Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1244-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1244-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության

1.

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը

 

Նախկինում փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջներն ու փրկարարական ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը սահմանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 55-Ն որոշմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 55-Ն որոշման համար իրավական հիմք է հանդիսացել «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը: «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2020 թվականի հունվարի 21-ի ՀՕ-19-Ն օրենքով «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած է ճանաչվել:

Ելնելով վերոնշյալ իրավական նորմի պահանջից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1545-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 55-Ն որոշումը:

ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 55-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու պարագայում իրավական կարգավորումից դուրս էին մնում փրկարարական ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջների և փրկարարական ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկի սահմանման, փրկարարական ծառայողի կամ փրկարարական ծառայության անցնելու համար դիմած քաղաքացու՝ առողջության մասին եզրակացություն տալու նպատակով փորձաքննություն անցնելու, փրկարարական ծառայողին կամ փրկարարական ծառայության անցնելու համար դիմած քաղաքացուն առողջության մասին եզրակացություն տալու համար բժշկական փորձաքննության ժամանակ փրկարարական ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկի կիրարկման կարգը, բժշկական հանձնաժողովների լիազորությունները, գործունեության կարգը սահմանելու հետ կապված հարաբերությունները:

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը: Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Կառավարությունը՝ հաշվի առնելով հանրային ծառայության տվյալ տեսակի առանձնահատկությունները:

Հետևաբար, ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 55-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու հետ համատեղ, մեկ միասնական փաթեթով, ներկայացվել է Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ «Փրկարարական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկ»-ը:

Հիմք ընդունելով Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 55-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1545-Ն որոշմամբ կատարվել են լրացումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 98-Ն որոշման մեջ, համաձայն որի, որոշման N 2 հավելվածով հաստատվել է փրկարարական ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:

Հարկ է հավելել նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 976-Ա որոշմամբ լուծարվել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Ներկայումս Արտակարգ իրավիճակների նախարարությունում բացակայում է Փրկարար ծառայությունում ծառայության անցնելու համար դիմող քաղաքացիների փրկարարական ծառայությանը պիտանելիությունն որոշելու համար (հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությամբ տառապելու վերաբերյալ) բժշկական հետազոտության ենթարկելու նպատակով համապատասխան բժշկական հաստատություն, ինչի արդյունքում խաթարվում է փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման գործընթացը:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը, Փրկարար ծառայությունում ծառայության անցնելու համար դիմող քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով բժշկական հետազոտությունը պետք է իրականացվի համապատասխան բժշկական հիմնարկների (կազմակերպությունների) կողմից:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին» N 1244-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որը բավարարում է ծառայությունում ծառայության անցնելու համար օրենքով սահմանված պահանջներին (այդ թվում նաև՝ առողջական), սույն կարգին համապատասխան, իրավունք ունի մասնակցելու մրցույթին` իր ցանկությամբ, անկախ տվյալ պահին իր զբաղեցրած պաշտոնից: Որոշման հավելվածի 39-րդ կետով սահմանվում են մրցույթին մասնակցելու համար քաղաքացիների կողմից ներկայացվող անհարժեշտ փաստաթղթերի ցանկը: Որոշման հավելվածի 42-րդ կետը սահմանում է, որ սույն կարգի 39-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ընդունելուց հետո պատասխանատու ստորաբաժանման կողմից քաղաքացուն տրամադրվում են ուղեգրեր՝ ծառայության բժշկական ապահովման վարչություն և հոգեբանական աջակցության բաժին: 43-րդ կետի համաձայն՝ սույն կարգի 42-րդ կետով նախատեսված ուղեգիրը ծառայության բժշկական ապահովման վարչություն ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում առողջական վիճակի մասին տեղեկանքը` ծառայության բժշկական ապահովման վարչություն կողմից ներկայացվում է պատասխանատու ստորաբաժանում և կցվում նյութերին:

Մինչդեռ, Որոշման հավելվածով կարգավորված չեն «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի մարտի 25-ի N 283-Ն հրամանով ձևավորված բժշկական հանձնաժողովի կողմից փրկարարական ծառայության անցնելու համար դիմող քաղաքացիների փրկարարական ծառայությանը պիտանիության մասին եզրակացություն ներկայացնելու նպատակով ռազմաբժշկական փորձաքննություն կազմակերպելու և իրականացնելու համար փրկարար ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դիմող քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված փրկարարական ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին համապատասխան բժշկական հիմնարկներում (տեղամասային պոլիկլինիկա) բժշկական հետազություն անցնելու, առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքներ, քաղվածքներ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները, քանի որ բժշկական հանձնաժողովը ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնում է համապատասխան բժշկական հաստատության կողմից քաղաքացուն տրված բժշկական հետազոտության տեղեկանքի հիման վրա (տես՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի մարտի 25-ի N 283-Ն հրամանի N 2 հավելվածի 9-րդ կետը):

Հարկ է հավելել նաև, որ առկա են վերը նշված դրույթների ոչ բավարար հստակություն և թերի կարգավորումներ, ինչը կարող է տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում հարցերի տեղիք տալ:

Հետևաբար, բացակայում է վերը նշված հարաբերությունները կարգավորող իրավական նորմը և, արդյունքում, առկա է օրենսդրական բաց (կազուս), ինչպես նաև խախտվում է իրավական որոշակիության սկզբունքը:

Ուստի ներկայացվող նախագծի ընդունումը բխում է առկա օրենսդրական բացերը կարգավորելու, դրույթները հստակեցնելու և իրավական որոշակիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունից:

Միաժամանակ, Որոշմամբ սահմանված փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգի որոշ իրավական նորմերի գործնական կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնց լուծման նպատակով Նախագծով առաջարկվում է կատարել նաև այլ փոփոխություններ: Մասնավորապես՝

- Որոշմամբ սահմանված փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգի 13-րդ կետի համաձայն՝ փրկարար ծառայության պաշտոնների առանձնահատկություններից ելնելով՝ կարող են կազմվել տարբեր բովանդակությամբ թեստեր: Թեստերը պետք է բխեն փրկարար ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետմանը ներկայացվող պահանջներից: Թեստերում ընդգրկվող առաջադրանքների հարաբերակցությունը որոշվում է ըստ պաշտոնների ենթախմբերի. որքան ցածր է պաշտոնի ենթախումբը, այնքան գերակշռում են մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները: Կարգի 14-րդ և 15-րդ կետերով սահմանվում են թեստային առաջադրանքում ընդգրկվող հարցերի և հարցազրույցի փուլի անցկացման համար համակարգչային ծրագիր մուտքագրվող հարցերի թեմատիկ բնագավառները և դրանց չափաբաժինները: Նման մակարդակի թեստերն ու հարցերն առավել նպատակահարմար են սպայական՝ փրկարարական ծառայության միջին և բարձր խմբերի պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի համար: Փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի, հաշվի առնելով տվյալ խմբի պաշտոններ զբաղեցնելու համար ներկայացվող կրթական պահանջը (օրենքով չի պահանջվում բարձրագույն կրթություն, և դիմորդները հիմնականում ունենում են միջնակարգ (հանրակրթական) կամ միջին մասնագիտական կրթություն ) և ելնելով տվյալ պաշտոնների առանձնահատկություններից, թեստավորման և հարցազրույցի փուլերը նպատակահարմար է անցկացնել փրկարար ծառայության կրտսեր խմբի պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների տիրապետմանը ներկայացվող պահանջներից կազմված թեստերով և հարցերով:

Հետևաբար, Նախագծով առաջարկվում է 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված ընդհանուր կանոնից սահմանել բացառություն, համաձայն որի՝ փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստային առաջադրանքներում ընդգրկվող և հարցազրույցի փուլի անցկացման համար համակարգչային ծրագիր մուտքագրվող հարցերը պետք է բխեն բացառապես փրկարար ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների տիրապետմանը ներկայացվող պահանջներից:

Միաժամանակ, հաշվի առնելով վերը շարադրված փաստական հանգամանքները, փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մասնակիցների կողմից պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների յուրացման, տիրապետման և մրցույթի ընթացակարգի դյուրինացման նպատակով Նախագծով առաջարկվում է մրցույթ անցկացնելու մասին հայտարարության հետ միաժամանակ հրապարակել նաև փրկարարական ծառայության կրտսեր խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերի անցկացման հարցաշարերը (ի տարբերություն միջին և բարձր խմբերի պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, երբ, գործող իրավակարգավորումների համաձայն, հրապարակվում են միայն համապատասխան բնագավառները և իրավական ակտերի ցանկը):

Հիմք ընդունելով առաջարկվող իրավակարագավորումները, Նախագծով նախատեսել, որ փրկարարական ծառայության կրտսեր խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի ընթացքում ստուգվում ու գնահատվում է մրցույթի մասնակցի՝ տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքները:

- Որոշմամբ սահմանված փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգի 99-րդ կետով կարգավորվում են հարցազրույցի փուլում պատասխանների գնահատման հետ կապված հարաբերությունները, համաձայն որի՝ հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հարցազրույցին զուգահեռ գնահատում է մասնակցի պատասխանները: Յուրաքանչյուր ամբողջական ճիշտ պատասխանը գնահատվում է 2 միավոր, սխալ պատասխանը` զրո միավոր, իսկ թերի պատասխանը՝ 1 միավոր: Նման իրավակարգավորման պարագայում, թերևս, անորոշ և ռիսկային է թերի պատասխանի գնահատման համակարգը, քանի որ թերի պատասխանն ևս պետք է ունենա գնահատման մի քանի միավոր՝ կախված թերի պատասխանի մակարդակից: Օրինակ՝ հանձնաժողովի անդամի կողմից թերի կարող է որակվել ինչպես նույն հարցին տրված 70 տոկոսանոց պատասխանը, այնպես էլ 50 կամ ավելի պակաս տոկոսային հարաբերության պատասխանը, որի արդյունքում հանձնաժողովի անդամը զրկված է օբյեկտիվ գնահատելու հնարավորությունից և ստիպված բոլոր հիշատակված դեպքերում թերի պատասխանը պետք է գնահատվի 1 միավոր: Ուստի, Նախագծով առաջարկվում է փոփոխել հարցազրույցի փուլում պատասխանների գնահատման հետ կապված իրավակարգավորումները, մասնավորապես, սահմանել գնահատման 0-5 միավորներ, որից՝ յուրաքանչյուր ամբողջական ճիշտ պատասխանը գնահատվում է 5 միավոր, սխալ պատասխանը` զրո միավոր, իսկ թերի պատասխանը՝ 1-ից 4 միավոր՝ կախված պատասխանի թերի լինելու մակարդակից:

2.

Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

 

Ներկայացվող նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, համաձայն որի նախատեսվում է՝

- Որոշման հավելվածում լրացնել 42.1-ին կետ, համաձայն որի՝ Որոշմամբ սահմանված փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգի 42-րդ կետով նախատեսված ուղեգիրը ծառայության բժշկական ապահովման վարչություն ներկայացնելուց հետո քաղաքացին հնգօրյա ժամկետում ծառայության բժշկական ապահովման վարչություն է ներկայացնում համապատասխան բժշկական հաստատությունների (ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություն) կողմից տրված բժշկական զննություն անցնելու (առողջական վիճակի) մասին տեղեկանքներ և ունեցած հիվանդությունների վերաբերյալ ամբուլատոր քարտից քաղվածք՝ լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ձևավորված բժշկական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված փրկարարական ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին համապատասխան ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնելու և փրկարարական ծառայության համար քաղաքացու պիտանիության մասին որոշում ներկայացնելու նպատակով:

- Որոշման հավելվածի 43-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ կարգի 42.1-ին կետով նախատեսված տեղեկանքները և քաղվածքը ծառայության բժշկական ապահովման վարչություն ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում ծառայության բժշկական ապահովման վարչությունը պատասխանատու ստորաբաժանում է ներկայացնում փրկարարական ծառայության համար քաղաքացու պիտանիության մասին բժշկական հանձնաժողովի որոշումը (նոր ընդունվողի հետազոտության և ռազմաբժշկական փորձաքննության քարտ), որը կցվում նյութերին:

- Որոշման հավելվածում լրացնել 43.1-ին կետ, համաձայն որի՝ «ոչ պիտանի է փրկարար ծառայության համար» բժշկական հանձնաժողովի որոշման դեպքում քաղաքացին զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից:

-  Որոշման հավելվածի 45-րդ կետում «զինված ուժերի» բառերից առաջ լրացնել «փրկարար ծառայության» բառերը:

- Որոշման հավելվածում լրացնել 15.1-ին կետ, համաձայն որի՝ փրկարարական ծառայության կրտսեր խմբի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման (թեստային առաջադրանքներում ընդգրկվող) և հարցազրույցի փուլերի անցկացման համար համակարգչային ծրագրեր մուտքագրվող հարցերը բխում են միայն փրկարար ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների տիրապետմանը ներկայացվող պահանջներից՝ սույն կարգով սահմանված չափաբաժիններով:

- Որոշման հավելվածի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ հայտարարության հետ հրապարակվում են նաև փրկարարական ծառայության կրտսեր խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերի անցկացման հարցաշարերը:

- Որոշման հավելվածի 88-րդ կետում կատարել լրացում, համաձայն որի՝ փրկարարական ծառայության կրտսեր խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլում ստուգվում ու գնահատվում են մրցույթի մասնակցի՝ տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքները:

- Որոշման հավելվածի 93-րդ կետում «իրավական ակտերի» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն կարգի 15.1-ին կետով սահմանված դեպքերում» բառերը:

- Որոշման հավելվածի 99-րդ կետում կատարել փոփոխություններ, համաձայն որի՝ յուրաքանչյուր ամբողջական ճիշտ պատասխանը գնահատվում է 5 միավոր, սխալ պատասխանը` զրո միավոր, իսկ թերի պատասխանը՝ 1-4 միավոր:

3.

Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

 

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում՝

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1244-Ն որոշմամբ կսահմանվեն բժշկական հանձնաժողովի կողմից փրկարարական ծառայության անցնելու համար դիմող քաղաքացիների փրկարարական ծառայությանը պիտանիության մասին եզրակացություն ներկայացնելու նպատակով ռազմաբժշկական փորձաքննություն կազմակերպելու և իրականացնելու համար փրկարար ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դիմող քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված փրկարարական ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին համապատասխան բժշկական հիմնարկներում (տեղամասային պոլիկլինիկա) բժշկական հետազություն անցնելու, առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքներ, քաղվածքներ ներկայացնելու հետ կապված իրավակարգավորումներ, արդյքունքում կլրացվեն օրենսդրական բացերը և կպահպանվի իրավական որոշակիության սկզբունքը,

- կրտսեր խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլերի անցկացման համար հարցերը կբխեն միայն փրկարար ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների տիրապետմանը ներկայացվող պահանջներից, և հայտարարության հետ միաժամանակ կհրապարակվեն նաև հարցաշարերը, ինչն ավելի կհեշտացնի դիմորդների կողմից կրտսեր խմբի տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների յուրացումը և մրցույթի հաղթահարումը, արդյունքում՝ Փրկարար ծառայությունում կրտսեր խմբի թափուր պաշտոնների (օղակի հրամանատար, պարամեդիկ, կինոլոգ, ջրասուզակ, հրշեջ, փրկարար, վարորդ, սակրավոր, օպերատոր, հրաձիգ և այլն) համալրումը,

- առավել կհստակեցվեն հարցազրույցի փուլում պատասխանների գնահատման հետ կապված իրավակարգավորումները և գնահատման համակարգը, ինչն հնարավորություն կստեղծի առավել օբյեկտիվ գնահատման համար:

5.

Նորմատիվ բնույթի հիմնավորվա­ծությունը

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

Սույն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման, գործող իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

 

Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2020 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

  • Քննարկվել է

    22.12.2020 - 06.01.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9106

Տպել