«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը.
Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետությունում կյանքի է կոչվել 2009 թվականից մեկնարկած Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագրի առաջին փուլը: «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Կենտրոն) գործում է 2020 թվականի հունիսից: Կարող ենք փաստել, որ սա ազգաբնակչության առողջության բարելավմանն ուղղված, տարածաշրջանում մրցակցող դեր ունեցող Կենտրոն է: Կենտրոնն ունի բարձրագույն մասնագիտական որակավորում ստացած տարբեր բնագավառների մասնագետներ, որոնց թիմային աշխատանքի շնորհիվ արդեն իսկ իրականացվել է ավելի քան 100 պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա (այսուհետ` ՊԷՏ/ՀՏ) հետազոտություն և մինչև հոկտեմբեր ամիսը կան հերթագրված պացիենտներ: Կենտրոնում ստեղծվել են նոր աշխատատեղեր, որոնցում ներգրավված մասնագետներն անցնելով համապատասխան վերապատրաստումներ, կնպաստեն ծառայությունների ծավալների մեծացմանը:
Այսօր կենտրոնը շարունակում է իր հետագա ծրագրային զարգացումը՝ միջուկային բժշկության ոլորտում նոր ձեռքբերումների հասնելու ուղղությամբ, ինչպես նաև առկա է սերտ և ակտիվ համագործակցություն «Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի հետ, որը միտված է միջուկային ֆիզիկայի ոլորտը զարգացնելու՝ օգտագործելով կենտրոնի հնարավորությունները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոնը տարածաշրջանում միակն է իզոտոպների արտադրության գործառույթով և կենտրոնի սարքավորումների արտադրանքի թողունակությունը շատ ավելին է, քան պահանջարկը, կենտրոնի առաջիկա ուղղություններից է ստացված արտադրանքի արտահանման կազմակերպումը:
Կենտրոնը սերտ համագործակցում է նաև Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի առաջատարը հանդիսացող ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (այսուհետ՝ ՈւԱԿ) հետ: Հարկ է նշել, որ չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի գործընթացում հաջողության անկյունաքարն է վաղ ախտորոշումը: Ուռուցքաբանական համալիր ծառայությունների մատուցման տեսանկյունից անհրաժեշտ է, որ ՈւԱԿ-ն ունենա նաև ուռուցքաբանության մեջ այսօր անփոխարինելի համարվող ՊԷՏ/ՀՏ, որը թույլ է տալիս հայտնաբերել ուռուցքային օջախները, տալ դրանց քանակական և որակական գնահատականը: ՊԷՏ/ՀՏ-ի դերը մեծանում է բարորակ և չարորակ նորագոյացությունների տարանջատման, նորագոյացության տարածվածության գնահատման և բուժումից հետո հիվանդության կրկնության վաղ հայտնաբերման գործընթացում:
Այսպիսով, ուռուցքաբանական ծառայության բարելավման և շարունակական զարգացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից հանելու նպատակով:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Օրենքի նախագծով առաջարկվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքից` օրենքի հավելվածով հաստատված ցանկի 41-րդ կետն ուժը կորցրած ճանաչելով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից` այն թողնելով պետական մասնակցությամբ, բաժնետոմսերի կառավարումը հանձնելով Առողջապահության նախարարությանը և ապահովելով ուռուցքաբանական ծառայության բարելավումը և շարունակական զարգացումը:
-
Քննարկվել է
01.03.2021 - 16.03.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 6060
Տպել