«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
- Անհրաժեշտությունը
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ դատարաններում այնպիսի դատական վեճերի առկայությամբ, որոնց լուծման արդյունքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը ՀՀ պետական բյուջեի միջոցներից առաջացնում է լրացուցիչ` չնախատեսված միջոցների հատկացման անհրաժեշտություն: Արդյունքում` ՀՀ պետական բյուջեի վրա առաջացող լրացուցիչ բեռի խնդրի կարգավորման նպատակով` անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ` նախատեսելով, որ հարկադիր կատարողի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը կատարվում է հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հաշվին:
Հատկանշական է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրության 20-րդ կետի «թ» ենթակետի համաձայն` «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդը ծախսվում է անհիմն գանձված վարչական տուգանքների վերադարձման, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ծառայողի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համար: Հետևաբար` առաջարկվող փոփոխության կատարման արդյունքում կապահովվի միասնական մոտեցում վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված վնասի փոխհատուցման հարցում և միևնույն ժամանակ, հնարավորություն կընձեռնվի թեթևացնել այս մասով ՀՀ պետական բյուջեի վրա ընկնող լրացուցիչ բեռը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի` 01.12.2016 թվականի` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նյութական խրախուսման և համակարգի զարգացման արտաբյուջետային միջոցների վերաբերյալ հանձնարարականով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ մասի գործող խմբագրությամբ նախատեսվում է, որ հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդում գոյացած միջոցների կեսը օգտագործվում է ծառայողների նյութական խրախուսման, իսկ մյուս կեսը` կատարողական ծախսերի և համակարգի զարգացման համար: Մինչդեռ ՀՀ դատարաններում առկա են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին բազամաթիվ դատական վեճեր, որոնց լուծման արդյունքում (հայցերի բավարարման դեպքում) ՀՀ պետական բյուջեի միջոցներից առաջանում է լրացուցիչ` չնախատեսված միջոցների հատկացման անհրաժեշտություն: Սույն պայմաններում վարչական մարմնի (պաշտոնատար անձանց) ոչ իրավաչափ վարչարարությունը հետագայում հիմք է դառնում ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման համար, մինչդեռ նշված օրենքի գործող խմբագրությունը թույլ չի տալիս վերոնշյալ մարմնի արտաբյուջետային միջոցները ծառայեցնել վարչական մարմնի (պաշտոնատար անձանց) վարչարարությամբ պատճառված վնասների հատուցմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում կկարգավորվի նշված վարչական մարմնի կողմից վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման արդյունքում ՀՀ պետական բյուջեի վրա առաջացող լրացուցիչ բեռի խնդիրը: Նախագծով նախատեսվում է գործող իրավակարգավորումը փոփոխելու արդյունքում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի ծախսման ուղղությունները լրացնել հետևյալ երկու նոր ուղղություններով. հարկադիր կատարողի վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում, ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին հարկադիր կատարողի վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված միջոցների վերականգնում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից, որը շրջանառվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի շահագրգիռ ստորաբաժանումների միջև և ներկայացվել է շահագրգիռ այլ գերատեսչությունների (ՀՀ արդարադատության նախարարության) կարծիքին:
- Ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծի ընդունմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում կկարգավորվի վարչական մարմինների կողմից վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման արդյունքում ՀՀ պետական բյուջեի վրա առաջացող լրացուցիչ բեռի խնդիրը:
-
Քննարկվել է
12.05.2017 - 29.05.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 9513
Տպել