Հիշել նախագիծը

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2013 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)78-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումն ստանալու օրվանից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել Օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը։ Հայցադիմումի վերադարձման և դրա ընդունումը մերժելու օրենսդրական հիմքերի ուսումնասիրությունից բխում է, որ դրանցով առկա չեն հայցադիմումի բովանդակության և հիմնավորվածության վերաբերյալ պահանջներ, այլ բավարար է հայցադիմումի ձևի նկատմամբ կիրառելի նվազագույն պայմանների բավարարումը։

Համաձայն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի[1] վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ հետևյալ 4 դեպքերի.

1) վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.

2) վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից.

3) վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ.

4) վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ:

Վերոնշյալ դատավարական նորմերի կիրառությունը բազմաթիվ դեպքերում հանգեցնում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց կողմից իրենց իրավունքների չարաշահման՝ ի հաշիվ վարչական ակտի հասցեատիրոջ իրավունքների և օրինական շահերի, ինչպես նաև վարչարարության տնտեսավարության սկզբունքի[2] խախտման։ Մասնավորապես, համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված տեղեկատվության՝ 2020 թվականի մարտի 13-ի դրությամբ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական դատարանում վիճարկվում է Երևան քաղաքի տարածքում ավելի քանի 125 հազար քառակուսի մետր ընդհանուր կառուցապատման մակերեսով շինարարական թույլտվություն։ Բացի դատարաններում արդեն իսկ վիճարկվող շինարարական թույլտվություններից, Հայաստանի Հանրապետության խոշոր համայքները կրում են բաց թողնված օգուտների ձևով վնասներ, քանի որ օրենսդրական խնդրի պատճառով կառուցապատման գործունեությունը որակվում է որպես ռիսկային պոտենցիալ ներդրողների կողմից։ Ըստ դատավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և կառուցապատմամբ զբաղվող կազմակերպությունների շրջանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված հարցումների՝ նշված դատական գործերը շատ դեպքերում բաղկացած են առերևույթ անհիմն և կեղծ հայցադիմումներից, որոնցով հայցվորները չունեն օրինական շահ գործի ելքում, այլ հետապնդում են այլ, որոշ դեպքերում ոչ իրավաչափ նպատակներ։

Միևնույն ժամանակ, նշված գործերով ՀՀ վարչական դատարանի դատավորները չունեն հնարավորություն՝ ապահովելու վարչական ակտի հասցեատիրոջ գերակայող իրավունքներն ու օրինական շահերը, ինչը հատկապես խնդրահարույց է մեծ համայնքներում (ինչպիսին Երևանն է), որտեղ բնակարանների նկատմամբ պահանջարկը էականորեն գերազանցում է շուկայում դրանց առաջարկը։ 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը մեծապես հիմնված է ռոմանոգերմանական վարչական դատավարության իրավունքի վրա։ Հարկ է նշել, որգործող Օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված դատավարական նորմի համար հիմք է ծառայել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1977 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ (77) 31 բանաձևը[3] և դրա հիման վրա ընդունված 1989 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ (89) 8 հանձնարարականը[4]։ Համաձայն հանձնարարականով առաջարկված 1-ին սկզբունքի՝ երբ վարչական ակտը վիճարկվում է դատարանում և դեռևս առկա չէ գործը ըստ էության լուծող որոշում, հայցվորը կարող է դիմել դատարան՝ ժամանակավոր պաշտպանության միջոցներ («les mesures de protection provisoire»)[5]կիրառելու պահանջով։ Նույն հանձնարարականի 2-րդ սկզբունքի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանության միջոցների վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի գործոնները և շահերը։

Միևնույն ժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական նորմին համարժեք կարգավորում գրեթե նույնությամբ առկա է նաև Գերմանիայի վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածում[6]։ Չնայած վերոշարադրյալին՝ հարկ է նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախագծով առաջարկվող իրավահարաբերությունները կարգավորելիս ունի էական տարբերություն Գերմանիայի օրենսդրությունից։ Մասնավորապես, Գերմանիայի վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վարչական ակտի կատարման կասեցման պահանջը չի կիրառվում այն դեպքերում, երբ վարչական ակտը կայացրած վարչական մարմինը հիմնավորել է դրա անհապաղ կատարման անհրաժեշտությունը՝ հանրային շահի կամ վարչական ակտի հասցեատիրոջ գերակայող շահից ելնելով։ Նույն օրենսգրքի 80ա հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վարչական ակտը բարենպաստ է դրա հասցեատիրոջ համար, սակայն վիճարկվում է երրորդ անձի կողմից, վարչական մարմինը վարչական ակտի հասցեատիրոջ պահանջով կարող է կայացնել վարչական ակտի անհապաղ կատարման վերաբերյալ որոշում՝ հիմք ընդունելով օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը։ Ի տարբերություն Գերմանիայի վարչական դատավարության օրենսգրքի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որպես վարչական ակտի անհապաղ կատարման հիմք չի նախատեսում դրա հասցեատիրոջ գերակայող շահը, ինչպես նաև չի սահմանում բավարար իրավական մեխանիզմներ՝ պաշտպանելու բարենպաստ վարչական ակտի հասցեատիրոջ օրինական շահերը երրորդ անձանց կողմից իրավունքների չարաշահումից։

Բացի վերոշարադրյալից, պետք է ընդգծել, որ մայրցամաքային իրավունքի զարգացած պրակտիկա ունեցող որոշ պետություններ ունեն վարչական դատավարության այլ սկզբունքներ։ Օրինակ՝ համաձայն Ֆրանսիայի վարչական դատավարության օրենսգրքի L4 հոդվածի[7]՝ բացառությամբ այդ մասին հատուկ օրենսդրական դրույթներիկամ դատական նախադեպի առկայության դեպքերի, վարչական գործերով հայցադիմումները չեն կասեցնում վարչական ակտերի կատարումը[8]:

Ռումինիայիվարչական դատավարության օրենսգրքի 14-րդ և 15-րդ հոդվածները[9] նախատեսում են դատարանի կողմից վարչական ակտերի կատարման կասեցման հնարավորություն շահագրգիռ անձի կողմից դատարան ներկայացվողմիջնորդության հիման վրա։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը լրացնել 1.1 մասով, որով կնախատեսվի, որ վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը երրորդ անձի կողմից բողոքարկվելու դեպքում այդ վարչական ակտի կատարումը կասեցնելուօրենսդրական պահանջը չի կիրառվում, այլ կիրառվում են Օրենսգրքով նախատեսված հայցի ապահովման ընդհանուր կանոնները։ 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վարչական դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պատշաճ և հավասարակշռված պաշտպանության արդյունավետ մեխանիզմի ներդրում երրորդ անձանց կողմից հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտերի վերաբերյալ վիճարկման հայցերի ներկայացման դեպքերում։

Առաջարկվող կարգավորման ընդունմամբ կներդրվի Հայաստանի Հանրապետության վարչական դատարանների կողմից վիճարկման հայցերով հայցի ապահովման ճկուն և նպատակային միջոցների կիրառման հնարավորություն, ինչը կհանգեցնի անձանց իրավունքներ առավել արդյունավետ իրացման։ 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։

[1]Համաձայն Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները): Միաժամանակ, համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի բ) ենթակետի՝ միջամտող է այն վարչական ակտը, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը։

[2] «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված։

[3]https://www.coe.int/en/web/cdcj/recommendations-resolutions-guidelines

[4]https://rm.coe.int/16804f288f

[5] Հանձնարարականի 3-րդ սկզբունքի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանության միջոցները ներառում են վարչական ակտի կատարման մասնակի կամ ամբողջական կասեցումը, վարչական մարմնի վրա պարտավորություններ դնելը և այլն։

[6]https://germanlawarchive.iuscomp.org/?p=292#80

[7]https://www.legifrance.gouv.fr/affichCodeArticle.do;jsessionid=900FC6946AB9D8015E48F532A3BBDE07.tplgfr24s_3?idArticle=LEGIARTI000006449158&cidTexte=LEGITEXT000006070933&dateTexte=20200325

[8]Ինչ վերաբերում է շինարարական թույլտվություններիմասնավոր դեպքին, Ֆրանսիայի վարչական դատավարության օրենսգրքի R811-1-1 հոդվածի[8] համաձայն՝ Ֆրանսիայի մեծ համայնքներում բնակելի շենքերի շինարարական թույլտվությունների վերաբերյալ հայցադիմումներով առաջին և վերջին ատյանի դատարանը հանդիսանում է վարչական տրիբունալը։

[9]http://www.crj.ro/userfiles/editor/files/LEGE%20nr%20554_ENG.pdf

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    26.03.2020 - 14.04.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12910

Տպել

Առաջարկներ`

Սամվել Ջաբաղյան

14.04.2020

Զարմանալի է, թե ինչու է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությունը նախաձեռնել ոչ թե Արդարադատության նախարարությունը (որի խնդիրներից է օրենսդրության կատարելագործումը, այդ թվում՝ դատավարական օրենսգրքերի փոփոխությունները, վերջինիս մասնագիտական և ոլորտային տիրույթում է, ի տարբերություն Էկոնոմիկայի նախարարության, տիրապետում է նման կարևորագույն փոփոխությունների համար անհրաժեշտ համապատասխան իրավական-մասնագիտական քննարկումներ նախաձեռնելու և խնդրին համակողմանի մոտենալու համար համապատասխան մասնագիտական ռեսուրսի), այլ ՀՀ տնտեսական զարգացման քաղաքականությունը մշակող մարմինը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ սույն նախաձեռնության անհրաժեշտությունն առաջացել է շինարարության թույլտվությունների վիճարկման արդյունքում կառուցապատման ոլորտում ներդրումային միջավայրի խաթարումը վերացնելու, խոշոր համայքների բաց թողնված օգուտների ձևով կրվող վնասները բացառելու համար: Եթե իսկապես նպատակը դա է, ապա հարց է առաջանում, թե ինչու կոնկրետ շինարարության թույլտվությունների հետ կապված լուծումներ փնտրելու փոխարեն (օրինակ շինարարության թույլտվությունների վիճարկման վերաբերյալ վարույթների տևողության սահմանափակում, արագացված դատաքննության կիրառում) փորձ է արվում առհասարակ բոլոր վարչական մարմինների «բարենպաստ» վարչական ակտերի վիճարկման «հարցերը լուծել»: Որպես փոփոխության հիմնավորում, նշված է. «Ըստ դատավորների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և կառուցապատմամբ զբաղվող կազմակերպությունների շրջանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված հարցումների՝ նշված դատական գործերը շատ դեպքերում բաղկացած են առերևույթ անհիմն և կեղծ հայցադիմումներից, որոնցով հայցվորները չունեն օրինական շահ գործի ելքում, այլ հետապնդում են այլ, որոշ դեպքերում ոչ իրավաչափ նպատակներ»։ Հետաքրքիր է, որ Էկոնոմիկայի նախարությունը հիմք է ընդունում և որպես փաստարկ նշում է ակնհայտ շահագրգիռ անձանց՝ ՏԻՄ-ի ներկայացուցիչների և կառուցապատողների կարծիքը հայցադիմումների անհիմն լինելու վերաբերյալ. հարց է ծագում, իսկ ինչու հարցման չեն ենթարկվել բազմահազար այն քաղաքացիները, որոնց իրավունքները նույն ՏԻՄ ներկայացուցիչները և կառուցապատողները ոտնահարել են: Ընդ որում, վերջիններիս իրավունքների խախտումը ոչ թե ենթադրություն է, այլ օրինական ուժ ստացած դատական ակտերով հաստատված փաստեր, ցավոք նաև միջազգային դատական ատյանների ակտերով: Իսկ թե ինչ է «կեղծ հայցադիմումը», առնվազն անհասկանալի է. համենայն դեպս նման եզրույթ չի հանդիպել որևէ իրավական ակտում, կամ նույնիսկ իրավունքի տեսության մեջ: Հատկանշական է Էկոնոմիկայի նախարարության պնդումն այն մասին, որ նաև դատավորների շրջանում է հարցումներ կատարել և արդյունքում եզրակացրել, որ «ՀՀ վարչական դատարանի դատավորները չունեն հնարավորություն՝ ապահովելու վարչական ակտի հասցեատիրոջ գերակայող իրավունքներն ու օրինական շահերը, ինչը հատկապես խնդրահարույց է մեծ համայնքներում (ինչպիսին Երևանն է), որտեղ բնակարանների նկատմամբ պահանջարկը էականորեն գերազանցում է շուկայում դրանց առաջարկը»։ Անհիմն պնդում է, քանի որ, այսօր գործող օրենսդրությամբ գոյություն ունի բավականին գործուն մեխանիզմ. դա արագացված դատաքննության է, երբ հայցը ակնհայտ հիմնավոր է կամ ակնհայտ անհիմն: Ուղղակի անհրաժեշտ է այդ ինստիտուտը բարեխղճորեն կիրառել: Պետք է ընդամենը խորանալ խնդիրների բուն էության մեջ և վերացնել դրանց ծնող պատճառները, այլ ոչ թե փորձել շարունակել հետևանքները «շտկելու» նախկին պրակտիկան:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

13.04.2020

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ խնդիրները․ Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը լրացնել նոր 1․1 կետով՝ սահմանելով կարգ, համաձայն որի՝ երրորդ անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու վիճարկման հայց ներկայացնելու դեպքում վարչական ակտի կատարման կասեցման պահանջը չի կիրառվի և դրա փոխարեն առաջարկվում է կիրառել հայցի ապահովման միջոց։ Ներկայացված նախագիծը հեղինակող կառույցի, այն է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգը, համաձայն որի՝ կասեցվում է վիճարկման հայցերով վարչական ակտերի կատարումը՝ մինչև գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, խոչընդոտում է ՀՀ տնտեսության մեջ կանխատեսվող ներդրումներին, քանզի տվյալ դատավարական նորմի կիրառությունը բազմաթիվ դեպքերում հանգեցնում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց կողմից իրենց իրավունքների չարաշահման՝ ի հաշիվ բարենպաստ վարչական ակտի հասցեատիրոջ իրավունքների և օրինական շահերի, ինչպես նաև վարչարարության տնտեսավարության սկզբունքի խախտման։ Գտնում ենք, որ ներկայացված նախագիծն առաջարկում է անիրավաչափ և հակասական կարգավորումներ, պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, ուստի անհրաժեշտ է այն հանել շրջանառությունից՝ հետևյալ պատճառաբանությամբ․ 1․ Ներկայացված օրենսդրական առաջարկի բուն իմաստը հանրության համար ընկալելի դարձնելու համար ցանկալի կլիներ, որպեսզի նախագծի հեղինակները ներկայացնեին նախագծի կարգավորման առարկայի բուն իմաստը, այն է՝ քաղաքաշինության ոլորտում օրենսդրական միջամտությամբ էական կանոնակարգեր փոփոխելու թաքնված նպատակները։ Մասնավորապես՝ սույն թվականի փետրվարի 18-ին կառուցապատողների հայկական ասոցիացիայում Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող շինարարության թույլտվությունները քաղաքացիների կողմից դատարաններում վիճարկելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ, Երևանի գլխավոր ճարտարապետը դատարանում քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները պաշտպանելու ՀՀ քաղաքացիների նախաձեռնությունները բնորոշել է որպես ռեկետ շինարարությամբ զբաղվող տնտեսվարողների նկատմամբ, միաժամանակ առաջարկելով օրենսդրական փոփոխությունների միջոցով բացառել դատարանների կողմից մինչև վերջնական որոշում կայացնելը շինարարությունները կասեցնելու իրավական ընթացակարգերի կիրառումը ։ Վերջնական արդյունքում էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում վերոնշյալ լրացումը կատարելու նախաձեռնությամբ։ Ներկայացված նախագիծն իր էությամբ ոչ միայն ստեղծում է նախապայմաններ մարդու իրավունքների պաշտպանության իրատեսական մեխանիզմները սահմանափակելու առումով, այլ նաև առաջ է բերում էական իրավական և փաստական հակասություններ, միաժամանակ՝ քաղաքաշինության ոլորտում պետության պոզիտիվ պարտականությունները և գրագետ քաղաքականությունը մղում է հետին պլան։ Մասնավորապես՝ առաջարկվող նախագծով փաստացի ձևավորվում է հետևյալ իրավիճակը․ շինարարության թույլտվության հիման վրա կառուցապատողը սկսում է շինարարական աշխատանքները, այդ ընթացքում երրորդ անձը գտնում է, որ շինարարության թույլտվությունն ամբողջությամբ կամ մասամբ չի համապատասխանում շինարարական նորմերին, խախտում կամ սահմանափակում է իր իրավունքները և այդ հիմքով հայցով դիմում է վարչական դատարան՝ կայացված վարչական ակտը վիճարկելու նպատակով։ Ներկայումս գործող իրավական կանոնակարգերի պայմաններում դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելը նշանակում է շինարարության կասեցում՝ մինչև դատարանի կողմից տարբեր ապացույցների, այդ թվում՝ փորձագիտական եզրակացությունների հիման վրա վերջնական դատական որոշման կայացումը։ Ներկայացված նախագծով առաջարկվում է բացառել շինարարության կասեցումը։ Ստացվում է մի իրավիճակ, երբ դատական որոշման կայացումը, այդ թվում՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ, կարող է համընկնել շինարարության ավարտի հետ և նույնիսկ հաջորդել դրան՝ ստեղծելով ողջամիտ ժամկետում մարդու իրավունքների պաշտպանության համար խոչընդոտներ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

13.04.2020

4․ Առաջարկվող նախագծի ընդունման պարագայում կաճեն նաև կոռուպցիոն ռիսկերը համայնքային կառավարման քաղաքաշինության բնագավառում՝ պայմանավորված համայնքային կառավարման մարմինների կողմից տրամադրվող շինարարության թույլտվությունները դատական վերահսկողության արդյունքում կասեցնելու իրավական մեխանիզմի վերացմամբ։ Խնդրի էությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր դեպքում վարչական դատարան հայցի հարուցումն՝ ըստ գործող իրավակարգավորման, փաստացի ենթադրում է դատական վերահսկողություն բուն շինարարության գործընթացի իրավական կանոնակարգերի նկատմամբ, քանի որ առանց դատարանի՝ շինարարության թույլտվության վարչական ակտն օրինական ճանաչելու որոշման, շինարարության իրականացում կամ վերսկսում օրենքը չի թույլատրում։ Առաջարկվող իրավակարգավորումների պարագայում հայցի հարուցումն ըստ էության դատական վերահսկողություն չի ենթադրում՝ նույնիսկ հայցորդի կողմից մատնանշված և փաստարկված ակնհայտ խախտումների դեպքում և մինչև տվյալ գործով փորձագիտական եզրակացության տրամադրումը դատարանն օժտված չէ շինարարական գործընթացը կասեցնելու իրավական գործիքակազմով, ուստի կառուցապատողների և համայնքային կառավարման մարմինների գործողություններում կոռուպցիոն ռիսկերն աճում են։ Նախագծով առաջարկվող իրավակարգավորումներով աճում են կոռուպցիոն ռիսկերը նաև դատական համակարգում՝ վարչական ակտը դատարանում «օրինականացնելու» հնարավորության ընձեռմամբ։ Ըստ էության կարող ենք արձանագրել, որ ներկայացված նախագծով փորձ է կատարվում քննարկվող խնդիրը դիտարկել քաղաքաշինության բնագավառում պետության պոզիտիվ պարտականությունների ընդհանուր շրջանակից դուրս՝ նախատեսելով ֆրագմենտալ և ոչ արդյունավետ իրավակարգավորումներ։ Խնդրի ողջ էությունը կայանում է նրանում, որ 90-ական թվականներից սկսած ՀՀ-ում և հատկապես՝ Երևան քաղաքում քաղաքաշինության բնագավառը ընդհանուր առմամբ գտնվում է անմխիթար վիճակում։ Երևան քաղաքում իրականացված բազմաթիվ կառուցապատման ծրագրերում անտեսվել և կոպտորեն խախտվել են տարրական քաղաքաշինական նորմերը, արհամարհվել են քաղաքացիների առողջ բնական միջավայր և կենսապայման ունենալու իրավունքները՝ դրանք ստորադասելով մասնավոր խմբային շահերին։ Արդյունքում աղավաղվել է նաև քաղաքի ճարտարապետական դիմագիծը։ Հիշյալ հանգամանքներից ելնելով՝ քաղաքաշինության բնագավառում առկա հիմնարար խնդիրներին արմատական լուծումներ տալու փոխարեն, նախագծի հեղինակներն առաջարկում են ևս մեկ անգամ իրավական կարգավորումների միջոցով ամրապնդել մասնավոր խմբային շահի գերակայությունը հանրայինի նկատմամբ։ Այս առումով պետք է արձանագրել նաև, որ նախագծով առաջարկվող լուծումը՝ շինարարության կասեցման փոխարեն կիրառել հայցի ապահովման միջոց, քաղաքաշինության ոլորտի այս իրավակարգավորումների դեպքում չի կարող հանդիսանալ արդյունավետ եղանակ, քանզի հայցի ապահովման միջոցներն այս դեպքում ուղղված են լինելու առավելապես վնասների նյութական փոխհատուցմանը։ Մինչդեռ քաղաքաշինության բնագավառում ոչ գրագետ քաղաքականության արդյունքում ոչ բոլոր բացասական հետևանքներն են նյութական փոխհատուցմամբ վերականգնելի։ Առաջարկ․ 1․ Ներկայացված նախագիծը հանել շրջանառությունից։ 2․ Ձևավորել անհրաժեշտ միջավայր բարձրացված խնդրի վերաբերյալ մասնագիտական հանրույթի և ոլորտի տնտեսվարողների կողմից մասնակցային քննարկումների կազմակերպման և ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները բացառելու նպատակով։ Այս գործընթացում պատշաճ ուշադրության արժանացնել քաղաքաշինության բնագավառում առկա նորմատիվ իրավական փաստաթղթեր կիրառելիս իրավական հիերարխիայի կանոնի պահպանման և այդ փաստաթղթերում քաղաքաշինության ոլորտի վիճահարույց նորմերի հստակեցման հանգամանքը։ 3․ ՀՀ-ում ընդունված դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված դատավորների ծանրաբեռնվածության նվազեցման, ինչպես նաև փորձաքննությունների կազմակերպման և իրականացման բնագավառում առկա խնդիրների լուծման գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքում պարբերաբար գնահատել քաղաքաշինական փաստաթղթերը վարչական դատավարության կարգով բողոքարկելու իրավական ողջ գործընթացի նկատմամբ դրանց ազդեցության արդյունավետությունը։

Տեսնել ավելին