Հիշել նախագիծը

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԵԿ ՍԱՆԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԵԿ ՍԱՆԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության նախադպրոցական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Նախադպրոցական կրթությունը անձի հետագա զարգացման կարևոր գրավականներից է, որը փաստվում է բազմաթիվ հետազոտություններով։ Բացի անձի զարգացման համար առաջնահերթ կարևորությունից, նախադպրոցական ծառայությունների ցանցի զարգացումը հնարավորություն է տալիս ընդլայնել կանանց ներգրավվածությունը աշխատանքային շուկայում և էապես մեծացնել վերջիններիս ներուժի իրացման, հանրային զարգացման հնարավորությունները։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախադպրոցական կրթության մատչելիությունը հռչակել է իբրև կառավարության ծրագրային նպատակներից մեկը՝ ՀՀ կառավարության 2019 թվականի 8 փետրվարի N 65-Ա որոշմամբ արձանագրելով, որ.
Հանրակրթության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝ - բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի։
Ներկայումս 2019թ. ՀՀ-ում գործում է 906 համայնքային, գերատեսչական և ոչ պետական նախադպրոցական հաստատություն (ՆԴՀ), որոնցից 701-ը` մանկապարտեզ, 70-ը` մսուր-մանկապարտեզ, 135-ը` դպրոց-մանկապարտեզ: ՆԴՀ-ների ընդհանուր քանակից 842-ը համայնքային ենթակայության է, 10-ը` գերատեսչական և 54-ը` ոչ պետական: Երեխաների ընդգրկվածությունը ՆԴՀ-ներում (0-5 տարեկան բնակչության թվաքանակից) կազմել է 34.7%, քաղաքներում` 39.6%, գյուղերում` 25.4%: Մեկ խմբում երեխաների միջին թվաքանակը կազմել է 26 երեխա, տեղերի փաստացի զբաղվածությունը` 89.7%: Միջին հաշվով մեկ ՆԴՀ հաճախել է 91 երեխա, մեկ մանկավարժին բաժին է ընկել 13 երեխա: ՆԴՀ-ների շենքերի ընդհանուր մակերեսը կազմել է 778.7 հազ. քառ. մ: ՆԴՀ-ներին կից (օժանդակ) տարածքի մակերեսը կազմել է 747.2 հազ. քառ. մ: 3-5 տարեկան բնակչության շրջանում երեխաների ընդգրկվածությունը ՆԴՀ-ներում կազմել է 64.4%:
Ընդ որում, նախորդ տարվա համեմատ նախադպրոցական հաստատությունների թիվն աճել է 22-ով, 3-5 տարեկան բնակչության շրջանում երեխաների ընդգրկվածությունը՝ 6 %-ով։
Ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների, 2018թ.-ին, ընդհանուր առմամբ, մինչև 6 տարեկան 10 երեխայից գրեթե 7-ը (68.5%) չի հաճախել նախադպրոցական հաստատություն: Պատասխաններից երևում է, որ որպես հիմնական պատճառներ նշել են, որ երեխայի մայրը չի աշխատում` 39.5%, մանկապարտեզ չկա` 11.3%, իսկ դրանից օգտվելը թանկ է և նախադպրոցական հաստատությունը փակ է՝ 2.1%։
Մատչելիության կարևոր ցուցանիշներից է ամենամոտ նախադպրոցական հաստատության հեռավորությունը տնային տնտեսությունից: Ըստ 2018թ.-ի հետազոտության տվյալների, գյուղաբնակ տնային տնտեսությունների 59.9%-ը պատասխանել է, որ նախադպրոցական հաստատությունը գտնվում է մինչև 1 կմ հեռավորության վրա (ամենաաղքատ և ամենահարուստ քվինտիլային խմբերի, համապատասխանաբար՝ 55.3% և 67.1%-ը): Միևնույն ժամանակ տնային տնտեսությունների 5.4%-ը պատասխանել է, որ այն գտնվում է 10 կմ-ից հեռու: Առավել մանրամասն տեղեկատվությունը տրված է ստորև։

Ամենամոտ նախադպրոցական հաստատության հեռավորությունը

Գյուղական վայրեր

 

0-1 կմ

55,9

1-3 կմ

22,9

4-5 կմ

5,7

6-10 կմ

6,1

>10 կմ

5,4

Երթևեկության միջոցը նախադպրոցական հաստատություն հասնելու համար

Ավտոմեքենա

13,2

Միկրոավտոբուս/ավտոբուս

16

Թեթև մարդատար տաքսի

0,9

Ոտքով

69,9

 

Վերջին տարիներին պետությունը վարում է նախադպրոցական ծառայությունների ծածկույթի ընդլայնման հետևողական քաղաքականություն։ Այսպես, Համաշխարհային բանկի հետ համատեղ «Կրթության որակ և համապատասխանություն»  վարկային առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում 2008-2014 թվականների ընթացքում իրականացվել են նախակրթարանների հիմնման միկրոծրագրեր, որոնց արդյունքում ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում ստեղծվել է 302 նախակրթարան: 2015 թվականից սկսած ՀԲ աջակցությամբ իրականացվում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որը նպատակաուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ընդգրկվածության աճի խթանմանը, երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստմանը, նախադպրոցական տարիքի երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը՝ այլընտրանքային և քիչ ծախսատար կրթական ծառայությունների ներդրման միջոցով: 2015-2019թթ. ստեղծվել են շուրջ 120 նախակրթարաններ, որոնցում ընդգրկվել է շուրջ 3500 երեխա: Միաժամանակ, նախակրթարանների զգալի մասը ստեղծվում են դպրոցական հիմքի վրա, դպրոցում այս նպատակով առանձնացվող և վերանորոգվող սենյակներում, իրականացվում են 5-6 տարեկանների համար, օրական 3-4 ժամով և չեն կարող փոխարինել լիարժեք նախադպրոցական կրթական ծրագիրը։

     Նախադպրոցական ծառայությունների ընդլայնման այլ գործիք են սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակներում 2020 թվականին հաստատվել են մանկապարտեզների կառուցման և նորոգման 30 ծրագրեր։ Եվս 21 նախադպրոցական հաստատություններում իրականացվում են վերանորոգման տարաբնույթ աշխատանքներ ինչպես պետական բյուջեի, այնպես էլ տարբեր ծրագրերի շրջանակներում։
     Ներկայումս հանրապետության 271 բնակավայրերում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն դեռևս չի մատուցվում: ՀՀ համայնքների ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են համապատասխան նախադպրոցական կրթական հաստատություն կառուցելու կամ գոյություն ունեցող հաստատությունն ամբողջապես վերանորոգելու համար, հետևապես անհրաժեշտություն է առաջանում ոլորտում այլընտրանքային լուծումներ գտնել և դրանք համայնքներում կիրառելի դարձնել՝ պահպանելով գործող նախադպրոցական կրթական չափորոշիչները:
     2020 թվականի մայիսի 6-ին Ազգային Ժողովն ընդունեց նախադպրոցական կրթության մասին օրենքի փոփոխությունները, որոնցով ամրագրվեց նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդելների ներդրման հնարավորությունը։ Ըստ այդմ, նախատեսվում է, որ հատկապես փոքրաքանակ կազմով համայնքներում և բնակավայրերում, որտեղ շահառուների թիվը փոքր է և նախադպրոցական ծառայությունների ներդրման համար անհրաժեշտ է դիտարկել նաև դրանց ծախսարդյունավետությունը, կարող են գործել այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ, որոնք կարող են կազմակերպվել տարբեր ձևաչափերով, ինչպես իբրև տնային մանկապարտեզ, շարժական ծառայություններ են։ Այլընտրանքային ծառայությունների ներդրումը նախատեսված է նաև ՀՀ պետական բյուջեի և 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով, որի շրջանակներում նախատեսվում է, որ դրամաշնորհային ծրագրի ձևաչափով համայնքները հնարավորություն կունենան դիմել և դրամաշնորհային մրցույթի արդյունքներով ներդնել նախադպրոցական ծառայություններ իրենց համայնքներում։
Այս նպատակով տարեկան հատկացված է շուրջ 154 մլն ՀՀ դրամ։

     Կարգավորման նպատակը և բնույթը.
         Այլընտրանքային ծառայությունները, սակայն, չեն կարող լրացնել նախադպրոցական ծառայությունների պահանջարկը երկրում, որտեղ խնդիրն առկա է ոչ միայն այն համայնքներում և բնակավայրերում, որտեղ չկա նախադպրոցական ծառայություն, այլ նաև մյուս համայնքներում, հատկապես քաղաքային մեծ համայնքներում, որտեղ եղած նախադպրոցական հաստատությունները բավարար չեն այդ տարիքի բոլոր երեխաների թվի համեմատ։ Ուստի առաջնահերթ է դառնում պետական աջակցությունը նախադպրոցական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովման հարցում։ Հարցը հատկապես կարևոր է սոցիալական տարբեր խմբերի համար հասանելիության ապահովման նպատակով, ինչպես սոցիալապես անապահով ընտանիքների, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքների երեխաների համար նախադպրոցական ծառայությունների հասանելիության ապահովումը։ Ըստ այդմ, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության մասին օրենքի հոդված 7-ի 6-րդ մասով, ըստ որի նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից, ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի, օգտվում են՝
1) առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն կամ երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաները.
2) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, ներկայացվող կարգով մշակվել է առաջնահերթություն ունեցող խմբերի համար նախադպրոցական ծառայությունների հասանելիության ապահովման համար պետական բյուջեից ֆինանսավորման հատկացման փուլային մոտեցում։
Նշված մոտեցումը հնարավոր կդարձնի մեղմացնել առկա սոցիալական անհավասարությունները հատկապես այն պարագայում, որ նախադպրոցական ծառայությունները որոշ համայնքներում, ինչպես Երևան քաղաքում, չեն պահանջում ծնողների կամ օրինական ներկայացուցիչների կողմից որևէ հավելյալ վճար այն պարագայում, երբ այլ համայնքներում նախադպրոցական ծառայություններից օգտվելու համար սահմանված են վճարներ, որոնք, ընդ որում, կարող են տարբեր լինել համայնքի երեխաների և համայնքում չբնակվող երեխաների համար։ Նշված իրավիճակը առաջ է բերում անհավասար մոտեցում երեխաների՝ նախադպրոցական կրթության և վաղ մանկության զարգացման իրավունքի իրացման մասով։
Նախադպրոցական կրթության համակարգի զարգացման համար կարևորագույն պայման է` պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների 1 սանի հաշվարկով ուսումնական հաստատության նորմատիվային սկզբունքի կիրառումը:
Ոլորտի վերլուծության դինամիկան ցույց է տալիս, որ գործնականում նախադպրոցական կրթության պահանջարկն աստիճանաբար ավելանում է, և ակնկալվում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության ավելացում, ուստի անհրաժեշտություն է հիմնախնդիրներից մեկի՝ 1 սանի հաշվարկով ֆինանսավորման մեխանիզմի մշակման և ներդրման իրավական կարգավորումը:
Թեև Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել և իրականացնում է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովմանը քաղաքականություն, սակայն նախադպրոցական կրթության և ծառայությունների շարունակական մատչելիության ապահովման համար սահմանված չէ ֆինանսավորման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական ակտ: Վերջինիս բացակայության պատճառով խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների կրթական ծրագրերի իրացման պայմանները, նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը, նախադպրոցական մանկավարժական կադրերի վարձատրության խնդիրները:
Եթե ՀՀ կառավարության 4 նոյեմբերի 2010թ. N 1427-Ն որոշմամբ սահմանված են ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսերի ֆինանսավորման մեխանիզմները, ապա համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում տարբեր գործոններով պայմանավորված կարգավորված չէ: 
Նախադպրոցական ծառայությունների ֆինանսավորման մեխանիզմները տարբերակված են. մի դեպքում ֆինանսավորման համար ելակետային է համարվում երեխաների փաստացի միջին հաճախումների թիվը, նույնիսկ ամսական կտրվածքով, մյուս դեպքում՝ հաստատության տարիֆիկացիայով հաստատված պլանային թիվը, արդյունքում` ֆինանսական հատկացումների զգալի տարբերություններ են ստեղծվում: Այլ խնդիր է նախադպրոցական տարբեր հաստատությունների կողմից իրականացվող ծախսերի անհամամասնությունը և դրանց ֆինանսավորման էական տարբերությունները համայնքից համայնք, ինչպես նաև Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Հաստատությունների մանկավարժական անձնակազմի աշխատանքի վարձատրությունների չափը, միևնույն կրթական ցենզի, միևնույն ստաժի առկայության պայմաններում շատ տարբեր են: Բացակայում են նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված աշխատողներին ուղղվող խթանման ֆոնդի հնարավորությունները:
Ուստի, ֆինանսավորման կարգը նպատակ ունի նաև կանոնակարգել դաշտը՝ առաջարկելով միասնական մեթոդաբանություն նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման մասով, որ առաջին փուլում կգործի իբրև պետական բյուջեից ֆինանսավորման հատկացման մեթոդաբանություն, բայց հետագայում կարող է նաև ուղենշային հանդիսանալ ոլորտի ֆինանսավորման համար ընդհանրապես։
Ներկայացվող նախագծով նախատեսվում է պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորուման համար ներկայացված բանաձևով հաշվարկել հաստատության ֆինանսավորման չափը, այնուհետև Հաստատության տարեկան ֆինանսավորման չափը բաժանելով այդ հաստատության սաների միջին տարեկան քանակի վրա, ստանալ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման գումարը։ Ընդ որում,  որպես հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության չափ առաջարկվում է ընդունել ներկայումս Երևան քաղաքի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վարձատրության չափին համարժեք մեծություններ, իսկ պահպանման տարեկան ծախսերը՝ ուսումնասիրության արդյունքում ձևավորված  միջին մեծությունները։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը ենթադրում է պետական բյուջեի ծախսային մասի ավելացում՝ նախագծով առաջարկվում է կիրառել հետևյալ ժամանակացույցը.
հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնել հետևյալ խբերի սաների համար.

  • 2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ անապահովության սահմանային միավորից 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող երեխաների համար,
  • 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,
  • 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաների համար,
  • 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար։

          Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի մասնագետները:

 Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության նախադպրոցական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվեն հետևյալ արդյունքներ.
1) նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերի բարելավում, նախադպրոցական հաստատությունների գործունեության ֆինանսավորման հստակ մեխանիզմների առկայություն,
2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական հաստատություններ ներգրավման և զարգացման պայմանների համար ֆինանսավորման հստակ մեխանիզմներ,

3) սոցիալական տարբեր խմբեր կստանան նախադպրոցական ծառայություններից օգտվելու ընդլայնված հնարավորություններ,

4) նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության, նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության շարունակական ապահովում,
5) երեխաների կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման, ուսումնանյութական բազայի ամրապնդման համար իրավական հիմքի ապահովում,
6) նախադպրոցական հաստատությունների գործունեությունը հատկապես գյուղական համայնքներում կկրի ավելի կայուն և շարունակական բնույթ՝ ի հաշիվ պետական աջակցության:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

«Հայաստանի Հանրապետության նախադպրոցական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում է նախատեսվում, որը կներառվի 2022-2024 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

  1. 1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

         Չի առաջացնում:

  1. 2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

Համապատասխանում է:

Այլ տեղեկություններ.

Չկան:

  • Քննարկվել է

    25.03.2021 - 09.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9805

Տպել

Առաջարկներ`

ք․Չարենցավան ,, Հեքիաթ,, մանկապարտեզ ՀՈԱԿ

06.04.2021

Բարև Ձեզ, ի պատասխան իմ առաջարկի գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 27,9 հազ. դրամ, նշել եք, որ նախատեսված է խաղալիքների, ուսումնաօժանդակ նյութերի և այլնի համար, սակայն 9-րդ կետի, 9-րդ ենթակետն է ենթադրում ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկների, ուսումնադիտողական նյութերի և ուսումնադիդակտիկ պարագաների համար նախատեսված ծախսեր։ Նախատեսված 27,9 հազար դրամը յուրաքանչյուր ամիս կազմում է 2,325 հազար դրամ, որը շատ քիչ է ուսումնական գործընթաց կազմակերպելու համար։ Խնդրում եմ պարզաբանեք Կանխավ շնորհակալություն

Ալվինա Հակոբյան

01.04.2021

Որպեսզի բոլորը ստանան միևնույն չափի աշխատավարձ 50% ֆինանսավորումը պետությունը ապահովվի50%-ը համայնքը

ք․Չարենցավան ,, Հեքիաթ,, մանկապարտեզ ՀՈԱԿ

01.04.2021

Բարև Ձեզ, 9-րդ մասի 8-րդ կետը՝ գրասենյակային ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերը, որը յուրաքանչյուր գործող խմբի համար հաշվարկվում է տարեկան 27,9 հազ. դրամի չափով, շատ քիչ է նախատեսված, իսկ մանկապարտեզի փաստաթղթավորումը կազմակերպելու համար ընդհանրապես գումար նախատեսված չէ։ Խնդրում եմ վերանայել։ Կանխավ շնորհակալություն

Տեսնել ավելին