Նախագիծը չի ընդունվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը գյուղատնտեսական և սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրի շարունակական բարելավումն է։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք)՝
- սահմանված է, որ հարկման նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող են համարվում և, հետևաբար, շահութահարկից ազատվում են միայն գյուղատնտեսական արտադրանքի անմիջական արտադրողները։ Նման կարգավորման պայմաններում իրենց անդամների կողմից արտադրված գյուղատնտեսական ապրանքն իրացնելու դեպքում գյուղատնտեսական կոոպերատիվները կամ սպառողական կոոպերատիվները չեն համարվում գյուղատնտեսական ապրանք արտադրողներ և չեն օգտվում շահութահարկից ազատման արտոնությունից,
- սահմանված կարգավորումների համաձայն՝ օտարերկրյա պետությունների, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսական կոոպերատիվներին անհատույց տրամադրված նպատակային դրամական միջոցները կոոպերատիվների մոտ շահութահարկով հարկման նպատակով եկամուտ են համարվում այդ դրամական միջոցների ստացման հաշվետու տարվա ընթացքում։ Նշյալ կարգավորման արդյունքում ստացված նպատակային միջոցները հաճախ դառնում են շահութահարկով հարկման ենթակա գումարներ, ինչի արդյունքում նվազում է այդ գումարների արդյունավետ և նպատակային օգտագործման (ծախսման) հնարավորությունը։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է՝
- սահմանել, որ շահութահարկով հարկման նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող են համարվում և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկից ազատվում են նաև գյուղատնտեսական կոոպերատիվները և սպառողական կոոպերատիվները՝ իրենց անդամների (մասնակիցների) կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով,
- բացառել օտարերկրյա պետությունների, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից ստացած նպատակային դրամական միջոցները շահութահարկով ծանրաբեռելու հնարավորությունը՝ սահմանելով, որ այդ դրամական միջոցները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս,
- որոշակիորեն վերանայել ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված գյուղատնտեսական ապրանքների ցանկը՝ դրանում ներառելով մի քանի նոր ապրանքատեսակներ:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան գյուղատնտեսական կոոպերատիվների կամ սպառողական կոոպերատիվների շահութահարկով հարկման որոշ կարգավորումներն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էականորեն բարելավել գյուղատնտեսական և սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրը՝ նախադրյալներ ապահովելով վերջիններիս ստեղծման և զարգացման համար։
Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կարող են նվազել պետական բյուջեի ընթացիկ եկամուտները, իսկ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
-
Քննարկվել է
15.02.2021 - 02.03.2021
-
Տեսակ
Օրենսգիրք
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 5646
Տպել