««ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
9 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
««ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ
««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանում ռոյալթիների հարկումը կարգավորող հիմնական իրավական ակտերն են ՀՀ հարկային օրենսգիրքը (բաժին 10), ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքը և այլ ենթաօրենսդրական իրավական ակտեր։
Մասնավորապես, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ռոյալթին բնօգտագործման վճարի տեսակ է, որը վճարվում է ՀՀ պետական բյուջե՝ մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար:[1]
Հայաստանում ռոյալթի վճարողներ են համարվում՝
- ՀՀ մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և մետաղի խտանյութ կամ ձուլվածք կամ հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները.
- ՀՀ մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և այդ հանքավայրերից արդյունահանված մետաղական օգտակար հանածոներից առանց խտանյութի ստացման ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները.
- ընդերքօգտագործման թափոններից և (կամ) հանքաքարից մետաղի խտանյութ և (կամ) ձուլվածք կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները՝ անկախ մետաղական օգտակար հանածոյի հանքավայր շահագործող հանդիսանալուց։[2]
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) առցանց հաշվետվության համակարգի տվյալների համաձայն՝ 2016թ-ին 7 հանքարդյունահանող ընկերությունների կողմից պետական բյուջե է մուտք եղել ընդհանուր 23,570,664,833 ՀՀ դրամ ռոյալթի, իսկ 2017թ-ին՝ 10 ընկերությունների կողմից ընդհանուր 37,575,079,556 ՀՀ դրամ ռոյալթի։ Ընդ որում, յուրաքանչյուր հանքարդյունահանող ընկերության կողմից 2017թ-ին վճարված ռոյալթիի չափը գերազանցել է նույն ընկերության կողմից 2016թ-ին վճարված ռոյալթիի չափից։[3]
Ներկայացված տվյալները ցույց են տալիս որ ռոյալթիներից պետական բյուջե մուտքագրվող գումարի չափը տարեցտարի աճ է գրանցում։ Թեև նույն կերպ աճի դինամիկա է գրանցվում նաև բնապահպանական հարկերից և բնօգտագործման վճարներից ստացվող եկամուտի մասով (ինչպես երևում է աղյուսակ 1-ում), այնուամենայնիվ վերջինները վճարված ռոյալթիի հետ անհամեմատ ավելի քիչ գումար են կազմում։
Աղյուսակ 1
Ընդամենը գումարը` ըստ կազմակերպությունների[4] |
2016թ (ՀՀ դրամ) |
2017թ (ՀՀ դրամ) |
Բնապահպանական վճարներ |
70,664,930 (9 կազմակերպությունների կողմից վճարված) |
794,288,968 (11 կազմակերպությունների կողմից վճարված) |
Բնօգտագործման վճար |
70,630,730 (8 կազմակերպությունների կողմից վճարված) |
794,247,913 (8 կազմակերպությունների կողմից վճարված) |
Աղբյուրը՝ ԱՃԹՆ առցանց հաշվետվության համակարգ (http://bit.ly/2K1sFnH , http://bit.ly/2K2FG0i )
Հատկանշական է նաև այն, որ ըստ ԱՃԹՆ տվյալների համակարգի՝ հանքարդյունաբերությամբ զբաղվող կազմակերպությունների որոշ մասը հանքարդյունահանման պայմանագրով սահմանել է համայնքներին սոցիալ-տնտեսական ներդրման պարտավորություն։[5] Ներդրումը կարող է լինել ավելի ընդհանրական ձևակերպմամբ կամ կոնկրետ ձևով, օրինակ՝
- համայնքի/քաղաքի սոցիալ-տնտեսական ծրագրերին մասնակցություն
- մասնակցություն գյուղի դպրոցի և մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներ
- ուսանողի կիսամյակային ուսման վճարի տրամադրում,
- և այլն։
Սակայն պետք է նշել, որ ըստ ԱՃԹՆ տվյալների՝ ներդրման պարտավորությունը ոչ բոլոր ընկերությունների պայմանագրերով են նախատեսված։ Նույնիսկ այն ընդերքօգտագործողները, որոնք ունեցել են նման պայմանագրային պարտավորություններ, նրանցից ոմանք կամ գերակատարել, կամ թերակատարել են իրենց պարտավորությունը։ Կան նաև ընդերքօգտագործողներ, որոնք թեև պայմանագրերով չեն նախատեսել ներդրման պարտավորություն, սակայն փաստացի կատարել են որոշակի չափով բարեգործական ներդրում տվյալ համայնքին։
Վերոնշյալից բխում է, որ որոշ ընդերքօգտագործողներ տվյալ համայնքների սոցիալ-տնտեսական ծրագրերի զարգացման մեջ թեև ներառված են, սակայն դա օրենսդրական պահանջ չէ և կրում է միայն կամավոր բնույթ։ Այդ բարեգործական ծրագրերը շատ հաճախ կրում են խառը և ոչ կանոնակարգված բնույթ։ Օրինակ, ամենամեծ ֆինանսական ռեսուրսներով բարեգործական ներդրումներ կատարած ընդերքօգտագործողները՝ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ-ն և «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ-ն, ներդրումներ են կատարել այնպիսի ծրագրերում, որոնք այդքան էլ արդյունավետորեն կանոնակարգված ձևով չեն նպաստում համայնքի ամբողջական տնտեսական և սոցիալական զարգացմանը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ ընդերքօգտագործողի կողմից վճարվող ռոյալթիի մի մասը պետական բյուջեից համայնքներին և հատկապես ազդակիր համայնքին փոխանցելը կարող է նպաստել համայնքների կայուն և շարունակական զարգացմանը։ Նշված հարցի վերաբերյալ ուսումնասիրված միջազգային փորձը ցույց է տվել որ սա ընդունված փորձ է նաև մի շարք երկրներում, ինչպիսիք են օրինակ՝ Սերբիան, Ուկրաինան, Բուլղարիան, Ալբանիան, Ղրղզստանը։
Հիմք ընդունելով ուսումնասիրված միջազգային փորձը, հաշվի առնելով ՀՀ կառավարության 2019թ. ծրագիրը և Տարածքային զարգացման մասին 2016-2025թթ ՀՀ ռազմավարությունը, և ըստ այդմ նպատակ ունենալով, ՀՀ մյուս համայնքների համեմատությամբ, մեղմել հանքարդյունահանման հետևանքով ազդակիր համայնքների կրած բացասական հետևանքները՝ ռոյալթիների բաշխման ստորև նշված կարգով առաջարկվում է նպաստել ազդակիր համայնքների զարգացմանը՝ ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության, աշխատատեղերի ստեղծման և այլ առաջնային ոլորտների ֆինանսավորումը որոշ չափով ավելացնելու միջոցով։ Ռոյալթիների բաշխման ստորև նշված կարգը կնպաստի ազդակիր համայնքների ծրագրերի իրականացման առումով կարողությունների զարգացմանը, որը այլ հավասար պայմաններում խոչընդոտվում էր համայնքում հանքարդյունահանության առկայությամբ: Արդյունքում, կմեղմվի զարգացվածության տեսանկյունից ազդակիր համայնքների և ՀՀ մյուս համայնքների միջև անհամաչափությունը:
Սույն նախագծով առաջարկվող՝ ռոյալթիների բաշխման համակարգով առաջարկվում է նպաստել ՀՀ կառավարության վերոնշյալ ծրագրին և ռազմավարությանը՝ համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա անհամաչափության մեղմացման միջոցով։ Ռոյալթիների բաշխման առաջարկվող համակարգը կնպաստի համայնքների ծրագրերի իրականացման առումով կարողությունների զարգացմանը։
2․ Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Համայնքների կայուն և շարունակական զարգացման նպատակով համայնքների բյուջետային հնարավորությունների մեծացման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծումն է։
Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2%-ից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար և բաշխել տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի և ՀՀ-ում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնքների միջև` 50/50 հարաբերակցությամբ։ Այսինքն, 50%-ը՝ տվյալ ռոյալթի վճարողի կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնք(ներ)ին հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափ, իսկ 50%-ը՝ ընդհանուր վերցրած՝ Հայաստանի Հանրապետությունում ռոյալթի վճարողների կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնք(ներ)ին հավասարաչափ բաշխման ենթակա ռոյալթիի չափ (այն համայնքները, որոնց համայնքի բյուջետային ապահովվածության գործակիցը միջինից ցածր է՝ ըստ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկների)։
Միաժամանակ, նախագծով առաջարկվում է համայնքին հնարավորություն տալ բաշխված համայնքային ռոյալթին ուղղել լրացուցիչ բնապահպանական ծախսերին և այլ կապիտալ ծախսերին, ինչպես նաև սահմանել համայնքներին բաշխված համայնքային ռոյալթիի ծախսերի մասով հաշվետվության լրացուցիչ առանձին հրապարակում՝ ապահովելու համար բաշխված ռոյալթիների օգտագործման թափանցիկությունը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և GIZ-ի օժանդակությամբ տեղական փորձագետի կողմից։
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումն ու կիրառումը էական դրական ազդեցություն կունենա համայնքների կայուն և շարունակական զարգացման նպատակով պետության կողմից մշակված քաղաքականության իրականացման արդյունավետության վրա, հատկապես՝ ազդակիր համայնքներում։
[1] Հոդված 197, ՀՀ հարկային օրենսգիրք
[2] Հոդված 198, ՀՀ հարկային օրենսգիրք
[4] ըստ ԱՃԹՆ-ում առկա ՊԵԿ տվյալների
-
Քննարկվել է
26.06.2020 - 11.07.2020
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 7917
Տպել