ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Նախագծի ընդունման անհրաժեշտությունը ուղղված է ՀՀ գործող օրենսդրության` մասնավորապես ՀՀ Աշխատանքային օրենսգրքի և գործող ՀՀ կառավարության որոշման միջև անհամապատասխանության վերացմանը և քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդների հաջորդ աշխատանքային տարի տեղափոխման թույլատրելիությանը։
- Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Հաշվի առնելով քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդների հաջորդ աշխատանքային տարի տեղափոխման անհրաժեշտությունը, մշակվել է Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին նախագիծը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված է, որ սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Oրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին եւ օրենքներին: 82-րդ հոդվածով սահմանված է, որ յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ծառայության մասին օրենքի 30-րդ հոդվածով սահմանված է քաղաքացիական ծառայողի արձակուրդը՝ մասնավորապես հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը։
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ։ Սակայն ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով սահմանված է, որ քաղաքացիական ծառայողի միջնորդությամբ ծառայողի ամենամյա արձակուրդն այլ ժամանակ տեղափոխելու դեպքում ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում, բացառությամբ Որոշման հավելվածի 19-րդ կետում նշված ենթակետերի, որոնք են․
1) քաղաքացիական ծառայողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ.
2) քաղաքացիական ծառայողը ձեռք է բերել Աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.
3) քաղաքացիական ծառայողը մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում: Վերոնշյալ կետերը սահմանված են նաև ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասում։
ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը չեն խոչընդոտում աշխատողի ամենամյա արձակուրդի տեղափոխմանը, եթե աշխատողի ամենամյա արձակուրդի տրամադրման համար 18 ամսվա ժամանակահատվածը չի անցել, ինչը հնարավորություն է տալիս ամենամյա արձակուրդը տեղափոխել հաջորդ աշխատանքային տարի։
Այստեղ ակնհայտ է գործող Որոշման անհամապատասխանությունը ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող օրենքին՝ ՀՀ աշխատանքային օրենսգքին, որի 167-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում՝ սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը։ Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին։
Որոշման հավելվածի 23-րդ կետով սահմանված է, որ ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերը տրամադրվում են տվյալ աշխատանքային տարում՝ բացառությամբ կարգի 24-րդ և 25-րդ կետերով նախատեսված դեպքերի։ Որոշման 24-րդ կետով սահմանված է, որ կարգի 19-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերը կամ ամենամյա արձակուրդը տվյալ աշխատանքային տարում չտրամադրվելու դեպքում, այն տրամադրվում է հաջորդ աշխատանքային տարում, սակայն ոչ ուշ քան 18 ամսվա ընթացքում՝ սկսած այն աշխատանքային տարվա ավարտից, որի համար քաղաքացիական ծառայողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը։ Որոշման հավելվածի 25-րդ կետով սահմանված է, որ քաղաքացիական ծառայողի արձակուրդը կարգի 19-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հիմքով չտրամադրելու դեպքում քաղաքացիական ծառայողի համաձայնությամբ այն կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին, ինչը նշանակում է, որ նշված կետերի բացակայության դեպքում աշխատողի ամենամյա արձակուրդը չի կարող տեղափոխվել հաջորդ աշխատանքային տարի, նույնիսկ եթե 18 ամիսը դեռ չի լրացել։ Ակնհայտ է Որոշման և ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի միջև անհամապատասխանությունը։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվող կարգավորումները նպատակաուղղված են քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդի այլ ժամանակ՝ հաջորդ աշխատանքային տարի տեղափոխման հնարավորությանը։
- Ակնկալվող արդյունքը
Քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդի այլ ժամանակ՝ հաջորդ աշխատանքային տարի տեղափոխման հնարավորություն:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
-
Քննարկվել է
05.03.2021 - 26.03.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 6297
Տպել