<<Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին>>
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին>> օրենքի նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացիներին (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականների) դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 44-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, իսկ օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) առկա են անհայտ կորած զինծառայողներ և այլ քաղաքացիներ (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականներ), որոնց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունների ճշտումն անհնարին է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից վարվող քաղաքականության, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների, անհայտ կորածների հարցերով զբաղվող միջազգային կառույցների հետ համագործակցության բացակայության պատճառով: Այս առումով որևէ նախադրյալներ առկա չեն նաև, որ Ադրբեջանը կարող է փոխել իր գործելաոճը, ինչի արդյունքում օրենսգրքով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործող ժամկետները որոշակիորեն խոչընդոտ են հանդիսանում ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ քաղաքացիների (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականների) իրավական կարգավիճակի հստակեցման և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացի համար: Մասնավորապես, <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի պահանջների համաձայն՝ սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաև ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետեւանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների վրա: <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատչառված վնասների հատուցման մասին>> օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջների համաձայն՝ հատուցման դեպք է համարվում 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը: Հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե` զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորելու հետևանքով օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից անցել է վեց ամիս, եթե մինչև հատուցման գումար վճարելու սկիզբը զինծառայողը չի հայտնաբերվել: Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ զինծառայող է համարվում նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած անձը:
Վերը նշված հանգամանքների և կարգավորումների հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել օրենսգրքում նվազեցնել ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացիներին (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականների) դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) անհայտ կորած զինծառայողների և այլ քաղաքացիների իրավական կարգավիճակ սահմանման և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացը:
4.Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանել մեկ տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, ինչպես նաև նախատեսվում է, որ օրենքի գործողությանը տրվում է հետադարձ ուժ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Օրենքի նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքները
Օրենքի ընդունումը կապահովի ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) անհայտ կորած զինծառայողների և այլ քաղաքացիների ընտանիքների անդամների համար օրենսդրությամբ սահմանված սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացն իրականացնել առավել սեղմ ժամկետներում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին>> օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին>> օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2020թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:
-
Քննարկվել է
11.11.2020 - 26.11.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 7007
Տպել