Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է սոցփաթեթից օգտվելու իրավունքի իրացման շարունակականության ապահովման, սոցփաթեթի շահառուների և սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակների ընդլայնման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման նպատակով:

Միաժամանակ, Նախագծի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է փախստականի կարգավիճակ ունեցող սոցփաթեթի շահառուների` սոցփաթեթից օգտվելու իրավունքի իրացման շարունակականությունը, ինչպես նաև սոցփաթեթի շահառուների մտքի, խղճի և կրոնի ազատության սահմանադրական իրավունքի և նույնականացման քարտի ստացման կամավորության սկզբունքն ապահովելու նպատակով։

2․ Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) գործող կարգավորումներով (2-րդ կետ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համարվում է սոցփաթեթի հատկացումն ապահովելու մասին պայմանագիր կնքող լիազոր մարմինը:

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 09.07.2020 N 1159-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի 20-րդ ենթակետի համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նաև տալիս է պարզաբանում սոցփաթեթի հատկացման (անհրաժեշտության դեպքում՝ պետական կառավարման համակարգի իրավասու այլ մարմնի հետ համատեղ) բնագավառը կարգավորող oրենսդրական ակտերի և ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ: Ուստի, Նախագծով առաջարկվում նաև Որոշման մեջ ևս հստակ ամրագրել, որ Որոշման պարզաբանում տվող լիազոր մարմինն է համարվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Միաժամանակ բացառություն է նախատեսվում Որոշման N 4 և N 5 հավելվածների համար, որոնց պաշտոնական պարզաբանում տրվող մարմին է նախատեսվում ամրագրել ՀՀ առողջապահության նախարարությունը, քանի որ վկայակոչված հավելվածներով սահմանված են առողջապահության բնագավառին վերաբերող ծառայությունների փաթեթները։

***

Որոշման 4.1-ին կետով նշված է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագիրը, մինչդեռ նշվածը ծրագրի նախկին անվանումն է, ներկայում սոցփաթեթի շահառուներին սոցիալական փաթեթը հատկացվում է «Սոցիալական փաթեթի ապահովում» բյուջետային ծրագրի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» միջոցառման շրջանակներում: Հետևաբար Նախագծով համապատասխան փոփոխություն է առաջարկվում Որոշման 4.1-ին կետում:

***

Որոշման գործող կարգավորումներով, մասնավորապես` Որոշման 4.7-րդ կետով, սոցիալական փաթեթի ծառայություններից (այդ թվում` առողջապահական փաթեթի ծառայությունները) օգտվելու և (կամ) սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար պարտադիր նախապայման է հանդիսանում նույնականացման քարտի առկայությունը:

Այս կետի կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից առաջարկվել է քննարկել Որոշման 4.7-րդ կետով սահմանված նույնականացման քարտի պարտադիրության վերաբերյալ դրույթը հանելու և (կամ) փոփոխելու հարցը: Մասնավորապես նշվել է, որ անձը նույնականացման քարտ չունենալու պատճառով որպես սոցիալական փաթեթի շահառու՝ զրկվում է սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու իրավունքից, որոշ դեպքերում էլ՝ անձը նույնականացման քարտ չի ցանկանում ստանալ և նույնականացման քարտից հրաժարվելում է մտքի, խղճի և համոզմունքների դրսևորման ազատությունից ելնելով, ինչպես նաև օգտվելով օրենքով սահմանված նույնականացման քարտ ստանալու կամավորության իրավունքից։ Վկայակոչվել է ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածով ամրագրված մտքի, խղճի և կրոնի ազատություն երաշխավորված լինելու, ինչպես նաև նույնականացման քարտի ստացման կամավորության սկզբունքը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նշվել է նաև, որ.

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նույնականացման քարտը ՀՀ քաղաքացու (այսուհետ` քաղաքացի) ինքնությունը և ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է ՀՀ տարածքում օգտագործելու համար»: Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից»:

Հիշյալ օրենքի համապատասխան նորմերի բովանդակությունից հետևում է, որ նույնականացման քարտ ստանալը քաղաքացու իրավունքն է, որի իրացումը պայմանավորված է ինչպես քաղաքացու կամաարտահայտությամբ, այնպես էլ նրա՝ որոշակի պարտականությունների կատարմամբ:

ՀՀ սահմանադրական դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի N ՍԴՈ-1244 որոշմամբ անդրադարձել է հարցին կրոնական հայացքներին դեմ լինելու տեսանկյունից: Խնդիրն այն է, որ որոշ քաղաքացիներ, կրոնական համոզմունքներից ելնելով, ի վիճակի չեն կատարելու նույնականացման քարտի ստացման հետ կապված որոշակի ընթացակարգեր, և երբ սահմանված չեն իրավական այլընտրանքային պայմաններ, այդ անձիք զրկվում են նույնականացման քարտ ստանալու իրավունքի իրացումից, հետևաբար նաև իրավահարաբերություններին լիարժեք մասնակցելու իրավունքներից: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ նորմատիվ պահանջների իրացումը չպետք է վտանգի կամ արգելափակի անձի՝ ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված այլ իրավունքների ազատ իրականացումը: Օրենսդրական կարգավորումները չպետք է մի կողմից ապահովեն կրոնական համոզմունքների ազատ իրականացումը, իսկ մյուս կողմից, երբ խնդիրը հանգում է սահմանադրական այլ իրավունքների կամ պետության սահմանադրաիրավական պարտականությունների իրականացմանը, արգելափակեն կամ անարդյունավետ դարձնեն դրանց իրացումը, ինչը տեղի ունի վիճարկվող իրավակարգավորումների շրջանակներում, քանի որ կրոնական համոզմունքներ ունեցող անձը հայտնվում է իրավական երկընտրանքի առջև. կամ կատարել օրենքի պահանջը՝ հրաժարվելով իր համոզմունքներից, կամ չկատարել այդ պահանջը, համապատասխանաբար՝ իրացնելով անձի սահմանադրական իրավունքը:

ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշմամբ՝ օրենսդիրը պարտավոր է նախատեսել այնպիսի իրավակարգավորումներ, որոնք պետք է բացառեն անձանց սահմանադրական իրավունքների և ազատությունների որևէ սահմանափակում, եթե այն պայմանավորված չէ Սահմանադրությամբ թույլատրելի հանգամանքներով: Կրոնական համոզմունքների ազատությունը երաշխավորված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային իրավական բազմաթիվ փաստաթղթերով:

Այսպիսով, հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմի վերը նշված դիրքորոշումը, Նախագծով Որոշման կարգավորումներից նախատեսվում է հանել սոցփաթեթից օգտվելու համար նույնականացման քարտի պարտադիր առկայության վերաբերյալ կարգավորումը:

Խնդրին համապարփակ լուծում տալու նպատակով նույնական հիմնավորմամբ Նախագծի փաթեթում ներառվել է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով կհանվի նաև սոցիալական փաթեթի՝ առողջապահական բաղադրամասից օգտվելու համար պարտադիր նախապայման համարվող նույնականացման քարտի առկայության պահանջը։

***

Որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ սոցփաթեթի հատկացման կարգով սոցփաթեթի գումարների հերթական (ամենամսյա) փոխանցումներն իրականացվում են մինչև հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը։ Հետևաբար, առաջին եռամսյակի համար սոցփաթեթի գումարների ֆինանսավորումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, որպես ծրագրի բարձրագույն գլխավոր կարգադրիչ, պլանավորվում է 2 ամսվա (հունվար-փետրվար) հաշվարկով, հաջորդիվ` մարտ-մայիս ամիսների գումարները պլանավորվում են երկրորդ եռամսյակում, հունիս-օգոստոս ամիսներինը` երրորդ եռամսյակում, իսկ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներինը` չորրորդ եռամսյակում: Չորրորդ եռամսյակում՝ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների (4 ամիս) համար սոցփաթեթի գումարներ պլանավորելը պայմանավորված է այն հանգամանքով, որ սոցփաթեթի հատկացման կարգով դեկտեմբեր ամսվա սոցփաթեթի գումարները փոխանցվում են մինչև ընթացիկ բյուջետային տարվա դեկտեմբերի 20-ը (Որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետ)։  Նշվածով պայմանավորված՝ սոցփաթեթի ծրագրի գծով բոլոր միջոցառման կատարողների համար առաջին եռամսյակի համար պլանավորվում և փաստացի ծախսվում են 2 ամսվա, կիսամյակի համար՝ 5 ամսվա, ինն ամսվա համար՝ 8 ամսվա, իսկ տարվա համար՝ 12 ամսվա հաշվարկով սոցփաթեթի գումարներ:

ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվեքննության շրջանակներում վերջինիս կողմից առաջարկվել է, այնուամենայնիվ, ծրագրի տարեկան գումարը՝ եռամսյակային (աճողական) կտրվածքով բաշխելու համար յուրաքանյուր բյուջետային տարում՝ առաջին եռամսյակում երկու, կիսամյակում՝ հինգ, ինն ամսում՝ ութ, իսկ տարեկան՝ 12 ամիսները հիմք ընդունելու համար հստակ ամրագրել համապատասխան իրավական հիմքը։

Վերոգրյալով պայմանավորված՝ Նախագծով առաջարկվում է Որոշումը լրացնել նոր՝ 4.1.1-ին կետով, որով հստակ կամրագրվի նշված իրավական հիմքը։

***

Սոցփաթեթի շահառուների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով հայկական ընտանիքի անդամների համատեղ բնակվելու առանձնահատկությունները, վերանայվել, ընդլայնվել և հստակեցվել է Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված «աշխատողի անմիջական ընտանիքի անդամ» հասկացությունը, հանվել է զավակի՝ մինչև 27 տարեկան լինելու սահմանափակումը, ինչպես նաև Նախագծով առաջարկվել է ընտանիքի անմիջական անդամ համարել նաև շահառուի ծնողին, որդեգրողին, որդեգրվածին, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձին։

Նախագծով առաջարկվող ընտանիքի անդամի նոր շրջանակը նախատեսվել է՝ հաշվի առնելով Ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածով տրված ընտանիքի անդամների շրջանակը։

***

Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված են  այն կազմակերպությունները, որտեղ աշխատող հաստիքային աշխատողներն օգտվում են սոցփաթեթի իրավունքից: Նշված կազմակերպությունների ցանկը Նախագծով առավել հստակեցվել է, վերանայվել և ընդլայնվել, մասնավորապես`

  1. Որոշ կազմակերպություններ լուծարվել են կամ վերակազմակերպվել, այդ թվում` անվանափոխությամբ, հետևաբար Նախագծով ցանկից հանվել են երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները, «Հայրենիք-սփյուռք» կենտրոն, «Հայաստանի ազգային գրապալատ», «Ուսուցման կենտրոն», «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն», «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները։
  2. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է հիմնադրամի և չի կարող ներառված լինել Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված ՊՈԱԿ-ների ցանկում: Հետևաբար այն հանվել է Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված ՊՈԱԿ-ների ցանկից: Միաժամանակ, ինստիտուտի աշխատողների սոցփաթեթից օգտվելու իրավունքի շարունակականությունն ապահովելու նպատակով Նախագծով «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը ներառել է Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետում, որտեղ պարտադիր չէ վերջինի կազմակերպաիրավական կարգավիճակի՝ ՊՈԱԿ լինելու հանգամանքը։
  3. «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան», «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ», «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց», «Ծաղկունք բաց դպրոց», «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամները ներառվել են սոցփաթեթի շահառուների ցանկում՝ հաշվի առնելով այն, որ նշված հիմնադրամները նախկինում հանդիսանալով պետական ոչ առևտրային կազմակերպություններ, օգտվել են սոցփաթեթի իրավունքից, սակայն վերակազմակերպվելով հիմնադրամների՝ դուրս են եկել Որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված սոցփաթեթի շահառուների ցանկից։ Այս հիմնադրամները ցանկում լրացնելու պարագայում անհրաժեշտ կլինի տարեկան շուրջ 21.5 մլն դրամ՝ 299 շահառուի համար։
  4. Նույն ոլորտում գործունեություն ծավալող նույնատիպ կազմակերպությունների աշխատողների համար միատեսակ սոցիալական երաշխիքներ նախատեսելու հարցում սոցիալական արդարության պահպանման նպատակով ցանկը լրացվում է՝

1) Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան N 3, Երևանի պետական մանկավարժական համալսարանի N 57, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի», Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Երևանի» ավագ դպրոցներով՝ հաշվի առնելով այն, որ այդ դպրոցների կողմից ևս իրականացվում են հանրակրթական ծրագրեր, ինչպես, որ պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող հանրակրթական դպրոցների, սակայն նշված ավագ դպրոցները, հանդես գալով համալսարանների կազմում և չունենալով առանձին կազմակերպաիրավական ձև, Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության շրջանակներում չեն կարողանում օգտվել սոցփաթեթի իրավունքից։ Այս դպրոցները ցանկում լրացնելու պարագայում անհրաժեշտ կլինի տարեկան շուրջ 17.6 մլն դրամ՝ 245 շահառուի համար,

2) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին», «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերությունները ևս ներառվում են սոցփաթեթի շահառու կազմակերպությունների ցանկում` հիմք ընդունելով այն, որ.

ա. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է գիտական կազմակերպություն,

բ. «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված խիստ վտանգավոր գործունեություն, մասնավորապես` ՀՀ կառավարության կողմից հաստատված ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների, ռադիոակտիվ նյութերի փոխադրման կանոնների ու կարգի համաձայն` զբաղվում է մունիցիպալ (ոչ միջուկային) ցածր ու միջին ակտիվության ռադիոակտիվ թափոնների, օգտագործումից դուրս եկած ռադիոտոպային աղբյուրների մաքսային հսկողության և այլ վտանգավոր գործունեություն:  

Նշված «ա» և «բ» պարբերություններով նշված ընկերությունները սոցփաթեթի ցանկում լրացնելու համար հիմք է հանդիսանում նաև այն, որ նման կազմակերպաիրավական ձև ունեցող, նույն ոլորտի գործունեություն ծավալող և 100 տոկոս պետական բաժնեմասով այլ կազմակերպություններ ևս ներառված են Կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետում: Հարկ է նշել նաև, որ այս ընկերությունները սոցփաթեթի շահառուների ցանկում լրացնելու պարագայում` անհրաժեշտ կլինի տարեկան շուրջ 1.4 մլն դրամ՝ 20 շահառուի համար:

***

Որոշման 9-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված է, որ մեկ մարմնից մեկ այլ մարմին տեղափոխվելու դեպքում աշխատողը սոցիալական փաթեթից կարող է օգտվել տվյալ մարմնում վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու հաջորդ օրվանից:

Սոցիալական փաթեթի շահառուների սոցփաթեթից օգտվելու իրավունքի շարունակականության ապահովման նպատակով Նախագծով առաջարկվում է, որ եթե սոցփաթեթի շահառուն մեկ կազմակերպությունից մինչև մեկ ամսվա ընթացքում ընդունվի (տեղափոխվի) մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում աշխատանքի, սոցփաթեթի գումարները՝ տվյալ ամսվանից սկսած փոխանցվեն նոր աշխատավայրի կազմակերպության միջոցով՝ նոր աշխատավայրի իր դրույքին (աշխատաժամանակի տևողությանը) համապատասխան։

Հարկ է նկատել, որ նման հնարավորություն գործող կարգավորումներով սոցփաթեթի շահառուները չունեն, և նշված դեպքում կարողանում են օգտվել սոցփաթեթի իրավունքից միայն տվյալ մարմնում վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու հաջորդ օրվանից:

***

Որոշման N 2 հավելվածի 1-ին կետի համաձայն՝ սոցիալական փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները`

1) հանգստի ապահովում` Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում.

2) հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում.

3) ուսման վճար.

4) սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում` Որոշման N 2 հավելվածի N 1 ձևով նախատեսված չափորոշիչներին համապատասխան:

Սոցփաթեթի շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացման, պետական հատվածից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատման նպատակով, նախատեսվում է սոցփաթեթի ծառայություններում ներառել նաև այնպիսի ուղղություն, որով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարմանը՝ այդպիսով նպաստելով նրանց առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը։

***

Սոցիալական փաթեթի ծառայություններից` հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայության չափորոշիչները սահմանված են Որոշման N 2 հավելվածի N 2 ձևով, որի 3-րդ կետի համաձայն` հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու իրավունք ունի աշխատողը և նրա անմիջական ընտանիքի անդամը: Նշված ձևի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի համաձայն` սոցիալական փաթեթի տվյալ ծառայությունն ընտրած աշխատողն իրավունք ունի օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից, եթե աշխատողի (վարկառուի կամ հիփոթեքային վարկի համավարկառուի` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում) հիփոթեքային վարկի պայմանները համապատասխանում են «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններին, որոնք հրապարակված են «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի պաշտոնական կայքում: Աշխատողն իրեն հիփոթեքային վարկ տրամադրած բանկից կամ վարկային կազմակերպությունից ներկայացնում է դրա մասին տեղեկանք՝ համաձայն N 2.1 ձևի, եթե աշխատողի (վարկառուի կամ հիփոթեքային վարկի համավարկառուի` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում) հիփոթեքային վարկը տրամադրված չէ սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող առևտրային բանկի կողմից: Աշխատողն իրավունք ունի օգտվելու հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից՝ նույնիսկ այն դեպքում, երբ նա կամ նրա անմիջական ընտանիքի անդամը հիփոթեքային վարկն ստացել է նախքան Որոշումն ուժի մեջ մտնելը: Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ, որ վարկառուի կամ համավարկառուի հիփոթեքային վարկը լինի վերաֆինանսավորված կամ տրամադրված՝ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի ֆինանսական միջոցներից:

Այսպիսով, Որոշման գործող կարգավորումներով միայն այն դեպքում, երբ հիփոթեքային վարկը բավարարում է Որոշման` վերը նշված չափորոշիչներին, սոցփաթեթի շահառուն և (կամ) նրա անմիջական ընտանիքի անդամը, կարող է վերը նշված կարգով օգտվել հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից:

Հետևաբար, սոցփաթեթի շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացման, պետական հատվածից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատման նպատակով նախատեսվում է նաև Որոշման նշված կարգավորումները պարզեցնել և հանել միայն՝ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կամ «Արցախի ներդրումային հիմնադրամ»-ի կողմից վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկերի ընդհանուր պայմաններին համապատասխանող հիփոթեքային վարկի շրջանակներում սոցփաթեթի միջոցներից փոխանցումներ կատարելու  սահմանափակումը։

***

Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող աշխատողի՝ ձերբակալման կամ կալանավորման հիմքով պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու դեպքում՝ սոցփաթեթի շահառուի իրավունքի դադարեցման վերաբերյալ կարգավորում Որոշման 9-րդ կետով, ինչպես նաև Որոշման այլ կարգավորումներով, ամրագրված չէ:Նշված բացը կարգավորելու նպատակոն Նախագծով առաջարկվում է, որ օրենքով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց սոցիալական փաթեթը կասեցվի՝ աշխատանքային լիազորությունների կասեցման (ժամանակավորապես դադարեցման) պահից մինչև կասեցման (ժամանակավորապես դադարեցման) վերաբերյալ որոշման վերացումն ընկած ժամանակահատվածում: Միաժամանակ, նախատեսվել է նաև, որ օրենքով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի աշխատանքային լիազորությունների կասեցման (ժամանակավորապես դադարեցման) վերաբերյալ որոշման վերացման դեպքում՝ սոցփաթեթի գումարն աշխատողին փոխանցվի աշխատանքի վերադառնալու ամսվանից սկսած, եթե նա մինչև իր աշխատանքային լիազորությունների կասեցումը (ժամանակավորապես դադարեցումը) հանդիսացել է սոցփաթեթի շահառու: Նման կարգավորում նախատեսելու համար հիմք է հանդիսանում Որոշման 9-րդ կետով և նույն կետի տարբեր ենթակետերով ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններից Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին վերադարձած դիվանագետների, հղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց, դատարանի կողմից իր նախկին աշխատանքում վերականգնված անձի (մինչև աշխատանքից ազատվելը սոցիալական փաթեթի շահառու հանդիսացած) համար նույնական կարգավորումներ նախատեսված լինելու հանգամանքը։

***

Որոշման գործող կարգավորումներով նախատեսված չեն այն դեպքերի համար կարգավորումներ, երբ սոցփաթեթի շահառու կազմակերպությունների՝ սոցփաթեթի փոխանցման համար պատասխանատու համապատասխան ստորաբաժանումների կամ սոցփաթեթի շահառուի կամ բանկի աշխատողի մեղքով Որոշմամբ սահմանված ընթացակարգի խախտմամբ կատարված կամ չկատարված կամ մասնակի կատարված փոխանցումների արդյունքում առկա են լինում չմարված պարտավորություններ։

Հարկ է նշել, որ Որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ մինչև բյուջետային տարվա ավարտը ՀՀ պետական բյուջեի` Որոշման հիման վրա հատկացված միջոցների չծախսված (չօգտագործված) գումարները վերադարձվում  են ՀՀ պետական բյուջե:

Գործնականում շատ կազմակերպություններ՝ վերը նշված չմարված պարտավորությունները մարում են տվյալ կազմակերպության համար տվյալ բյուջետային տարում հատկացված միջոցներից խնայողությունների հաշվին՝ մինչև սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելը։ Սակայն այն դեպքերում, երբ նրանք խնայողություններ չեն ունենում կամ բյուջետային տարին փոխվում է նշված չմարված պարտավորությունները մարումը գործնականում լինում է անհնարին։

Նշված պատճառով, սոցփաթեթի շահառու կազմակերպությունների մասով շատ անգամ տարբեր շահագրգիռ կողմերի միջոցով բարձրացվում են՝ տարբեր պատճառներով կուտակված չմարված պարտավորությունների մարման խնդիրները, օրինակ, տարբեր զբոսաշրջային օպերատորներին պարտքերի մասով։

Հետևաբար, նշված խնդրից հետագայում խուսափելու և խնդրին համապարփակ լուծում տալու նպատակով, Նախագծով առաջարկվում են որոշակի կարգավորումներ, մասնավորապես՝

  • հստակ ամրագրվում է այն հիմքը, որ չմարված պարտավորությունները սոցփաթեթի շահառու կազմակերպության կողմից կարող են մարվել տվյալ կազմակերպության համար տվյալ բյուջետային տարում հատկացված միջոցներից խնայողությունների հաշվին՝ մինչև Որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված գումարները ՀՀ պետական բյուջե վերադարձնելը.
  • սահմանվում է, որ չմարված պարտավորությունները, վերը նշված կարգով մարելու անհնարինության պարագայում, տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպությունը կամ այդ կազմակերպության սոցփաթեթի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը (ստորաբաժանումները) կամ այդ ստորաբաժանման (ստորաբաժանումների) համապատասխան խախտում թույլ տված մասնագետը (մասնագետները) անձամբ է կրում իր մեղքով սոցփաթեթի չմարված պարտավորությունների մարման պատասխանատվությունը.
  • սահմանվում է, որ սոցփաթեթի շահառուի մեղքով սահմանված ընթացակարգով պահանջվող տեղեկանքը՝ աշխատանքից ազատվելուց կամ այլ պատճառով սոցիալական փաթեթի իրավունքի դադարեցման դեպքում նախապես սոցփաթեթի շահառու կազմակերպությանը չներկայացվելու դեպքում՝ իր չմարված պարտավորությունների մարման պատասխանատվությունը կրում է տվյալ շահառուն.
  • սահմանվում է, որ աշխատանքից ազատվելուց կամ այլ պատճառով սոցիալական փաթեթի իրավունքի դադարեցման դեպքում նախապես սոցփաթեթի շահառու կազմակերպությանը ներկայացնելու համար պահանջվող տեղեկանքի մեջ համապատասխան բանկի կողմից ներկայացվող տեղեկատվությունը սխալ լինելու դեպքում, սոցփաթեթի շահառուի՝ չմարված պարտավորությունների մարումը ևս կարող է կատարվել տվյալ կազմակերպության համար տվյալ բյուջետային տարում հատկացված միջոցներից խնայողությունների հաշվին՝ մինչև Որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված գումարները ՀՀ պետական բյուջե վերադարձնելը։ Իսկ չմարված պարտավորությունները` այդ եղանակով մարելու անհնարինության պարագայում, նախատեվսել է, որ պատասխանատվությունը կրի տվյալ բանկը կամ բանկի համապատասխան տեղեկանքը ներկայացնելու համար պատասխանատու մասնագետը:

Որոշման 3-րդ հավելվածի 2.4.5-րդ կետով սահմանված՝ սոցփաթեթի հաշիվների սպասարկման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագրեր կնքած բանկերի կողմից ներկայացվող տեղեկատվությունը (ամսական և աճողական կարգով ներկայացված) նախարարության կողմից հավաքագրվում և վերլուծվում է։ Նշված տեղեկատվությունը նախարարություն է ներկայացվում Որոշման N 3 հավելվածի ձևին համապատասխան։ Նշված ձևի տարբեր տողերով և սյուներով պահանջվող տեղեկատվությունը շատ դեպքերում խրթին է և տարընկալումների տեղիք է տալիս։

Հետևաբար, Նախագծով հստակեցվում և արդիականացվում է նշված ձևը՝ առավել արդյունավետ վերլուծական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

***

Իրավակիրառ պրակտիկայից բխող փոփոխություններից են.

  • Սոցփաթեթի շրջանակներում հնարավոր է ուսման վճարի համար փոխանցում իրականացնել միայն Որոշման N 2 հավելվածի N 3 ձևի 2-րդ կետով նախատեսված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին, որոնց ցանկը հրապարակված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում:

Միաժամանակ, Որոշման 7-րդ կետով ՀՀ կրթության և գիտության նախարարին` հանձնարարվել է Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարի հետ համաձայնեցնելով տալ հանձնարարական բոլոր պետական բուհերին` սոցփաթեթի շրջանակներում Որոշմամբ սահմանված աշխատողների կողմից սոցփաթեթից ուսման վճարի ծառայության համար փոխանցումներ իրականացնելու դեպքում այդ վճարումներն ընդունել ամսական կտրվածքով` մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտը: Այս կարգավորումից բացառություն է նախատեսվել այդ պետական բուհերի ավարտական կուրսում սովորող ուսանողների համար, որոնց համար Որոշման 8-րդ կետով  հնարավորություն է ընձեռվել, որ, եթե շահառուն իր աշխատավայրի սոցփաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում ներկայացնի ուսանողի՝ ավարտական կուրսում սովորելու մասին տեղեկանք՝ տվյալ բյուջետային տարվա համար նախատեսված սոցփաթեթի գումարը կարող է փոխանցել միանվագ:

Այսպիսով ստացվում է, որ Որոշման 7-րդ և 8-րդ կետերի կարգավորումներով միայն պետական բուհերի ավարտական կուրսում սովորող ուսանողների համար է սահմանվել այդ երաշխիքը, մինչդեռ Որոշման N 2 հավելվածի N 3 ձևի 2-րդ կետով սահմանված են ինչպես բարձրագույն և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող, այնպես էլ՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր,  հանրակրթական հիմնական ծրագրեր (բացառությամբ մասնագիտացված և հատուկ ծրագրերի), արտադպրոցական դաստիարակության (մանկապատանեկան ստեղծագործական, երաժշտական, գեղարվեստական, գեղագիտական և արվեստի) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:

Հետևաբար գործնականում, օրինակ, նշված կրթական ծրագրերով սովորող և պետական բուհի ուսանող չհանդիսացող անձինք, ավարտական կուրսում լինելով, չեն կարողանում օգտվել տվյալ բյուջետային տարվա համար նախատեսված սոցփաթեթի գումարը միանվագ փոխանցելու իրավունքից:

Նշվածով պայմանավորված` համանման երաշխիք է առաջարկվում սահմանել, ոչ միայն պետական բուհերի, այլ նաև Որոշման N 2 հավելվածի N 3 ձևի 2-րդ կետով նախատեսված կրթական ծրագրեր իրականացնող՝ բոլոր ուսումնական հաստատությունների ավարտական կուրսում կամ դասարանում սովորողների համար:

  • Որոշման 9-րդ կետով սահմանված են այն անձինք ում վրա չեն տարածվում Որոշման կարգավորումները, որպես այդպիսիք են ներկայացված, օրինակ, տվյալ մարմնում սոցփաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձինք, կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձինք: Հարկ է նշել, որ նշված կարգավրումը իրավակիրառական պրակտիկայում տարընկալման տեղիք է տալիս և շատ կազմակերպությունների մոտ հարց է առաջանում, արդյոք շահառուն միաժամանակ պետք է ունենա առնվազն կես դրույք ծանրաբեռնվածությամբ 6 ամսվա անընդմեջ աշխատանքային ստաժ, թե կարող է կես դրույքով աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու հաջորդող ամսվանից դառնալ սոցփաթեթի շահառու:

Այս առումով, հարկ է նշել, որ Որոշման գործող կարգավորումների համաձայն՝ սոցփաթեթի շահառուների համար իրավունքը ձեռք բերելու պայմաններից մեկը հանդիսանում է վերջինիս առնվազն կես դրույք ծանրաբեռնվածություն ունենալու հանգամանքը։ Միաժամանակ, Որոշման 9-րդ կետի՝ «տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի» բառերը ենթադրում են, որ աշխատողն առնվազն կես դրույք ծանրաբեռնվածությամբ պետք է վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենա, որպեսզի ձեռք բերի սոցփաթեթից օգտվելու իրավունք: Այնուամենայնիվ, տարընկալումներից խուսափելու նպատակով, Նախագծով առաջարկվում է խմբագրել Որոշման 9-րդ կետի նշված կարգավորումը, և հստակ ամրագրել, որ Որոշումը չի տարածվում տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում առնվազն կես դրույքով (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի 50 տոկոսով) անընդմեջ վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց վրա:

  • Որոշման N 6 հավելվածով սահմանված է զինծառայողի, քրեակատարողական ծառայողի, փրկարար ծառայության ծառայողի կողմից պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանքի տրամադրման ընթացակարգը, որի որոշ կարգավորումներ գործնականում չեն կիրառվում և կորցրել են իրենց արդիականությունը։ Հետևաբար, ավելորդ վարչարարությունից խուսափելու նպատակով նշված ընթացակարգը Նախագծով հնարավորինս պարզեցվում է։ 
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

4․ Ակնկալվող արդյունքը

Սոցփաթեթի շահառուների սոցփաթեթից օգտվելու իրավունքի իրացման շարունակականության ապահովում, սոցփաթեթի շահառուների և սոցփաթեթի ծառայությունների շրջանակի ընդլայնում, սոցփաթեթի տրամադրման ընթացակարգի պարզեցում:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների ընդունմամբ` ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի:

Հարկ է նշել նաև, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում կատարվող լրացումների և փոփոխությունների արդյունքում՝ 564 շահառուի հաշվարկով 40.5 մլն դրամ սոցիալական փաթեթի միջոցների լրացուցիչ ծախսերը նախատեսվում է ապահովել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով ««Սոցիալական փաթեթի ապահովում» ծրագրի համար նախատեսված ընդհանուր միջոցների շրջանակներում։

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 

  • Քննարկվել է

    08.02.2021 - 23.02.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7763

Տպել