Հիշել նախագիծը

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգության (քաղաքացիների, հանրության և պետության կենսական կարևոր շահերի) ապահովման նպատակով որոշակի բնագավառի տեղեկություններ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնազերծելու և պահպանելու կապակցությամբ ծագող հարաբերությունները, սահմանում է պետական և ծառայողական գաղտնիք հասկացությունը, գաղտնիության աստիճանները, գաղտնիք կազմող տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, պահպանելու, գաղտնազերծելու, օգտագործելու իրավական հիմքերը, գաղտնիքին առնչվող հարաբերություններում պետական մարմինների և ֆիզիկական անձանց լիազորությունները:


Հոդված 2. Oրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի դրույթները ենթակա են պարտադիր կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հիմնարկների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից, որոնք իրենց կարգավիճակով պարտավոր են կամ պարտավորություն են ստանձնել կատարել պետական և ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
2. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունն ու պահպանվում են պետության կողմից:
3. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում այլ տեսակի կամ բնույթի («Ծառայողական օգտագործման համար», «Հրապարակման ենթակա չէ» կամ այլ դրոշմագիր ունեցող, ինչպես նաև առևտրատնտեսական ու գործունեության այլ բնագավառի) տեղեկությունների վրա, որոնք, թեև պարունակում են որևէ բնագավառի գաղտնի տեղեկություններ, սակայն սույն օրենքին համապատասխան չեն դասվում պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին:

Հոդված 3. Oրենքում գործածվող հասկացությունները

1. Սույն օրենքում գործածվում են հետևյալ հասկացությունները.
1) պետական գաղտնիք` Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պահպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար,
2) ծառայողական գաղտնիք` սույն մասի առաջին կետով նախատեսված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պահպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը,
3) պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կրիչներ` (այսուհետ` տեղեկակիրներ) նյութական օբյեկտներն են, այդ թվում` ֆիզիկական դաշտերը, որոնցում պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն արտահայտվում են պատկերների, պայմանանշանների, ազդանշանների, տեխնիկական լուծումների և գործընթացի ձևով,
4) պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածում` այդպիսի տեղեկությունների հրապարակումը կամ հոսակորուստը,
5) հրապարակում` սույն օրենքով գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը, հաղորդումը, տրամադրումը, առաքումը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն է այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն,
6) հոսակորուստ` սույն օրենքով գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող, ինչպես նաև դրանց պահպանության համար պատասխանատու անձանց անփութության հետևանքով այդպիսի տեղեկությունների արտահոսքը կամ կորուստը,
7) տեղեկությունների գաղտնագրում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի պաշտպանության նպատակով տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառում,
8) տեղեկությունների գաղտնազերծում` պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ սահմանափակումների վերացումն է,
9) պետական կամ ծառայողական գաղտնիքի պահպանություն` օրենսդրությամբ նախատեսված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական և այլ անհրաժեշտ միջոցների ու հնարքների համակարգված կիրառումն է, որն ուղղված է պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովմանը,
10) գաղտնիության աստիճան՝ գաղտնի տեղեկությունների կարևորության ցուցիչ, որով որոշվում են համապատասխան տեղեկության պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները,
11) գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն՝ ֆիզիկական անձանց կողմից գաղտնի տեղեկություններին ծանոթանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով տրված թույլտվություն,
12) գաղտնի տեղեկությունների պահպանության միջոցներ՝ գաղտնի տեղեկությունների պահպանության համար նախատեսված տեխնիկական, ծածկագրային, ծրագրային, ինչպես նաև գաղտնի տեղեկությունների պահպանության արդյունավետության վերահսկմանն ուղղված այլ միջոցներ,
13) գաղտնիության դրոշմագիր` վավերապայմաններ, որոնք դրվում են տեղեկակիրների և (կամ) դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա և վկայում են տեղեկակիրներում առկա տեղեկությունների գաղտնիության աստիճանի մասին,
14) գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործում` այդպիսի տեղեկությունների հավաքումը, պահպանումը փոխանցումը:

Հոդված 4. Գաղտնիության աստիճանները

1. Ելնելով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների կարևորությունից, բնույթից, դրանց տարածման դեպքում առաջացող հնարավոր հետևանքներից ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին պատճառված վնասների չափերից, ինչպես նաև այդ տեղեկությունների պահպանության համար անհրաժեշտ միջոցների ծավալից` սահմանվում են գաղտնիության երեք աստիճաններ`
1) «Հատուկ կարևորության»,
2) «Հույժ գաղտնի»,
3) «Գաղտնի»:
2. Գաղտնիության «Հատուկ կարևորության» աստիճանին համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է զգալիորեն ազդել պաշտպանության, տնտեսության, ազգային անվտանգության, իրավակարգի պահպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության շահերի վրա կամ ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին մասնակցող պետությունների և կազմակերպությունների համար:
3. Գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճանին համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել պաշտպանության, ազգային անվտանգության, իրավակարգի պահպանության, պետության քաղաքական ու տնտեսական շահերին:
4. Գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության» և «Հույժ գաղտնի», իսկ ծառայողական տեղեկակիրներին` «Գաղտնի» դրոշմագրերը:
5. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիության աստիճանը պետք է համապատասխանի նշված տեղեկությունների տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության անվտանգությանը պատճառվելիք հնարավոր վնասի ծանրության աստիճանին:

Հոդված 5. Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրությունը

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և այդպիսի գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 6. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցումը օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանակման, ինչպես նաև նշված տեղեկությունների օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:


Հոդված 7. Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պահպանության բնագավառում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունները

1. Հանրապետության նախագահը`
1) որոշում է Հանրապետության նախագահի աշխատակազմում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանության ապահովման ուղղությամբ պաշտոնատար անձանց լիազորությունները.
2) իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պահպանության բնագավառում այլ լիազորություններ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) ապահովում է սույն օրենքի կատարումը,
2) մշակում և հաստատում է պետական

  • Քննարկվել է

    23.03.2021 - 07.04.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10497

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

07.04.2021

11. Նախագծի 29-րդ հոդվածը սահմանում է, որ Պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրության խախտման համար մեղավոր անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, կրում են քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվություն: Միևնույն ժամանակ գործող օրենսդրությունը պատասխանատվություն է նախատեսում միայն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ապօրինի բացահայտման (տարբեր եղանակներով) դեպքերում (ՀՀ քրեական օրենսգրքի 299, 302, 306 և 307 հոդվածներ): Այդպիսով, տեղեկատվության ապօրինի բացահայտման հետ չկապված խախտումների և հատկապես գաղտնագրման լիազորության չարաշահումների, այդ թվում՝ տեղեկատվությունն ապօրինի գաղտնագրելու, անհրաժեշտից ավել ժամանակահատվածով գաղտնագրելու և գաղտնազերծման ենթակա տեղեկությունները սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար ո՛չ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և ո՛չ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն չեն նախատեսում: Խիստ խնդրահարույց է այսչափ տարբերակված, չհավասարակշռված մոտեցումն այն պարագայում, երբ թե՛ միջազգային չափորոշիչների և թե՛ ՀՀ օրենսդրության («Տեղեկատվության ազատության մասին» օրենք) համաձայն՝ գործում է հենց տեղեկատվության ազատության կանխավարկածը, իսկ դրա սահմանափակումը կարող է տեղի ունենալ խիստ որոշակի դեպքերում, պետք է լինի համաչափ ու հիմնավորված: Այլ կերպ ասած, եթե պետությունը սահմանում է պատասխանատվություն դասակարգված տեղեկատվության ապօրինի բացահայտման համար, պետք է սահմանի պատասխանատվություն նաև տեղեկատվության ոչ իրավաչափ, չհիմնավորված գաղտնագրման և տեղեկատվությունը ժամանակին չգաղտնազերծելու համար՝ այդ կերպ որոշակիորեն չեզոքացնելով պետական մարմինների՝ անձի՝ տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու չարաշահման ռիսկը: Նման պատասխանատվության բացակայությունը ՀՀ օրենսդրությունում տրամաբանական և արդարացված չէ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ տեղեկատվության ազատության իրավունքի մի շարք այլ ոչ օրինական սահմանափակումների, խախտումների համար նույն օրենսդրությունը սահմանում է պատասխանատվություն (ՎԻՎՕ 1897, 975, 976 հոդվածներ): • Առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսել դրույթ՝ տեղեկությունները ապօրինի կամ չհիմնավորված կերպով պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, անհրաժեշտից ակնհայտ ավել ժամանակահատվածով գաղտնագրելու, տեղեկությունները գաղտնի պահելու անհրաժեշտությունն օրենքով սահմանված պարբերականությամբ չվերանայելու և տեղեկատվությունը սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ: Որպես պատասխանատվություն սահմանել տուգանք 30.000 – 150.000 ՀՀ դրամի չափով, իսկ արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար՝ 150.000-300.000 ՀՀ դրամի չափով (պատասխանատվության միջոցները համաչափ կլինեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1897 հոդվածում տուգանքի առաջարկվող չափերին) ( Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 119-120 էջերում https://bit.ly/2PSZgjQ ):

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

07.04.2021

10. Նախագիծն, ինչպես և գործող օրենքը, չի նախատեսում հնարավորություն դիմելու տեղեկատվությունը գաղտնիքի շարքին դասած մարմնին՝ այն գաղտնազերծելու առաջարկությամբ: Այս հնարավորությունն անհրաժեշտ գործիք է, որը կարող է ապահովել այլևս գաղտնի պահելու արդիականությունը կորցրած, սակայն դեռևս պարբերական վերանայման արդյունքում չվերագնահատված տեղեկությունը՝ հանրության համար մատչելի դարձնելու համար: Տեղեկատվության գազտնազերծման նշված հիմքի սահմանումը, լիովին բխում է նաև միջազգային լավագույն փորձից ( Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 111 էջում https://bit.ly/2PSZgjQ ) : • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը լրացնել՝ նախատեսելով դրույթ, որը կսահմանի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների իրավունքը տեղեկությունը գաղտնագրած պետական մարմին/պաշտոնատար անձին ներկայացնելու այն գաղտնազերծելու հիմնավորված առաջարկություն՝ սահմանելով այդ առաջարկությունը քննարկելու մեկամսյա ժամկետ:

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

07.04.2021

9. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասն, ինչպես և գործող օրենքը սահմանում է, որ օրենքով նախատեսված պահպանման ժամկետները լրանալուց հետո գաղտնիք կազմող տեղեկությունները սահմանված կարգով գաղտնազերծվում և համարվում են ծանոթանալու համար բաց կամ ոչնչացվում են սահմանված կարգով: Միաժամանակ, նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ տեղեկությունները գաղտնազերծումից հետո եռամսյա ժամկետում, ըստ անհրաժեշտության, դրանք տնօրինող պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարի որոշմամբ, ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը: Ստացվում է, որ հնարավորություն է տրվում պահպանման ժամկետները լրանալուց հետո գաղտնազերծել ոչ բոլոր տեղեկությունները՝ փոխարենը պարզապես ոչնչացնելով դրանք: Միաժամանակ, չոչնչացված տեղեկություններն էլ պետական արխիվ են հանձնվում «ըստ անհրաժեշտության», թե ինչ է արվում դրանք չհանձնելու դեպքում՝ նախագիծը չի մասնավորեցնում (դրանք մնում են արխվացված համապատասխան պետական մարմնի մոտ կամ կրկին ոչնչացվում են): Այս կարգավորումը, ակնհայտորեն չի ապահովում գաղտնազերծված տեղեկատվության լիարժեք մատչելիությունը հանրությանը: Խնդիրն առաջին հերթին այն է, որ փաստացի սահմանվում է գաղտնազերծված տեղեկությունների անհետ և կամայականորեն ոչնչացնելու հնարավորություն: Երկրորդ խնդիրը տեղեկությունների գաղտնազերծման մասին հասարակությանը հանրամատչելի կերպով (այդպիսին կարող է լինել համացանցով հրապարակելու եղանակը) տեղեկացնելու մեխանիզմի բացակայությունն է: Վերջապես, գաղտնազերծված տեղեկություններն առերևույթ ունեն հանրային նշանակություն արդեն միայն այն հանգամանքի ուժով, որ եղել են այնչափ կարևոր, որ ժամանակին գաղտնագրվել են, ուստի պետք է լինեն հանրամատչելի ծանոթանալու համար, ընդ որում՝ հենց պետական արխիվ հանձնելու միջոցով: • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը փոփոխել և. 1) դրանից հանել պահպանման ժամկետները լրանալուց հետո տեղեկությունները ոչնչացնելու հնարավորությունը սահմանող դրույթը, 2) նախատեսել պետական մարմնի պարտականությունը` տեղեկություններ գաղտնազերծելիս հրապարակային ծանուցման միջոցով իրազեկել հանրությանը, 3) նախատեսել տեղեկությունները գաղտնազերծելուց հետո դրանք պետական արխիվ փոխանցելու • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը փոփոխել և. 1) դրանից հանել պահպանման ժամկետները լրանալուց հետո տեղեկությունները ոչնչացնելու հնարավորությունը սահմանող դրույթը, 2) նախատեսել պետական մարմնի պարտականությունը` տեղեկություններ գաղտնազերծելիս հրապարակային ծանուցման միջոցով իրազեկել հանրությանը, 3) նախատեսել տեղեկությունները գաղտնազերծելուց հետո դրանք պետական արխիվ փոխանցելու պարտականությունը՝ ապահովելով դրանց ծանոթնալու լիարժեք հնարավորությունը, այդ թվում՝ մինչև արխիվ հանձնելը ( Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տես՝ «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 107 էջում https://bit.ly/2PSZgjQ):

Տեսնել ավելին