«2020 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
«2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝
«1. Արտոնություններ կարող են կիրառվել ավագանու որոշմամբ: Տեղական տուրքերի և (կամ) վճարների գծով արտոնությունները՝ ավագանու սահմանած փաստաթղթերի և տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:
- Տեղական տուրքերի և (կամ) վճարների արտոնություններ են տեղական տուրքի և (կամ) վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և (կամ) վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքի և (կամ) վճարի վճարումից ազատումը:»:
Երևանի ենթակայության մշակութային և կրթական կազմակերպությունների ֆինանսավորումն ամբողջությամբ կամ մասնակի իրականացվում է Երևանի բյուջեից:
ա. Այսպես, Երևանի ենթակայության մանկապարտեզները ֆինանսավորվել են երեխա-թվով: Յուրաքանչյուր երեխայի հաշվարկով մանկապարտեզներին փոխանցվել է 22500 դրամ: Մանկապարտեզ երեխաները հաճախել են անվճար հիմունքներով, բացառությամբ Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանված դեպքերի:
Ուստի, անհրաժեշտություն է առաջացել սահմանել տեղական վճարի գծով արտոնություններ՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ կամ դրույքաչափի նվազեցմամբ:
բ. Միասնական ուսման վարձի սահմանման համատեքստում մեկ երեխայի ուսման վարձը նախատեսվում է սահմանել 8.0 հազ. դրամ յուրաքանչյուր մասնագիտության գծով, որի արդյունքում հաշվի առնելով ուսումնական տարվա և բյուջետային տարվա անհամապատասխանությունը, սահմանվող վճարի և նախկինում ցածր վարձավճարով պայմանագրեր կնքած երեխաների ուսուցման պարագայում առկա է որոշակի թանկացում։ Հաշվի առնելով վերոնշվածը, խնդրի մեղմման նպատակով առաջարկվում է թվով 300 երեխայի հաշվարկով անցումային փուլում կիրառել արտոնություններ 2020 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառելով զրոյական դրույքաչափ:
գ. Վերջին տարիներին որոշ նվագարանների (ազգային, լարային, փողային) ուսուցման հանդեպ հետաքրքրությունը նվազել է: Պետության կողմից իրականացվող երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային և լարային նվագարանների ուսուցման վարձավճարների փոխհատուցման ծրագրի շնորհիվ, այդ նվագարանների ուսուցումը որոշակի կանոնակարգվել է, սակայն այն ամբողջական լուծված համարել չի կարելի։ Ուսուցման համար նվագարանների ընտրության հարցում անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա խթանել սիմֆոնիկ նվագարաններում և համույթներում պահանջված, սակայն ոչ բավարար չափով դասավանդվող գործիքների ուսուցումը: Այդ նպատակով առաջարկվում է 2020 թվականի համար մինչև 800 երեխայի հաշվարկով սահմանել տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ նվազեցման արտոնություններ՝ դրանք սահմանելով 4000 (չորս հազար) դրամ:
դ. Թանգարանների մուտքի տոմսի արժեքը ծառայություններից օգտվողների համար անփոփոխ թողնելու նպատակով սույն որոշմամբ առաջարկվում է 2020 թվականի համար սահմանվող տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառել դրույքաչափի նվազեցման կամ զրոյական դրույքաչափի արտոնություններ:
ե. Նախկինում Երևանի քաղաքապետին ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ դիմումներով ու գրություններով առաջարկվել կամ խնդրվել է ավտոկայանատեղի տուրքի (օրենքների փոփոխության արդյունքում՝ վճար) վճարման արտոնություն սահմանել հաշմանդամների համար, ինչպես նաև ավտոկայանտեղերում նախատեսել վերջիններիս համար հատուկ հատվածներ:
Նշված առաջարկները բավարարվել են Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի N 190-Ն որոշմամբ, որով սահմանվել է նաև ավտոկայանատեղի վճարման արտոնություն՝ հաշվարկած ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից ազատելու միջոցով:
Սույն որոշմամբ առաջարկվում է 2020 թվականի համար ևս հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանել վերը նշված արտոնությունը:
զ. Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի հունիսի 24-ի հ.558-Ն որոշմամբ հաստատված Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրով» քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում սահմանվել են էներգախնայողության, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։ Տրանսպորտի ոլորտում Երևանի քաղաքապետարանը կարևորում է էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը Երևանում` նպատակ ունենալով Երևան քաղաքի վարչական տարածքում նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները: Որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու նպատակով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի փետրվարի 14-ի N 675-Ն որոշմամբ էլեկտրամոբիլների սեփականատերերի կամ այլ օրինական տիրապետողների և դրանք ղեկավարող անձանց համար սահմանվել է ավտոկայանատեղի վճարման արտոնություն՝ հաշվարկած ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից ազատելու միջոցով:
Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում 01.07.2019թ. դրությամբ հաշվառված է բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող 19 ավտոտրանսպորտային միջոց:
Սույն որոշմամբ առաջարկվում է որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2020 թվականի համար ևս սահմանել վերը նշված արտոնությունը:
է. Միաժամանակ, սույն որոշմամբ սահմանվում են այն փաստաթղթերը, որոնց ներկայացումն անհրաժեշտ է տեղական վճարի գծով արտոնություն ստանալու համար:
-
Քննարկվել է
13.11.2019 - 28.11.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Երևանի քաղաքապետարան
Հանրային քննարկում
27.11.2019 11:00
Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11.00-ին Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Դիտումներ` 8535
Տպել