Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԾԵՐ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորվում է միջազգային իրավական պաշտպանության այնպիսի միջոց, ինչպիսին ապաստան հայցելու իրավունքն է:

 Առկա վիճակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք դեպքերում օրենքով նախատեսված կարգով անազատության մեջ հայտնված անձանց կողմից փախստականի կարգավիճակ կամ ՀՀ-ում ապաստան ստանալու իրավունքից օգտվելը դիտվում է որպես իրենց նկատմամբ օրենսդրությամբ սահմանված որոշակի սահմանափակումներից խուսափելու միջոց:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է օտարերկրյա պետությունների կողմից հետախուզման մեջ գտնվող և ՀՀ տարածքում ձերբակալված կամ կալանավորված անձանց:

Այսպես, ՀՀ տարածք ապօրինի մուտք գործած անձանց կողմից հետագայում փախստականի կարգավիճակ կամ ապաստան հայցելն ընկալվում է որպես իրենց կողմից կատարված հանցագործության «արդարացում»:

Մինչդեռ հիշյալ հարցի կապակցությամբ «Փախստականների կարգավիճակի մասին» ՄԱԿ-ի 1951թ. կոնվենցիայի 31-րդ հոդվածի համաձայն՝ ապաստան տված երկրում անօրինական կարգով գտնվող փախստականների նկատմամբ պայմանավորվող պետությունները պատժամիջոցներ չեն կիրառում իրենց երկիր ապօրինի մուտքի կամ ներկայության համար, եթե փախստականները ուղղակիորեն եկել են այն տարածքից, որտեղ նրանց կյանքը կամ ազատությունը վտանգվում էր 1-ին հոդվածի իմաստով, մուտք են գործել իրենց տարածք կամ գտնվում են այնտեղ առանց թույլատրության, պայմանով, որ նրանք անձամբ, առանց ձգձգման, ներկայանան իշխանություններին և մատնանշեն իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառ։ Նույնաբովանդակ դրույթ է ամրագրված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածում:

Սակայն, փորձը ցույց է տալիս, որ մի շարք դեպքերում ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուց և այդ հանցավոր արարքը իրավապահների կողմից բացահայտվելուց տևական ժամանակ հետո այն կատարած անձինք դիմում են լիազոր պետական մարմնին՝ իրենց ՀՀ-ում փախստականի կարգավիճակ կամ ապաստան շնորհելու հայցով՝ այդպիսով նպատակ ունենալով խուսափել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից:

Մեկ այլ խնդրահարույց իրավիճակ է ստեղծվում օտարերկրյա պետությունների կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց կողմից ՀՀ տարածքում ձերբակալվելու և կալանավորվելուց հետո չվերադարձվելիության սկզբունքի ուժով փաստացի «հանձնման անձեռնմխելիություն» ձեռք բերելու նպատակով փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի հայցով դիմելիս:

Նման պայմաններում երբեմն իրավապահ մարմիններն անձի հանձնումը թույլատրելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման առկայության պայմաններում փաստացի զրկված են լինում անձի հանձնումն իրականացնելու հնարավորությունից՝ հաշվի առնելով միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված արգելքները:

Նման իրավիճակներում անձը գտնվում է կալանքի տակ (որի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 8 ամիսը) և հետախուզումը նախաձեռնող պետությանը հանձնվելուց խուսափելու կամ այդ գործընթացը հետաձգելու նպատակով դիմում է վերը նշված իրավական մեխանիզմներին՝ պատճառաբանելով, որ իր վերոգրյալ իրավունքը նախկինում իրեն պարզաբանված չի եղել: Նման իրավիճակներում անձի փաստացի հանձնումը հետաձգվում է՝ մինչև իր հայցի վերաբերյալ վերջնական որոշման, այդ թվում՝ դատական ատյանների բողոքարկման արդյունքում ընդունված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Ավելին, Օրենքում չկա որևէ դրույթ, որն անձին կարգելի նույն հիմքով կրկին դիմում  ներկայացնել լիազոր մարմնին: Մինչդեռ ՀՀ քրեադատավարական օրենքով նախատեսված առավելագույն ժամկետի ավարտից հետո հանձնման նպատակով կալանավորված անձը ենթակա է անհապաղ ազատ արձակման, ինչը կարող է հետագա բարդությունների, այդ թվում՝ հանձնման անհնարինության հանգեցնել՝ վերջինիս ՀՀ-ում փախստականի կարգավիճակ կամ ապաստան շնորհելու հայցը մերժելու դեպքում:

Վերոգրյալի կապակցությամբ պետք է նշել, որ թեև ՀՀ օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրված չեն անձի կողմից փախստականի կարգավիճակ կամ ապաստանի հայցով դիմելու ժամկետներ, սակայն տվյալ խնդիրը բազմիցս քննադատության է արժանացել տարբեր մարմինների կողմից և ընդգծվել տվյալ ոլորտում իրավունքի չարաշահման հնարավորության բացառման անհրաժեշտությունը:

Այսպես, փախստականների կարգավիճակի շնորհման և քննարկման գործընթացի նվազագույն ստանդարտների վերաբերյալ ԵԽ 2005/85/EC 01.12.2005թ. հրահանգի 23-րդ հոդվածի 4-րդ մասի «i» կետը, սահմանելով հայցի ուսումնասիրման ընթացակարգերը, ամրագրել է, որ հայցը պետք է արագացված կարգով քննարկվի, եթե հայցող անձը առանց որևէ հիմնավոր պատճառների իր հայցն առավել վաղ չի ներկայացրել՝ ունենալով այդպիսի հնարավորություն:

Պետք է նշել, որ նույն հրահանգի 10-րդ հոդվածի 1-ին մասի «a»  և 35-րդ հոդվածի 3-րդ մասի «b» կետերով սահմանված է ապաստանի հայցով դիմելու իրավունքը անձին «ժամանակին» պարզաբանելու պետության պարտականությունը:

 Ռախիմովն ընդդեմ Ռուսաստանի գործով վճռում (91-րդ կետ) մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ անձի կողմից այլ պետության տարածք ժամանելիս ապաստանի հայցով անմիջապես չդիմելը էական է նրա պնդումների արժանահավատությունը գնահատելիս:

Անդրադառնալով հիշյալ ոլորտում առկա մյուս խնդրին՝ փախստականի կարգավիճակ հայցելու կամ ապաստան հայցելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ իրականացվող վարչական վարույթների քննարկման ժամկետներին, հատկանշական է, որ Օրենքի 45-րդ հոդվածի համաձայն՝ Ապաստան ստանալու մասին դիմումը լիազոր մարմինը քննարկում է դիմումը լիազոր մարմնում գրանցվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված արագացված ընթացակարգերի կիրառման դեպքի: Լիազոր մարմնի պատճառաբանված որոշմամբ դիմումի քննարկման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երեք ամիս ժամանակով, եթե առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչական վարույթի ժամկետի երկարաձգման հիմքեր:

Նույն Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապաստան հայցողները և փախստականներն իրավունք ունեն դատական կարգով բողոքարկելու ապաստանի հայցի կամ փախստականի ճանաչման առնչությամբ հարուցված ապաստանի ընթացակարգի, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված վարչական այլ ընթացակարգերի հետևանքով լիազոր մարմնի կայացրած ցանկացած բացասական որոշում՝ դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները) վերանալուց հետո ապաստան հայցողը 15 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ապաստանի հայցի առնչությամբ լիազոր մարմնի կայացրած որոշման ընդունման մասին տեղեկանալու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում, կարող է բողոք ներկայացնել դատարան:

Վարչական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածն իր հերթին ամրագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելը և բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում:

Նման պայմաններում ստեղծվում է  իրավիճակ, երբ անձի հանձնումը թույլատրելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման առկայության պայմաններում անազատության մեջ գտնվող անձի կալանավորումը շարունակաբար երկարացվում է և նա փաստացի չի հանձնվում օտարերկրյա պետությանը՝ դատական ատյաններում իր բողոքի վերաբերյալ քննությանը նրա մասնակցությունն ապահովելու նպատակից ելնելով:

Նույն խնդիրն առկա է նաև ստորադաս դատական ատյանի որոշման դեմ վերադաս դատարան բողոք ներկայացնելու և այն դատարանի կողմից քննարկելու գործընթացներում:

 Հետևաբար, անհրաժեշտություն կա հստակեցնել անազատության մեջ գտնվող անձի կողմից փախստականի կարգավիճակ կամ ապաստան հայցելու դիմումների քննարկման և դրանց կապակցությամբ ընդունված որոշումների բողոքարկման ընթացակարգերը՝ սահմանելով հստակ և կանխատեսելի ժամկետներ:

Ապաստանի հայցերի վիճակագրական տվյալները կցված են։

Գործնականում ծագող հաջորդ խնդիրը պայմանավորված է ապաստան հայցողների կողմից ապաստանի հայց ներկայացնելու իրավունքի չարաշահման և կրկնակի հայցերի դեպքում հստակ ընթացակարգի բացակայությամբ: Մասնավորապես, թեև կրկնակի բառը նշանակում է երկրորդ անգամ, սակայն այն իրավակիրառ պարկտիկայում ներկայացվում է որպես բազմակի անգամ ապաստանի հայց ներկայացնելու հնարավորություն և չարաշահվում է ապաստան հայցողների կողմից: Միաժամանակ, թեև օրենքում ամրագրված է, որ Միգրացիոն ծառայությունը ինչ հիմքերի դեպքում է քննության առնում կրկնակի հայցը, սակայն չի նախատեսված, թե այդ հիմքերի բացակայության դեպքում ինչպիսի որոշում է կայացնում լիազոր մարմինը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող կարգավորման նպատակն է օրենքով սահմանված կարգով ազատությունը սահմանափակված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու, այդ թվում՝ Օրենքով նախատեսված իրավասու մարմնի կողմից կայացված բացասական որոշումը դատական կարգով բողոքարկելու ողջ ընթացակարգը ենթարկել ժամկետային կարգավորման, բացառել նույն հիմքով երկրորդ անգամ լիազոր մարմնին դիմելու պրակտիկան՝ ապահովելով իրավական որոշակիությունը, բացառելու իրավունքի չարաշահման հնարավորությունը և ապահովելու քրեադատավարական հարաբերությունների բնականոն ընթացքը:

Այսպես՝ Նախագծերով առաջարկվում է.

  • սահմանել լիազոր պետական մարմնի կողմից հիշյալ խումբ անձանց ներկայացրած դիմումները առանց երկարաձգման հնարավորության քննարկելու և հնարավորինս անհապաղ ծանուցելու ընթացակարգ,
  • օրենսդրորեն արգելել նույն հիմքով երկրորդ անգամ դիմումի ներկայացումը,
  • սահմանել կայացված բացասական որոշումը վարչական դատարան բողոքարկելու 10-օրյա ժամկետ,
  • սահմանել վարչական դատարանի կողմից հայցադիմումը քննության առնելու և համապատասխան դատական ակտ կայացնելու ու հրապարակելու 1-ամսյա ժամկետ,
  • նախատեսել վարչական դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտը վերաքննիչ դատարան բողոքարկելու 10-օրյա ժամկետ,
  • վերաքննիչ դատարանում գործի քննության, դատական ակտի կայացման ու հրապարակման 15-օրյա ժամկետ,
  • վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու 5-օրյա ժամկետ,
  • վճռաբեկ դատարանի կողմից բողոքի քննության և համապատասխան դատական ակտի կայացման ու հրապարակման 5-օրյա ժամկետ:

Հատկանշական է, որ նմանատիպ կարգավորում առկա  է նաև Վրաստանի օրենսդրությամբ:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ գլխավոր դատախազության և Միգրացիոն ծառայության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ կհստակեցվի օրենքով սահմանված կարգով ազատությունը սահմանափակված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու, այդ թվում՝ Օրենքով նախատեսված իրավասու մարմնի կողմից կայացված բացասական որոշումը դատական կարգով բողոքարկելու ընթացակարգը՝ սահմանելով հստակ և կանխատեսելի ժամկետներ՝ ապահովելու համար իրավական որոշակիությունը, քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելիությունը, քրեադատավարական հարաբերությունների բնականոն ընթացքը և բացառելով իրավունքի չարաշահման հնարավորությունը:


  • Քննարկվել է

    10.08.2020 - 25.08.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9031

Տպել