Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմամբ:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նոր ծնված երեխայի մորից սերված երեխաները՝ բացառությամբ այն դեպքի, երբ անչափահաս տարիքում նրանց խնամքը դատարանի որոշմամբ հանձնվել է այլ անձի, կամ մայրը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից:
Մինչդեռ նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում միայն ստորև թվարկված պայմանների առկայությամբ.
ա. նրանց մայրը մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ,
բ. դատարանի որոշմամբ նրանց խնամքն անչափահաս տարիքում հանձնվել է նոր ծնված երեխայի հորը, կամ՝
գ. այդ երեխաների մայրը զրկվել է ծնողական իրավունքներից, կամ՝
դ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ նրանց մայրը չարամտորեն (միտումնավոր) խուսափել է ծնողական իրավունքները և պարտականությունները կատարելուց (չի կատարել ծնողական իրավունքները և պարտականությունները) և անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը (երեխաների դաստիարակությունը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը) իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը:
Սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման (այսուհետ` Որոշում) N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին, 35 և 37-րդ հոդվածների 2-րդ մասերին հակասող և անվավեր:
Բացի դրանից, Սահմանադրական դատարան արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն. «... ստացվում է, որ օրենսդիրն ամրագրել է երեխաների խնամքը ծնողներից մեկին կամ մյուսին կամ այլ անձի հանձնելու մեկից ավելի եղանակ, սակայն Կառավարությունը նպաստ ստանալու իրավունքի ծագումը կապում է այդ եղանակներից բացառապես մեկի՝ խնամքը հորը հանձնելու մասին դատարանի որոշման հետ: Նման կարգավորմամբ մի կողմից սահմանափակվում են ծնողի՝ օրենքով նախատեսված հնարավորությունները, մյուս կողմից տարբերակված մոտեցում է ցուցաբերում մոր և հոր նկատմամբ:»:
Բացի այդ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ երեխայի ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերի վերաբերյալ տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան, ինչպես նաև՝ նույն հոդվածի 3-րդ մասի համապատասխան, ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը դատարանը որոշում է այդ մասին ծնողների միջև համաձայնության բացակայության պարագայում։
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 81.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` նոտարը հաստատում է նաև անձի` ուրիշի խնամքի տակ լինելը:
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել նոր ծնված երեխայի հորից կամ մորից սերված երեխաների կարգաթիվը որոշելիս հաշվի առնել օրենքով նախատեսված՝ այդ երեխաներին հորը կամ մորը խնամքի հանձնելու ծնողների փոխադարձ համաձայնության եղանակը, ինչպես նաև նոտարական ակտով երեխայի՝ ծնողի խնամքի տակ լինելու փաստը հաստատելու հնարավորությունը:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ:
2. Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ:
Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումը` խնդրո առարկա դրույթի նոր խմբագրությամբ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նրա հետ միևնույն հորից կամ միևնույն մորից սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի համահայր քույրերը, եղբայրները կամ համամայր քույրերը, եղբայրները) հաշվի են առնվում միևնույն պայմաններին բավարարելու դեպքում:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի կիրառման արդյունքում ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշումը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
-
Քննարկվել է
12.03.2020 - 27.03.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 6217
Տպել