Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ
-
5 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2020 թվականի հուլիսի 16-ին ընդունվել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները:
Նշված օրենսդրական փաթեթն ընդունվել է ի կատարումն Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի ՍԴՈ-1448 և 2014 թվականի ՍԴՈ-1137 որոշումների (մասնավորապես՝ 2019 թվականի ՍԴՈ-1448 որոշմամբ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող է ճանաչել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ նկատի ունենալով, որ օրենսդրի կողմից նոտարական կարգով կնքված գործարքների պետական գրանցման համար 30-օրյա ժամկետ սահմանելու և այդ ժամկետը լրանալուց հետո բացասական իրավական հետևանքների վրա հասնելու օրենսդրական ընթացակարգերը (գործարքի անվավերություն, այդ հիմքով պետական գրանցման մերժում) մի շարք դեպքերում կարող են խոչընդոտել անձի՝ սեփականության նկատմամբ իրավաչափ սպասելիքների իրացմանը, հետևաբար՝ այդ ընթացակարգերը արդյունավետ չեն անձի՝ սեփականության նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքի իրացման տեսանկյունից):
Նշված փաթեթի շրջանակներում փոփոխություն է կատարվել նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, որով որպես առանձին նոտարական գործողություն նախատեսվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրացման դիմումները համապատասխան պահանջի առկայության դեպքում պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնին ներկայացնելը:
Այսպիսով, արդյունքում անձը իրավունքի պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել ինչպես անձամբ, այնպես էլ նոտարի միջոցով, իսկ վերջինիս համար էլ նման պահանջի դեպքում պարտականություն է առաջանում կատարել համապատասխան նոտարական գործողությունը:
Իսկ «Նոտարիատի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն նոտարական գործողությունների սակագները հաստատում է կառավարությունը:
Ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-ն որոշման մեջ՝ նոտարի կողմից պետական գրանցման ներկայացնելու նոտարական գործողության համար 3000 ՀՀ դրամ վճար սահմանելու համար:
- Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Կարգավորման նպատակը քաղաքացիների համար՝ իրավունքի պետական գրանցումը նոտարների միջոցով իրականացնելու նոտարական գործողությունից օգտվելու, իսկ նոտարների համար համապատասխան նոտարական գործողությունը կատարելու դիմաց վճար ստանալու հնարավորությունն ապահովելն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
-
Քննարկվել է
20.08.2020 - 04.09.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Նոտարական
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 5854
Տպել