Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Սնդիկի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից:

«Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից:

Ի կատարումն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների 2020 թվականից հետո Կոնվենցիան վավերացրած երկրները Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն արգելում են Կոնվենցիայի Ա Հավելվածի I մասում թվարկված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումը կամ արտահանումը: Այդ արտադրանքն է` կուտակիչները, անջատիչները և ռելեները, փոքր չափի և խողովակաձև լյումինեսցենտային լամպերը, բարձր ճնշման սնդիկային լամպերը, սառը կաթոդային լյումինեսցենտային լամպերը, կոսմետիկ միջոցները, պեստիցիդները, բիոցիդները և տեղային հակասեպտիկները, ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումները` բարոմետրեր, հիգրոմետրեր, մանոմետրեր, ջերմաչափեր, սֆիգմոմանոմետրեր: Թվարկված արտադրանքի ցանկը չի ներառում այն կոսմետիկ միջոցները, օճառները կամ քսուքները, որոնք ունեն սնդիկով հետքային աղտոտումներ:

Նշված բոլոր արտադրատեսակներն ունեն իրենց սնդիկ չպարունակող այլընտրանքները:

 «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն կառաջանա Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում վարչական պատժամիջոցներ սահմանել «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրության կամ ներմուծման կամ արտահանման սահմանափակումները չպահպանելու համար։

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

   «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում սնդիկի, սնդիկի միացությունների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները, որի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից:

Օրենքի գործողությունը չի տարածվի սնդիկի կամ սնդիկի միացությունների այն քանակների վրա, որոնք օգտագործվելու են լաբորատոր հետազոտություններում կամ որպես էտալոնային ստանդարտ, սնդիկի կամ սնդիկի միացությունների բնական հետքային քանակների վրա, որոնք առկա են այնպիսի արտադրանքներում, ինչպիսիք են ոչ սնդիկային մետաղները, հանքաքարերը կամ հանքանյութերը, այդ թվում` ածուխը, կամ այդ նյութերից առաջացող արտադրանքը և ոչ կանխամտածված հետքաքանակները քիմիական արտադրանքում:

Նախագծով սահմանվել են Կառավարության, պետական կառավարման մարմինների լիազորությունները սնդիկի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում, ամրագրվել են՝ սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման սահմանափակումները, սնդիկի արդյունահանման արգելքի, Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման վերաբերյալ դրույթները, ինչպես նաև սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականություները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացում կատարելու  մասին»  ՀՀ  օրենքի նախագծով վարչական պատժամիջոցներ են սահմանվել «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծով սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման նկատմամբ նախատեսված պահանջները չկատարելու համար։

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  

  1. Ակնկալվող արդյունքը

 «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի սնդիկի կարգավորման իրավական հենք, ինչը կնպաստի դրա ապօրինի շրջանառության կանխարգելմանը, սնդիկի էկոլոգիապես անվտանգ գործածությանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանմանը սնդիկի և սնդիկի միացությունների վնասակար ազդեցությունից:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացում կատարելու  մասին» օրենքի ընդունումը կնպաստի սնդիկի գործածության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը:

 

  • Քննարկվել է

    29.09.2020 - 19.10.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7788

Տպել