Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության օրենքը «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է վարչական իրավախախտումները բացահայտելիս` քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր և (կամ) դրանց պատճեններ պահանջելու և ստանալու, ինչպես նաև հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործելու` ոստիկանության լիազորությունների պոզիտիվ ամրագրման անհրաժեշտությամբ:

  • Քննարկվել է

    10.02.2017 - 25.02.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Իրավական փոխօգնություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13100

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

26.02.2017

Նախագծով առաջարկվող լրացումները. Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս 1. Առաջարկվող կարգավորման հակասությունը ՀՀ Սահմանադրությանը. Նախագծով առաջարկվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածում կատարել լրացումներ: Նշված հոդվածով սահմանվում են ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս: Նշված հոդվածի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգի պահպանությունը փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրական տեղամասերում, այլ հասարակական վայրերում, դատական նիստերի րնթացքում (դատարանների միջնորդությամբ): (...) Նախագծով առաջարկվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «դատարանի միջնորդությամբ» բառից հետո լրացնել «միջոցներ ձեռնարկելով հասարակական կարգի խախտումները նախականխելու, կանխելու և խափանելու ուղղությամբ»: Նախագծով առաջարկվում է նաև նույն հոդվածը լրացնել նոր մասերով. «Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ»: Եթե տեխնիկական միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տեսանյութերը կամ լուսանկարները ոստիկանությունում պահվում են մինչև իրավախախտման քննության (այդ թվում՝ բողոքարկման վարույթի) ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Եթե տեխնիկական միջոցներով իրավախախտում չի հայտնաբերվում, ապա տեսանյութերը կամ լուսանկարները դրանց ամրագրումից 48 ժամ հետո ոչնչացվում են: Արգելվում է տեսանյութերը կամ լուսանկարները, իրավախախտումների քննությունից բացի, այլ նպատակներով օգտագործելը:»: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։ 2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:»: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: 2. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:»: Կոնվենցիայի և սահմանադրական նորմերի վերլուծությունից հետևում է, որ միջամտությունը մարդու անձնական կյանքին արգելված է: Այն պետք է հարգվի պետության կողմից և կարող է սահմանափակվել բացառապես օրենքով, ինչը պետք է անհրաժեշտ և պիտանի լինի ժողովրդավարական հասարակությունում: Ընդ որում, սկզբունքի ընդհանուր կանոնի համաձայն, սահմանափակումը պետք է ուղղված լինի բացառապես պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով, հետևաբար այլ նպատակով անձի անձնական կյանքին միջամտելը չի կարող համարվել թույլատրելի: Անհրաժեշտ է նաև նշել, որ Նախագծով առաջարկվող լրացումն ունի ընդհանրական շարադրանք, որում ուղղակի ոստիկանության ծառայողին հայեցողական լիազորություն է վերապահվում՝ հասարակական կարգի պահպանության ընթացքում տեսանկարել կամ լուսանկարել, իսկ որպես այս լիազորության վերապահման հիմնավորում նշվում է, որ դա անհրաժեշտ է հասարակական կարգի պահպանության համար: Նախագծի հիմնավորման մեջ չկա որևէ նշում, - թե ինչպես է այն ազդելու հասարակական կարգի պահպանության վրա, - եթե կարող է ունենալ ազդեցություն, արդյոք չկա այլ միջոց, որը կունենա նույն արդյունավետությունը: Ստացվում է, որ ներկայացված չէ սահմանափակման համաչափության և նպատակի վերաբերյալ հստակ հիմնավորում, ինչպիսի պայմաններում այն հակասության մեջ է գտնվում ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի հետ: Առաջարկվող լրացման մեջ, փաստորեն, նշվում է, որ ոստիկանության ծառայողը հասարակական կարգի պահպանություն իրականացնելիս կարող է տեսանկարել կամ լուսանկարել: Ժողովրդավարական հասարակարգում անձի բնական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը գնահատելու համար պետք է ելնել յուրաքանչյուր դեպքի առանձնահատկություններից: Առաջարկվող լրացման բովանդակությունը ցույց է տալիս, որ դրա ընդունման նպատակը բացառապես իրավախախտման փաստի արձանագրումն է և ոչ թե հասարակական կարգի պահպանությունը: Այսպես, Նախագծի համաձայն արգելվում է տեսանյութերը կամ լուսանկարները իրավախախտումների քննությունից բացի, այլ նպատակներով օգտագործելը: Հաշվի առնելով վերոգրյալը գտնում ենք, որ անհրաժեշտ է պարզել և պատասխանել հետևյալ հարցադրմանը. Արդյոք «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի տրամաբանությամբ հասարակական կարգի պահպանումը և իրավախախտման բացահայտումը նույնականացվում են: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության խնդիրները, որի համաձայն՝ ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել՝ 1) մարդու անվտանզությունը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում. 2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը. 3) հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը. 4) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը (...) Ներկայացված դրույթի վերլուծությունը ցույց է տալիս, որ Օրենսդիրը հստակ տարանջատել է հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման, հանցագործությունների բացահայտման խնդիրը, հասարակական կարգի պահպանության խնդրից, ուստի դրանք չեն կարող նույնացվել: Հետևապես Նախագծով առաջարկվող տեսանկարելու և լուսանկարելու լիազորության վերապահումը հետապնդում է ոչ թե հասարակական կարգի պահպանության խնդրի լուծման նպատակ, այլ ծառայում է որպես իրավախախտման բացահայտման խնդրի գործիք, ինչը ուղղակիորեն հակասության մեջ մտնում ՀՀ Սահմանդրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի հետ: Այսպիսով արձանագրում ենք, որ. - Աոկա չէ բավարար հիմնավորում սահմանափակման անհրաժեշտության վերաբերյալ, հետևաբար անձնական կյանքին չմիջամտելու սահմանափակումը չի կարող համարվել պիտանի միջոց ժողովրդավարական հասարակարգում: - Անհրաժեշտ է սահմանել հստակ չափանիշներ, թե որ դեպքում ոստիկանության ծառայողը իրավունք կունենա իրագործել իր այդ լիազորությունը: - Անհրաժեշտ է սահմանել երաշխիքներ, որով անձը կկարողանա վիճարկել ոստիկանության ծառայողի կողմից առանց բավարար հիմքի տեսանկարման կամ լուսանկարման լիազորությունը իրացնելու դեպքում: - Անհրաժեշտ է սահմանել ոստիկանության ծառայողի այնպիսի պարտականություն, ինչպիսին է տեսանկարման կամ լուսանկարման փազորությունը իրականացնելուց առաջ բոլորին հասկանալի և լսելի տարբերակով նախազգուշացնելը: - Հստակեցնել տեխնիկական միջոցներով իրավախախտում չհայտնաբերելու դեպքում տեսանյութերը կամ լուսանկարները ոչնչացնելու օրենսդրական պահանջը չկատարելու հետևանքները: 2. Առաջարկվող կարգավորման հակասությունը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է իրավական ակտերին ներկայացվող ընդհանուր պահանջները: Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավական ակտը պետք է համապատասխանի օրենսդրական տեխնիկայի կանոններին: Նույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններում և Հայաստանի Հանրապետության օրենքներում նորմերը ներկայացվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածները կարող են ունենալ վերնագրեր: Հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը: Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի II գլխում՝ 12-րդ հոդվածում, որը սահմանում է ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս: Մինչդեռ առաջարկվող լրացումը ընդամենը ոստիկանությանը վերապահում է հայեցողական լիազորություն. «Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ»: Այսինքն ստացվում է, որ այն ոչ թե ոստիկանության ծառայողի պարտականությունն է, այլ հայեցողությունը, լուսանկարել, թե՝ ոչ, տեսանկարել, թե ոչ: Ելնելով վերոգրյալից, արձանագրում ենք, որ. ✓ Նախագծով առաջարկվող լրացումը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին: Նախագծով առաջարկվող լրացումները. Ոստիկանության իրավունքները վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս 3. Առաջարկվող կարգավորումաև հակասությունը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին Նախագծով առաջարկվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում կատարել լրացում: Նշված հոդվածը սահմանում է ոստիկանության իրավունքները վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս: Նախագծով 21-րդ հոդվածը լրացվում է նոր 1.1 կետով. «1.1) վարչական մարմինների փոխօգնության կարգով պաշտոնատար անձանցից, ենթադրյալ վկաներից, ինչպես նաև տեղեկատվություն տնօրինող կազմակերպություններից պահանջել և ստանալ անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր և (կամ) դրանց պատճեններ.» «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը սահմանում է օրենսդրական տեխնիկայի այլ կանոնները: Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետևանքներ նախատեսված չեն: Նախագծով առաջարկվում է ընդունել այնպիսի նորմ, որով ոստիկանությանը վերապահվում է որոշակի լիազորություն, այն է՝ (...) վկաներից (...) պահանջել և ստանալ անհրաժեշտ բացատրություններ, հետևաբար ենթադրվում է, որ մյուս կողմի համար այն պետք է առաջացնի որոշակի պարտականություն: Հայաստանի Հանրապետության որևէ օրենսդրական նորմով նախատեսված չէ վկայի կողմից բացատրություն տալու պարտականություն կամ բացատրություն տալուց հրաժարվելու համար իրավական հետևանք: Ավելին՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարչական վարույթում ապացույց կարող է հանդիսանալ բացառապես վկայի ցուցմունքը, և վկայի բացատրությունը որևէ ապացուցողական ուժ չունի, ուստի անհասկանալի է նման պայմաններում բացատրություն պահանջելու լիազորության սահմանման անհրաժեշտությունը: Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող նորմի կատարումը, նախ և առաջ կարող է դառնալ անհնարին (Օրինակ` վկան չի ցանկանում բացատրություն տալ), այնուհետև անընդունելի (Վկայի բացատրությունը վարչական վարույթում որևէ ապացուցողական ուժ չունի), և ի վերջո նախատեսված չէ որևէ հետևանք վկայի կողմից բացատրություն տալուց հրաժարվելու դեպքի համար: Նախագծի մյուս մասը վերաբերում է տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր և (կամ) դրանց պատճեններ ստանալու իրավունքին: Գտնում ենք, որ նման ձևակերպումը հակասության մեջ է ՀՀ Սահմանադրություն 31-րդ հոդվածի հետ, մասնավորապես՝ հաշվի չեն առնվել անձնական տվյալների պաշտպանության սկզբունքը: Նախագծից պարզ չէ, թե արդյոք տեղեկություններ ստանալու իրավունքը ներառում է նաև անձնական տվյալներ ստանալը: Գտնում ենք, որ ոստիկանության ծառայողը չի կարող ստանալ անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ, տվյալներ և փաստաթղթեր, եթե հարուցված չէ համապատասխան վարույթ և չի հիմնավորվում պահանջվող տեղեկատվության կապը և անհրաժեշտությունը վարույթին, և Նախագծով առաջարկվող կարգավորումներով նախատեսված չէ անձնական տվյալների գաղտնիության պահպանման բավարար երաշխիք: Ուստի, արձանագրում ենք, որ. - Նախագծով առաջարկվող լրացումը հակասության մեջ է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հողվածի 3-րդ մասի հետ: - Անհրաժեշտ է Նախագծով առաջարկվող 21-րդ հողվածի լրացումը 1.1-րդ կետում «պատճեններ» բառից հետո լրացնել «բացառությամբ անձնական տվյալներ պարունակող տեղեկությունների» բառերով և շարադրել հետևյալ խմագրությամբ. «1.1) վարչական մարմինների փոխօգնության կարգով պաշտոնատար անձանցից, ենթաղրյալ վկաներից, ինչպես նաև տեղեկատվություն տնօրինող կազմակերպություններից պահանջել և ստանալ անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր և (կամ) դրանց պատճեններ` բացառությամբ անձնական տվյալներ պարունակող տեղեկությունների»:

Տեսնել ավելին