Հիշել նախագիծը

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի և «ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն անհրաժեշտ է հարցումներ ներկայացնելու գործընթացը պարզեցնելու և հստակեցնելու, ինչպես նաև տեղեկություններն առավել հասանելի դարձնելու նպատակով՝ միաժամանակ ապահովելով անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:

 

  1. Ներկայումս «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ ՏԱ օրենք) համաձայն՝ տեղեկություն ստանալու հարցումներում պարտադիր պետք է նշվի դիմողի քաղաքացիությունը, ինչպես նաեւ հարցումը պետք է ստորագրված լինի: Մասնավորապես, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը: Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը։» ՏԱ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «3. Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում, եթե՝ 1) դա չի պարունակում սույն հոդվածի 1-ին մասում նշված բոլոր տվյալները (...)»:

Այս առումով անհրաժեշտ է անդրադառնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին, որը սահմանում է՝

«Յուրաքանչյուր ոք ունի (...) առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատություն»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք»:

Այսպիսով, հարցման մեջ դիմողի քաղաքացիությունը ներառելու պահանջը մի կողմից խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության վերոնշյալ դրույթների տեսանկյունից, մյուս կողմից տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկան չի բացահայտել այս նորմի իմաստը, այսինքն, նման պահանջն արդարացված չէ, այն չի կիրառվում տեղեկություն տնօրինողների կողմից տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանել-չպատասխանելու վերաբերյալ որոշումներ կայացնելու համար, միաժամանակ, տեղեկություն տնօրինող մարմինները չունեն գործնական և իրավական մեխանիզմներ ստուգելու իրենց տեղեկություն ստանալու հարցումներով դիմած անձանց քաղաքացիության իսկությունը: Նույն հիմնավորմամբ՝ հանրային (հանրային ասելով նկատի ունենք գաղտնիք չհանդիսացող, անձանց համար մատչելի, հանրամատչելի) տեղեկության տրամադրման դեպքում առարկայազուրկն է դառնում ստորագրության պահանջը:

Արդյունքում, հանրային տեղեկության տրամադրման դեպքում դիմողի անձը պարզելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նման տեղեկությունը պետք է տրամադրվի ցանկացած դիմողի, ուստի դիմողի անձն էական չէ: Այլ կերպ ասած՝ հանրային տեղեկության մատչելիության սահմանափակումը պայմանավորված չէ անձանցով՝ թե ովքեր են տեղեկություն հայցողները. տեղեկությունը սահմանափակվում է բոլորի համար, եթե առկա են սահմանափակման հիմքեր, և մատչելի է նույնպես բոլորի համար, եթե սահմանափակման հիմքեր առկա չեն: Բացի այդ՝ տեղեկատվության ազատությունը ներառում է նաև տեղեկությունն անարգել տարածելու իրավունք, ուստի տեղեկությունը մեկին տրամադրելը նշանակում է, որ դա կարող է հրապարակային դառնալ բոլորի համար: Տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկան վկայում է, որ ՏԱ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով գրավոր հարցման վավերապայմանները օգտագործվում են դիմողի հետ հետադարձ կապի (տեղեկությունները հասցեատիրոջը հասցնելու) համար, ուստի այս առումով նույնպես ստորագրության և քաղաքացիության պահանջները չեն համապատասխանում տեղեկատվության ազատության իրավունքի զարգացման ուղղությանը:

Բացի այդ, ՀՀ կառավարության սույն թվականի ապրիլի 9-ի N 511-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը որոշել է հավանության տալ «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (այսուհետ նաև՝ կոնվենցիա) ստորագրման առաջարկությանը: Տվյալ կոնվենցիան նախատեսում է անանուն հարցումներ ներկայացնելու հնարավորություն: Այսպես, Կոնվենցիայի պաշտոնական մեկնաբանության (Council of Europe Convention on Access to Official Documents - Explanatory Report - [2009] COETSER 2 (18 June 2009)) 42-րդ պարագրաֆում նշվում է, որ Կոնվենցիայի այս դրույթը թեև չի պարտադրում, սակայն խրախուսում է անանուն հարցումներ ներկայացնելու հնարավորություն սահմանելը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առարկայազուրկ է դառնում նաև ՏԱ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթը, որով նախատեսված կարգավորումը փոխկապակցված է ՏԱ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հարցման մեջ քաղաքացիության պահանջը նշելու պահանջի հետ:

 «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այս դրույթներն անհարկի ձևական պահանջներ են նախատեսում անձանց համար` տեղեկատվության ազատության ապահովման բնագավառում իրենց իրավունքներն իրացնելու հետ կապված: Մասնավորապես, խոչընդոտներն առավել ցայտուն են արտահայտվում էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային հարթակի (e-request) միջոցով հարցումներ ներկայացնելու իրավահարաբերություններում, քանի որ վերոնշյալ ձեւական պահանջները ստիպում են մարդկանց ձեռնպահ մնալ էլեկտրոնային եղանակով հարցումներ ներկայացնելուց:

Վերոնշյալի համատեքստում անհրաժեշտ է նաև ՏԱ օրենքում հստակեցնել գրավոր հարցումն էլեկտրոնային ձևով ներկայացնելու (էլեկտրոնային հարցումների) հնարավորությունը՝ մի կողմից օրենքում արտացոլելով էլեկտրոնային եղանակով ներկայացվող հարցումների (էլեկտրոնային հարցումների) միջոցով տեղեկություն ստանալու արդեն իսկ ձեւավորված պրակտիկան, մյուս կողմից ապահովելով իրավական որոշակիություն ՏԱ օրենքում հարցման ներկայացման ձևի վերաբերյալ:  

Ինչպես նշվեց, ՏԱ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով գրավոր հարցման վավերապայմանները, մասնավորապես բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի հասցեն նշելու պահանջը օգտագործվում են դիմողի հետ հետադարձ կապի ապահովման համար: Հաշվի առնելով էլեկտրոնային եղանակով հարցումներ ներկայացնելու հնարավորությունը՝ անհրաժեշտ է նախատեսել նաև էլեկտրոնային փոստի հասցեն որպես հետադարձ կապի հասցե նշելու և էլեկտրոնային փոստի հասցեով պատասխան ստանալու հնարավորությունը:

 

  1. ՏԱ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոններն արտացոլված են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Տեղեկատվության տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկություն կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1204-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին հավելվածում (այսուհետ՝ Հավելված): Մասնավորապես, Հավելվածի 6-րդ կետը սահմանում է՝

«(...) Դիմումի, հարցման կամ բողոքի օրինակելի ձևը ներառում է՝

1) դիմողի անունը և ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` դրա անվանումը, գտնվելու վայրը) (պարտադիր).

2) բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը (հասցեն) (պարտադիր).

3) քաղաքացիությունը (պարտադիր) (…)»:

Միևնույն ժամանակ Կարգի 7-րդ ենթակետը սահմանում է՝

«7. Թղթային տարբերակով, հարցումն ուղարկած անձի (այսուհետ` դիմող) էլեկտրոնային փոստային հասցեից, նյութական կրիչին գրանցված վիճակում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքէջերում առկա հարթակից կամ տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքի «Ուղարկել հարցում/դիմում» կամ այլ համապատասխան բաժնից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնելուց հետո` ստորագրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված տվյալ մարմին ուղարկված դիմումները, հարցումները կամ բողոքներն...»:

Արդյունքում, ՏԱ օրենքում առաջարկվող փոփոխություններն անհրաժեշտ է արտացոլել նաև ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ:

 

  1. Սույն հիմնավորման 1-ին կետի համատեքստում հարկ է հաշվի առնել, որ ստորագրության պահանջը կարող է տեղին լինել այն դեպքերում, երբ խոսքը գնում է անձնական տվյալ հանդիսացող այնպիսի տեղեկությունների մասին, որոնք երրորդ անձանց համար մատչելին կամ հանրամատչելի չեն, սակայն դրանք պետք է հասանելի լինեն անձին՝ ինքն իր մասին, իր անձնական տվյալների մասին տեղեկություն ստանալու իրավունքի շրջանակներում, ինչը կարգավորվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով:

Այսպես, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է՝ «5. Տվյալների սուբյեկտին անձնական տվյալները տրամադրվում են տվյալների սուբյեկտի կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի գրավոր հարցման հիման վրա: Հարցումը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ:»:

Հաշվի առնելով, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում ստորագրության պահանջը նշված է միայն էլեկտրոնային եղանակով ներկայացված հարցման համար՝ ՏԱ օրենքում գրավոր հարցմանը ներկայացվող ստորագրության պահանջը հանելու դեպքում թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում հստակեցնել ստորագրության պահանջը նաև ոչ էլեկտրոնային եղանակով ներկայացվող գրավոր հարցումների համար: Տվյալ դեպքում, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ինքն իր մասին, իր անձնական տվյալների մասին տեղեկություն ստանալու իրավունքը պատկանում է տվյալների սուբյեկտին, ուստի, ստորագրության պահանջն անհրաժեշտ է այս օրենքի հիմքով հարցում ներկայացրած անձին ըստ անհրաժեշտության (օրինակ, բողոքի դեպքում) որպես տվյալների սուբյեկտ նույնականացնելու համար:

 

  1. Միաժամանակ հավելվածով նախատեսվել է Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի սպասարկման և տնօրինման գործառույթներ փոխանցումը վարչապետի աշխատակազմին, քանի որ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի պատշաճ օգտագործումը կապված է բոլոր նախարարությունների ու այլ մարմինների գործառույթների հետ, հետևաբար հարթակի գործարկման, սպասարկման, տնօրինման և այլ գործառույթները առավել արդյունավետ կիրականացվի վարչապետի աշխատակազմի կողմից:

  

2.Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծերով առաջարկվում է տեղեկատվություն ստանալու հարցմանը ներկայացվող պարտադիր պահանջների շարքից հանել քաղաքացիության նշման և ստորագրության առկայության հետ կապված դրույթները: Միևնույն ժամանակ առաջարկվում է հստակեցնել  «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ներկայացվող հարցումը ստորագրելու պահանջը և նախատեսում է Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի սպասարկման և տնօրինման գործառույթներ փոխանցումը վարչապետի աշխատակազմին:

 

 3. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել տեղեկություն ստանալու հարցումներ ներկայացնելու մատչելիությունը և հասանելիությունը, որպեսզի  յուրաքանչյուրը տեղեկություն և գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունից անարգել օգտվի, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով: Նախագծերի ընդունմամբ նաև կապահովվի իրավական որոշակիությունը, ինչպես նաև կհստակեցվի ինչպես «Տեղեկատվության ազատության մասին», այնպես էլ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով սահմանված հարցումներին ներկայացվող պահանջները:

 

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

 

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից եւ քննարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ:

  • Քննարկվել է

    15.05.2020 - 30.05.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեղեկատվության ազատություն ապահովման

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7425

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

30.05.2020

Հանրային քննարկման դրված նախագծերով առաջարկվող փոփոխությունները և լրացումները ողջունելի են: Ի լրումն, ներկայացվում են ևս մի քանի դիտարկումներ, որոնց հիման վրա նպատակահարմար է լրացնել ներկայացված նախագծերը: Այսպես, 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 15.10.2015թ. թիվ 1204-ն որոշման (այսուհետ նաև` Որոշում) մեջ նախատեսվել են փոփոխություններ, որոնք բխում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով՝ հարցմանն առաջադրվող պահանջների էական նվազեցումից: Այնուամենայնիվ, գտնում ենք, որ նշված փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտ է վերանայել նաև թիվ 1204-ն որոշման 7-րդ կետի հետևյալ դրույթը. «Դիմողն առցանց եղանակով անհատի խիստ նույնականացման անցնելուց հետո կարող է հետևել իր հարցման ընթացքին:» Ակնհայտ է, որ հանրային տեղեկության տրամադրման հարցումների դեպքում՝ առցանց եղանակով խիստ նույնականացման անցնելուց հետո միայն հարցման ընթացքին հետևելու պայմանը նախատեսված փոփոխությունների համատեքստում այլևս անհրաժեշտ չէ: 2. Առաջարկվող փոփոխություններով տեղեկատվություն ստանալու հարցմանը ներկայացվող պարտադիր պահանջների շարքից հանվում են քաղաքացիության նշման և ստորագրության առկայության հետ կապված դրույթները: Ընդ որում, առաջարկվող փոփոխությունները հիմնավորվել են նրանով, որ հանրային տեղեկության տրամադրման դեպքում դիմողի անձը պարզելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նման տեղեկությունը պետք է տրամադրվի ցանկացած դիմողի, ուստի դիմողի անձն էական չէ: Հաշվի առնելով նախատեսված փոփոխությունները՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է վերանայել նաև դիմողի անուն ազգանունը նշելու վերաբերյալ պահանջը՝ սահմանելով անանուն գրավոր հարցումներ ներկայացնելու իրավունք: Այս համատեքստում հարկ ենք համարում արձանագրել նաև, որ Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին ԵԽ կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն. «1. Դիմողը չպետք է պարտավորված լինի ներկայացնել պատճառներ՝ պաշտոնական փաստաթուղթը ստանալու համար: 2. Մասնակից պետությունները կարող են դիմողներին անանուն մնալու իրավունք տալ՝ բացի այն դեպքերից, երբ ինքնության բացահայտումն էական է հարցմանը ընթացք տալու համար: 3. Հարցումների համար ձևականությունները չպետք է գերազանցեն այն, ինչն էական է հարցմանը ընթացք տալու համար:» Միաժամանակ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի և վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի վերաբերյալ 2009թ. ընդունված թիվ CDL-AD(2009)016-e կարծիքով շեշտվել է, որ ըստ նախագծի՝ գրավոր դիմում ներկայացնողները պետք է հայտնեն իրենց անունները, հասցեները, հարցումը ներկայացնելու ամսաթիվը և ստորագրեն հարցումը: Այս բոլոր պահանջները կատարելը շատ դեպքերում ավելորդ է թվում և ըստ այդմ՝ հակասում է Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին կոնվենցիային։ Մոնտենեգրոյի՝ տեղեկատվության ազատության կամ մատչելիության մասին օրենքի նախագծի վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի 2012թ. թիվ CDL-AD(2012)017-e կարծիքով նշվել է. “Անանուն հարցումներին առնչվող նախկին 21-րդ հոդվածը հանվել է: ԵԽ պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին կոնվենցիան չի պարտավորեցնում մասնակից պետություններին ընդունել անանուն հարցումներ: Այնուամենայնիվ, սա Եվրոպայի տեղեկատվության ազատության մասին օրենքների ընդհանուր բնութագրիչն է: Ինչ-որ մեկի անունը բացահայտելու պարտավորությունը սառեցնող ազդեցություն կարող է ունենալ պոտենցիալ դիմողի վրա:”: Ելնելով վերոգրյալ հիմնավորումներից, ինչպես նաև հաշվի առնելով ներկայացված նախագծերով նախատեսված կարգավորումները՝ առաջարկում ենք «Տեղեկատվության ազատության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ կատարելու մաuին նախագծով նախատեսել նաև անանուն գրավոր հարցում ներկայացնելու իրավունքը:

«Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ

23.05.2020

Նախագծի 2-րդ հոդվածը ողջունելի է, քանի որ այն ուղղված է հարցումներ ներկայացնելու գործընթացը պարզեցնելու և հստակեցնելու, ինչպես նաև տեղեկություններն առավել հասանելի դարձնելու նպատակով՝ միաժամանակ ապահովելով անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Պրակտիկ կիրառմամբ, ազատ տեղեկատվության տրամադրման պարագայում, դիմողի անձը պարզելու անհրաժեշտությունը չկա, քանի որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվաի 1-ին մասի և 51-րդ հոդվածի դրույթներով պայմանավորված, այն տեղեկությունը որը հասանելի է հանրությանը պետք է տրամադրվի ցանկացած դիմողի, ուստի այստեղ բացակայում է դիմողի անձի տվյալների պարտադիրությունը: Նաև համամիտ ենք այն մտքի հետ, որ տեղեկատվության ազատությունը ներառում է նաև տեղեկությունն անարգել տարածելու իրավունք, ուստի տեղեկությունը մեկին տրամադրելը նշանակում է, որ դա կարող է հրապարակային դառնալ բոլորի համար: Այսինքն, այո՛ հանրային տեղեկության մատչելիության սահմանափակումը պայմանավորված չէ այն անձանցով՝ թե ովքեր են տեղեկություն հայցողները. տեղեկությունը սահմանափակվում է բոլորի համար, եթե առկա են սահմանափակման հիմքեր (ՀՀ օրենսդրությամբ պաշտպանված տեղեկատվություն) և մատչելի է նույնպես բոլորի համար, եթե սահմանափակման հիմքեր առկա չեն: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է տեղեկության տրամադրումը մերժելու հիմքերը և կարգը, մասնավորապես 4-րդ մասի համաձայն՝ Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան։ Համաձայն վերոգրյալի, տեղեկատվության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել ինչպես վերադասությամբ, այնպես էլ դատական կարգով։ Սակայն, դատական պրակտիկան ցույց է տալիս, որ դատական ողջ պրոցեսը կարող է տևել տևական երկար ժամանակահատված, ուստի այդ ընթացքում գուցե, անգամ այլևս նշյալ վիճարկվող տեղեկատվության անհրաժեշտությունն չլինի։ Ուստի, առաջարկում ենք, տեղեկատվության ազատության գործերով մշակվի արագացված դատաքննության կարգ, որպեսզի տեղեկատվության վեճերի գործերով դատարաններն արագ որոշում կայացնեն, որպեսզի տվյալ տեղեկատվությունը ծառայի իր նպատակին, քանի որ իրականում ուշացած տեղեկատվությունը անպիտան տեղեկատվություն է։ «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ փորձագետ Գևորգ Մուղումյան

Տեսնել ավելին