Լրամշակման փուլում է
««ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
Հավանություն տալ ««էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը
«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում․
1) «ինքնավար էներգաարտադրող`» սահմանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ինքնավար էներգաարտադրող` վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող սպառող, ով չի հանդիսանում արտադրության լիցենզիա ունեցող անձ»․
2) «վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ`» սահմանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ` էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արեգակնային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի և այլն).»։
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետից հանել «վերականգնող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող» բառերը։
Հոդված 3. Օրենքի հավելվածն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի -ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«13) ինքնավար էներգաարտադրող` վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող սպառող, ով չի հանդիսանում արտադրության լիցենզիա ունեցող անձ․»։
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետում՝
1) «թ» ենթակետը «ապահովումը» բառից հետո լրացնել «, էներգետիկ համակարգի հուսալիության բարձրացումը, ինքնավար էներգաարտադրության խթանումը» բառերով.
2) «ժ» ենթակետը «ապահովումը» բառից հետո լրացնել «, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության խթանումը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը «սեփական» բառից հետո լրացնել «(ինչպես կենցաղային, այնպես էլ տնտեսական կամ այլ)» բառերով։
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածում․
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1․2-րդ կետով․
«1.2. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է իր լիցենզավորված կամ այլ գործունեության սեփական կարիքների բավարարման նպատակով էլեկտրական էներգիան էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում արտադրելու և նույն կամ տարբեր մեկ կամ ավելի կետերում սպառելու իրավունք՝ շուկայի կանոններով սահմանված կարգով և դեպքերում։ Սույն կետով սահմանված դեպքում էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման համար բաշխման լիցենզիա ունեցող անձին վճարվում է հանձնաժողովի սահմանած սակագնով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով և դեպքերում։»
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 9.1
ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 56.1. Ինքնավար էներգաարտադրության կազմակերպումը
- Ցանկացած սպառող ունի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու) և այն իր սպառման համակարգին և (կամ) բաշխման ցանցին միացնելու, դրանով իսկ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստանալու իրավունք, իսկ բաշխման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է սպառողի դիմումով ապահովել այդ տեղակայանքի միացումը բաշխման ցանցին՝ շուկայի կանոններով սահմանված կարգով։
- Ինքնավար էներգաարտադրողն իրավունք ունի էլեկտրական էներգիա արտադրելու, այն ինքնուրույն սպառելու, սույն օրենքով և շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով իր ինքնավար խմբի ներսում սպառման համար, ինչպես նաև երաշխավորված մատակարարին կամ մատակարարին կամ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձին վաճառելու։
- Ինքնավար էներգաարտադրողն իրավունք ունի շուկայի կանոններով սահմանված կարգով ստեղծել ինքնավար խումբ և դրանում ընդգրկել խմբի այլ մասնակիցների։ Ինքնավար խմբի մասնակից կարող են լինել մեկ կամ ավելի ինքնավար էներգաարտադրող և մեկ կամ ավելի սպառող։ Բաշխման, մատակարարման, երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձանց հետ հարաբերություններում ինքնավար խմբի անունից հանդես է գալիս այն ստեղծած ինքնավար արտադրողը։ Ինքնավար խմբի ներսում էլեկտրական էներգիայի մատակարարումը և այդ առնչությամբ հաշվարկներն ու խմբի ներսում ծավալվող այլ հարաբերությունները սույն օրենքի իմաստով ենթակա չեն կարգավորման։
4․ Ինքնավար էներգաարտադրություն սկսելը, ինչպես նաև ինքնավար խմբում ընդգրկվելը չի հանգեցնում սպառողի կարգավիճակը կորցնելուն. խմբի մասնակիցները պահպանում են սույն օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված, ինչպես նաև բաշխման, մատակարարման, երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձանց հետ կնքված պայմանագրերով նախատեսված սպառողի իրավունքները և պարտականությունները։
5․ Ինքնավար էներգաարտադրությունը կարող է կազմակերպվել ինչպես ինքնավար էներգաարտադրողի, այնպես էլ այլ անձի սեփականությունը հանդիսացող կամ այլ անձի կողմից շահագործվող տեղակայանքներով։ Ինքնավար էներգաարտադրողի կողմից ինքնավար էներգաարտադրության կազմակերպմանը ներգրավված՝ տեղակայանքի սեփականատեր կամ շահագործող հանդիսացող անձը ինքնավար էներգաարտադրող չի համարվում և վերջինիս կողմից սույն օրենքով և այլ իրավական ակտերով ինքնավար էներգաարտադրությանը ներկայացվող պահանջների պահպանումը ապահովվում է նրան ներգրաված ինքնավար էներգաարտադրողի կողմից։
6․ Ինքնավար էներգաարտադրողի արտադրած էլեկտրական էներգիան իր կողմից կարող է սպառվել, իսկ ինքնավար խմբում ընդգրկված ինքնավար էներգաարտադրողի արտադրած էլեկտրական էներգիան ինչպես իր, այնպես էլ ինքնավար խմբի մյուս մասնակիցների կողմից կարող է սպառվել արտադրության կետի հետ համընկնող կամ չհամընկնող էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում գտնվող սպառման համակարգերում։ Էլեկտրական էներգիայի արտադրությունը և սպառումը էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր կետերում իրականացվելու դեպքում էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման համար բաշխման լիցենզիա ունեցող անձին վճարվում է հանձնաժողովի սահմանած սակագնով՝ շուկայի կանոններով սահմանված կարգով։
7․ Ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքների դրվածքային հզորությունը կարող է հասնել երաշխավորված մատակարարի (բաշխողի) հետ, իբրև սպառող իր կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորությանը, իսկ ինքնավար խմբի տեղակայանքների ընդհանուր դրվածքային հզորությունը կարող է հասնել երաշխավորված մատակարարի (բաշխողի) հետ իբրև սպառող խմբի բոլոր մասնակիցների կնքած պայմանագրերով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորությունների հանրագումարին, բայց երկու դեպքում էլ ոչ ավելի, քան 500 կիլովատ:
Հոդված 56.2. Ինքնավար էներգաարտադրության ընթացքում հաշվառումն ու հաշվարկները
1․ Ինքնավար էներգաարտադրության ընթացքում հաշվառումն ու հաշվարկները իրականացվում են սույն օրենքի պահանջներին համապատասխան, հանձնաժողովի կողմից սահմանված կարգով, որով պետք է ապահովվեն՝
ա) ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքի էլեկտրաէներգետիկական համակարգի հետ արդյունավետ զուգահեռ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները,
բ) ինքնավար էներգաարտադրության հետևանքով էլեկտրաէներգետիկական համակարգում ձևավորվող ծախսերի ոչ խտրական և համաչափ փոխհատուցումը,
գ) ինքնավար էներգաարտադրության ընթացքում երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հատուցման տրամադրումը` հաշվի առնելով հաղորդման և բաշխման ցանցերի վրա ինքնավար էներգաարտադրության երկարաժամկետ ազդեցությունը։
- Ինքնավար էներգաարտադրության շրջանակներում հաշվարկային ամսվա ընթացքում երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրաէներգիայի քանակի և սպառված էլեկտրական էներգիայի քանակի դրական տարբերություն (ավելցուկ) առաջանալիս՝
ա) բնակիչ սպառող հանդիսացող ինքնավար էներգաարտադրողի դեպքում՝ այն գումարվում է հաջորդող հաշվարկային ամսում ինքնավար էներգաարտադրողի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի քանակին, իսկ հաշվարկային տարվա վերջին հաշվարկային ամսվա արդյունքներով առաջացած (ներառյալ նախորդող ամիսներից կուտակված) ինքնավար էներգաարտադրության ավելցուկի արժեքը երաշխավորված մատակարարի կողմից ինքնավար էներգաարտադրողին վճարվում է տվյալ սպառողական խմբի համար հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրական էներգիայի գործող սակագնի 50 տոկոսի չափով․
բ) բնակիչ սպառող չհանդիսացող ինքնավար էներգաարտադրողի, ինչպես նաև ինքնավար խմբի դեպքում՝ դրա արժեքը հաշվարկվում է երաշխավորված մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի ձեռքբերման էլեկտրաէներգետիկական շուկայում հաշվարկային ամսում ձևավորված միջին փաստացի գնով և համարվում՝ երաշխավորված մատակարարին տրված կանխավճար։
- Ինքնավար էներգաարտադրության շրջանակներում հաշվարկային ամսվա ընթացքում երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և սպառված էլեկտրական էներգիայի քանակի բացասական տարբերություն (պակասորդ) առաջանալիս՝ դրա արժեքը ինքնավար էներգաարտադրողը կամ ինքնավար խմբի մասնակիցը վճարում է երաշխավորված մատակարարին հանձնաժողովի կողմից տվյալ սպառողական խմբի համար սահմանված սակագնով։
- Ինքնավար խմբում ինքնավար էներգաարտադրության ավելցուկը, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրության պակասորդը բաշխվում են հաշվարկային ամսվա ընթացքում խմբի մասնակիցների սպառման ծավալների համամասնությամբ, եթե երաշխավորված մատակարարին չի ներկայացվում բաշխման այլ սկզբունք (բաշխում խմբի մասնակիցների միջև հավասարաչափ, խմբի մասնակիցների արտադրության համամասնությամբ, որոշակի այլ համամասնությամբ, որոշակի առաջնահերթությամբ, թվարկված սկզբունքների որոշակի համադրությամբ կամ երաշխավորված մատակարարի հետ համաձայնեցված այլ սկզբունք)։»։
Հոդված 6. Օրենքի 59-րդ հոդվածում՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» ենթակետով.
«դ) Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիա ստանալիս իրավասու է հրաժարվել սույն մասի «գ» ենթակետում նշված գնման երաշխիքից, որի դեպքում հետագայում իրեն նույն գնման երաշխիքն այլևս չի տրամադրվում։»․
2) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 7. Անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի -ից:
2. Հանձնաժողովը պարտավոր է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանված կարգով լրացումներ և փոփոխություններ կատարել նախկինում տրված լիցենզիաներում, ինչպես նաև իր ընդունած որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին և ընդունել սույն օրենքի կիրարկման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր
-
Քննարկվել է
23.03.2021 - 07.04.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 6235
Տպել