Հիշել նախագիծը

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածն ամրագրում է առ այն, որ քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունն օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Նշված կարգավորումից զատ՝ Օրենքի 48-րդ հոդվածը նախատեսում է այն անձանց կամ մարմինների ցանկը, որոնք առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն: Համանման կարգավորում է նախատեսված նաև Քրեակատարողական օրենսգրքում՝ պատիժը կատարելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունքի մասով:

Խնդրո առարկայի առնչությամբ անհրաժեշտ է արձանագրել, որ Օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված բացառությունները վերաբերելի են միայն փաստաբաններին, Մարդու իրավունքների պաշտպանին, Պաշտպանի ներկայացուցչին, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողին, կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման պետական ծառայողներին և փորձագետներին, որոնց Պաշտպանի գրավոր որոշմամբ սահմանված կարգով և ծավալով վերապահվում են Պաշտպանի լիազորությունները:

Այսպես, «Փաստաբանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ փաստաբանն իրավունք ունի առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանյալի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման: Նույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է առ այն, որ փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ պետական մարմիններում և հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` դատական մարմիններում: Պետական և դատական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են երաշխավորել ազատության սահմանափակման կամ ազատությունից զրկման վայրում գտնվող անձի հետ Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի անարգել և խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունը:

Արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրամանի հավելվածի 68-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր անձի մուտքը հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս իրականացվում է սահմանված կարգով տրված թույլտվության հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց և տվյալ հիմնարկի ծառայողների ու վարձու աշխատողների: Հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտքի և ելքի իրավունքը չի ենթադրում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ տեսակցություն ունենալու իրավունք:

Ասվածից հետևում է, որ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունքը ենթադրում է միայն առանց հատուկ թույլտվության քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտքի և ելքի իրավունքը: Ըստ այդմ, վերջինս չի ընդգրկում անարգել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցություն ունենալու իրավունք, եթե առկա է տեսակցությունն արգելելու վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում: Հետևաբար, քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ տեսակցությունն արգելելու վերաբերյալ որոշման առկայության պայմաններում ազատազրկման վայր մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց չի թույլատրվում տեսակցել կալանավորված անձի հետ:

Հատկանշական է, որ գործող օրենսդրությամբ արդեն իսկ առկա են հստակ կառուցակարգեր, որոնք միտված են երաշխավորելու ազատությունից զրկված անձանց իրավունքների ենթադրյալ խախտումների հայտնաբերումն ու հետագա կանխումը:

Օրենքի մակարդակով առանձնացվել է սուբյեկտային այնպիսի կազմ, որի դեպքում գործնականում հնարավոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց իրավունքի ցանկացած խախտման բացահայտումն ու դրա ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը: Սուբյեկտային նշված կազմում ընդգրկելով Պաշտպանին և փաստաբանին՝ օրենսդիրը հիմքում կարծես թե դրել է այն հանգամանքը, որ նշված անձինք անմիջականորեն (ոչ միջնորդավորված եղանակով) կարող են ապահովել ենթադրյալ խախտման դեպքի հետագա ընթացքը: Այլ կերպ՝ մի դեպքում՝ ազատությունից զրկված անձի փաստաբանը, լինելով իր վստահորդի շահերի պաշտպանը, վստահորդի անունից լիազորված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են խախտված իրավունքների վերականգնմանը, իսկ մյուս դեպքում՝ Պաշտպանը Սահմանադրական օրենքով իրեն վերապահված լիազորությունների ուժով կարող է բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման արդյունքում արձանագրել մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում:

Այդուհանդերձ, անհրաժեշտ է հստակեցնել Օրենքի 48-րդ հոդվածում նշված  անձանց կողմից ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք և ելք ունենալու իրավունքի սահմանները՝ որոշակիացնելով նման իրավունք ունեցող անձանց գործողությունների շրջանակը, այդ թվում՝  ձերբակալված և կալանավորված անձանց ֆիզիկապես տեսնելու  և նրանց հարցեր տալու հնարավորությունը՝ այդ վայրերում պահման պայմաններին ծանոթանալու և հնարավոր վատ վերաբերմունքի դեպքերը բացահայտելու համատեքստում:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է հստակեցնել Օրենքի 48-րդ հոդվածում նշված  անձանց կողմից ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք և ելք ունենալու իրավունքի սահմանները այն դեպքում, երբ առկա է ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում: Նախատեսվում է երկու ռեժիմ.

  • Եթե առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին, Օրենքի 48-րդ հոդվածում նշված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող են բացառապես հաղորդակցվել ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ: Հաղորդակցությունը չի կարող իրականացվել մեկուսի:
  • Եթե առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին, Օրենքի 48-րդ հոդվածում նշված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող են տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց քրեական վարույթն իրականացնող մարմնին դիմելու և թույլտվություն ստանալու դեպքում: Տեսակցության թույլտվություն տրամադրելը մերժվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի պատճառաբանված որոշմամբ։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ, իրավական որոշակիության սկզբունքին համահունչ, կհստակեցվի Օրենքի 48-րդ հոդվածում նշված  անձանց կողմից ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք և ելք ունենալու իրավունքի սահմաններն այն դեպքում, երբ առկա է ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցություններն արգելելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում:  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

  • Քննարկվել է

    15.04.2020 - 30.04.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7872

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

30.04.2020

Գտնում ենք, որ քննարկման դրված Նախագծով նախատեսված կարգավորումները վտանգում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պոզիտիվ պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ՀՀ կառավարության հանձնառությունները՝ փակ հաստատություններում հանրային վերահսկողության ապահովման բնագավառում: Այսպես, Օրենքը սահմանում է ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողության պահանջ, որը ենթակա է ապահովման լիազորված համապատասխան մարմնի ղեկավարի կազմավորած հասարակական դիտորդների խմբի միջոցով (հոդված 47): Միաժամանակ, Օրենքի 48-րդ հոդվածով սահմանվում է առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը, որում ներառված են համապատասխան վայրերում հասարակական վերահսկողություն իրականացնող վերոնշյալ դիտորդները: Առաջարկվող լրացման արդյունքում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման առկայության դեպքում՝ Օրենքով սահմանափակվում է, ի թիվս այլոց, արգելանքի և կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների իրավունքը՝ մեկուսի հաղորդակցվելու, ինչպես նաև տեսակցելու ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ: Մասնավորապես, նման որոշման առկայության դեպքում սահմանվում է բացառապես ձերբակալված կամ կալանավորված անձի հետ հաղորդակցվելու իրավունքը, որն իր հերթին չի կարող իրականացվել մեկուսի, իսկ տեսակցությունը կարող է տեղի ունենալ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնին դիմելու և թույլտվություն ստանալու դեպքում: Ակնհայտ է, որ հասարակական վերահսկողության իրականացումը, ինչպես նաև դիտորդներին՝ ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայրեր անարգել մուտքի և ելքի, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց հետ անարգել, կոնֆիդենցիալ հանդիպում ունենալու իրավունքի վերապահումն ինքնանպատակ չէ. արգելանքի և կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ հասարակական վերահսկողության սահմանումը հետապնդում է առաջին հերթին խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակ, այն ունի առավելապես պրոակտիվ բնույթ, դրա իրականացումը չի կարող կախված լինել որևէ մարմնի կողմից նախնական թույլտվություն տալու հանգամանքից, ինչն ապահովում է չհայտարարված այցերի կատարման և խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի կանխման իրական հնարավորությունը: Միևնույն ժամանակ, այս նպատակների իրագործումը հնարավոր չէ առանց այդ հաստատություններում պահվող անձանց հետ կոնֆիդենցիալ հաղորդակցվելու, ինչպես նաև նրանց վերաբերող այլ տվյալների հասանելիության երաշխավորված հնարավորության: Հետևաբար, այցելություն կատարելիս համապատասխան վայրում պահվող անձի հետ տեսակցության արգելքը, դրա հնարավորության պայմանավորումը քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, ինչպես նաև մեկուսի հաղորդակցման հնարավորության բացակայությունը արգելափակում են նաև հրատապ արձագանք պահանջող դեպքերում անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերը կանխելու հնարավորությունը, իսկ հանրային վերահսկողությունը նշված դեպքերում դառնում է ձևական և անարդյունավետ: Հարկ ենք համարում արձանագրել, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունները հիմնավորվել են նաև նրանով, որ Օրենքի մակարդակով արդեն իսկ առանձնացվել է սուբյեկտային այնպիսի կազմ, որի դեպքում գործնականում հնարավոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց իրավունքի ցանկացած խախտման բացահայտումն ու դրա ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը: «Սուբյեկտային նշված կազմում ընդգրկելով Պաշտպանին և փաստաբանին՝ օրենսդիրը հիմքում կարծես թե դրել է այն հանգամանքը, որ նշված անձինք անմիջականորեն (ոչ միջնորդավորված եղանակով) կարող են ապահովել ենթադրյալ խախտման դեպքի հետագա ընթացքը: Այլ կերպ՝ մի դեպքում՝ ազատությունից զրկված անձի փաստաբանը, լինելով իր վստահորդի շահերի պաշտպանը, վստահորդի անունից լիազորված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են խախտված իրավունքների վերականգնմանը, իսկ մյուս դեպքում՝ Պաշտպանը Սահմանադրական օրենքով իրեն վերապահված լիազորությունների ուժով կարող է բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման արդյունքում արձանագրել մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում:»: Պետք է նշել, որ վերոգրյալ փաստարկն անհիմն է և չի կարող դրվել ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերում հասարակական վերահսկողության սահմանափակման հիմքում: Ավելին, վերոնշյալ սուբյեկտները ևս միջնորդավորված եղանակով են հնարավորություն ունենում ապահովելու համապատասխան անձանց իրավունքների վերականգնումը, ինչպես նաև խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերի կանխումը: Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանը այլ իրավասու պետական մարմինների միջոցով (համապատասխան առաջարկություն ներկայացնելով) է փորձելու հասնել արձանագրված խախտման վերացմանը, իսկ փաստաբանը՝ համապատասխան մարմիններին դիմումներ ներկայացնելու եղանակով: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման նպատակով փակ հաստատություններում արդյունավետ հանրային վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը՝ կոչ ենք անում ՀՀ արդարադատության նախարարությանը հրաժարվել հասարակական դիտորդներին առնչվող իրավակարկարգավորումներից՝ փոխարենը Օրենքով բացառելով ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ հասարակական դիտորդների խմբի անդամների տեսակցությունների որևէ սահմանափակման հնարավորությունը: Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ ԲՀՀ-Հայաստան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Փաստաբաններ Ռոբերտ Ռևազյան Կարեն Թումանյան

Hasmik Mikayelyan

17.04.2020

Առաջարկություն ՀՀ ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ: Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասում «Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից ձերբակալված և կալանավորված անձանց հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենքով սահմանված` ձերբակալված և կալանավորված անձանց տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:» նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններ. 48-րդ հոդվածի 4-րդ մասում «Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից ձերբակալված և կալանավորված անձանց հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենքով սահմանված` ձերբակալված և կալանավորված անձանց տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:» նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններԵթե առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ տեսակցությունն արգելելու մասին, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող են տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց քրեական վարույթն իրականացնող մարմնին դիմելու և թույլտվություն ստանալու դեպքում: Տեսակցության թույլտվություն տրամադրելը մերժվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի պատճառաբանված որոշմամբ։» Այստեղ քանի որ ասվում է, որ տեսակցության թույլտվությունը կարող է մերժվել քրեական վարույթն իրականացնող մարմնի պատճառաբանված որոշմամբ, տրամաբանական կլինի այն, որ սույն հոդվածով 2-րդ մասով նախատեսված անձանց տեսակցության համար դիմումը լինի պատճառաբանված և հիմնավորված, որպեսզի քրեական վարույթ իրականացնող մարմինը տեսակցության թույլտվություն տրամադրելու մերժումը պատճառաբանի դիմումում առկա հիմքերից ելնելով :Այս կարգավորումը թուլյ կտա քրեական վարույթ իրականացնող մարմնին զերծ մնալ դիմումը մերժելու պատճառաբանության հայեցողական պարտականությունից:

Տեսնել ավելին