Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ № - Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի № 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ի № 566-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի «ը» ենթակետով և  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» № 1937-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություները և լրացումները.

1) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Դրամաշնորհի չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության  տվյալ տարվա բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության   կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրի հիման վրա: Դրամաշնորհի հատկացման նպատակով տվյալ պետական մարմնի ղեկավարը (այսուհետ՝ նաև ղեկավար) կազմավորում է մրցույթի հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի անդամը պետք է ունենա դրամաշնորհի տրամադրման տեխնիկական առաջադրանքը, ինչպես նաև մրցույթի մասնակից կազմակերպությունների (այսուհետ` նաև մասնակից) որակավորումը և առաջարկները գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է դրամաշնորհային ծրագրին համապատասխան: Եթե պետական մարմնի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ):»:

2) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10.1 և 10.2 կետերով․

«10.1. Հանձնաժողովի`

1) կազմը բաղկացած է առնվազն հինգ անդամից և ունի նախագահ ու քարտուղար, որոնք սահմանվում են հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ: Հանձնաժողովի նիստին նախագահի մասնակցության անհնարինության դեպքում նիստը նախագահում է ըստ հանձնաժողովի կազմում ընդգրկման առաջնահերթության նախագահի թեկնածուից հետո նշված` նիստին ներկա հաջորդող թեկնածուն.

2) գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների երկու երրորդը.

3) նիստն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին հայտնի դառնալու պահին քարտուղարը գրավոր զեկուցում է ղեկավարին, որը հետևյալ հաջորդականությամբ`

ա. ոչ ավելի, քան երկու աշխատանքային օրով կասեցնում է հանձնաժողովի գործունեությունը,

բ. ապահովում է տվյալ անդամի ներկայանալը հանձնաժողովի նիստին կամ տվյալ անդամի փոխարեն նշանակում է հանձնաժողովի նոր անդամ,

գ. սահմանում է նիստի անցկացման օրը և ժամը, որը չպետք է ուշ լինի հանձնաժողովի գործունեության կասեցման վերջնաժամկետից.

4) որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է.

5) նիստերը տեսաձայնագրվում կամ ձայնագրվում և արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտադիր կարգով ստորագրում են այդ նիստի արձանագրությունը, որը պետք է պարունակի նաև տեղեկություններ հաջորդ նիստի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին: Արձանագրությունը մրցույթի անցկացման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է.

6) արտահերթ նիստը հրավիրում է քարտուղարը` ղեկավարի գրավոր հանձնարարությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով: Արտահերթ նիստ հրավիրելու, դրա օրակարգի և ժամկետի մասին քարտուղարը նիստից առնվազն վեց ժամ առաջ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին.

7) անդամի կամ քարտուղարի կողմից իր պարտականությունների չկատարումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող պաշտոնատար անձի` հանձնաժողովի գործունեությանը միջամտությունը հանգեցնում են այդ անդամին (պաշտոնատար անձին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը.

8) անդամը պատասխանատվություն է կրում իր որոշումների, այդ թվում՝ իր կողմից հաստատված փաստաթղթերի, պահանջների, ինչպես նաև հաղթողին որոշելու հիմնավորվածության համար.

9) յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված հայտերը, դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում դրանք:

10.2. Եթե հանձնաժողովը չի ապահովում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, ապա քարտուղարը դրա մասին հայտնի դառնալու օրը գրավոր զեկուցում է ղեկավարին, որը`

1) զեկուցագիրը ստանալու օրը`

ա. հրամանով կասեցնում է հանձնաժողովի գործունեությունը: Եթե կասեցման հրամանով այլ ժամկետ նախատեսված չէ, ապա հանձնաժողովի գործունեությունը կասեցվում է մինչև երեք աշխատանքային օրով,

բ. հանձնարարում է պետական մարմնի իրավաբանական ծառայությանը մինչև կասեցման ժամկետի ավարտը տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.

2) իրավաբանական ծառայության գրավոր առաջարկի հիման վրա հարցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով կարող է դիմել իրավասու (մասնագիտացված) մարմինների: Նման դեպքում հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետը երկարացվում է մինչև եզրակացություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը, ինչի կապակցությամբ ղեկավարի կողմից ընդունվում է հրաման.

3) իրավական եզրակացությունն ստանալուց հետո հրամանով`

ա. հանձնաժողովի գործունեությունը վերականգնվում է, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ

բ. հանձնարարվում է հանձնաժողովին, ըստ իրավական եզրակացության, վերանայել հանձնաժողովի որոշումները: Զեկուցագիրը և իրավական եզրակացությունը կցվում են արձանագրությանը:»:

 3) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Հանձնաժողովը գործում է մինչև պայմանագրով կողմերի համար սահմանված պարտավորությունների ամբողջական կատարումը:».

4) 15-րդ կետից հանել «աշխատակազմի» բառը․

5) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Մինչև մրցույթի հայտերի բացման նիստը պետական մարմնի պաշտոնատար անձանց, հանձնաժողովի անդամներին, քարտուղարին, հրավիրված փորձագետին (մասնագետին) արգելվում է հրավեր տրամադրելու պահանջ ներկայացրած կամ հրավեր ստացած կամ հայտ ներկայացրած անձանց մասին տեղեկություններ հաղորդելն այլ անձանց: Սույն կետում նշված անձանց կողմից այլ անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևով պարզաբանումներ կամ մրցույթի ընթացակարգին վերաբերող այլ տեղեկություններ տրամադրելը հանգեցնում է այդ անձին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը:»:

6) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Հանձնաժողովի կողմից մրցույթի հայտարարության և հրավերի տեքստերը հաստատվելուն հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի քարտուղարը հայտարարության և հրավերի տեքստերը գրավոր ներկայացնում է ղեկավարին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է մրցույթի հայտարարության և հրավերի հրապարակումը պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը: Մրցույթի մասին հայտարարությունը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի ու կարգի` մրցույթին մասնակցելու հիմնական պայմանների, այդ թվում` նաև մրցույթի հրավեր ստանալու պայմանների ու մրցույթի առաջարկները (այսուհետ` հայտ) կազմելու և ներկայացնելու պայմանների մասին: Մրցույթի հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը պետք է պակաս չլինի 30 օրացուցային օրից, որը հաշվարկվում է պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում մրցույթի հայտարարության և հրավերի հրապարակման օրվանից:».

7) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Մրցույթի հրավերը պետք է պարունակի`

1) մրցույթը հայտարարած պետական մարմնի անվանումը.

2) հղում` հրապարակված մրցույթի մասին հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է մրցույթի հրավերը.

3) հայտերի պատրաստման մասին հրահանգները, այդ թվում` հայտի ֆինանսական նախահաշվի կազմման ձևը: Ընդ որում, հրավերով մասնակցին տեղեկություն ներկայացնելու պայման սահմանվելու դեպքում նախատեսվում են այդ տեղեկության վավերապայմանները.

4) մասնակիցներին  ներկայացվող որակավորման տվյալների չափանիշները և դրանց գնահատման համար պահանջվող փաստաթղթերը.

5) դրամաշնորհի տրամադրման հիմնական պայմանները.

զ) հայտը ներկայացնելու պայմանները` ներառյալ ձևը, տեղը, ժամկետը, հայտի լեզուն.

6) այն եղանակները, որոնցով մասնակիցները կարող են պահանջել մրցույթի փաստաթղթերի վերաբերյալ պարզաբանումներ.

7) հայտերի բացման օրը, ժամը և վայրը, քննարկման կարգը և գնահատման չափանիշները.

8) հայտերը մերժելու պայմանները.

9) կնքվելիք պայմանագրի նախագիծը.

10) նշում այն մասին, որ մասնակցի հայտի պատճենները հանձնաժողովի քարտուղարն անհապաղ տրամադրում է նման պահանջ ներկայացրած այլ մասնակցին: Պահանջի կատարման անհնարինության դեպքում պահանջը ներկայացրած անձին անհապաղ տրամադրվում են հայտում ներառված փաստաթղթերը, որոնց վերջինս ծանոթանում է տեղում, իրավունք ունի լուսանկարելու դրանք, և վերադարձնում է քարտուղարին նիստի ընթացքում՝ առանց խոչընդոտելու հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

11) տեղեկատվություն կանխավճարի հատկացման և դրա առավելագույն չափի մասին.

12) դրամաշնորհային ծրագիրը մասնակցի կողմից համաֆինանսավորման եղանակով իրականացնելու առաջարկության դեպքում կիրառվելիք նախապատվության տրամադրման պայմանները.

13) հայտերի նախապատրաստման և ներկայացման վերաբերյալ այլ տեղեկատվություն` հանձնաժողովի հայեցողությամբ:».

8) 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 20.1 կետով.

«20.1 Պայմանագրով (նախագծով) սահմանվում է նաև՝

1) որ պայմանագիր կնքած կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պայմանագրով սահմանվում են տույժեր և տուգանքներ: Տուգանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի ընդհանուր գնի 0,5 տոկոսից, իսկ տույժերի չափը` 0,05 տոկոսից: Ընդ որում, տուգանքը հաշվարկվում է նաև պայմանագիրը դրանով սահմանված ժամկետներում կատարելու, սակայն հանձնաժողովի կողմից չընդունվելու դեպքում: Տույժը հաշվարկվում է աշխատանքային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ.

2) որ այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ մրցույթի գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս հաղթող կազմակերպություն ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պետական մարմինը միակողմանիորեն լուծում է պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, պետական մարմինը չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով պայմանագրի կողմի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով պետական մարմնի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է: Սույն կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում հսկողություն և (կամ) վերահսկողություն իրականացնող մարմինները, իսկ մյուս դեպքերում պետական մարմինն այդ մասին ծանուցում են իրավապահ մարմիններին՝ վերջիններիս և պայմանագիր կնքած կազմակերպությանը ներկայացնելով հիմքերը.

3) դրամաշնորհի միջոցների հաշվին իրականացվող ծրագրի անվանումը և բովանդակությունը, դրա շրջանակներում կազմակերպության կողմից կատարման ենթակա գործառույթների նկարագիրը, ակնկալվող արդյունքները և դրանց գնահատման չափանիշները, հաշվետվությունների ներկայացման կարգն ու ժամկետները, ինչպես նաև պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում կողմերի պատասխանատվությունը.

4) որ կանխավճարի մարումն իրականացվում է հանձնման-ընդունման ակտերի հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Ընդ որում մինչև կանխավճարի ամբողջական մարումը, պայմանագրի կողմին վճարումներ չեն կատարվում.

5) որ համատեղարի մարումն իրականացվում է հանձնման-ընդունման ակտերի հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Ընդ որում մինչև կանխավճարի ամբողջական մարումը, պայմանագրի կողմին վճարումներ չեն կատարվումետվությունների ներկայացման կարգն ոումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները:».

9) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «21. Քարտուղարը մրցույթի հրավերը տրամադրում է գրավոր պահանջ ներկայացրած կազմակերպությանը` նման պահանջ ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթի հրավեր չստանալը չի կարող հիմք հանդիսանալ մասնակցի հայտը չընդունելու համար:».

10) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Մասնակիցը կարող է հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ հանձնաժողովից գրավոր պահանջելու մրցույթի հրավերի պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է գրավոր՝ հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում: Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրը, առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները: Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն կետով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարցումը դուրս է հրավերի բովանդակության շրջանակից: Ընդ որում մասնակիցը գրավոր ծանուցվում է պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին՝ հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:».

11) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ հրավերում կարող են կատարվել փոփոխություններ: Հրավերում փոփոխություն կատարվելու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու մասին հայտարարությունը և փոփոխված հրավերը հրապարակվում են պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը: Մրցույթի հրավերում փոփոխություն կատարվելու դեպքում հայտերի ներկայացման վերջնաժամկետը հաշվում է այդ փոփոխությունների մասին հայտարարությունը և փոփոխված հրավերը սույն կետով նախատեսված կայքում հրապարակվելու օրվանից: Սույն կետի համաձայն մրցույթի հրավերում փոփոխություն կատարվելու դեպքում պետական մարմինը չի կրում մրցույթի հրավերում փոփոխություն կատարվելու հանգամանքով պայմանավորված` մասնակցի կողմից կրած իրական վնասի ռիսկը:».

12) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24․ Մասնակիցները մրցույթին կարող են մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Համատեղ գործունեության կարգով մրցույթին մասնակցելու դեպքում `

1) հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիրը.

2) հրավերով սահմանվում է, որ համատեղ գործունեության պայմանագրի կողմերից որևէ մեկը չի կարող նույն մրցույթին ներկայացնել առանձին հայտ: Սույն ենթակետի պահանջի չպահպանման դեպքում հայտերի բացման նիստում մերժվում են ինչպես համատեղ գործունեության կարգով, այնպես էլ առանձին ներկայացված հայտերը.

3) եթե համատեղ գործունեության պայմանագրով սահմանված է, որ մասնակիցների ընդհանուր գործերը վարում է համատեղ գործունեության պայմանագրի առանձին մասնակից, ապա հայտը ներկայացվում, իսկ պայմանագիր կնքվելու դեպքում վճարումները կատարվում են այդ մասնակցին: Այն դեպքում, երբ համատեղ գործունեության պայմանագրով նախատեսվում է, որ ընդհանուր գործերը վարելիս յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գործելու բոլոր մասնակիցների անունից, ապա պայմանագիր կնքվելու դեպքում դրա հիման վրա վճարումները կատարվում են հայտը ներկայացրած մասնակցին.

4) հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները:».

13) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Հայտը ներկայացվում է փակ` սոսնձված և ստորագրված: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մրցույթի հրավերում նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը և նշված է «Չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը։»։

14) 26-րդ կետում «մրցույթի մասին հայտարարությամբ» բառերը փոխարինել «մրցույթի մասին հայտարարությամբ և հրավերով» բառերով.

15) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Մասնակիցը կարող է ներկա գտնվել հանձնաժողովի նիստերին: Հայտերի բացվելուց հետո կազմվում է արձանագրություն, որը պարունակում է՝

1) տեղեկություն՝ հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին.

2) հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները և հասցեները.

3) տվյալներ` ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության մասին.

4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության մասին.

5) տվյալներ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին.

6) յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած ֆինանսական նախահաշվի ընդհանուր արժեքը.

7) մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.

8) տեղեկատվություն` հայտերի վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.

9) հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը.

10) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:».

16) 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 28.1 կետով.

«28.1 Հանձնաժողովի անդամը, հրավիրված փորձագետը (մասնագետը) կամ քարտուղարը չեն կարող մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, եթե հայտերի բացման նիստին պարզվում է, որ հայտ է ներկայացրել այնպիսի մասնակից, որին անդամակցում է տվյալ կամ վերջինիս մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր): Եթե առկա է սույն կետով նախատեսված պայմանը, ապա հայտերի բացման նիստից անմիջապես հետո տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող գնահատող հանձնաժողովի անդամը, հրավիրված փորձագետը (մասնագետը) կամ քարտուղարը ինքնաբացարկ է հայտնում տվյալ ընթացակարգից: Սույն կետում նշված անձիք ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը հայտերի բացման նիստի ավարտին հաջորդող աշխատանքային օրը հայտերի բացման նիստի արձանագրության հետ մեկտեղ հրապարակվում է պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը: Այն անձիք, ովքեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտերի բացման նիստից հետո հրավիրվող նիստերին, ստորագրում են սույն կետում նախատեսված հայտարարությունները, որոնք հրապարակվում են պետական մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ ստորագրմանը հաջորդող աշխատանքային օրը:».

 17) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Հանձնաժողովի անդամները հայտերի բացման նիստում որոշված ժամկետում, որը չի կարող պակաս լինել երեք աշխատանքային օրվանից, մրցույթի հրավերով սահմանված կարգով գնահատում են մրցույթի մասին հայտերը և գնահատման թերթիկներում համապատասխան նշումներ կատարելու միջոցով մրցութային առաջարկների վերաբերյալ եզրակացություն են տալիս ու ստորագրում և քարտուղարին են փոխանցում գնահատման թերթիկների մեկական օրինակները: Սույն կետով նախատեսված ժամկետը չի կիրառվում, եթե հայտերի բացման նիստին ներկա հանձնաժողովի անդամների միաձայն որոշմամբ հայտերի գնահատման համար սահմանվում է դրանից պակաս ժամկետ: Ընդ որում՝ գնահատումը պետք է իրականացվի հետևյալ չափանիշների հիման վրա.

1) ծրագրի իրականացման անհրաժեշտությունը հիմնավորված է, համապատասխանում է սահմանված նպատակներին և առաջնահերություններին.

2) ծրագրի խնդիրները հասանելի, չափելի ու իրատեսական են և համապատասխանում են դրված նպատակներին, ծրագրի պլանավորումն իրատեսական է և հնարավոր է դարձնում դրված խնդիրների իրականացումը.

3) նախանշված է ծրագրի իրատեսական շարունակելիության ձևը և/կամ կայունության ապահովման մեխանիզմները.

4) ապահովված են ծրագրի առավելագույն տեսանելիության և արդյունքների տարածման մեխանիզմները.

5) ծրագիրը համահունչ է մասնակցի կանոնադրական նպատակներին և խնդիրներին:».

18) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. Մրցույթի արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիստում` հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գնահատման թերթիկների հիման վրա: Հանձնաժողովն ընդունում է որոշում այն կազմակերպության մասին, որի հետ կարող է կնքվել դրամաշնորհի տրամադրման` նվիրաբերության պայմանագիր, և այն կազմակերպության (կազմակերպությունների) մասին, որի (որոնց) հետ չի կարող կնքվել նման պայմանագիր:»:

19) 32-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր «դ» ենթակետով.

«դ) պայմանագիր չի կնքվում:».

20) 35-րդ կետից հանել «աշխատակազմի» բառերը.

21) 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«36. Կազմակերպությունը, որի հետ պետք է կնքվի դրամաշնորհի հատկացման պայմանագիր, կարող է հրաժարվել պայմանագիր կնքելուց` դրա մասին պայմանագրի նախագիծն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով պետական մարմնի ղեկավարին:».

22) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.   

«37. Դրամաշնորհի հատկացման պայմանագիրը կնքվելու կամ մրցույթը չկայացած հայտարարվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը կազմում և ղեկավարի հաստատմանն է ներկայացնում մրցույթի ընթացակարգի մասին արձանագրություն, որին կցվում են մրցույթի ընթացակարգին առնչվող բոլոր փաստաթղթերը և ձայնագրությունները: Ղեկավարը ապահովում է մրցույթի ընթացակարգի մասին արձանագրության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործավարության կանոններին համապատասխան պահպանումը և սահմանված կարգով արխիվացումը: Պետական մարմինը պարտավոր է մրցույթի ընթացակարգի արձանագրության կամ դրա մաս կազմող փաստաթղթի պատճենը տրամադրել ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում:»:

23) ուժը կորցրած ճանաչել 12-րդ, 13-րդ 14-րդ և 19-րդ կետերը:

 

  1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատվելուց հետո, հնարավորության դեպքում, մինչև բյուջետային տարին սկսվելը, այն դրամաշնորհային ծրագրերը, որոնց իրականացման համար ֆինանսական միջոցները պետք է հատկացվեն.

ա. մրցույթային կարգով` ապահովել մրցույթների անկացումը և պայմանագրերի կնքումը՝ նախատեսելով, որ կնքվելիք պայմանագրերով սահմանված կողմերի իրավունքները և պարտականությունները կգործեն այդ նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև համաձայնագրեր կնքվելու օրվանից.

բ. ոչ մրցույթային կարգով՝ ապահովել պայմանագրերի կնքումը, նախատեսելով, որ՝

- կնքվելիք պայմանագրերով սահմանված կողմերի իրավունքները և պարտականությունները կգործեն այդ նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև համաձայնագրեր կնքվելու օրվանից.

-  պայմանագրով նախատեսված միջոցառումների տարեկան արդյունքներն ընդունվելուց հետո առաջացած տնտեսումները (խնայողությունները) դրամաշնորհը ստացած կազմակերպությունը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` արդյունքն ընդունվելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ բյուջետային տարվա նախավերջին աշխատանքային օրը: Ընդ որում սույն պարբերությամբ սահմանված պայմանը նախատեսվում է նաև տվյալ բյուջետային տարվա ընթացքում կնքվելիք պայմանագրերում.

2) դրամաշնորհի ծրագրի իրականացման համար պահանջվող ամբողջական միջոցները հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրում նախատեսված լինելու դեպքում՝ մրցույթի գործընթացը պետք է կազմակերպվի և պայմանագիր կնքվի սույն կետի 1-ին  ենթակետում նշված կարգավորման համաձայն՝ դրամաշնորհի ծրագրով նախատեսված ամբողջական արժեքով․

3) բյուջետային տարվա ընթացքում դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար միջոցներ նախատեսվելու դեպքում՝ պայմանագրերի կնքման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել գումարները նախատեսվելու օրվանից հաշված քսան աշխատանքային օրվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում կիրառելով սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգավորումները.

4) դրամաշնորհի տրամադրման պայմանագրով նախատեսել, որ սահմանված միջոցառումների տարեկան արդյունքները թերակատարվելու դեպքում, դրա արդյունքում առաջացած գումարները դրամաշնորհ ստացած կազմակերպությունը մինչև տվյալ բյուջետային տարվա նախավերջին աշխատանքային օրը վերադարձնում է Հայաստանի Հանրաետության պետական բյուջե:

 

  1. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 2-րդ կետի կիրառմամբ կնքված պայմանագրերի կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում, համաձայնագրերը կնքվում են դրա մասին ծանուցումը պայմանագիր կնքած կազմակերպությանը ուղարկվելու օրվանից հաշված տաս աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում՝ համաձայնագիր կնքելու ծանուցումն ուղարկվում է ֆինանսական միջոցները նախատեսվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ պայմանագիր կնքած կազմակերպության էլեկտրոնային փոստին ուղարկվելու միջոցով: Եթե պայմանագրի կողմը սույն կետում նշված ժամկետում չի ստորագրում և ներկայացնում համաձայնագիրը, ապա պայմանագիրը համարվում է միակողմանիորեն լուծված.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա առանց մրցույթի անցկացման կնքված դրամաշնորհի տրամադրման պայմանագրերի նկատմամբ կիրառվում են սույն որոշման հավելվածի 20.1, 36.1 և 36.2 կետերով նախատեսված պայմանները.

3) պետական մարմնի ղեկավարը`

ա. մարմնում գլխավոր քարտուղարն է կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձն է՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, որտեղ պատվիրատուի ղեկավարը կարող է լինել աշխատակազմի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, որտեղ պատվիրատուի ղեկավարը կարող է լինել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից լիազորված պաշտոնատար անձը.

բ. մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձը, եթե տվյալ մարմինը չունի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ.

4) էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում մրցույթների անցկացումը, պայմանագրերի կնքումը, հաշվառումը և կնքված պայմանագրի արդյունքների ընդունումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից սահմանված՝ ըստ պետական մարմինների էլեկտրոնային համակարգին անցման ժամանակացույցը: Սույն կետով նախատեսված գործառույթների՝ Էլեկտրոնային եղանակով իրականացման ուղեցույցը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի անհատական իրավական ակտով.

5) մրցույթները էլեկտրոնային եղանակով կազմակերպվելու դեպքում հայտերի ներկայացման վերջնաժամկետը հաշվարկվում է մրցույթի հայտարարությունը և հրավերը էլեկտրոնային համակարգում հրապարակվելու օրվանից:

 

  1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում հաստատել և նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել մրցույթի ընթացքում օգտագործվելիք փաստաթղթերի օրինակելի ձևերը:

 

  1. Սույն որոշման 4-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանը ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» № 566-Ն որոշումը։

 

  1. Սահմանել, որ սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված դրամաշնորհի տրամադրման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


           

    ՎԱՐՉԱՊԵՏ                                                             
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Քննարկվել է

    20.12.2019 - 20.01.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7781

Տպել