջոցով (այսուհետ` պաշտպանություն իրականացնող մարմին):
- Պաշտպանության իրականացման նպատակով քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին` Օրենսգրքով սահմանված կարգով:
- Քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման մեջ նշվում են պաշտպանվող անձի տվյալները (անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, հաշվառման և բնակության հասցեները, աշխատանքի վայրը և պաշտոնը), սպառնացող վտանգի բնույթն ու աղբյուրը, ինչպես նաև պաշտպանություն իրականացնելու անհրաժեշտության մասին այլ տեղեկություններ և փաստեր:
- Որոշմանը կցվում է պաշտպանություն իրականացնելու վերաբերյալ անձի գրավոր համաձայնությունը:
- Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումն անհապաղ ուղարկվում է պաշտպանություն իրականացնող մարմին:
- Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշումն ստանալուց հետո պաշտպանություն իրականացնող մարմինը ստուգում է պաշտպանություն իրականացնելու համար հիմք հանդիսացող տեղեկություններն ու հանգամանքները և դրանց հիման վրա 24 ժամվա ընթացքում որոշում է կայացնում պաշտպանության միջոցների իրականացման կազմակերպական և մարտավարական հարցերի վերաբերյալ, որոնք ամրագրվում են պաշտպանության պլանում:
- Պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից պաշտպանվող անձին է հանձնվում հրահանգավորման թերթիկ, որում ամրագրվում են ընտրված պաշտպանության միջոցի իրականացման պայմանները, դրա կիրառման դեպքում պաշտպանությունն իրականացնող մարմնի և պաշտպանվող անձի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պաշտպանվող անձի կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում պաշտպանության միջոցների իրականացումը դադարեցնելու մասին նախազգուշացումը:
- Հրահանգավորման թերթիկը ստորագրվում է պաշտպանությունն իրականացնող մարմնի ներկայացուցչի և պաշտպանվող անձի կողմից` երկու օրինակից, որից մեկը հանձնվում է պաշտպանվող անձին, իսկ մյուսը պահվում պաշտպանություն իրականացնող մարմնում:
- Պաշտպանության իրականացման ամբողջ ընթացքում պաշտպանվող անձի տեղաշարժը համաձայնեցվում է պաշտպանություն իրականացնող մարմնի հետ, եթե տեղաշարժն անհրաժեշտ է օրենքով նախատեսված պարտականությունների կամ գործողությունների կատարումն ապահովելու համար:
- Բոլոր այն դեպքերում, երբ պաշտպանության միջոցների իրականացմանը ներգրավվում են այլ մարմիններ, կազմակերպություններ, պաշտպանվող անձի վերաբերյալ տեղեկությունների խորհրդապահությունն ապահովելու նպատակով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն դրանք դասված չեն պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների շարքին, պաշտպանություն իրականացնող մարմինը պատասխանատու մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց, ներկայացուցիչներին ուղարկում է գրավոր նախազգուշացում (համաձայն Ձևի)` պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները չհրապարակելու պարտականության և հրապարակելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:
- Այն դեպքերում, երբ պաշտպանության միջոցների իրականացման նպատակով պետք է գնվի ծառայություն կամ աշխատանք, ապա կնքվում է քաղաքացիաիրավական պայմանագիր` պաշտպանություն իրականացնող մարմնի կամ պաշտպանվող անձի և աշխատանք կամ ծառայություն մատուցողի միջև:
III. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Պաշտպանության ենթակա անձի նկատմամբ պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից կարող են իրականացվել պաշտպանության հետևյալ միջոցներից որևէ մեկը կամ միաժամանակ դրանցից մի քանիսը՝
1) պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը.
2) պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը և վտանգի մասին հայտնելը.
3) վերահսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելը և հեռախոսային ու այլ հաղորդումները գաղտնալսելը.
4) պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելը.
5) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ արտաքինը փոխելը:
- Պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովվում է պաշտպանվող անձի նկատմամբ բռնություն գործադրելու կամ կյանքից զրկելու իրական վտանգի առկայության դեպքում:
- Պաշտպանվող անձի անձնական անվտանգության ապահովման մարտավարությունը որոշվում է պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից:
- Բնակարանը և այլ գույքը պահպանելն իրականացվում է դրա վնասման կամ ոչնչացման իրական վտանգի դեպքում` բնակարանի և այլ գույքի նկատմամբ հնարավոր հակաիրավական ոտնձգությունները հայտնաբերելու, կանխելու և խափանելու նպատակով:
- Պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելու, նրա բնակարանը և այլ գույքը պահպանելու պաշտպանության միջոցի իրականացման նպատակով կարող են փոխվել պաշտպանվող անձի բնակարանի կամ անձնական այլ հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի պետական համարանիշերը:
- Պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը կարող է սարքավորվել հակահրդեհային, ազդանշանային կամ տեսադիտարկման տեխնիկական միջոցներով:
- Ազդանշանային կամ տեսադիտարկման տեխնիկական միջոցներով կահավորումն իրականացվում է պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից:
- Հակահրդեհային համակարգերով կահավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից` պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից ուղարկած` պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշման հիման վրա` պաշտպանությունն իրականացնող մարմնի կողմից սահմանված ժամկետում:
- Պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելու և վտանգի մասին հայտնելու պաշտպանության միջոցի իրականացման շրջանակներում պաշտպանվող անձի ինքնապաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով նրան կարող են տրամադրվել վտանգի մասին ահազանգման, շարժական ռադիոկապի, բջջային հեռախոսակապի կամ պաշտպանություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու համար նախատեսված այլ սարքավորումներ, ինչպես նաև անհատական պաշտպանության հատուկ միջոցներ (զրահաբաճկոն, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչ, աերոզոլային սարքեր, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ՝ ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով և մինչև 4,5 միլիմետր տրամաչափով օդաճնշիչ զենք):
- Պաշտպանություն իրականացնող մարմինը պաշտպանվող անձին բացատրում և ուսուցանում է վտանգի մասին ահազանգման, կապի և անհատական պաշտպանության հատուկ միջոցների հետ վարվելու, դրանք օգտագործելու և պահպանելու կարգը, ինչպես նաև իրականացնում է հսկողություն նշված միջոցների հետ վարվելու կանոնները պահպանելու նկատմամբ:
- Վտանգի մասին ահազանգման, կապի և անհատական պաշտպանության հատուկ միջոցները պաշտպանություն իրականացնող մարմնի սեփականությունն են, և պաշտպանվող անձը դրանք ամբողջությամբ վերադարձնում է՝ պաշտպանության տվյալ միջոցի իրականացումը դադարեցնելուց հետո:
- Վերահսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելու և հեռախոսային ու այլ հաղորդումները գաղտնալսելու պաշտպանության միջոցի իրականացման շրջանակներում պաշտպանվող անձի գրավոր դիմումի հիման վրա կամ նրա գրավոր համաձայնությամբ և Օրենսգրքով սահմանված կարգով իրականացվում է նրա հեռախոսային կամ այլ խոսակցությունների գաղտնալսում` պաշտպանություն իրականացնող մարմնի միջոցով: Խոսակցությունների գաղտնալսման ընթացքում կարող է կիրառվել ձայնագրառում` ոստիկանության պետի 2010 թվականի օգոստոսի 30-ի N 2-ՆՀԳ հրամանով սահմանված կարգով:
- Պաշտպանվող անձի կյանքի և առողջության պաշտպանության նպատակով պաշտպանվող անձը կարող է ժամանակավոր կամ մշտապես փոխադրվել բնակության այլ վայր:
- Բնակության այլ վայր փոխադրելն իրականացվում է այն դեպքերում, երբ պաշտպանվող անձի անձնական անվտանգությունը չի կարող ապահովվել այլ միջոցներով:
- Պաշտպանվող անձը ժամանակավոր բնակության վայրում կարող է գտնվել մինչև սպառնացող վտանգը վերանալը: Բնակության նոր վայրում գտնվելու ընթացքում, անվտանգության նկատառումներից ելնելով, պաշտպանվող անձի շփումները կարող են սահմանափակվել, այդ թվում՝ մերձավոր ազգականների հետ:
- Պաշտպանություն իրականացնող մարմինը, որպես անվտանգ վայր, կարող է օգտագործել այդ նպատակի համար ծառայող պետական կամ ոչ պետական հատուկ կացարանները, պաշտպանություն իրականացնող մարմնի ծառայողական շինությունները, ինչպես նաև այդ նպատակով վարձակալված բնակելի տարածությունները: Պաշտպանության ենթակա անձի բնակության վայրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին և ապահովված լինի բնակվելու համար անհրաժեշտ գույքով, ինչպես նաև մարդու կենսական շահերն ու կարիքներն ապահովելու համար անհրաժեշտ այլ պայմաններով:
- Պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելիս աջակցություն է ցուցաբերվում նախկինին համարժեք աշխատանքի, ծառայության կամ ուսման վայր տեղավորվելու հարցում:
- Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը, արտաքինը փոխելը, այդ թվում՝ պլաստիկ վիրահատությունը, իրականացվում են միայն բացառիկ դեպքերում, եթե պաշտպանվող անձի անձնական անվտանգությունը չի կարող ապահովվել այլ միջոցներով:
- Ինքնությունը հաստատող փաստաթղթերի փոխարինումը կարող է կրել ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բնույթ:
- Փոխարինման ենթակա փաստաթղթերի ցանկը որոշվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից` կախված պաշտպանվող անձին սպառնացող վտանգի աստիճանից և իրադրությունից:
- Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի` անձնագրի, նույնականացման քարտի, ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ ժամանակավոր վկայականի, փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, ապաստան հայցողի անձը հաստատող վկայականի, ժամանակավոր ապաստանի վկայականի, կացության քարտի, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականի փոխարինումն իրականացվում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից` պաշտպանությունն իրականացնող մարմնի կողմից որոշված ժամկետներում: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը տրվող հանձնարարականին կցվում է պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշման պատճենը:
- Ինքնությունը հաստատող փաստաթղթերի փոխարինման դեպքում պաշտպանվող անձը փոխանցում է իր ինքնությունը հաստատող փասաթղթերը պաշտպանություն իրականացնող մարմնին, որն ապահովում է փոխարինված փաստաթղթերի հաշվառումն ու պահպանությունը տվյալ պաշտպանության միջոցի իրականացման ողջ ժամանակահատվածում:
- Պաշտպանության միջոցների իրականացումը դադարեցնելու դեպքում ինքնությունը հաստատող փոխարինված փաստաթղթերը հետ են վերցվում, ոչնչացվում, ինչպես նաև վերացվում են փաստաթղթերի տրամադրման բոլոր հիմքերը, այդ թվում` անձնական տվյալների էլեկտրոնային պահոցներում:
- Սույն կարգի 41-րդ կետով նախատեսված գործողությունների կատարման վերաբերյալ կազմվում է ակտ, որը պահվում է պաշտպանություն իրականացնող մարմնում:
- Պաշտպանվող անձի արտաքինը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում կատարվում է պաշտպանվող անձի արտաքինը փոխելու համար անհրաժեշտ վիրահատություն` տվյալ պաշտպանության միջոցի արդյունավետությունն ապահովող սահմաններում:
- Պաշտպանությունն իրականացնող մարմինը պաշտպանվող անձի կողմից պարտականությունների խախտման յուրաքանչյուր դեպքում անհապաղ բանավոր կարգով, իսկ այնուհետև գրավոր իրազեկում է քրեական վարույթն իրականացնող մարմնին:
- Պաշտպանության միջոցների իրականացումը դադարեցնելու` Օրենսգրքով սահմանված հիմքերի հայտնաբերման դեպքում պաշտպանությունն իրականացնող մարմինն անմիջապես միջնորդություն է ներկայացնում քրեական վարույթն իրականացնող մարմնին` պաշտպանության միջոցների իրականացումը դադարեցնելու վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով:
Հավելված 2
ՀՀ կառավարության 2017 թվականի __________ ____-ի N _____-Ն որոշման
Ձև
ԳՐԱՎՈՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՊԱՇՏՊԱՆՎՈՂ ԱՆՁԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 0000000
_______________________ «___» ___________ 20 թ.
(կազմելու վայրը)
Ես` ____________________________________________________________________________
(կազմակերպության ներկայացուցչի, պաշտոնատար անձի Ա.Ա.Հ., պաշտոնը,
_________________________________________________________________________________
կոչումը (դասային աստիճանը))
_________________________________________________________________________________
(պաշտպանության միջոց իրականացնող մարմնի պաշտոնատար անձի Ա.Ա.Հ., պաշտոնը,
________________________________________________________________________-ի կողմից
կոչումը (դասային աստիճանը))
նախազգուշացված եմ պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցների իրականացման վերաբերյալ տեղեկությունները հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված` առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելու համար նախատեսված պատասխանատվության մասին:
Պաշտոնատար անձ` _________________
(ստորագրությունը)
Պաշտպանության միջոց իրականացնող _________________
մարմնի պաշտոնատար անձ` (ստորագրությունը)
-
Քննարկվել է
20.07.2017 - 04.08.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Անվտանգություն, Իրավական փոխօգնություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 9812
Տպել