Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշման տրամադրման և կիրառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ __________ 2021 թվականի N ___ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 19-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշման տրամադրման և կիրառման կարգը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
______________ N_____ -Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ
1.Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 38-րդ հոդվածի 19-րդ կետով նախատեսված՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշման (այսուհետ՝ Նախնական որոշում) տրամադրման և կիրառման հետ կապված հարաբերությունները:
2.Նախնական որոշումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կողմից:
3.Նախնական որոշման մեջ ներառվում է մաքսային մարմնի կողմից առաջարկվող՝ մաքսային արժեքի որոշման մեթոդի վերաբերյալ տեղեկություն և դրա հիմնավորումը, ինչպես նաև ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ մաքսային մարմինների տրամադրության տակ առկա տեղեկատվությունը:
4.Մաքսային մարմնի կողմից Նախնական որոշումը տրամադրվում է սույն կարգի Ձև N1-ին համապատասխան:
5.Նախնական որոշումն ընդունվում է 2 օրինակից, որոնցից մեկը ընդունման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է դիմումատուին, իսկ մյուսը պահպանվում է մաքսային մարմնում:
6.Փաստացի հայտարարագրվող ապրանքների մաքսային արժեքի չափը կարող է շեղվել տրամադրված Նախնական որոշման մեջ արտացոլված՝ մաքսային մարմինների տրամադրության տակ առկա մաքսային արժեքի չափից:
7.Նախնական որոշման տրամադրման համար հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կողմից (այսուհետ՝ դիմումատու) մաքսային մարմին է ներկայացվում դիմում՝ սույն կարգի ձև N2-ին համապատասխան՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով :
8.Սույն կարգի 7-րդ կետում նշված դիմումը ներկայացվում է վավերացված: Թղթային եղանակով ներկայացնելիս պետք է վավերացված լինի դիմումատուի ստորագրությամբ և առկայության դեպքում՝ կնիքով, իսկ էլեկտրոնային ներկայացնելու դեպքում՝ թվային էլեկտրոնային ստորագրությամբ։
9.Դիմումատուի կողմից ներկայացվող դիմումի մեջ ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
1)դիմումատուի անվանումը (անուն, ազգանուն, հասցե), հարկ վճարողի հաշվառման համարը.
2)դիմումատուի կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե).
3)առևտրային գործարքը նկարագրող փաստաթղթերում (նախնական) պարունակվող հետևյալ տեղեկությունները,որոնք բավարար են Օրենսգրքի 5-րդ գլխի համաձայն մաքսային արժեքի որոշման համար՝
ա) իրականացվող գործարքի նկարագրությունը.
բ) ապրանքների մատակարարման պայմանները, ներմուծման ժամկետները.
գ) գործարքի կողմի (կողմերի) անվանումները.
դ) ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման երկրները.
ե) Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ ապրանքների մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի կիրառման պայմանների պահպանվածության կամ պահպանված չլինելու վերաբերյալ տեղեկատվություն.
զ) գործարքի կողմերի փոխկապակցվածության հանգամանքի առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում՝ փոխկապակցվածության փաստի՝ գործարքի գնի վրա ազդեցության վերաբերյալ տեղեկատվություն).
է) ներմուծվող և (կամ) արտահանվող ապրանքների նկարագրությունը, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով.
ը) ապրանքների ծագման երկրների վերաբերյալ տեղեկատվություն.
թ) Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն.
ժ) գործարքի առարկա հանդիսացող ապրանքների նկատմամբ նույն կամ համանման ապրանքներին առնչվող գործարքների առկայության վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում).
ի) գործարքի առարկա հանդիսացող ապրանքների` ներքին շուկայում վաճառքի գների վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում).
լ) գործարքի առարկա հանդիսացող ապրանքներին առնչվող՝ Օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում):
10.Դիմումատուի կողմից ներկայացվող դիմումի հետ մեկտեղ մաքսային մարմին են ներկայացվում դիմումի մեջ ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված` պետական տուրքի վճարման անդորրագիրը:
11.Այն դեպքում, երբ դիմումատուի կողմից ներկայացվել են թերի տեղեկություններ և (կամ) փաստաթղթեր կամ ներկայացված տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը բավարար չեն մաքսային մարմնի կողմից Նախնական որոշման ընդունման համար, մաքսային մարմնի կողմից սույն կարգի 7-րդ կետում նշված դիմումի գրանցման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին հարցում է ուղարկվում՝ համապատասխան տեղեկությունների և (կամ) փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ:
12.Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հարցման շրջանակներում դիմումատուից կարող են պահանջվել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողության առանձնահատկությունների մասին»03.2018թ. N42 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:
13.Դիմումատուն սույն կարգի 11-րդ կետում նշված հարցումը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է պահանջվող տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը:
14.Սույն կարգի 13-րդ կետում նշված ժամկետում պահանջվող տեղեկությունների և (կամ) փաստաթղթերի չտրամադրման դեպքում դիմումը մաքսային մարմնի կողմից մերժվում է, ինչի վերաբերյալ գրավոր ձևով տեղեկացվում է դիմումատուին:
15.Նախնական որոշումը տրամադրվում է սույն կարգի 7-րդ կետում նշված դիմումի՝ մաքսային մարմնի կողմից գրանցումից հետո մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Նշված ժամկետը կասեցվում է սույն կարգի 11-րդ կետով նախատեսված հարցման իրականացման դեպքում՝ համապատասխան հարցման իրականացման օրվանից մինչև դիմումատուի կողմից պահանջվող տեղեկությունների և (կամ) փաստաթղթերի տրամադրման օրը:
16.Նախնական որոշումը գործում է մեկանգամյա՝ դրանց ընդունման օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում:
17.Նախնական որոշման մեջ` դրա գործողության ժամանակահատվածում կարող են կատարվել փոփոխություններ՝ հայտարարատուի կամ մաքսային մարմնի նախաձեռնությամբ:
Հայտարարատուի նախաձեռնությամբ Նախնական որոշման մեջ փոփոխությունները կատարվում են գործարքի պայմանների փոփոխության դեպքում՝ սույն կարգի 11-ից 15-րդ կետերով սահմանված ժամկետներում:
Հայտարարատուի կամ մաքսային մարմնի նախաձեռնությամբ Նախնական որոշման մեջ փոփոխությունները կատարվում են մաքսային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում, եթե այդպիսի փոփոխություններն առնչվում են մաքսային արժեքի որոշմանը և առաջացնում են Նախնական որոշման փոփոխման անհրաժեշտություն:
18.Նախնական որոշման մեջ փոփոխությունները կատարվում են նոր Նախնական որոշում ընդունելու միջոցով, որում նշվում է նախորդ որոշման գրանցման համարը:
19.Սույն կարգի 18-րդ կետին համապատասխան փոփոխված Նախնական որոշումը տրամադրվում է դիմումատուին՝ ընդունված Նախնական որոշման մեջ փոփոխության անհրաժեշտության հայտնաբերման կամ այդ նպատակով ստացված դիմումի ներկայացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Դիմումատուի կողմից ներկայացված դիմումի հիման վրա նոր Նախնական որոշում ընդունելու անհրաժեշտության բացակայության դեպքում դիմումատուն այդ մասին տեղեկացվում է սույն կետի առաջին պարբերությունում նշված ժամկետում:
20.Նախնական որոշման փոփոխության դեպքում ընդունված Նախնական որոշման մեջ փոփոխության անհրաժեշտության հայտնաբերման կամ այդ նպատակով ստացված դիմումի ներկայացման օրվանից մինչև Նախնական որոշման մեջ փոփոխությունների իրականացումը, Նախնական որոշումը, որոնց մեջ պետք է իրականացվեն փոփոխությունները, հիմք չեն ընդունվում մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ:
21.Նոր Նախնական որոշումն ուժի մեջ են մտնում դրա՝ հայտարարատուին ուղարկման օրվանից:
22.Սույն կարգի 17-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմնի նախաձեռնությամբ իրականացված փոփոխության դեպքում համապատասխան Նախնական որոշումը դիմումատուի կողմից ստացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն կարող է հրաժարվել Նախնական որոշման ընդունումից, ինչի դեպքում գրավոր տեղեկացնում է մաքսային մարմնին:
23.Դիմումատուի կողմից սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետում Նախնական որոշումը չընդունելու վերաբերյալ մաքսային մարմիններին գրավոր չտեղեկացնելու դեպքում, մաքսային մարմինների կողմից ընդունված Նախնական որոշման փոփոխությունը համարվում է գործող։
24.Մաքսային մարմինների կողմից տրամադրված Նախնական որոշումը դադարեցվում է հետևյալ դեպքերում.
1)դիմումատուի կողմից Նախնական որոշման ընդունման համար մաքսային մարմնին կեղծ տեղեկությունների և (կամ) կեղծված փաստաթղթերի տրամադրման փաստի հաստատման դեպքում.
2)սույն կարգի 20-րդ կետով սահմանված դեպքում դիմումատուի կողմից Նախնական որոշումից հրաժարման դեպքում.
3)մաքսային մարմնի կողմից այնպիսի սխալների հայտնաբերման դեպքում, որոնք թույլ են տրվել Նախնական որոշումն ընդունելիս և որոնք ազդում են ապրանքների մաքսային արժեքի մեթոդի վերաբերյալ որոշման կայացման վրա:
25.Նախնական որոշման գործողության դադարեցումը ձևակերպվում է մաքսային մարմնի գրավոր որոշմամբ, ինչի մասին որոշման կայացումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է դիմումատուին:
26.Նախնական որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշման մեջ նշվում է նաև Նախնական որոշման գործողության դադարեցման օրը։
27.Նախնական որոշումը գործում է միայն այն ապրանքների հայտարարագրման դեպքում, որոնց մասով հայտարարագրվող տեղեկություններն ամբողջությամբ համընկնում են Նախնական որոշման մեջ ներառված տեղեկությունների հետ՝ բացառությամբ սույն կարգի 6-րդ կետի:
-
Քննարկվել է
12.03.2021 - 28.03.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 5055
Տպել