Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով (ուժի մեջ է մտել 16.12.2017թ.) սահմանված է առանձին կատեգորիաների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների պարգևավճարի իրավունքը։

Ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հարկ է նկատի ունենալ, որ մենչև վերը նշված օրենքն ուժի մեջ մտնելը՝ խնդրո առարկա իրավահարաբերությունները կարգավորվել են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով (ուժը կորցրել է 16.12.2017թ.)։

Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 668-Ն որոշմամբ սահմանվել են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը` ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած է ճանաչվել, այսինքն` ուժը կորցրած է ճանաչվել այն իրավական ակտը, որի հիման վրա ընդունվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 668-Ն որոշումը։

Միաժամանակ, գործող իրավակարգավորումներում առկա են մի շարք բացեր, որոնք առանձին դեպքերում շահառուներին հնարավորություն չեն տալիս ամբողջ ծավալով իրացնել իրեն իրավունքները։

Մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ուժի մեջ է մտել 01.01.2011թ. վերացվեց 2 կենսաթոշակ ստանալու իրավունքը (նախկին օրենսդրության համաձայն՝ անձը կարող էր այլ կենսաթոշակի հետ ստանալ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ)։

Իսկ խնդրո առարկա դեպքի համար սահմանվեց պարգևավճար, այսինքն՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունքը փոխարինվեց պարգևավճարի իրավունքով (գործող չափը՝ 31000 դրամ)։

Սակայն, գործող իրավակարգավորումների համաձայն, վերը նշված պարգևավճարը նշանակվում և վճարվում է աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց։

Կան անձինք, ովքեր ստանում են հաշմանդամության զինվորական կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ և ունեն նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք։ Այս դեպքի համար ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 668-Ն որոշմամբ պարգևավճարի իրավունք սահմանված չէ ։

Միաժամանակ, ՀՀ օրենսդրությամբ սահմանվել է զինվորական ծառայության ժամանակ ծագած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման նոր պատճառական կապ (հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությունը կամ հատուկ առաջադրանք կատարելը), որն արտացոլված չէ գործող իրավակարգավորումներում։

Գործող իրավակարգավորումներով հստակեցված չեն.

  • ընտանիքին տրվող պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում պարգևավճարը ընտանիքի մյուս անդամին նշանակելուն և վճարելուն առնչվող առանձնահատկությունները, ինչի պատճառով ոչ միշտ է հնարավոր լինում չվճարված պարգևավճարի գումարն ամբողջությամբ վճարել ընտանիքի մյուս անդամին
  • պարգևավճարը (պարգևավճարի բաժնեմասը) վճարելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դեպքում կենսաթոշակի նոր տեսակի համար սահմանված չափով պարգևավճար նշանակելու և վճարելու, պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը, այդ թվում` այն դեպքում, երբ պարգևավճարի իրավունքը պայմանավորված է կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքով,
  • պարգևավճար նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը այն դեպքերում, երբ անձը փոխում է կենսաթոշակի տեսակը (աշխատանքայինից՝ զինվորականի և հակառակը),
  • բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին պարգևավճար նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը,
  • պարգևավճարից պահումներ կատարելու պայմաններն ու կարգը,
  • պարգևավճարը և պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված պարգևավճարի գումարը վճարելու պայմաններն ու կարգը։

ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի տված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականը սահմանված չէ որպես փաստաթուղթ՝ մարտական գործողությունների մասնակցի համար տրվող պարգևավճար նշանակելու և վճարելու համար (տրվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին)։

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1238-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` այն դեպքում, երբ անձը 2011 թվականի հունիսի 1-ից մինչև 2012 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգից ստացել է զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանված 10000 դրամ դրամական օգնությունը (ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1091-Ն որոշման` դրամական օգնության չափը զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի հիման վրա չի վերահաշվարկվել)` դրամական օգնությունը շարունակում է վճարվել մինչև 2014 թվականի հունվարի 1-ը` 10000 դրամի չափով:

Չնայած այն հանգամանքին, որ լրացել են վերը նշված որոշմամբ սահմանված ժամկետները, 10000 դրամ դրամական օգնությունը շարունակվում է վճարվել՝ հաշվի առնելով վատթարացնող նորմի հետադարձության արգելքի սկզբունքը (այդ անձանց դրամական օգնությունը նշանակվել է նախկին օրենսդրության համաձայն)։

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտ է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա ընդունել Կառավարության նոր որոշում՝ ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 668-Ն որոշումը :

  1. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով կարգավորում են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին պարգևավճար նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները, այդ թվում` սահմանվում են.

  • ամենամսյա պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների,
  • պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
  • զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքի ձևը,
  • մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու (սակայն կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու) մասին տեղեկանքի ձևը:

Ներկայացվող նախագծի համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 668-Ն որոշման իրավակարգավորումները, այդ թվում` որոշմամբ սահմանված պարգևավճարների չափերը, որոնց փոփոխություն նախագծով չի առաջարկվում:

Միաժամանակ, հաշվի առնելով առկա խնդիրները՝

  • սահմանվում է, որ զինծառայողը համարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, եթե մահացել է զորացրվելուց հետո՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ ծագած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով.
  • պարգևավճարի իրավունք է սահմանվում նաև զոհված զինծառայողի ընտանիքի՝ հաշմանդամության զինվորական կամ 63 տարին լրացած` երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անդամի համար՝ սահմանելով, որ այս դեպքում պարգևավճարը նշանակվում է առանց դիմելու, 63 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից,
  • պարգևավճարի իրավունք է սահմանվում նաև մահացած զինծառայողի ընտանիքի՝ հաշմանդամության զինվորական կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող (սակայն այդպիսի կենսաթոշակ չստացող) անդամի համար,
  • կարգավորվում են ընտանիքին տրվող պարգևավճարն ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում պարգևավճարը ընտանիքի մյուս անդամին նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները (ժամկետները),
  • սահմանվում է, որ պարգևավճարը (պարգևավճարի բաժնեմասը) վճարելուն, այդ թվում` լիազորագրով վճարելուն, պարգևավճար ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված պարգևավճարի գումարը վճարելուն, բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին պարգևավճար նշանակելուն և վճարելուն, պարգևավճարից պահումներ կատարելուն (ավել վճարված պարգևավճարի գումարները պետական բյուջե վերականգնելուն) առնչվող հարաբերությունները կարգավորվում են պետական կենսաթոշակների համար սահմանված կարգով,
  • սահմանվում է, որ եթե անձի պարգևավճարի իրավունքը ծագել է կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու հիման վրա, ապա կենսաթոշակի կամ նպաստի վճարումը կամ ստանալու իրավունքը դադարելու դեպքում դադարում է նաև այդ պարգևավճարն ստանալու իրավունքը, հետևաբար` դրա վճարումը, իսկ եթե անձը փոխում է կենսաթոշակի տեսակը, ապա պարգևավճարը վճարվում է կենսաթոշակի նոր տեսակի համար սահմանված չափով։

Միաժամանակ, սահմանվում է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 438-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից տրված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականը, որպես փաստաթուղթ, պարգևավճար նշանակելու և վճարելու համար հիմք է։

Անցումային դրույթներով կարգավորվել են նախկին օրենսդրության հիման վրա 2 կենսաթոշակ ստացող անձանց` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն պարգևավճար նշանակելու կարգն ու ժամկետները:

Սահմանվում է նաև, որ ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1238-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված` նախկինում զոհված զինծառայողի ընտանիքին նշանակված (2011 թվականի հունիսի 1-ից մինչև 2012 թվականի հունիսի 1-ը վճարված) 10000 դրամ դրամական օգնության վճարումը շարունակում է վճարվել ընտանիքի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածում նշված անդամին` մինչև կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված պարգևավճար նշանակելը:

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ծախսերը կֆինանսավորվեն սոցիալական ոլորտին հատկացված ծախսերի հաշվին: Ընդ որում, նախագծի 5-րդ կետի 10‑11‑րդ ենթակետերը, 28-րդ կետը վերաբերում են արդեն իսկ պարգևավճարի իրավունքն իրացրած անձանց: Ըստ այդմ, հարցը վերաբերում է շուրջ 33 շահառուների, որոնց վճարվող լրացուցիչ ամսական գումարը ձևավորվում է ներկայումս վճարվող և նախագծով առաջարկվող գումարների տարբերությունից և կազմում է ամսական շուրջ 260 հազար դրամ:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի կատարումը: Միաժամանակ, կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ծագած մի շարք խնդիրներ:


ՏԵՂԵԿԱՆՔ

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

 

««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    08.06.2020 - 23.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10785

Տպել