Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հանցագործության մասին սուտ մատնության համար, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որի կատարման համար որպես պատիժ սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված են սուտ մատնության հանցակազմի ծանրացնող հանգամանքները, այն է՝ նույն արարքը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, կամ զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով, կամ կատարվել է շահադիտական դրդումներով և որպես սանկցիա սահմանված է ազատազրկումը՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով որպես պատժի նպատակներ ամրագրված են՝ սոցիալական արդարությունը վերականգնելը, պատժի ենթարկված անձին ուղղելը, ինչպես նաև հանցագործությունները կանխելը:

Նույն օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:

      Կարծում ենք, որ հանցագործությունների կանխման՝ որպես պատժի նպատակի կարևորությունն ընդգծվում է նրանով, որ այն հանդիսանում է ոչ միայն պատժի նպատակ, այլ նաև հանցագործության դեմ պայքարի հիմնական միջոց։

Այսինքն՝ հանցագործության համար սահմանված պատիժը պետք է ունենա կանխարգելիչ բնույթ, հակառակ դեպքում չի կարող խոսք լինել օրենսդրի կողմից ամրագրված պահանջի ապահովման մասին:

Հարկ է նշել, որ սուտ մատնության վերաբերյալ վիճակագրական տվյալները վկայում են պատժի՝ հանցագործությունը կանխելու նպատակին չծառայելու մասին, այսինքն՝ նոր հանցանքներ կատարելը կանխելու գործող համակարգն ունի ցածր արդյունավետություն։

     Մասնավորապես՝ 2016-2019թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետու-թյունում գրանցվել է սուտ մատնության 496 դեպք, որից միայն 163-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության դեպքերի վերաբերյալ քննված քրեական գործերի աննախադեպ աճը պահպանվում է 2013 թվականից առ այսօր: Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ եթե 2013 թվականին՝ ամբողջ տարվա ընթացքում, քննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով հարուցված 7 քրեական գործ, ապա 2017 թվականին դրանց թիվը ավելի քան 10 անգամ աճել է` հասնելով 71-ի:

Առանձնահատուկ պետք է ընդգծել, որ սուտ մատնությունների փաստով հարուցված քրեական գործերը, որպես կանոն, ավարտվում են մեղադրական եզրակացությամբ և ուղարկվում դատարան` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Վերլուծելով վերջին տարիներին աճող` սուտ մատնության դեպքերի փաստով հարուցված քրեական գործերի աննախադեպ աճի պատճառները` եկել ենք այն եզրահանգման, որ այս հանցատեսակի կատարման աճը մեծապես պայմանավորված է մի շարք գործոններով:

Սուտ մատնությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործերի աճին էականորեն նպաստել են որոշ քաղաքացիների կողմից իրավունքի չարաշահման դեպքերը, երբ տարբեր հանցագործություններ կատարած անձինք իրենց առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու, պաշտոնատար անձանց վարկաբեկելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի դարձնելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ դիմում-հաղորդումներ են ներկայացնում Հատուկ քննչական ծառայություն կամ հենց դատաքննության ժամանակ հայտարարություններ անում իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին:

Ընդ որում, անտեսելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության հանգամանքը՝ շատ քաղաքացիներ շարունակում են իրականությանը չհամապատասխանող հաղորդումներ ներկայացնել, ինչը, միանշանակ, վկայում է սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվությունը խստացնելու անհրաժեշտության մասին:

Սուտ մատնությունը հարկադրում է քննիչին ոչ միայն ուժեր ու միջոցներ վատնել չկատարված հանցագործության բացահայտման համար, այլև կորցնելով թանկարժեք ժամանակը` քննությունը տանում է սխալ ճանապարհով: Մասնավորապես, հաշվի առնելով քննչական մարմինների գերծանրաբեռնված ռեժիմով աշխատելու պայմանները՝ իրավամբ անթույլատրելի է նրանց ներուժի օգտագործումը սուտ մատնության գործերով քննություն իրականացնելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ հաճախ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող կամ դատապարտված անձինք, գիտակցելով սուտ մատնության համար նախատեսված պատժի համեմատաբար թեթև լինելու հանգամանքը (օրինակ՝ տուգանք), չեն կաշկանդվում հանցագործության մասին սուտ մատնություն կատարելուց, ինչը նույնպես վկայում է նշյալ հանցատեսակի համար նախատեսված պատժի ոչ բավարար չափով խիստ լինելու մասին:

Այս հանցատեսակի մյուս՝ ամենադատապարտելի կողմն այն է, որ թե՛ դատավարության մասնակիցների, և թե՛ հանրության մոտ կասկած ու անվստահություն է սերմանում ոչ միայն վարույթն իրականացնող մարմնի սկզբունքայնության ու անաչառության նկատմամբ, այլև վնասում է պետական մարմինների բարեխիղճ աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը:

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

    

Նախագծով առաջարկվում է խստացնել սուտ մատնության համար սահմանված պատիժը: Առաջարկվող սանկցիայի խիստ բնույթը պայմանավորված է արարքի՝ հանրային վտանգավորության բարձր մակարդակով, ինչպես նաև գործող սանկցիայի՝ հանցագործությունը կանխելուն չնպաստելու հանգամանքով, ինչի մասին փաստում են համապատասխան վիճակագրական տվյալները:

Սուտ մատնության դեպքերը հնարավորինս նվազեցնելու նպատակով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքը նախատեսել որպես միջին ծանրության հանցագործություն, իսկ 2-րդ մասով նկարագրված արարքը՝ ծանր հանցագործություն:

Գործող կարգավորումների պայմաններում քննարկվող հանցագործության համար սահմանված պատժով հնարավոր չի լինում ապահովել այս հանցագործության կանխումը՝ ի կատարումն որի մշակվել է սույն Նախագիծը:

Ուստի, հարկ է ապահովել պատժի նպատակի, այն է՝ հանցագործությունը կանխելու համար անհրաժեշտ նախադրյալներ՝ բացառելու համար սուտ մատնության դեպքերի հնարավոր աճը:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պատիժները կխստացվեն, որը միանշանակ կնպաստի սուտ մատնության դեպքերի նվազմանը և հետևաբար՝ վարույթն իրականացնող մարմնի ժամանակի և միջոցների արդյունավետ օգտագործմանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք՝ Նախագծի ընդունումն առավել քան անհրաժեշտ է, քանի որ կունենա ցանկալի պրևենտիվ նշանակություն՝ նպաստելով մի կողմից սուտ մատնության դեպքերի, մյուս կողմից՝ վարույթն իրականացնող մարմնի ներուժի և ռեսուրսների անարդյունավետ օգտագործման դեպքերի կրճատմանը:

         

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

 

 

  • Քննարկվել է

    02.03.2020 - 17.03.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7375

Տպել