Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի

  N 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինծառայողներին և օրենքով նրանց հավասարեցված անձանց կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն ապակենտրոնացնելու և անմիջականորեն զինծառայողի ծառայության վայրի զորամասի կողմից գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

     Կառավարության 22.11.2018թ. N 1321-Ն որոշման համաձայն զինծառայողներին և օրենքով նրանց հավասարեցված անձանց կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրումն իրականացվում է այդ նպատակով ստեղծված բնակարանային հանձնաժողովի կողմից, որն անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով կայացնում է եզրակացություն, որի հիման վրա պետական լիազոր մարմնի կողմից կայացվում է վարչական ակտ (հրաման): Նշված գործընթացն իրականացվում է զորամասի հրամանատարին ուղղված շահառուի դիմումի ներկայացված փաստաթղթերի հիման վրա, որոնք զորամասի կողմից այնուհետև ուղարկվում են հանձնաժողովի աշխատանքային մարմին՝ պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանում, որն էլ ստացված դիմումների հիման վրա երկամսյա ժամկետում կազմակերպում է հանձնաժողովի նիստի անցկացումը: Այս գործընթացը փաստացի բավականին ժամանակատար է, պրակտիկան ցույց է տվել, որ շահառու դիմումից մինչև համապատասխան որոշման ընդունումն օբյեկտիվորեն տևում է միջինը երեք ամիս, իրականացվում է անհարկի մեծ փաստաթղթաշրջանառություն՝ հաշվի առնելով զորամասերի տեղակայումները, շահառուն ստիպված է լինում մի քանի ամիս իր միջոցների հաշվին վճարել բնակվարձը, ինչն էլ հանգեցնում է զինծառայողների շրջանում արդարացի դժգոհությունների: Այս առումով, գործընթացի իրականացման տեղայնացումը հնարավորություն կնձեռի բավականին կրճատել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացման ժամանակահատվածը և փաստաթղթաշրջանառության ծավալները:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

     Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

     Որոշման նախագծի համաձայն ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացումը վերապահվում է զորամասի հրամանատարին, կրճատվում է փոխհատուցում ստանալու համար զինծառայողի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հստակեցվում են փոխհատուցման հաշվարկման փաստաթղթավորման ընթացակարգը և ժամկետները, փոխհատուցման վճարման շարունակման և դադարման պայմանները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

     Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կնձեռի բավականին կրճատել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացման ժամանակահատվածը և փաստաթղթաշրջանառության ծավալները, որի արդյունքում  կապահովվի զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի

  N 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

     Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի

  N 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

 

    Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2020թ. և հետագա տարիների պետական բյուջեներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի

 N 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

    Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    20.03.2020 - 06.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8735

Տպել

Առաջարկներ`

Հարություն Զաքարյան

26.03.2020

Լավ կլիներ նաև տրամադրման կարգն էլ փոխվեր, քանի որ բնակվարձի հատուցում ստանալու համար փաստաթղթային ձևակերպումն իրենից ներկայացնում է բարդ պրոցես՝ 1) տան սեփականատերն գտնվում է արտասահմանում կամ այլ պատճառներ և վարձակալը այդ պատճառներով չի կարողանում փաստաթղթային ձևակերպումներն կատարի , 2) փաստաթղթերի ձևակերպումն նոտարական և կադաստրային գրասենյակներում ձևակերպելիս վճարումներն կազմում է 40000-50000 հհ դրամ ( զինծառայողներին այդ փաստաթղթերի ձևակերպումն դարձրեք անվճար), 3) զինծառայողը գրանցված է տվյալ բնակավայրում ազգականի տանը և փաստացի չունի սեփականություն և բնակվում է վարձով ու դրա համար չի կարող ստանալ բնակվարձի փոխհատուցում։ Այս 3 պրոբլեմների մասին էլ մտածեք։ Ավելի մատչելի ու հեշտ դարձնելու համար առաջարկում եմ այդքան փաստաթղթերի փաթեթ հավաքելու փոխարեն զինծառայողը ներկայացնի միայն տեղեկանք սեփականություն չունենալու վերաբերյալ և դիմում բնակվարձի ստանալու համար և վերջ, այդ դեպքում զինծառայողների բնակվարձի փոխհատուցումն կդառնա մատչելի, թե չե հրամանատարնա հաստատում թե բնակհանձնաժողովը դա էական չէ, դրանով մատչելի չի դառնում։

Ռոման Հակոբյան

25.03.2020

Ողջունում եմ նախագծի հեղինակների։ Խելացի նախագիծ է։ Հուսանք մի օր էլ կտեսնենք նախագիծ, որ առանց ավելորդ թղթաբանության և քաշքշուկի սպաներն կստանան բնակվաձի փոխհատուցում։ Ստիպված չեն լինի իրենց գրպանից 45000 դրամ ծախսել, որ փոխհատուցում ստանան, հետո էլ ամեն ամիս վարձատուի անունից եկամտահարկ վճարել, հաշվետվություն ներկայացնել......։ Ըստ ինձ կարելի է միայն կադաստրից ներկայացրած ,,գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ տեղեկանք,,- ի հիման վրա հատկացնել բնակվաձի փոխհատուցում։ Վարձով բնակվողների գրեթե կեսն չեն կարողանում պայմանագիր կնքել նոտարում, քանզի կամ բնակարանի համասեփականատերերից ՀՀ-ից բացակայողների կան, կամ ԴԱՀԿԾ-ի հետ խնդիրներ ունեն, կամ հրաժարվում են առհասարակ փաստաթղթային ձևակերպումը կատարելուց, կամ համասեփականատերերից մահացած մարդ կա կամ ......։ Ու այդ ,,կամ,,-երը բազմաթիվ են։ Եվ դուրս է գալի այնպես , որ մեր սպաների մի հոծ զանգված ստիպված է լինում վարձակալել բնակարան և վճարել իր ընտանեկան բյուջեից։ Պարոնայք պաշտոնյաներ մի փոքր էլ մոտեցեք իրականությանն

Վարդան Հակոբյան

22.03.2020

Վերջապես դեմքով շրջվեցիք դեպի զինծառայողը։ Նախկին նախագիծը ընդունելուց մի՞թե խելացի առաջարկներ չկային։ Անհրաժեշտ էր մի տարի, ներվերի քայքայումներ, փոխհատուցման վճարի ուշացումներ, բազմաթիվ բողոքներ, որ անդրադառնաք էս հարցին։ Առաջարկում եմ առաջարկվող տարբերակի 9-րդ կետի 4-րդ ենթակետի <ուսումնառությունը> բառից առաջ լրացնել <ԲՈՒՀ-ում> կամ <բարձրագույն ուսումնական հաստատությունում> բառերը, որպեսզի ուսումնառությունը չհասկացվի դպրոցի ուսումնառումը (դպրոցից ավելորդ փաստաթուղթ չբերելու համար, և հնարավոր է, որ զինծառայողի երեխան այլ բնակավայրում (համայնքում) է դպրոց (ավագ դպրոց) հաճախում և ինչը չպիտի խանգարի փոխհատուցման նշանակմանը)։

Տեսնել ավելին