ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2020 թվականի -ի N -Ն
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-----------------------------------------------------------------------------
Հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը և 19-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց մեկ ամիս առաջ, Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2012 թվականի ապրիլի 10-ի N 325-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի շրջանակներում համատեղ մշակել և սահմանված կարգով ՀՀ Վարչապետի հաստատմանը ներկայացնել արտակարգ դեպքերի ռիսկերի նվազեցմանն ուղղված նվազագույն և պարտադիր միջոցառումների ցանկը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի ____________ թիվ _____ որոշման
ԿԱՐԳ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
- Սույն կարգով սահմանվում են արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը, պայմանները, դեպքերը և չափերը:
- Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են.
- Հանրապետական արտակարգ իրավիճակ – արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել ներքոհիշյալ դեպքերից առնվազն մեկը`
ա. տուժել են 300-ից ավելի մարդ և/կամ խախտվել են 500-ից ավելի մարդկանց կենսագործունեության պայմանները,
բ. նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի 500 հազարապատիկից ավելի,
գ. խոցման գործոնները տարածվել են երկու և ավելի մարզերի կամ Երևան քաղաքի երկու և ավելի վարչական շրջանների տարածքներում:
- Մարզային արտակարգ իրավիճակ – արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել ներքոհիշյալ դեպքերից առնվազն մեկը`
ա. տուժել են 50-ից ավելի, սակայն 300-ից ոչ ավելի մարդ,
բ. խախտվել են 300-ից ավելի, սակայն 500-ից պակաս մարդկանց կենսագործունեության պայմանները,
գ. նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի հինգ հազարապատիկից ավելի, սակայն չի գերազանցել 500 հազարապատիկը,
դ. խոցման գործոնները չեն տարածվել մարզի կամ Երևան քաղաքի վարչական շրջանի տարածքից դուրս:
- Համայնքային արտակարգ իրավիճակ - արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել ներքոհիշյալ դեպքերից առնվազն մեկը`
ա. տուժել է 10-ից ավելի, սակայն 50-ից ոչ ավելի մարդ,
բ. խախտվել են 50-ից ավելի, սակայն 300-ից պակաս մարդկանց կենսագործունեության պայմանները,
գ. նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի, սակայն չի գերազանցել հինգ հազար անգամը,
դ. խոցման գործոնները չեն տարածվել քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) ու գյուղական համայնքների տարածքից դուրս:
- Կորուստ՝ արտակարգ իրավիճակի հետևանքով գույքի և ունեցվածքի ամբողջական կամ մասնակի բացասական փոփոխություն, որն արտահայտվում է ֆիզիկական չափման միավորներով (մետր, կիլոգրամ, հեկտար և այլն), մարդու առողջության վնասով կամ կյանքի կորստով:
- Վնաս՝ կորուստի չափ, արտահայտված ընթացիկ շուկայական գնային ցուցանիշներով, առողջության վերականգնման արժեքով, բացառությամբ մահվան դեպքը:
- Իրական վնաս՝ ծախսեր, որոնք կատարվել են կամ պետք է կատարվեն գույքի կորուստը կամ վնասն ամբողջովին վերականգնելու համար, չստացված եկամուտները, որոնք անձը կստանար սովորական պայմաններում (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական կորուստը:?
- Աղետների ռիսկի նվազեցում` վտանգների բացահայտման, գնահատման, հնարավոր բացասական ազդեցության և բնակչության խոցելիության նվազեցման, հողօգտագործման, շրջակա միջավայրի բաղադրիչների արդյունավետ կառավարման և վտանգներին դիմակայելու կարողությունների զարգացման միջոցառումների համալիր:
- Առաջին անհրաժեշտության միջոցներ՝ գույք, որն անհրաժեշտ է մարդու կենսագործունեության առաջնային կարիքները հոգալու համար: Առաջին անհրաժեշտության գույք է հանդիսանում` սպասք, կենցաղային տեխնիկա՝ սառնարան, հեռուստացույց, արդուկ, գազօջախ (էլեկտրական սալօջախ), մահճակալ, անկողին, կահույք՝ սեղան, աթոռ:
- Ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած վնասի փոխհատուցման ենթակա են հետևյալ դեպքերն ու պատահարները՝
- երկրաշարժ,
- ցրտահարություն,
- ջրհեղեղ,
- ջրածածկում,
- ջրակալում,
- կարկուտ,
- հորդառատ անձրև,
- սելավ,
- քամի, փոթորիկ, պտտահողմ,
- ամպրոպ,
- սողանք,
- երաշտ,
- վտանգավոր բեռների տեղափոխմամբ պայմանավորված պատահարներ,
- համաճարակ, էպիզոտիա,
- ճառագայթային (միջուկային), քիմիական վթարներ,
- հրդեհ,
- պայթյուն,
- փլուզումներ,
- քարաթափումներ:
- Սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքերում վնասի փոխհատուցում չի տրվում, եթե՝
- գյուղատնտեսական ապրանքները, եթե գյուղատնտեսական արտադրանքի գծով հասանելի է Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) կառավարության կողմից սուբսիդավորվող ապահովագրական պայմանագրերի կնքումը վնասներն առաջացել են տուժողի գործողության կամ անգործության հետևանքով,
- տուժողի դիտավորության հետևանքով վնասված գույքը հանդիսացել է արտակարգ իրավիճակի պատճառ,
- տուժողի դիտավորության հետևանքով վնասված անշարժ գույքը գտնվել է արտակարգ իրավիճակի օջախ հանդիսացած օբյեկտի սանիտարական պաշտպանական գոտում,
- վնասված անշարժ գույքը կառուցված է եղել շինարարական նորմերի և կանոնների խախտմամբ, որոնք չունեն կադաստրային գրանցում,
- կառուցապատված հողատարածքն օգտագործված է եղել ոչ նպատակային,
- ագրոտեխնիկական միջոցառումների պահանջները չպահպանելու պատճառով հանգեցրել են գյուղատնտեսական մշակաբույսերի վնասման՝ չպահպանելով ՀՀ գյուղատնտեսության ոլորտը համակարգող լիազոր մարմնի ցուցումները:
- Սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքերում վնասները փոխհատուցման ենթակա են, եթե դրանք լիազոր մարմնի կողմից որակվել են որպես հանրապետական, մարզային կամ համայնքային արտակարգ իրավիճակ:
- Սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերի պահանջների ապահովման դեպքերում կառավարության կողմից վնասի փոխհատուցման ձևերն են՝
- վարկի տոկոսի սուբսիդավորում,
- գույքահարկի, հողի հարկի մասնակի փոխհատուցում, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի սակագների սուբսիդավորում,
- ապահովագրավճարի սուբսիդավորում,
- պատճառված վնասի չափի դրամական փոխհատուցում,
- վնասի փոխհատուցում բնեղենով,
- առողջությանը և կյանքին հասցված վնասի փոխհատուցում:
- Վնասի փոխհատուցման վերաբերյալ առաջարկությունները ՀՀ կառավարության կամ ՀՀ վարչապետի քննարկմանն է ներկայացվում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) (հիմք՝ ՀՀ Վարչապետի 2012 թվականի ապրիլի 10-ի N 325-Ա «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» որոշում)։
- Սույն կարգի 6-րդ կետում նշված փոխհատուցման ձևերը կարող են կիրառվել առանձին կամ համակցված, Հանձնաժողովի կողմից հաստատված վնասի գնահատման դրամական չափի սահմաններում։
- Վնասի գնահատումը կատարվում է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգի համաձայն (հիմք՝ ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին որոշում»)։
- Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքներին վնասի փոխհատուցում տրվում է վնասի (առանձին դեպքերում ընդհանուր վնասի) 100 %-ի չափով:
- Ապահովագրված տնտեսական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձանց պատճառված վնասը փոխհատուցվում է ապահովագրական ընկերության կողմից չհատուցված գումարի չափով մինչև վնասի 100 %-ը։
- Չապահովագրված տնտեսական գործունեություն չիրականացնող ֆիզիկական անձանց պատճառված վնասը փոխհատուցվում է մինչև պատճառված վնասի 80 %-ը։
- Ապահովագրված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպությանը փոխհատուցվում է ապահովագրական ընկերության կողմից չհատուցված գումարի չափով մինչև վնասի 100 %-ը:
- Չապահովագրված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպությանը փոխհատուցվում է մինչև պատճառված վնասի 60 %-ը, բացառությամբ հանրակրթական և սոցիալական նշանակության կազմակերպությունների, որոնց փոխհատուցվում է պատճառած վնասի 100%-ը։
- Տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասը փոխհատուցվում է միայն ապահովագրության առկայության պայմաններում, ապահովագրական ընկերության կողմից չհատուցված գումարի չափով մինչև վնասի 100 %-ը:
- Տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձիք և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություններն իրենք են կրում իրական վնասների պատասխանատվությունը:
- Գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձիք սույն կարգի 3-րդ կետով սահմանված առնվազն երկու դեպքերից ապահովագրելու դեպքում ՀՀ կառավարությունը սուբսիդավորում է ապահովագրավճարի 50 %-ը, սույն կարգի 3-րդ կետով սահմանված յուրաքանչյուր հաջորդ դեպքից ապահովագրվելու պայմաններում սուբսիդավորումը կավելացվի 2 տոկոսով, բայց ոչ ավել, քան ապահովագրավճարի 60 %-ը:
- Չապահովագրված գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց պատճառված վնասը չի փոխհատուցվում։
- Ապահովագրված ֆորսմաժորային իրավիճակում հայտնված գյուղատնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց փոխհատուցվում է ապահովագրական ընկերության կողմից չհատուցված գումարի չափով մինչև վնասի 100 %-ը, Հանձնաժողովի առանձնահատուկ առաջարկության հիման վրա։
- Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն չգերազանցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպությունների կողմից սույն կարգի 3-րդ կետով սահմանված առնվազն երկու դեպքերից ապահովագրելու դեպքում ՀՀ կառավարությունը սուբսիդավորում է ապահովագրավճարի 50 %-ը, սույն կարգի 3-րդ կետով սահմանված յուրաքանչյուր հաջորդ դեպքից ապահովագրվելու պայմաններում սուբսիդավորումը կավելացվի 2 %-ով, բայց ոչ ավել, քան ապահովագրավճարի 60 %-ը:
- Չապահովագրված տարեկան 24 մլն դրամ շրջանառություն չգերազանցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպությունների պատճառված վնասը չի փոխհատուցվում։
- Ապահովագրված ֆորսմաժորային իրավիճակում հայտնված տարեկան 24 մլն դրամ շրջանառություն չգերազանցող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպությունների փոխհատուցվում է ապահովագրական ընկերության կողմից չհատուցված գումարի չափով մինչև վնասի 100%-ը, Հանձնաժողովի առանձնահատուկ առաջարկության հիման վրա։
- ՀՀ կառավարության կողմից որպես փոխհատուցում ապահովվում է արտակարգ իրավիճակից առողջությանը հասցված վնասի ամբուլատոր կամ ստացիոնար անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը, անհրաժեշտության դեպքում՝ ներառյալ հոգեբանական աջակցությունը։
- ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, որպես սոցիալական աջակցություն, տրամադրվում է միանվագ դրամական օգնություն՝ մարդու մահվան դեպքում, որի չափն առաջարկում է Հանձնաժողովը:
- Արտակարգ իրավիճակի հետևանքով բնակելի տարածքի կորստի դեպքում ֆիզիկական անձիք ապահովվում են պետության կողմից սահմանված նվազագույն բնակելի տարածքով կամ ստանում են պետության կողմից սահմանված նվազագույն բնակելի տարածքին համարժեք փոխհատուցում, աղետի դեպքում ժամանակավոր կացարաններով։
- Բնակելի տարածքի կամ կենսապահովման պայմանների կորստի դեպքում, բացի վնասի փոխհատուցումից, տուժած ֆիզիկական անձիք ապահովվում են առաջին անհրաժեշտության միջոցներով։
- Ապահովագրության և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման համար շահառուն կարող է օգտվել պետության կողմից երաշխավորված նպատակային վարկերից, որոնց չափը սահմանում է ՀՀ կենտրոնական բանկը։
- Համայնքային հանձնաժողովի կողմից սահմանվում են սույն կարգի 3-րդ կետով հաստատված արտակարգ դեպքերի ռիսկերի նվազեցմանն ուղղված նվազագույն և պարտադիր միջոցառումների ցանկը, արտակարգ իրավիճակների ոլորտը համակարգող լիազոր մարմնի առաջարկությունների հիման վրա:
- Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման դեպքում փոխհատուցման չափը կարող է ավելանալ 10 %-ի չափով, չգերազանցելով իրական վնասի 100 %-ը։
- Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց գործողությունները կամ անգործությունը հանգեցրել է արտակարգ իրավիճակի, վնաս է պատճառել օբյեկտին, բնակչությանը և շրջակա միջավայրին, պատասխանատվություն են կրում պատճառած վնասի փոխհատուցման մասով։
- ՀՀ կառավարության կողմից կարող է սահմանվել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման այլ չափեր և ձևեր, ինչպես նաև փոխհատուցման միջոցների աղբյուրներ, այդ թվում՝ միջազգային և մարդասիրական։
- Փոխհատուցման հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշմամբ հաստատված ակտերը:
- Սույն կարգով նախատեսված փոխհատուցումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից առաջարկված ժամկետում, եթե ՀՀ կառավարության կողմից այլ ժամկետներ սահմանված չեն։
- Սահմանել, որ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման համար միջոցները հատկացվում են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ պետական կառավարման տարածքային մարմիններին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն:
-
Քննարկվել է
14.01.2020 - 31.01.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 9665
Տպել