Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  

ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովել տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը` արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ: 

Վարչական արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում թերևս, «ամենաերիտասարդ» իրավական ինստիտուտներից է: Իրավունքի այս ճյուղի գոյության շուրջ 11 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունվեցին վարչական դատավարության երկու օրենսգրքեր:

2013 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կիրառման ընթացքում ծագած խնդիրների լուծման համար ընդունվեցին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքներ: Այդուհանդերձ, նշված միջոցառումների իրականացման պայմաններում վարչական դատարանը շարունակում է մնալ ծանրաբեռնված, բացակայում են վարչական գործը առավել սեղմ ժամկետում և արդյունավետ քննելուն ուղղված կառուցակարգերը:

Հատկանշական է, որ Կառավարության կողմից 10.10.2019 թվականին հաստատված դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության ծրագրի առաջնահերթություններից է վարչական արդարադատության արդյունավետության բարձրացումը: Արդյունքում, անհրաժեշտ է Վարչական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում կատարել փոփոխություններ, որոնք նախևառաջ միտված կլինեն՝

  • Վարչական դատավարությունում ծանուցման ընթացակարգերի բարելավմանը.

Վարչական դատավարությունում ծանուցումների գործող համակարգի պարագայում դատարանը պարտավոր է յուրաքանչյուր գործով յուրաքանչյուր դատավարական գործողության մասին հիմնականում փոստի միջոցով ծանուցել դատավարության մասնակցին: Ընդ որում, որևէ տարբերակում չի դրվում, թե դատավարության մասնակիցը ֆիզի­կական կամ իրավաբանական անձ է, փաստաբան է, թե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին: Բոլոր դեպքերում, դատարանը փաստացի մեծ չափերի ֆինանսական և մարդկային ռեսուրսներ է ծախսում օրենսդրության պա­հանջը կատարելու համար /միայն Երևանում այն անցնում է 400 միլիոն դրամից/[1]:

Հարկ է նկատել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված դատական ծանուցումների համակարգը զգալիորեն նվազեցրեց դատարանների ծանրաբեռնվածությունը և ծախսվող միջոցների չափը, մասնավորապես պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ, ինչպես նաև գործին մասնակցող անձի՝ փաստաբանի կարգավիճակ ունեցող ներկայացուցչի կողմից առաջին դատական ծանուցագիրը ստանալու պահից, նրանք հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում են դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Հետևաբար, անհրաժեշտ է նմանատիպ կարգավորումներ նախատեսել նաև վարչական դատավարությունում:

 

  • Վարչական դատավարությունում գրավոր ընթացակարգի ամրագրմանը.

Ներկայումս վարչական դատավարությունում դատաքննության փուլը կարող է անցկացվել գրավոր միայն դատավարության մասնակիցների համաձայնության դեպքում, մինչդեռ վերաքննության և վճռաբեկության փուլերի համար գրավոր ընթացակարգ նախատեսված չեն:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով վերաքննության և վճռաբեկության փուլերի համար, որպես կանոն, գրավոր ընթացակարգի նախատեսումը ոչ միայն նվազեցրել է այդ դատարանների ծանրաբեռնվածությունը, այլև խթանել է այդ ատյաններում գործի ողջամիտ ժամկետում քննության պահպանմանը, սակայն ՀՀ վարչական դատավարության  և քրեական դատավարության օրենսգրքերով վերաքննության և վճռաբեկության փուլերում գրավոր ընթացակարգի կիրառում նախատեսված չէ:

Գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը Վճռաբեկ դատարանում բողոքի քննության առանձնահատկությունները հաշվի չի առնում և սահմանում է վարույթ ընդունված վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու պարտադիր պահանջ՝ փաստորեն չապահովելով դատական ռեսուրսների խնայողությունը:

Անհրաժեշտ է նաև նկատել, որ վարչական գործերով ներկայացված և վարույթ ընդունված յուրաքանչյուր վճռաբեկ բողոք դատական նիստում քննելու արդյունքում վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանում քննվում են ավելի երկար ժամկետում՝ հաշվի առնելով նաև Վճռաբեկ դատարանի ծանրաբեռնվածությունը: Մասնավորապես, 2018 թվականի ընթացքում միայն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերի դեմ Վճռաբեկ դատարանում ստացվել է 1016 բողոք:

Հաշվի առնելով, որ Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացքում որպես կանոն դատավարության մասնակիցների բացատրություններ տալու, հետևաբար վճռաբեկ բողոքը դատական նիստում քննելու անհրաժեշտությունը հաճախ բացակայում է, իսկ վարույթ ընդունված յուրաքանչյուր վճռաբեկ բողոք դատական նիստում քննելու հանգամանքը հանգեցնում է վճռաբեկ բողոքների քննությունը երկար ժամկետներում իրականացնելուն, առավել նպատակահարմար է ՀՀ վարչական և քրեական դատավարություններում որպես ընդհանուր կանոն նախատեսել վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

3) Վարչական դատավարությունում պարզեցված ընթացակարգերի կիրառմանը.

Ի տարբերություն քաղաքացիական դատավարության, վարչական դատավարությունում պարզեցված վարույթով գործը քննելու հնարավորություն նախատեսված չէ: Պարզեցված վարույթը ենթադրում է վարչական գործի քննության ընդհանուր կանոնների և պարզեցված վարույթի կարգին բնորոշ հատուկ կանոնների համադրմամբ գործի քննության պարզեցված՝ հիմնականում առանց դատական նիստերի հրավիրման ընթացակարգ: Նպատակը առանձին  գործերի քննությունն ավելորդ դատավարական փուլերով չծանրաբեռնելու միջոցով դատավարական խնայողության սկզբունքի կենսագործումն է:  

Պարզեցված վարույթները վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվում են Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումները, որոնցով նախատեսված տուգանքի չափը չի գերազանցում 5.000 ՀՀ դրամը։ Պետական մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ակտերն անվա­վեր ճանաչելու պահանջի վերաբերյալ վարչական գործերը հարուցվում են գլխա­վորապես ֆիզիկական անձանց կողմից  (91.5%) ընդդեմ ՀՀ ճանապարհային ոստի­կանության[2]

Վերոգրյալից բխում է, որ նմանատիպ գործերի համար, հաշվի առնելով վարչական տույժի չափը, ինչպես նաև այլ գործերի համար հաշվի առնելով դրանց բնույթը անհրաժեշտ է սահմանել պարզեցված ընթացակարգ:

Հատկանշական է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունից ևս բխում է պարզեցված վարույթը վարչական դատավարությունում ներդնելու արդի միտումները: Այսպես, Եվրոպայի խորհրդի արդարադատության արդյունավետության հարցերի եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) կողմից նշվել է, որ վարչական դատավարության արդյունավետությունը բարձրացնելու հիմնական միջոցներից է վարչական գործերով պարզեցված վարույթի նախատեսումը[3]: Ընդ որում, հանձնաժողովն արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից 19-ը վարչական դատավարությունում ամրագրել են պարզեցված վարույթ: Ընդ որում, վիճակագրությունը ցույց է տվել, որ վարչական գործերով պարզեցված վարույթը հիմնականում կիրառվում է, երբ դրամական պարտավորությունը կամ տուգանքի չափը չի գերազանցում օրենքով նախատեսված որոշակի գումարը, ինչպես նաև այն դեպքերում, երբ իրավախախտումն արձանագրվել է լուսանկարահանող կամ տեսանկարահանող սարքերով:

Էստոնիայի վարչական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը կարող է կիրառել պարզեցված վարույթ, եթե անձի իրավունքի խախտումն իր բնույթով լուրջ չէ, վեճի առարկայի գումարը չի գերազանցում 1000 եվրոն, ինչպես նաև այն դեպքերում, երբ կողմերը և երրորդ անձինք միջնորդում են գործը պարզեցված վարույթի կարգով քննելու: Ընդ որում, նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով գործը քննելիս դատարանը կարող է սահմանել դատավարական փաստաթղթերը, ապացույցները ներկայացնելու ավելի սեղմ ժամկետներ, վճիռը չպատճառաբանել և այլն[4]:

Ռուսաստանի Դաշնության վարչական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի համաձայն՝ վարչական գործը կարող է քննվել պարզեցված (գրավոր) ընթացակարգով, եթե՝

-գործին մասնակցող բոլոր անձինք միջնորդել են գործը քննել իրենց բացակայությամբ և նրանց մասնակցությունը տվյալ գործին պարտադիր չէ,

-հայցվորը խնդրել է կիրառել պարզեցված վարույթ, իսկ պատասխանողը չի առարկել,

-տվյալ գործով դրամական պարտավորությունը կամ որպես տուգանք նշանակված գումարը չի գերազանցում 20.000 ռուբլին,

-օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում[5]:

Լեհաստանի վարչական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանը կիրառում է պարզեցված վարույթ՝

 -եթե ներկայացվել է վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջ,

-գործին մասնակցող անձանցից որևէ մեկը միջնորդել է կիրառել պարզեցված վարույթ և միջնորդության ներկայացման պահից 14 օրվա ընթացքում որևէ առարկություն չի ներկայացվել դատարանին,

-վարչական հայցի առարկան վերաբերում է վարչական մարմնի անգործությանը կամ վարչական վարույթի ժամկետների խախտումներին,

-օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում[6]:

Իսպանիայում պարզեցված վարույթը կիրառվում է մինչև 13.000 եվրո գումարի հետ կապված վարչական գործերով:

Վերոգրյալից զատ, հարկ է ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն, անդրադառնալով կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներին, նշել է, որ անդամ պետությունները կարող են կիրառել պարզեցված ընթացակարգեր փոքր և ոչ բարդ գործերի համար: Նման մոտեցումը կարող է նպաստել դատարանի մատչելիության իրավունքի երաշխավորմանը, դատական խնայողության ապահովմանը և վեճերի լուծման դյուրինացմանը[7]:

Ամբողջ վերոշարադրյալը վկայում է ՀՀ վարչական դատավարության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր)՝

  • վարչական դատավարության օրենսգրքում ներդրվում է պարզեցված վարույթ,
  • նախատեսվել է վճռաբեկության կարգով գործերի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգի հիման վրա,
  • վերանայվել են վարչական դատավարությունում ծանուցումներին վերաբերվող կարգավորումները:

 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

          Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել վարչական դատավարության արդյունավետությունը և նվազեցնել վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը:

 

[1] Տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի, Հայաստանի Հանրապետության արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ (http://37.139.11.226:8000/storage/uploads/files/news/H3MFF9nesC2jVRW2jlloYcSTsBmeas8XuCmzpGs3.pdf:

[2] Տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի, Հայաստանի Հանրապետության արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ (http://37.139.11.226:8000/storage/uploads/files/news/H3MFF9nesC2jVRW2jlloYcSTsBmeas8XuCmzpGs3.pdf)

[3] The European Commission for the Efficiency of Justice (CEPEJ). 2014. European judicial systems – Edition 2014 (2012 data): efficiency and quality of justice. Strasbourg, France:

[4] https://www.riigiteataja.ee/en/eli/512122017007/consolide

[5]http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_176147/ecf2ba1c4083d4d6c7964617ede6b9d7bcecc0e7/

[6] Code of Administrative court Procedure, Poland

[7] Pönka vs Estonia, No. 64160/11, p 30; on the obligation to hold a hearing see also: Göç v. Turkey [Grand Chamber], No. 36590/97, p 47,

  • Քննարկվել է

    17.12.2019 - 03.01.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8480

Տպել