Հիշել նախագիծը

<<ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

<<Փախստականների և ապաստանի մասին>> օրենքում փոփոխու­թյուն­ներ և լրացում կատարելու մասին>> օրենքի նախագծի ընդունումը պայմանա­վորված է այն հանգամանքով, որ գործող օրեն­քի համաձայն ապաստանի տրամադրման գործընթացում միգրացիայի հար­ցերով լիա­զոր մար­մինը ոչ բոլոր դեպքերում պետք է դիմի ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկա­յացնելու մա­սին եզրակացություն ստանալու համար, վերը նշված եզրա­կա­ցության առկայության հանգամանքը սահմանված չէ որպես պարտադիր պայման` ապաս­տա­նի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար, ինչպես նաև նախատես­ված չեն հստակ ժամկետներ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից նշված եզ­րա­կացության տրամադրման համար:

Մասնավորապես, <<Փախստականների և ապաս­տա­նի մասին>> օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն` միգրա­ցիայի հարցերով լիազոր մարմինն ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին դիմում է միայն ՀՀ ան­օրինական մուտք գործած ապաստան հայցողների` ՀՀ ազգային անվտանգության համար հնարա­վոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու նպատակով, սակայն հնարավոր են դեպքեր, երբ ապաստան հայցողը ՀՀ մուտք գործած լինի օրինական ճա­նա­պարհով, սակայն վտանգ ներկայացնի ՀՀ ազգային անվտանգության համար: Օրենսդրա­կան նման կարգավորումը հնարավորություն է ընձեռնում ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանի Հանրա­պետությունում ապաս­տան ստանալու: Միաժամանակ, Օրենքով ապաստան հայցողի` ՀՀ ազ­գային անվտան­գության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակա­ցու­թյան առ­կայությունը սահմանված չէ որպես պարտադիր պայման միգրացիայի հար­ցերով լիա­զոր մար­մնի կողմից ապաս­տա­նի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար, ինչը հնարավորություն է տալիս միգրացիայի հար­ցերով լիա­զոր մար­մնին ապաս­տա­նի տրամադրման հարցով կայացնել որոշում` առանց հաշվի առնելու ազգային անվտան­գու­թյան հարցերով լիազոր մարմնի դիրքորոշումը, որի արդյունքում կարող է ապաստան տրամդրվել այն անձանց, որոնք ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ են ներկա­յացնում: Բացի այդ, Օրենքով նախատես­ված չեն հստակ ժամկետներ ազգային անվտան­­գության հարցերով լիազոր մարմնի կողմից վերը նշված եզրակա­ցու­թյան տրամադրման համար:

Նախագծի ընդունումը նաև պայ­մանավորված է Օրենքում որոշակի խմբագրական փոփոխություններ կա­տարելու անհրաժեշ­տու­թյամբ:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 34-րդ հոդ­վածի 4-րդ մասի 4-րդ կետը` նախատեսելով, որ միգրացիայի հարցերով լիազոր մար­մինն ազ­գա­յին անվտանգության հարցերով լիազոր մարմ­նին, ապաստան հայցողի` ՀՀ ազ­գային անվտան­­գության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու հա­մար, պետք է դիմի ոչ միայն ՀՀ անօ­րի­նական մուտք գործած ապաստան հայցողների պա­րա­գա­յում, այլ նաև այն դեպքում, երբ ապաստան հայցողը ՀՀ մուտք գործած կլինի օրինական ճանա­պարհով, և վերը նշված եզրակա­ցու­թյան առկայությունը կհանդիսանա պար­տադիր պայման միգրացիայի հար­ցերով լիա­զոր մար­մնի կողմից ապաս­տա­նի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար:

Միաժամանակ, առաջարկվում է լրացում կատարել Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում` սահմանելով, որ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայաց­նելու մասին եզրակացությունը տրվում է միգրացիայի հարցերով լիազոր մարմնի դիմումն ստանալուց հետո երկու ամսվա, իսկ արագացված ընթացա­կարգերի կիրառման դեպքում` յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ միգրացիայի հարցերով լիազոր մար­մինն ազգային անվտան­գության հարցերով լիազոր մարմ­նին կդիմի ապաստան հայցողի` ՀՀ ազ­գային անվտան­գության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու հա­մար ՀՀ մուտք գոր­ծած ցանկացած ապաստան հայցողի պարա­գա­յում, ազգային անվտան­գու­թյան հարցերով լիազոր մարմ­նի կողմից տրամադրված վերը նշված եզրակացության առկա­յությունը կսահմանվի որպես պարտադիր պայման` միգրացիայի հարցերով լիազոր մարմնի կողմից ապաստանի հարցով որոշում կայացնելու համար, կսահմանվեն ազգային անվտան­գության հարցերով լիազոր մարմնի կողմից նշված եզրակացության տրամադրման հստակ ժամկետներ, ինչպես նաև կկատարվեն որոշակի խմբագրական փոփոխություններ:

 

 

Ազգային անվտանգության ծառայություն

 

  • Քննարկվել է

    11.03.2020 - 26.03.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7982

Տպել