Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 16.05.2019թ. «ՀՀ կառավարության 2019 - 2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N650-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 267-րդ կետի կատարման ապահովմամբ:

  • Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս հանրապետությունում տաքսի ծառայություններ են մատուցում 190 կազմակերպություններ, որոնցից 46-ը 1-4 ավտոմոբիլով և վճարում են լիցենզիայի համար տարեկան 100000 դրամ պետական տուրք, իսկ 67-ը` 5 և ավելի ավտոմոբիլներով, որոնք վճարում են լիցենզիայի համար տարեկան 200000 դրամ պետական տուրք: Իսկ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումների համար լիցենզիայի պետական տուրքը հանվել է: Այսինքն անհավասար պայմաններ են ստեղծվում նույն գործունեությունն իրականացնողների համար պետության կողմից մատուցվող նույն ծառայության՝ լիցենզիայի տրամադրման պետական տուրքի մասով: Բացի այդ, կազմակերպությունները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով վճարում են գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու տուրք ըստ տրանսպորտային միջոցնրի քանակի: Հարկային պարտավորությունների մասով նույնպես առկա են անհավասար պայմաններ գործունեություն իրականացնողների համար:

Օրենսդրորեն կարգավորված չէ նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայությունների մատուցման ոլորտը, որը գործող օրենսդրությամբ չի կարգավորվում և ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ ոլորտում գործունեություն իրականացնողների համար, ինչպես նաև նպաստում է ոլորտում անօրինական փոխադրումների կազմակերպմանը:

Բացի այդ, ներկայումս 6-8 նստատեղով թեթև մարդատար ավտոմոբիլով ֆիզիկական անձանց կողմից միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիներով ցածր սակագներով կանոնավոր փոխադրումների իրականացումը հանգեցնում է կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում գործունեություն իրականացնողների արդարացի դժգոհությունը: Ուղևորահոսքի նվազեցման արդյունքում կազմակերպությունները հրաժարվում են կանոնավոր երթուղիների սպասարկումից:

Ներկայումս մեծ քանակով չլիցենզավորված տրանսպորտային միջոցներ ներգրավված են էլեկտրոնային հարթակով տաքսամոտորային փոխադրումներում, նրանց գործունեությունը կանոնակարգված չէ օրենսդրորեն: Էլեկտրոնային հարթակով պատվեներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը չի կանոնակարգվում: Ոլորտում բացակայում է վերահսկողությունը:

Տաքսի ծառայություններ մատուցողների կողմից անընդունելի վարքագիծ է դրսևորվում օդանավակայանների և ավտոկայանների տարածքում ուղևորների նկատմամբ, որի վերահսկողությունը չի կարգավորում օրենսդրությամբ:

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար լիցենզավորման պետական տուրքի մասով հավասար պայմաններ ստեղծելու նպատակով առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար սահմանել լիցենզիայի տարեկան տուրք 100000 դրամ:

Միաժամանակ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը, որը փաստացի դուրս է մնում վերահսողությունից, անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ոլորտում օրինական գործունեություն իրականացնողների նկատմամբ, որոնք ունեն հարկային պարտավորություններ: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցելու և փոխանցելու գործունեությունը սահմանել ծանուցման ենթակա գործունեություն, իսկ ոլորտում գործունեություն իրականացնողներին օրինական դաշտ բերելու նպատակով, պատվերների փոխանցումը կատարվի միայն լիցենզավորված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:

Ոլորտում անվտանգության և ուղևորների սպասարկման որակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է սահմանել դրույթներ վարորդների առողջական վիճակի և վարորդական վկայականների ուժի մեջ գտնվելու վերաբերյալ:

Անհրաժեշտ է կանոնակարգել տաքսիների գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սկզբնակետերի և վերջնակետերի տարածքներից, ինչպես նաև օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցման գործընթացը :

Հաշվի առնելով ներկայումս 6-8 նստատեղերով թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ծավալները, որոնք փաստացի իրականացնում են տնտեսական գործունեություն առանց հարկային պարտավորությունների, անհրաժեշտություն է առաջանում կանոնակարգելու նրանց կողմից իրականացվող գործունեությունը նրանց համար սահմանելու հարկային պարտավորություններ:

Հաշմանդամություն ունեցող անձանց 2017-2021թթ. 2.2.1-րդ կետի կատարման նպատակով նախատեսվում է 30 և ավելի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունների համար սահմանել 1 հատ հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված մարդատար տաքսի ավտոմեքենաների պարտադիր պահանջը:

2.Կարգավորման առարկան  

1.Լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 100000 դրամ:

2.Ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող ներառյալ էլեկտրոնային հարթակներով և այլ տեխնիկական միջոցներով կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր պայման է սահմանվել պատվերները փոխանցել միայն լիցենզավորված տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, լիազոր մարմնին տրամադրելով տվյալների բազան: Նրանց գործունեությունը կկարգավորվի <<Գործունեության իրականացման ծանուցման մասին>> օրենքով:

3.Սակաչափիչ սարք է ընդունվում ինչպես տվյալ ավտոմոբիլի համար ստուգաչափված ավտոմոբիլային սակաչափիչը, այնպես էլ արբանյակային տեղորոշման համակարգով (GPS, ГЛОНАСС և այլն) վազքի միավորի հիման վրա փոխադրավարձը հաշվարկող ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքը:

4.Կանոնակարգվում է 6-ից 8 տեղանոց թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեությունը:

5.Ֆիզիկական անձանց լիցենզավորման պահանջ է սահմանվում թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում չլինելու հանգամանքը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված առողջական վիճակի պարտադիր նախնական բժշկական զննություն անցնելը:

  1. Կանոնակարգվում են օդանավակայանների, ավտոկայարանների, ավտոկայանների և միջմարզային երթուղիները սպասարկող երթակարգավարական կետերի տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը:

7.Պարտադիր պայման է սահմանվել, որ 30 և ավելի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները ունենան հաշմանդամների համար նախատեսված մեկ հատ տրանսպորտային միջոց:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենսդրական փաթեթով պետական տուրքի մասով հավասար պայմաններ կստեղծվեն տաքսի ծառայություններ մատուցողների համար: Կկանոնակարգվի էլեկտրոնային հարթակներով տաքսու ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա ոլորտի վերահսկողության մակարդակը, անվտանգությունն ու սպասարկման որակը: Կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները:

  • Քննարկվել է

    29.04.2020 - 14.05.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13906

Տպել

Առաջարկներ`

Վանիկ Մարգարյան

14.05.2020

Առաջարկում ենք օրենքի նախագծի տեքստում շարադրել երկուսից մեկը՝ - թույլատրել «F» լիցենզիայի լիցենզավորված անձանց պատվերներ ստանալ օնլայն հարթակներից: Ընդ որում հարթակների վրա դնել պարտականություն՝ պարբերաբար ստուգել ավտոմեքենաների համապատասխանությունը պահանջներին (որակի հեռավար վերահսկողություն) և վարորդների մոտ լիցենզիայի առկայությունը (այստեղ անհրաժեշտ է լիցենզիա տրամադրող մարմնի հետ API ինտեգրացիա): Ովքեր չունեն լիցենզիա և/կամ ում ավտոմեքենան չի համապատասխանում պահանջներին՝ օնլայն հարթակներից պատվերներ չեն փոխանցվելու: ԿԱՄ - նախագծում լրացուցիչ ներառել «O» տիպի լիցենզիա (օնլայն) – բոլոր վարորդների համար, ներառյալ ֆիզիկական անձինք, ովքեր ցանկանում են պատվերներ վերցնել օնլայն հարթակներից. բայց այդ դեպքում պետք է ամսական վճարեն պետական տուրք (առաջարկում ենք 2,5 հազար դրամ ամսական օնլայն վճարմամբ ամբողջ երկրում/ կամ 5 հազար՝ Երևանի համար և 1,5 հազար՝ այլ քաղաքների համար – հաշվի առնելով եկամուտների տարբերությունը): Ընդ որում ավտոմեքենաների նկատմամբ պահանջները կարելի է դարձնել նույնական «F» լիցենզիայի հետ: Երկու դեպքում էլ օպերատիվ կերպով (մեկ օրվա ընթացքում կամ ավելի արագ) պատրաստ ենք լուծել լիցենզիայից զրկված վարորդների՝ պատվերների անջատման խնդիրը: Կամ անջատել և մուտք լինելուց ստուգել լիցենզիայի առկայությունը: Այդ նպատակով պատրաստ ենք օգնել լիցենզիաների օնլայն ռեեստրի ստեղծման գործում, որտեղից հարթակները կարող են իրական ժամանակի ռեժիմում ստանալ տեղեկատվություն լիցենզիայի վավերականության մասին (իրականացվել է Մոսկվայում, որտեղ պատվերների անջատումը տևում է 1 ժամից պակաս): Ընդհանուր առմամբ, գտնում ենք, որ ապագայում տվյալ ոլորտում արդար հարկման խնդրին կհամապատասխաներ «F» լիցենզիայի լիցենզավորված անձանց օնլայն հարթակների միջոցով պատվերներ ստանալու իրավունքը՝ նրանցից համապատասխան գումարի հետագա վճարմամբ հօգուտ բյուջե կամ յուրաքանչյուր պատվերից հետո (օնլայն-անդորրագրեր), կամ համապատասխան ժամանակահատվածի ավարտմամբ (ամիս կամ կես տարի): Վճարման գումարը կհաշվարկվեր կախված վարորդի եկամուտից, այլ ոչ թե կլիներ նույնը բոլորի համար «О» տիպի լիցենզիայի դեպքում: Սակայն այս մոտեցման իրագործումը կպահանջի շատ ժամանակ և ռեսուրս ինչպես պետության, այնպես էլ բիզնեսի կողմից: Յանդեքս.Տաքսի ներկայացուցիչ Վ. Մարգարյան

Taxitradeunion

14.05.2020

Միջազգային փորձի ուսւմնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր առաջատար եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում պետությունը իր վրա է վերցնում այս ոլորտում ձևավորվող սակագների կարգավորման գործառույթը: Այդ կարգավորումը տարբեր երկրներում իրականացվում է հիմնականում երեք եղանակով՝ 1. տարբեր հաշվարկային մեթոդներով ձևավորվող սակագների առավելագույն շեմի հաստատելով, կամ այդ շեմը սահմանափակելով (Իռլանդիա, Նիդեռլանդներ, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա), 2. սակագնի հաշվարկման միասնական համակարգի կիրառմամբ (Դանիա, Իտալիա), 3. միասնական սակագնի հաստատում լիազոր մարմնի կողմից (Ֆրանսիա, Չեխիա, Գերմանիա, Հունգարիա, ԱՄՆ): Մենք առաջարկում ենք Հայաստանի Հանրապետությունում ներդնել մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ծառայությունների սակագների հաշվարկման միասնական համակարգ: Սա կհավասարեցնի դաշտը այսպես կոչված «օնլայն» տաքսի ծառայությունների, անհատ տաքսու վարորդների և «դասական» տաքսի ծառայությունների միջև՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ: Ուղեվարձի սակագնի հաշվարկման միասնական համակարգը նախատեսում է, որ սակագինը բաղկացած լինի երկու բաղադրիչից՝ 1. նստելավարձ 2. մեկ կիլոմետրի համար նախատեսած սակագին: Բոլոր շահագրգիռ կողմերի քննարկումների արդյունքում օրենսդրորեն սահմանել միասնական նստելավարձի չափը, որից հետո ամեն կիլոմետրի համար՝ սկսած առաջին իսկ կիլոմետրից, կգանձվի վարորդի կամ տաքսի ծառայության կողմից սահմանված սակագին 1 կիլոմետրի համար: Ընդ որում՝ պետք է թույլատրվի առավելագույնը երկու սակագին` նախատեսված ներքաղաքային և միջքաղաքային ուղևորափոխադրումների համար, որոնք երկուսն էլ, ինչպես նաև սպասելավարձի պայմանները պետք է փակցված լինեն ուղևորների համար տեսանելի վայրում: Որպեսզի սակագները հնարավոր չլինի փոխել ինքնուրույն, դրանք պետք է ներբեռվեն և վերահսկվեն ստուգաչափման ժամանակ Չափագիտության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից: Սակագնի հաշվարկման միասնական համակարգի ներդրումը պետք է դիտարկել նաև սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության տեսանկյունից: Դա պարզեցնում և հստակեցնում է փոխհաշվարկները և բացառում է ներկայիս գործող սակագների խայտաբղետությունը: Առաջարկում ենք լիցենզիա տրամադրել նաև արտասահմանյան վարորդական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին և ՀՀ-ում օրինական աշխատելու իրավունք ունեցող արտերկյա քաղաքացիներին: Լիցենզիա տրամադրելիս սահմանել վարորդական ստաժի ցենզ` 3-5 տարի: Կարծում ենք, որ պետական տուրքի դրույքաչափերը պետք է տարբերակված լինեն. մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների միայն պատվերների (էլեկտրոնային հարթակներով կամ այլ միջոցներով) ձևակերպում և փոխանցում իրականացնող կազմակերպությունների համար ըստ դրանց ծառայություններից օգտվող անձանց քանակի, իսկ անհատ ձեռնարկատերերի համար`ըստ գրանցման վայրի:

Taxitradeunion

14.05.2020

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի` 2-րդ մասը առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2. Մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն ՝ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար ստուգաչափված ավտոմոբիլային սակաչափիչով կամ արբանյակային տեղորոշման համակարգով (GPS, ГЛОНАСС և այլն) վազքի միավորի հիման վրա փոխադրավարձը հաշվարկող ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքով»: Հայաստանի Հանրապետությունը, լինելով «МОЗМ» (Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպություն), «МГС» (Ստանդարտների, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ) և «COOMET» («Չափագիտության ազգային հաստատությունների Եվրասիական համագործակցություն») միջազգային կազմակերպությունների անդամ, միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի համաձայն, ինչպես նաև ՀՀ-ի կողմից այդ շրջանակներում ստանձնած պարտավորություններից ելնելով, այդ կազմակերպությունների պահանջների և առաջարկությունների համաձայն, մշակել և ընդունել է «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 29 հունվարի 2016 թվականի N 60-Ն «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», 11 փետրվարի 2016 թվականի N 113-Ն «ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,13 փետրվարի 2020 թվականի N 151-Ն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշումները: Ընդ որում այդ օրենքի 13 հոդվածում հստակ նշված է, որ գնորդի և վաճառողի միջև առևտրային գործողությունները և՛ արտադրողի, և՛ իրացնողի միջև հաշվարկները գտնվում են օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում: ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ կառավարության 13 փետրվարի 2020 թվականի N 151-Ն որոշման մեջ 6-րդ սյունակում որպես օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոց նշված է «ավտոմոբիլային սակաչափիչ», իսկ կառավարության 29 հունվարի 2016 թվականի N 60-Ն «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման մեջ նշված է` 37) մարդատար-տաքսի ավտոմոբիլի սակաչափիչ (այսուհետ՝ սակաչափիչ)` ազդանշանի գեներատորի համակցությամբ աշխատող սարք, որը չափման միջոց է։ Սարքը չափում է ուղևորության տևողությունը, հաշվում է անցած հեռավորությունը՝ հեռավորության ազդանշանային գեներատորից ստացված ազդանշանի հիման վրա, այն նաև հաշվում և ցուցադրում է ուղեվարձը՝ անցած հաշվարկված հեռավորության և (կամ) ուղևորության չափված տևողության հիման վրա: Իսկ «VIII. ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑ-07 ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԻ ՍԱԿԱՉԱՓԻՉ» հստակ սահմանված են ավտոմոբիլային սակաչափիչներն ներկայացվող պահանջները, պայմանները և նրանց տեխնիկական բնութագրերը: Սա նշանակում է, որ ուղևորափոխադրումներ կատարող մարդատար տաքսի ավտոմեքենաներում տաքսու վարորդի և ուղևորի միջև հաշվարկներում պարտադիր պետք է կիրառվեն տաքսու սակաչափիչներ, որոնք պարտադիր պետք է ենթարկվեն չափագիտական հսկողության և վերահսկողության: Չկա որևէ երկիր (նույնիսկ ամենազարգացած), որտեղ տաքսու վարորդի և ուղևորի միջև որպես փոխհաշվարկի միջոց կիրառվի որևէ այլ սարք՝ տաքսու սակաչափիչից բացի: Եվ այդ սակաչափիչները պարտադիր հանդիսանում են չափագիտական հսկողության և վերահսկողության օբյեկտ: Դրա հիմնական պատճառներից է այն, որ բացի տաքսու սակաչափիչներից՝ կիրառվող բջջային հեռախոսների և տաբլեթների ներբեռնած համապատասխան ծրագրային հավելվածները չեն կարող ենթարկվել չափագիտական հսկողության և վերահսկողության: Այսինքն՝ հնարավոր չէ որպես չափման միջոց հաստատել դրանց տեսակը, գրանցել չափման միջոցների տեսակի հաստատման պետական ռեգիստրում, հնարավոր չէ նաև դրանք ստուգաչափել, կարգաբերել և իրականացնել դրանց հանդեպ չափագիտական վերահսկողություն: Պետությունը և սպառողը հույսը պետք է դնեն այդ ծրագրերի հեղինակների, կիրառողների և օգտագործողների բարի կամքի վրա, ինչը սկզբունքորեն անթույլատրելի է, անտրամաբանական և անօրեն: Չափագիտությունը դեռևս չի լուծել արտաքին հարթակներից ծրագրվող չափումներ կատարող սարքերի (խոսքը չի գնում միայն տաքսու սակաչափիչների մասին) հանդեպ չափագիտական հսկողության և վերահսկողության խնդիրը, և այդ պատճառով տվյալ սարքերը ոչ մի պետությունում չի թույլատրվում օգտագործել չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում: Բացի դրանից՝ մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ կատարող վարորդները, համացանցային (ինտերնետային) կապի միջոցով (էլեկտրոնային հարթակներով կամ այլ միջոցներով) պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների պատվերների հետ մեկտեղ կատարում են նաև հեռախոսային և ռադիո կապի միջոցով ընդունված պատվերները, ինչպես նաև սպասարկում են փողոցում կանգնած ուղևորներին, իսկ քանի որ այդ դեպքերում պատվերները համացանցային (ինտերնետային) կապի միջոցով պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կողմից ձևակերպված չեն, վարորդները չեն կարող օգտվել նրանց համապատասխան ծրագրային հավելվածներից: Հետևաբար այդ ուղևորներին պատշաճ սպասարկելու համար տաքսի մեքենաները, միևնույն է, պետք է կահավորված լինեն տաքսու սակաչափիչներով: Բացի դրանից՝ տաքսու սակաչափիչներով կահավորված մեքենաների վարորդները պարտավոր են, համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի, տարին մեկ անգամ սակաչափիչները ներկայացնեն ստուգաչափման «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ՝ վճարելով ստուգաչափման համար սահմանված գումար, իսկ բջջային հեռախոսների և տաբլեթների ներբեռնած համապատասխան ծրագրային հավելվածները, ինչպես արդեն նշվեց, ենթակա չեն ստուգաչափման: Հետևաբար վարորդները հայտնվում են անհավասար կարգավիճակում: Անհրաժեշտ ենք գտնում նշել նաև, որ օրենքում նշված «արբանյակային տեղորոշման համակարգով (GPS, ГЛОНАСС և այլն) վազքի միավորի հիման վրա փոխադրավարձը հաշվարկող ծրագրային հավելվածներով ներբեռնված էլեկտրոնային սարքերից» օգտվելը արգելվում է ՃԵ կանոններով:Չափազանց վտանգավոր է ընթացքի ժամանակ պատվերների հաստատումը և դեպի ուղևոր երթուղին որոնելը և հաստատելը: Կարևոր է նշել նաև, որ համացանցային (ինտերնետային) կապի միջոցով պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների ծառայություններից օգտվելը տաքսու վարորդների համար առաջացնում է մի շարք խնդիրներ կապված աշխատանգի անվտանգության և պաշտպանության հետ, որոնք կարգավորված չեն այս օրենքի նախագծով: Խոսքը գնում է աշխատանքային ժամերի տևողությանը, սակագնային քաղաքականությանը, ուղևորների (օրինակ `վճարումների և պատվերից հրաժարվելու դեպքերի) հետ ծագած խնդիրների կարգավորումները և այլն: Մենք տեսնում ենք նաև բազմաթիվ չլուծված խնդիրներ այդ հավելվածների ճիշտ աշխատանքի հետ կախված եղանակային պայմաններից և տեղանքից: Ինչպես նաև կան խնդիրներ կապված ուղևորների համար հավելվածների տեղեկատվականության հետ:

Տեսնել ավելին