Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

Կոռուպցիայի դեմ պայքարը վաղուց արդեն դուրս է եկել ազգային, ներպետական կարգավորման շրջանակներից և դարձել միջազգային հանրության հոգածության առարկա:

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք է հանդիսանում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 2003 թվականի հոկտեմբերի 31–ին Նյու Յորքում ընդունված Կոռուպցիայի դեմ կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա)։ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան դեռևս 2005 թվականի մայիսի 19–ին և վավերացրել 2007 թվականի մարտի 8-ին։

Համաձայն Կոնվենցիայի 1-ին հոդվածի` Կոնվենցիայի նպատակներն են.

ա) կոռուպցիան կանխարգելելուն և դրա դեմ ավելի արդյունավետ և ներգործուն պայքարելուն ուղղված միջոցների խրախուսումը և ուժեղացումը.

բ) կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարում, այդ թվում՝ արժեքների վերադարձման ուղղությամբ միջազգային համագործակցության և տեխնիկական օգնության խրախուսումը, դյուրացումը և օժանդակումը.

գ) պետական գործերի և պետական սեփականության ազնիվ, պատասխանատու և պատշաճ կառավարման խրախուսումը:

Նշյալ նպատակներին հասնելու համար էլ, ի թիվս այլ կարգավորումների, Կոնվենցիայի 10-րդ հոդվածն ամրագրում է, որ հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը` յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր պետական վարչակազմում թափանցիկության մեծացման համար, այդ թվում՝ դրա կազմակերպման, գործունեության և, համապատասխան դեպքերում, որոշումների կայացման գործընթացների առնչությամբ: Այդպիսի միջոցները, inter alia, կարող են ներառել հետևյալը.

ա) ընթացակարգերի կամ կանոնակարգերի ընդունումը, որոնք բնակչությանը թույլ կտան, համապատասխան դեպքերում, տեղեկատվություն ստանալ իր պետական վարչակազմի կազմակերպման, գործունեության և որոշումների ընդունման գործընթացների վերաբերյալ և, պատշաճորեն հաշվի առնելով մասնավոր կյանքի և անձնական տվյալների պաշտպանության նկատառումները, հանրության անդամների շահերը շոշափող որոշումների և իրավաբանական ակտերի վերաբերյալ.

բ) վարչական ընթացակարգերի հստակեցումը, համապատասխան դեպքերում, որոշումներ կայացնող իրավասու մարմինների նկատմամբ հանրության մուտքը դյուրացնելու համար, և

գ) այն տեղեկատվության հրապարակումը, որը կարող է ներառել պետական վարչակազմում կոռուպցիայի վտանգների մասին պարբերական հաշվետվությունները։

Այս համատեքստում հարկ է նշել, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ «Մարդու իրավունքներ, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար» բաժնի՝ «Կոռուպցիայի դեմ պայքար» ենթաբաժնի 3-րդ կետի բ) ենթակետում, ի թիվս այլնի, նախատեսվել է իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության կատարելագործմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ մշակելու պահանջ: 

 

Առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որով առաջարկվում է առ այն, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, պարտավոր է հրապարակել կոռուպցիոն հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը  պետք է  պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում  կոռուպցիոն հանցագործությունների քննության  արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Նախատեսված հաղորդումը կազմելու համար նախաքննության մարմինները, ըստ քննչական ենթակայության, յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 1-ը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն են ներկայացնում նախորդ տարվա ընթացքում  կոռուպցիոն հանցագործությունների քննության  արդյունքների վերաբերյալ տեղեկություններ և վիճակագրական տվյալներ:

 

Ակնկալվող արդյունքը

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի կոռուպցիոն հանցագործություններ քննող իրավապահ մարմինների գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականության բարձրացումը:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    23.01.2017 - 07.02.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11777

Տպել

Առաջարկներ`

Տաթևիկ Սարուխանյան

24.01.2017

Նախագիծը կարևոր դերակատարում ունի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող գործունեության հրապարակայնության ապահովման տեսանկյունից: Այն կարող է դրական ազդեցություն ունենալ ինչպես հանրության շրջանում՝ հանրային իրազեկվածության բարձրացման տեսանկյունից, այնպես էլ նպաստել կոռուպցիոն հանցագործությունների նվազեցմանը՝ ունենալով զսպիչ նշանակություն:

Տեսնել ավելին