ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» ___________ 2020 թվականի N___- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «զ» պարբերությունը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N1 և N2 հավելվածների:
- Սահմանել, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի 1098 «Բնակարանային ապահովում» ծրագրի 12001 «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում նախատեսված 3,000,454.0 հազ. դրամից՝
1) 2,067,643.5 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին, որից՝
ա. 2,018,686.8 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում Ծրագրի շահառու ճանաչված թվով 152 ընտանիքների համար բնակելի տների կառուցման նպատակով,
բ. 48,956.7 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և գյուղական բնակավայրերում Ծրագրի շահառու ճանաչված թվով 9 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով,
2) 812,972.5 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին, որից՝
ա. 794,653.0 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում Ծրագրի շահառու ճանաչված թվով 55 ընտանիքի համար բնակելի տների կառուցման նպատակով,
բ. 19,319.5 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և գյուղական բնակավայրերում Ծրագրի շահառու ճանաչված թվով 4 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար,
3) 118,838.0 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ մարզի գյուղական բնակավայրերում Ծրագրի շահառու ճանաչված թվով 8 ընտանիքի համար բնակելի տների կառուցման նպատակով:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի՝
1) 1-ին ենթակետի «ա» պարբերության, 2-րդ ենթակետի «ա» պարբերության և 3-րդ ենթակետի համաձայն հատկացվող միջոցները հանդիսանում են պետական բյուջեից Ծրագրի շահառուներին հատկացվող կապիտալ դրամաշնորհներ, որոնք տնօրինվում են սույն որոշմամբ սահմանված պայմաններով,
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գումարների շրջանակներում բնակելի տների կառուցման ժամանակ կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքների համար՝ տեխնիկատնտեսական հիմնավորումներից ելնելով, ավարտին է հասցվում այդ կիսակառույց բնակելի տների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշման N1 հավելվածում ընդգրկված գույքերի մասով) շինարարության ավարտումը, իսկ մնացած ընտանիքների մասով կառուցվում են նոր բնակելի տներ:
3) 1-ին ենթակետի «ա» պարբերության, 2-րդ ենթակետի «ա» պարբերության և 3-րդ ենթակետի համաձայն իրականացվող աշխատանքները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզպետարանների (այսուհետ՝ Մարզպետարաններ) կողմից՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն) աջակցությամբ՝ վերջինիս համաձայնությամբ, Մարզպետարանների և Կենտրոնի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված պայմանագրում ամրագրվում են հետևյալ պարտադիր պայմանները՝
1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում, 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում և 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ֆինանսավորումը Մարզպետարանների կողմից իրականացվում է Կենտրոնին փուլային մոտեցմամբ փոխանցելու եղանակով, որից 20 տոկոսը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ մնացած մասը՝ ոչ ուշ, քան 2021 թվականի նոյեմբերի 30-ը՝ համաձայն Կենտրոնի կողմից ավարտված առանձին գույքային միավորների մասով կատարված աշխատանքների վերաբերյալ ըստ ժամանակահատվածի կազմված հաշվետվությունների՝ դրանք ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում,
2) շինարարական աշխատանքների կազմակերպումն իրականացվում է Կենտրոնի և Ծրագրի շահառուների միջև կնքված պայմանագրերի հիման վրա,
3) սույն որոշման համաձայն ավարտված բնակելի տների նկատմամբ Ծրագրի շահառու ճանաչված ընտանիքի անդամների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ շինարարական աշխատանքների ավարտի փաստագրումից հետո մեկամսյա ժամկետում.
4) սույն որոշման համաձայն բնակարանային պայմանները բարելաված ընտանիքների նկատմամբ սույն կետի 3-րդ ենթակետով նշված փաստագրման պահից աղետի գոտու բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են դադարեցված` դրանց կատարմամբ:
5. Սահմանել, որ սույն որոշման համաձայն շինարարությունն ավարտված բնակելի տների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության համար գանձվող վճարները կատարվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձապետարանում բացված 900013220018 հաշվեհամարին փոխանցված միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հանձնարարականներ նոտարների դեպոզիտ հաշիվներին հաշվեգրելու համար՝ հաշվի առնելով ծրագրի շահառուների բաշխվածությունն ըստ բնակավայրերի, տվյալ նոտարի կողմից սպասարկվող ընտանիքների ցուցակը և այդ ընտանիքների մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2020 թվականի մայիսի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում սույն որոշման 6-րդ կետով նշված նոտարների անվամբ առկա դեպոզիտային հաշիվներին փոխանցել որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները:
8. Սահմանել, որ սույն որոշման շրջանակներում ծրագրի շահառուներին աջակցությունը ցուցաբերվում է վճարումների ձևով, որոնք կատարվում են սույն որոշման 6-րդ կետում նշված նոտարների միջոցով՝ Ծրագրի շահառուների կողմից վկայագրի միջոցով ձեռքբերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրերի, իսկ բնակելի տների կառուցման մասով՝ Կենտրոնի կողմից ավարտված առանձին գույքային միավորների մասով կատարված աշխատանքների վերաբերյալ ըստ ժամանակահատվածի կազմված հաշվետվությունների հիման վրա Մարզպետարանների կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն:
9. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետի համաձայն նույն կետում նշված դեպոզիտային հաշիվներին փոխանցված և 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
10. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին`
1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ, 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ և 3-րդ ենթակետով նախատեսված աշխատանքներն ապահովելու նպատակով՝
ա. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ձևավորել կառուցման ենթակա բնակելի տների (այդ թվում՝ կիսակառույցների ավարտմամբ) ցանկը և տրամադրել Կենտրոնին.
բ. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված պայմանագրի կնքումը.
գ. սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հաշտվետվությունների հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գումարների փոխանցումը Կենտրոնին.
11. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և 2-րդ ենթակետի «բ» պարբերություններում նշված անձանց (ընտանիքներին)՝
ա. վկայագրերը տրամադրվում են նրանց կողմից մինչև 2020 թվականի մայիսի 10-ը համապատասխան մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա,
բ. տրամադրվող վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում 2020 թվականի դեկտեմբերի 20-ը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Վկայագրում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված.
գ. վկայագրի և դրա միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, մարզպետի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքի միջև՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա,
դ. վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցությունը տրամադրվում է նրանց կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը, բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N1402-Ն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի դրույթների համաձայն, բնակությունից ազատելու և քանդելու պայմանով՝ պահպանելով նույն որոշման նույն կետի 5.1-ին և 5.2-րդ ենթակետերի պահանջները.
ե. տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նորմաներին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված՝ վկայագիր ստացող ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) մակերեսը և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները. Սպիտակ քաղաքի համար՝ 96200 ՀՀ դրամ, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի համար՝ 101300 ՀՀ դրամ, ՀՀ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի համար՝ 84200 ՀՀ դրամ (Գյումրի և Արթիկ քաղաքներում ձևավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը), ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերի համար՝ 80733 դրամ (Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում ձևավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը):
12. Սույն որոշման համաձայն վկայագիր ստացած, սակայն սույն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերած, կամ տրամադրվող վկայագրից հրաժարված, կամ սույն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ժամկետում վկայագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին դիմում չներկայացրած անձանց (ընտանիքների) բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ սույն որոշման 2-րդ կետում նշված ծրագրի շրջանակներում պետական պարտավորությունները համարվում են դադարեցված, սակայն այդ անձանց (ընտանիքների) համար պահպանվում է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման այլ ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը:
13. Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզպետներին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը և ամենամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
14. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ եռամսյակային պարբերականությամբ ամփոփել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը:
15. Սահմանել, որ սույն որոշման համաձայն շինարարական աշխատանքներն ավարտին հասցվող կիսակառույցների նկատմամբ չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 22-րդ կետի դրույթները:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
31.03.2020 - 15.04.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 7141
Տպել