Լրամշակման փուլում է
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՕ-113-Ն օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված է սահմանել պետություն-մասնավոր գործընկերության հարաբերությունները, իրականացման չափանիշները, ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը և կիրառելի սկզբունքները: Օրենքի նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման և կառավարման նպատակով սահմանել անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքեր:
Համաձայն Օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է`
- ՊՄԳ ծրագրերի իրականացման նկատմամբ կիրառելի ընթացակարգերը և կանոնները (հոդված 2, մաս 1, կետ 14).
- ՊՄԳ ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտները (հոդված 5).
- ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմինը (հոդված 2, մաս 1, կետ 25).
- ՊՄԳ ստորաբաժանումը (հոդված 2, մաս 1, կետ 11):
Անցումային դրույթներով որպես Օրենքի ամբողջական կիրակումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամանակահատված է սահմանված վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրը:
2. Կարգավորման հարաբերությունների առկա վիճակը
Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերությունից բխող իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումը նպատակ ունի խթանելու երկրում հանրային ենթակառուցվածքների բարելավումը, ստեղծելու Հայաստանում հաջողակ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրագործման, խթանման և կառավարման համար բարենպաստ օրենսդրական և ինստիտուցիոնալ միջավայր, որը կհամապատասխանի պետություն-մասնավոր գործընկերության միջազգային լավագույն փորձին:
Հարկ է նշել, որ 2017թ. նոյեմբերի 9-ի նիստում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթուղթը, 2019 թվականի հունիսի 28-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքը, որոնք ՀՀ կառավարության առաջին քայլերն են` ուղղված պետություն-մասնավոր գործընկերության իրավական հիմքերի ստեղծմանը և Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության սահմանման, շնորհման և իրականացման մասով կիրառելի կանոնների ու ընթացակարգերի հստակ համախմբի ձևավորմանը, որը կօժանդակի պետություն-մասնավոր գործընկերության նոր համակարգն ավելի ամբողջական դարձնելուն:
Միաժամանակ, Օրենքի կիրառման, և հետևաբար, Հայաստանում հանրային ենթակառուցվածքներում մասնավոր հատվածի ֆինանսական և կառավարման կարողությունների ներգրավման համար օրենսդրական շրջանակը դեռևս ամբողջական չէ: Մասնավորապես` ՊՄԳ իրավահարաբերությունների կարգավորման համար Օրենքը նախատեսում է կառավարությանը լիազորող իրավական նորմեր` պայմանավորված այդպիսի իրավահարաբերությունների կարգավորման առավել ճկուն մեխանիզմներ ունենալու պահանջով և հաջողված գնահատված միջազգային փորձով:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը:
Նախագծով առաջարկվում է`
- հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը, մասնավորապես` պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներին առնչվող հիմնական փուլերի նկատմամբ կիրառելի կանոնները.
- հաստատել ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմնի ղեկավարի կողմից ընդունման ենթակա ուղեցույցների ցանկը, որոնցով սահմանվելու են ՊՄԳ ծրագրերի մշակման խորհրդատվական բնույթի ցուցումներ.
- որպես ՊՄԳ ծրագրերի իրականացման ոլորտներ սահմանել էներգետիկան, ջրային տնտեսությունը, մայրուղիները, ճանապարհային, տրանսպորտային ենթակառուցվածքները ու ծառայությունները, վերելակային տնտեսությունը, կոշտ թափոնների հավաքումը, մշակումը և հեռացումը, համայնքային ավտոկայանատեղիներ և համայնքային այլ ծառայությունները, փոստային ենթակառուցվածքները և ծառայությունները, առողջապահությունը և կրթությունը.
- որպես ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
- որպես ՊՄԳ ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումը:
- ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 1241-Ն որոշումը։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը կապահովի պետություն-մասնավոր գործընկերության իրականացման չափանիշների, ընթացակարգերի և կիրառելի սկզբունքների համաձայն պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի արդյունավետ մշակումը և իրականացումը:
Նախագիծը կնպաստի մասնավոր հատվածի ֆինանսական, մարդկային և այլ կարողությունների ընձեռած հնարավորությունների օգտագործմանը հանրային ծառայությունների մատուցման բնագավառում, միաժամանակ ժամանակակից լուծումների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով կխթանի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հանրային ենթակառուցվածքների կայացմանը:
-
Քննարկվել է
21.01.2020 - 05.02.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 7639
Տպել