Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) մշակման անհրաժեշտությունը բխում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում պատշաճ վերահսկողության իրականացման, այդ թվում՝ այդ ոլորտում անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:

 

Ընթացիկ վիճակը

Բնակչության առողջության ապահովման տեսանկյունից հասարակական զուգարաններին ներկայացվող պահանջների կատարումը կարևորում է ամբողջ միջազգային հանրությունը։ Աշխարհում գործում է Զուգարանային համաշխարհային կազմակերպություն ԶՀԿ (անգլ.՝ World Toilet Organization (WTO)), որը զվաղվում է զուգարանարային սանիտարիայի հարցերով։ ԶՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի նոյեմբերի 19-ին Ջեք Սիմի կողմից Սինգապուրում։ Ստեղծման պահից ի վեր միավորել է կառավարություններին, գիտական շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը, բազմակողմանի հաստատություններին և մասնավոր հատվածին՝ նպատակ ունենալով սանիտարական ոլորտում հաղթահարել համաշխարհային ճգնաժամը և գտնել նորարարական կայուն լուծումներ: 2018 թվականի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է սանիտարիայի և առողջապահության վերաբերյալ զեկույց, որում կոչ է անում երկրներին ներդրումներ կատարել սանիտարական ոլորտում, սահմանափակել հիվանդությունների տարածումը և նպաստել առողջության պահպանմանը և տնտեսական արտադրողականությանը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում սանիտարական ստուգումները իրականացվում են առողջապահության վարչության կողմից, որի տեսուչները ստուգումները կատարում են համապատասխան ստուգաթերթով։ Եթե հաստատությունում մի քանի կետով խախտումները գերազանցվում են օր՝. 28 կետը կամ ավելին, կամ տեսուչի կողմից կատարված 3 այցի ընթացքում այդ խախտումները չեն շտկվել, ապա հաստատությունը ժամանակավորապես կարող է փակվել։ Փակվելուց հետո տեսուչը հաստատության պատուհանին փակցնում է պիտակ վարչության լոգոտիպով և համապատասխան նշաններով։

2019 թվականի ընթացքում տեսչական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հարուցվել է հասարակական զուգարանների ոչ պատշաճ վիճակի վերաբերյալ 620 վարչական վարույթ: Այդ վարչական վարույթների արդյունքում 330 ԱԳԼՃԿ-ների  նկատմամբ  կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ 255-ի նկատմամբ որպես վարչական տույժ կիրառվել է տուգանքը: 100 ԱԳԼՃԿ-ներում տեղակայված հասարակական զուգարանները սանիտարական օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու կարգադրագրեր են տրվել: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, տեսչական մարմնի կողմից հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս՝ խախտումները վերացնելու հանձնարարական տալը կամ տուգանք նշանակելը բավարար գործիքներ չեն բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման տեսանկյունից, հատկապես երբ տեսչական մարմնի կողմից մեկ անգամ արդեն տրվել է խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական, և սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ, սակայն տնտեսավարող սուբյեկտը չի վերացրել խախտումները: Նման դեպքերում տնտեսավարող սուբյեկտը, ըստ էության, շարունակում է իր գործունեությունը, որը վտանգ է ներկայացնում քաղաքացիների առողջության համար:

Տեսչական մարմնի կողմից գործնականում վերահսկողության գործառույթի արդյունավետ և օպերատիվ իրականացման նպատակով անհրաժեշտ է, որ տեսչական մարմինն ինքնուրույն իրականացնի սանիտարահիգիենիկ փորձաքննության ու լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով նմուշառումը և գործիքային չափումները:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով: ՀՀ Սահմանադրության նշված դրույթներից հետևում է, որ պետական կառավարման համակարգի մարմնի (այսինքն՝ նաև տեսչական մարմնի) լիազորությունները սահմանվում են միայն օրենքով: Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում օրենքով սահմանել տեսչական մարմնի կողմից իր վերահսկողական գործառույթի իրականացման համար անհրաժեշտ վերոնշյալ լիազորությունը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի  25-րդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրերը, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով չապահովելը առաջացնում է վարչական պատասխանատվություն, իսկ օրենսգրքի 2382-րդ հոդվածի համաձայն՝ նշված գործերը քննում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, սակայն ակնհայտ է, որ գործառույթը սննդամթերքի անվտանգությանը ուղղակիորեն չի առնչվում (հատկապես ԱԳԼՃԿ-ներում կամ նմանատիպ վայրերում)։ Մինչդեռ, Կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1071-Ա որոշման 1-ին կետի համաձայն՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորոտւմ վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնինը, ուստի անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն իրականացնել օրենսգրքում՝ 158-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսված իրավախախտումները քննելու իրավասությունը վերապահելով այս տեսչական մարմնին:

 

Կարգավորման նպատակը

Նախագծերի ընդունման նպատակն է հստակորեն սահմանել հասարական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահաջները խախտելու դեպքում ստուգվող սուբյեկտի գործունեության կասեցման տեսչական մարմնի լիազորությունը և այդ լիազորության իրականացման կարգը: Միևնույն ժամանակ քաղաքացիների առողջության և հիգիենիկ անվտանգության ապահովման կարևորությամբ պայմանավորված՝ տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի գործունեության ամբողջ ծավալով  կասեցումը պետք է ենթակա լինի անհապաղ կատարման, իսկ այդ որոշման բողոքարկումը՝ չկասեցնի դրա կատարումը:

Նախագծերի ընդունման նպատակը նաև Առողջապահական և աշխատանքի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների լիազորությունների հստակեցումն է:

 

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման դեպքում օրենքով կնախատեսվի տեսչական մարմնի լիազորությունը՝ ամբողջ ծավալով կասեցնելու տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը՝ մինչև վերջինիս կողմից հասարակական զուգարաններին ներկայացվող սանիտարական պահանջների կատարման ապահովումը:Ընդ որում, քաղաքացիների առողջության և հիգիենիկ անվտանգության ապահովման կարևորությամբ պայմանավորված, որպեսզի ստուգվող տնտեսավարող սուբյեկտի գործունեությունըկասեցնելու մասին  որոշման բողոքարկումը չկասեցնի այդ որոշման կատարումը՝այդ որոշումը պետք է ենթակա լինի անհապաղ կատարման՝ ելնելով հանրային շահերի ապահովման անհրաժեշտությունից: Նշվածը բխում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից և վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից, որոնց համաձայն՝ վարչական ակտի բողոքարկումը (համապատասխանաբար վարչական և դատական կարգով) չի կասեցնում դրա կատարումը օրենքով նախատեսված այն դեպքերում, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:

 Միևնույն ժամանակ Նախագծերի ընդունման դեպքում օրենքով կնախատեսվի բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ փորձաքննության ու լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով նմուշառում և գործիքային չափումներ կատարելու տեսչական մարմնի լիազորությունները: Նախագծերով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ 25-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումները քննելու իրավասությունը կվերապահվի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։

 

Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

  • Քննարկվել է

    27.04.2020 - 12.05.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7200

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

02.05.2020

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ մԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող նոր՝ 7,1 հոդվածի 1-ին մասից հետևում է, որ պահանջներին չհամապատասխանող զուգարանի առկայության պայմաններում կարգադրագրով սահմանված կամ տրված ժամկետում ենթադրվում է թերությունների վերացման և զուգարանը պատշաճ վիճակի բերելուն ուղղված փաստացի ընդունված վարչական ակտի դեպքում պահանջներին չհամապատասխանող զուգարան ունեցող օբյեկտը որոշակի ժամանակ դեռևս շարունակելու է գործել, ինչը հակասում է տրամաբանությանը և ողջամտությանը. ստացվում է իրավիճակ, որ զուգարանին ներկայացվող որոշակի պահանջների անհամապատասխանության հայտնաբերման դեպքում նման օբյեկտի գործունեությունը կարող է կասեցվել միայն կարգադրագրով զուգարանի պահանջների անհամապատասխանությունը չվերացնելու մասին պահանջը չկատարելու դեպքում, այն էլ վարչական ակտով խախտումը վերացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո և լրացուցիչ վարչարարություն և ժամանակ պահանջող գործողություններ կատարելու արդյունքում, իսկ մինչ այդ տնտեսավարողի հակահիգիենիկ գործունեությունը կարող է շարունակվել: Միանշանակ է, որ օրենքի մակարդակով պետք է հստակ և իմպերատիվ սահմանվի, որ արգելվում է զուգարաններին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող օբյեկտների գործունեությունը, իսկ վերահսկող մարմինը նման օբյեկտներ հայտնաբերելիս պարտավոր է կասեցնել դրանց գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը, որի համար անհրաժեշտ ժամկետը պետք է միանշանակ համաձայնեցվի տնտեսավարողի հետ: Նույն՝ 7,1 հոդվածի 3-րդ մասում հաշվի առնել, որ <<Վարչարարության և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով զննումների իրականացման կարգ սահմանված չէ, այն սահմանված չէ նաև այլ օրենքով, հետևաբար պարզ չէ, թե զննումը ինչպես և ինչ ընթացակարգով է կատարվելու՝ հաշվի առնելով նաև այն, որ պետական վերահսկողությունը, որպես գործողություն, դրա իրականացման հիմքերը, պայմաններն ու կարգը պետք է սահմանվեն օրենքով: Հաշվի առնել նաև, որ հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները հաստատող ՀՀ առողջապահության նախարարի 2009թ 06-Ն հրամանը վաղուց իրավական ուժ չունի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով համարվում է ուժը կորցրած, ընդ որում, նախաբանում նշված օրենքի 4-րդ հոդվածով նման պահանջներ հաստատելու լիազորություն առողջապահության նախարարին վերապահված չեն, իսկ ՀՀ կառավարության 2002թ 1316-Ն որոշումը վաղուց ուժը կորցրած է ճանաչվել: <<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածը խնդրահարույց է, հակասում է <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող 7,1 հոդվածի 1-ին մասին, քանի որ ՎԻՎ օրենսգրքի 158-րդ հոդվածի 25-րդ մասում նշված են միայն առևտրի իրականացման վայրերը, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը, այնինչ 7,1 հոդվածում նշված օբյեկտների շրջանակն ավելի մեծ է, հետևաբար Վիվ 158-րդ հոդվածի 25-րդ մասի հիմքով՝ իրավակիրառություն և զուգարանների կասեցման մասով գործողություն կարող է լինել միայն առևտրի իրականացման վայրերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերի նկատմամբ, իսկ 7,1 հոդվածում նշված մյուս օբյեկտների նկատմամբ որևէ գործողություն կամ վարչական միջամտող ակտ չի կարող լինել, քանի որ չկա իրավական հետևանքը:

Տեսնել ավելին