Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կազմված և տրված պաշտոնական փաստաթղթերի՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) նախատեսված ապոստիլով վավերացնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

 

       Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) Ապոստիլ՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված թղթային կամ էլեկտրոնային հավաստագիր, որը հավաստում է  պաշտոնական փաստաթուղթը ստորագրող անձի պաշտոնեական դիրքի, նրա ստորագրության, փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

2) Պաշտոնական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության վարչական, դատական և այլ մարմինների, այդ մարմինների պաշտոնատար անձանց, ինչպես նաև նոտարների կողմից իրենց պաշտոնական գործառույթների իրականացման ընթացքում թղթային կրիչի կամ էլեկտրոնային ձևաչափով կազմված և տրամադրված փաստաթղթեր:

 

 

 

       Հոդված 3. Պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացում

  1. Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացվում են այն պաշտոնական փաստաթղթերը, որոնք ներկայացվելու են Կոնվենցիային անդամակցող պետությունների տարածքում:
  2. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից կազմված և տրված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացման ենթակա չեն:
  3. Հայաստանի Հանրապետությունում կազմված և տրված պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացվում են Արդարադատության նախարարության կողմից:
  4. Արդարադատության նախարարության կողմից պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու համար դիմում ներկայացնելու, դիմումի ուսումնասիրության կարգը և ժամկետները, ապոստիլի ձևանմուշը, տեսակները, վավերապայմանները, «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը գործածելու կարգը, «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական շտեմարանը վարելու, օգտագործելու և տեխնիկական ապահովումը իրականացնելու կարգը, ինչպես նաև ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթերի ցանկը սահմանում է Արդարադատության նախարարը:
  5. 5. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով և կարգով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթների:
  6. Պաշտոնական փաստաթուղթը սահմանված ժամկետից շուտ ապոստիլով վավերացնելու համար մատուցվող ծառայության դիմաց գանձվող վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

      Հոդված 4.  Օտարերկրյա պետության կողմից կազմված փաստաթղթի վավերականությունը Հայաստանի Հանրապետությունում

  1. 1. Կոնվենցիայի անդամ պետությունների իրավասու մարմինների՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իրենց լիազորությունների շրջանակներում տրված փաստաթղթերը, որոնք վավերացված են ապոստիլով, Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են վավեր՝ առանց հյուպատոսական վավերացման կամ այլ լրացուցիչ օրինականացման:
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված փաստաթղթերի ապոստիլով հաստատված լինելը պարտադիր է, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ կամ Հայաստանի Հանրապետության միջազգային այլ պայմանագրերով վերացվել, պարզեցվել է օրինականացման ընթացակարգը կամ փաստաթուղթը ազատվել է օրինականացումից:

 

       Հոդված 5.  Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումի մերժման հիմքեր.

  1. Պաշտոնական փաստաթուղթնապոստիլով վավերացնելու դիմումը մերժվում է, եթե`
  • փաստաթուղթը պատրաստվել կամ հաստատվել, կամ կնիքվել է դրա լիազորությունը չունեցող անձի կամ մարմնի կողմից,
  • փաստաթուղթը չի համապատասխանում տվյալ փաստաթղթի համար սահմանված ձևաչափին,
  • փաստաթղթիապոստիլով վավերացումը չի բխում Կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից
  • փաստաթղթիապոստիլով վավերացնելու լիազորությունը վերապահված չէ տվյալ մարմնին,
  • փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու մասին դիմումը ներկայացվել է սույն օրենքի և փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգի խախտմամբ,
  • անընթեռնելի են փաստաթուղթը ստորագրող անձի պաշտոնեական դիրքի մասին տվյալները, վերջինիս ստորագրությունը, փաստաթուղթը հաստատված կնիքը կամ դրոշմակնիքը,
  • փաստաթուղթը վնասված է, պահպանված չէ փաստաթղթի ամբողջականությունը, փաստաթղթի վրա առկա են անթույլատրելի գրառումներ,
  • չի ներկայացվել փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և վճարումը հավաստող անդորրագիրը,
  • փաստաթուղթը ներկայացվելու է Կոնվենցիային չանդամակցող երկիր,
  • փաստաթուղթը ակնհայտ կեղծ է:

 

          Հոդված 6. Ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթուղթը կազմող և տրամադրող մարմնի կողմից տեղեկությունների տրամադրում

  1. Ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթուղթ կազմող և տրամադրող մարմինները և պաշտոնատար անձիք Արդարադատության նախարարություն ներկայացնում են իրենց կողմից կազմվող պաշտոնական փաստաթուղթը հաստատող պաշտոնատար անձի, վերջինիս պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա ստորագրության և պաշտոնական փաստաթուղթը հաստատվող կնիքի, դրոշմակնիքի նմուշները: Պաշտոնական փաստաթղթի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ձևանմուշ սահմանված լինելու դեպքում Արդարադատության նախարարություն է տրամադրվում նաև այդ ձևանմուշը:
  2. Արդարադատության նախարարությանը պաշտոնական փաստաթղթի ձևանմուշի, այն կազմող անձի, վերջինիս պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունների, նրա ստորագրության և պաշտոնական փաստաթուղթը հաստատվող կնիքի, դրոշմակնիքի նմուշների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

          Հոդված 7. Եզրափակիչ և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Մինչև սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգերի ուժի մեջ մտնելը պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատման գործընթացը իրականացվում է գործող իրավական ակտերով սահմանված կարգով:

      3. Սույն օրենքի  3-րդ հոդվածի 4-րդ մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:

  • Քննարկվել է

    02.06.2020 - 13.07.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Միջազգային հարաբերություններ, Նոտարական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8538

Տպել