Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով` (...)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (...)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով. (...)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար, (...)

  1. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:

  1. Խափանման միջոցներն են`

1) կալանավորումը.

2) գրավը.

3) ստորագրություն` չհեռանալու մասին.

4) անձնական երաշխավորությունը.

5) կազմակերպության երաշխավորությունը.

6) հսկողության հանձնելը.

7) հրամանատարության հսկողության հանձնելը:

  1. Կալանավորումը և գրավը կարող են կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: (...)
  2. (...) Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

  1. Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն: (...)»

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խափանման միջոցը կիրառվում է դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ: Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված, բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ և համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում:

  1. Կալանավորումը, գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս: Գրավը կալանավորման փոխարեն դատարանը կարող է կիրառել նաև պաշտպանության կողմի միջնորդությամբ: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:

  1. Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:

(...)

  1. Դատարանի նշանակած գրավի չափը չի կարող պակաս լինել`

1) նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափից` ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվելիս.

2) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափից` միջին ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվելիս:

(...)

  1. Եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ: Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատարանի որոշումը գրավատուն կարող է բողոքարկել վերադաս դատարան:
  2. Գրավը վերադարձվում է գրավատուին բոլոր դեպքերում, երբ չեն ապացուցվել սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված խախտումները կամ գրավը` որպես խափանման միջոց վերացվում կամ փոխվում է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:
  3. Դրված պարտականությունները և նախատեսված սահմանափակումները մեղադրյալի կողմից խախտելիս, գրավը որպես խափանման միջոց կարող է փոխարինվել կալանքով:»

ՀՀ սահմանադրական դատարանը, 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ ՍԴՈ-1387 որոշմամբ անդրադառնալով ազատության իրավունքի և այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման սահմանադրաիրավական հարաբերակցությունը` արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «(…) Օրենսգիրքը նախատեսել է իրավականխիչ մի շարք միջոցներ, որոնք կոչված են անհրաժեշտ պայմաններ ապահովելու վարույթն իրականացնող մարմնի (պաշտոնատար անձի) գործունեության՝ օրենքով նախանշված նպատակների իրագործման համար: Նման իրավականխիչ միջոց է գրավի ինստիտուտը, որը, միաժամանակ, քրեադատավարական գործընթացներում անձնական ազատության իրավունքի՝ օրենքով նախատեսված հիմքով, զրկումը վերացնելու, կալանավորման (ազատությունից զրկելու) այլընտրանքային իրավական միջոց է, երբ առկա են այդպիսի «զրկումը» վերացնելու բարենպաստ իրավապայմաններ:

Գրավը քրեական վարույթում, նախ և առաջ, խափանման (դատավարական հարկադրանքի) միջոց է, որի կիրառմամբ մեղադրյալին ազատության իրավունքից զրկումը փոխարինվում է այդ իրավունքի սահմանափակմամբ, որը (…) պայմանավորված է անձի կողմից օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու և քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմինների կողմից Օրենսգրքի 2-րդ հոդվածում ամրագրված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։ Այսպիսով, «քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն» ինքնին ենթադրում է, որ քրեական վարույթի արդյունավետ իրականացման նպատակով անձը պարտավոր է գրավի, որպես խափանման միջոցի, կիրառման ողջ ժամանակահատվածում անվերապահ կատարել վարույթն իրականացնող մարմնի օրինական պահանջները (չթաքնվել վարույթ իրականացնող մարմնից, առանց թույլտվության չմեկնել այլ տեղանք (Օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մաս) և այլն)։ Եվ եթե մեղադրյալը խախտել է քրեական վարույթն իրականացնող մարմնի «տրամադրության տակ գտնվելու»՝ օրենքով նախատեսված իր պարտականությունը, ապա գրավի առարկա հանդիսացող գույքը կարող է օտարվել հօգուտ պետության (Օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մաս), կամ՝ գրավը որպես խափանման միջոց կարող է փոխարինվել խափանման մեկ այլ միջոցով՝ կալանքով (Օրենսգրքի 143-րդ հոդվածի 8-րդ մաս): Այսինքն՝ անձը, որի անձնական ազատության իրավունքը (ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի սահմանադրաիրավական իմաստով) մինչ այդ սահմանափակված էր, կարող է զրկվել անձնական ազատության իրավունքից։

(…) Խափանման միջոցի, այդ թվում և՝ գրավի, կիրառման իրավական նպատակը հենց օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելն է: Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասում ուղղակիորեն սահմանված է կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ (այսինքն՝ նաև գրավի) կիրառման հիմքը, համաձայն որի՝ մեղադրյալի նկատմամբ այն կարող է կիրառվել միայն այնպիսի դեպքերում, երբ «...բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները», այսինքն՝ թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի քննությանը, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալ և այլն: (…)»:

ՀՀ Վճռաբեկ դատարանը կալանավորման այլընտրանքային խափանման միջոց` գրավի կիրառման վերաբերյալ գործող քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն օգտագործել է «մասնավորապես» բառը, որն արտահայտում է կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե կալանքից գրավով ազատելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն։ Մեղադրյալի անձը հայտնի չլինելը, մշտական բնակության վայր չունենալը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձը կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումներ են, որոնք թվարկված են ոչ սպառիչ։ Ուստի գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը[1],

- մեղադրյալին կալանքից գրավով ազատելու հարցը քննարկելիս դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե մեղադրյալի նկատմամբ ինչ հիմքով է կալանավորումը կիրառվել որպես խափանման միջոց, և արդյոք տվյալ դեպքում գրավը՝ որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ տվյալ հիմքի չեզոքացման համար[2],

- գրավը քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու վտանգը չեզոքացնելու երաշխիք է, և համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավասու դատարանի կողմից կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով[3],

- գրավը կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով և մեղադրյալի կողմից դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով վարույթի պատշաճ ընթացքին խոչընդոտելու վտանգի չեզոքացման գործուն երաշխիք չի կարող հանդիսանալ[4]:

- քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված խափանման միջոցների համակարգում կալանավորումն անձի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու ամենախիստ միջոցն է, քանի որ առավելագույն չափով սահմանափակում է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները: Միևնույն ժամանակ, որպես կալանավորմանը միակ այլընտրանքային խափանման միջոց` գործող քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է գրավի կիրառումը, որը հնարավորություն է տալիս կալանքի կիրառման հիմքերի և պայմանների առկայության պարագայում չզրկել անձին ազատության իրավունքից։ Այսպես, գրավն այն բացառիկ խափանման միջոցն է, որը կիրառվում է որպես կալանավորմանն այլընտրանք՝ առաջարկվող նյութական արժեքով մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը հակակշռելու համար, հնարավորություն տալով ապահովելու նրա ազատության իրավունքի և նրա մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։ Հենց այդ հավասարակշռության երաշխավորմամբ էլ գրավը մի կողմից հնարավորություն է տալիս մեղադրյալին որոշակիորեն կենսագործելու իր ազատության իրավունքը, մյուս կողմից կաշկանդում է նրան գտնվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ և գրավի առարկան կորցնելու վտանգի սպառնալիքով չեզոքացնում նրա ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը[5]։

- գործող քրեադատավարական կարգավորումների պայմաններում, երբ օրենսդիրը մի կողմից այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը պայմանավորում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` խափանման միջոցների կիրառման բոլոր հիմքերով, մյուս կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասում որպես գրավի կիրառման նպատակ է սահմանում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելը և նույն հոդվածի 6-րդ մասով գրավի գումարը պետության եկամուտ դարձնելու հնարավորություն է նախատեսում միայն մեղադրյալի` քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու դեպքերում, գրավը գործուն միջոց չի հանդիսանում  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված խափանման միջոցների կիրառման մյուս հիմքերը, այդ թվում՝ մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելը չեզոքացնելու համար։

Այսպես, վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու երաշխիքների առկայության պայմաններում եթե դատարանը գտնի, որ կալանավորված մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու վտանգը կարող է չեզոքացվել որպես գրավի առարկա առաջարկվող նյութական արժեքով և կալանավորումը փոխարինի գրավով, ապա մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու դեպքում գրավի առարկան պետության եկամուտ դարձնելու ձևով դատավարական պատասխանատվության ինքնուրույն միջոցը կիրառվել չի կարող և գրավի առարկան անվերապահորեն ենթակա է վերադարձման մեղադրյալին։ Այսինքն՝ գրավի կիրառման դեպքում մեղադրյալի մոտ բացակայում է գրավի առարկան կորցնելու սպառնալիքը, որը կկաշկանդեր նրան ազատության մեջ գտնվելու դեպքում ձեռնպահ մնալ գործի քննությանը խոչընդոտելուն ուղղված գործողություններ կատարելուց[6]։

- դատարանի կողմից կալանավորումը միակ այլընտրանքային խափանման միջոցով` գրավով փոխարինելիս, այն չի ծառայում որպես գործուն միջոց` ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալի վարքագծի պատշաճությունը երաշխավորելով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը զսպելու համար: Արդյունքում, նշված հիմքով կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս գրավի միջնորդությունն օրենսդրական կարգավորումների վկայակոչմամբ կարող է ինքնաբերաբար մերժվել՝ առանց ըստ էության քննության առարկա դարձվելու[7]։

Այսպիսով, ներկայիս օրենսդրական կարգավորումների պայմաններում կալանավորում որպես խափանման միջոց կարող է կիրառվել, եթե առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից անվազն մեկը և կալանավորման պայմանները:

Մինչդեռ, կալանավորման միակ այլընտրանքային խափանման միջոց գրավը հանդիսանում է գործուն երաշխիք միայն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ անձի գտնվելն ապահովելու համար:

Ներկայիս օրենսդրական կարգավորումներից բխում է, որ այն դեպքերում, երբ առկա է անձի ոչ պաշտաճ վարքագծի այլ դրսևորումների (օրինակ՝ դատավարության մասնակիցների վրա ապօրինի ազդեցություն գործադրելը) հավանականություն անձի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելը չի կարող ճանաչվել թույլատրելի, իսկ կալանավորման այլընտրանքային խափանման այլ միջոցների բացակայության պայմաններում դատարանները հարկադրված են անձի նկատմամբ ընտրել առավել խիստ խափանման միջոցը՝ կալանավորումը:

Վերոնշյալ հետևությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մինչդատական վարույթի ընթացքում ներկայացված միջնորդությունների ընդհանուր թվաքանականում գերակշռում են դատարանների կողմից միջնորդությունների բավարարման դեպքերը՝ առանց գրավի կիրառման:

Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2017 թվականի ընթացքում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացված՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին 2363 միջնորդություններից բավարարվել է 2220-ը: Նույն ժամանակահատվածում՝ ներկայացված գրավի 786 միջնորդություններից բավարարվել է 125-ը: 2018 թվականի ընթացքում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացված՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին 2043 միջնորդություններից բավարարվել է 1935-ը: Նույն ժամանակահատվածում՝ ներկայացված գրավի 893 միջնորդություններից բավարարվել է 173-ը[8]:

Բացի այդ, ներկայումս գրավի կիրառման կապակցությամբ ձևավորվել է հակասական իրավակիրառ պրակտիկա, երբ մի շարք գործերով դատարանները հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածին և այդ հոդվածի մեկնաբանման վերաբերյալ Դավիթ Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին՝ մերժում են անձի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը՝ նշելով, որ այն չի կարող հանդիսանալ գործի քննությանը խոչընդոտելու վտանգի չեզոքացման գործուն երաշխիք: Միևնույն ժամանակ, մի շարք գործերով էլ դատարանները գործի քննությանը խոչընդոտելու հիմքի առկայության պայմաններում բավարարում են անձի նկատմամբ կիրառված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցով` գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը[9]:

Պետք է նշել, որ ներկայիս կարգավորումների պայմաններում գրավը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ դատարանի կողմից անձի նկատմամբ արդեն կիրառվել է կալանավորում խափանման միջոցը:

Այսպիսով, գրավ հնարավոր չէ կիրառել այն դեպքերում, երբ անձին մեղսագրվող հանցանքի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց պակաս է կամ առկա չէ դատարանի որոշումը անձի նկատմամբ կալանավորում կիրառելու մասին:

Ներկայիս օրենսդրական կարգավորումները խնդրահարույց են նաև միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված մարդու իրավունքների, մասնավորապես՝ անձնական ազատության իրավունքի երաշխավորման տեսանկյունից:

Այսպես, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ անդամ պետություններին ուղղված՝ կալանքի կիրառման, դրա համար անհրաժեշտ պայմանների և չարաշահումներից պաշտպանության երաշխիքների վերաբերյալ հանձնարարականի 4-րդ կետի համաձայն՝ կալանքի ոչ հիմնավոր կիրառումից խուսափելու նպատակով պետք է նախատեսվի այլընտրանքային միջոցների հնարավորինս լայն շրջանակ, առավել քիչ սահմանափակումների կիրառմամբ՝ հաշվի առնելով հանցանքի կատարման մեջ կասկածվողի վարքագիծը[10]:

Նույն հանձնարարականի 7-րդ կետի «c» ենթակետի համաձայն՝ անձը կարող է պահվել կալանքի տակ, եթե փախուստի դիմելու, ծանր հանցանք կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու կամ հասարակական կարգի պահպանությանը լուրջ սպառնալիք ներկայացնելու վերաբերյալ ենթադրությունները չեն կարող փարատվել ալընտրանքային միջոցների կիրառմամբ[11]:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ պետություններում մինչդատական կալանքի չարաշահման մասին» բանաձևի 1-ին կետի համաձայն՝ մինչդատական կալանքը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, որպես վերջին միջոց (last resort), երբ այլընտրանքային միջոցները բավարար չեն վարույթի պատշաճ ընթացքը երաշխավորելու համար[12]:

«Ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ» ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների («Տոկիոյի կանոններ»)  6.1-րդ կետի համաձայն՝ մինչդատական կալանքը քրեական դատավարությունում պետք է կիրառվի որպես վերջին միջոց (last resort)՝ հաշվի առնելով նախաքննության խնդիրները, հասարակության և տուժողի պաշտպանությունը[13]: Նույն կանոնների 6.2-րդ կետի համաձայն՝ մինչդատական կալանքի այլընտրանքային միջոցները պետք է կիրառվեն հնարավորինս վաղ փուլում[14]:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- ներպետական իշխանությունները, անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս, պետք է փնտրեն նաև այլընտրանքային միջոցներ, որոնք թույլ կտան ապահովել տվյալ անձի ներկայությունը դատաքննությանը[15],

- կալանքը պետք է կիրառվի որպես անձի ազատության իրավունքի սահմանափակման վերջին կամ ծայրահեղ միջոց, երբ այլ միջոցներով հնարավոր չէ լիարժեք երաշխավորել վարույթի պատշաճ ընթացքը[16],

- կալանքի՝ որպես խիստ միջոցի, կիրառումը կարող է արդարացվել, երբ այլ՝ ներգործության ուժով նվազ միջոցների կիրառելիությունը քննարկվել է և որոշվել, որ դրանք բավարար չեն մասնավոր կամ հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու համար, ինչը կարող է պահանջել, որ անձը կալանավորվի[17],

- 5-րդ հոդվածի 3-րդ կետը ամրագրում է ոչ միայն «ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունքը», այլ նաև նախատեսում է, որ «ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»[18]:

ՀՀ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ- 1480 որոշմամբ քննելով «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «(...) Որոշակի հանգամանքների համակցության պարագայում ազատությունից զրկելու հետ չկապված վեց խափանման միջոցներից յուրաքանչյուրի կիրառումն սկզբունքորեն կարող է ապահովել այն նույն ցանկալի արդյունքը, ինչ ազատությունից զրկելուն հանգեցնող միակ խափանման միջոցը՝ կալանավորումը: Հետևաբար, քրեական վարույթն իրականացնող մարմինը պետք է իրական հնարավորություն ունենա ոչ միայն հիմնավորված ենթադրության մակարդակով գնահատել կասկածյալի կամ մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի այս կամ այն դրսևորման հավանականությունը, այլև անկաշկանդ կիրառել հենց այն խափանման միջոցը, որը, իր համոզմամբ, պիտանի և անհրաժեշտ է նախանշված նպատակին հասնելու համար և կարող է արդյունավետ կերպով չեզոքացնել ենթադրյալ ոչ պատշաճ վարքագծի բացասական հետևանքները:  

(...)[Բ]ավարար հիմքերի առկայության դեպքում Օրենսգրքի վերաբերելի կարգավորումները թույլ են տալիս կալանավորումը կիրառել մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի օրենքով նախատեսված ցանկացած դրսևորում կանխելու կամ խափանելու համար: Այդուհանդերձ, կալանավորման այլընտրանք գրավը, Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասում առկա կարգավորման ուժով, ենթակա է կիրառման անձի պատշաճ վարքագծի միայն մեկ դրսևորումը, այն է՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դրանից հետևում է, որ օրենսդիրը՝ մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի օրենքով նախատեսված այլ դրսևորումները կանխելու կամ խափանելու համար, գրավը պիտանի և անհրաժեշտ միջոց չի համարում և իրավական այդպիսի արգելքն ինքնին հանգեցնում է իրավասու մարմնի կողմից գրավի կիրառման հարցը չքննարկելուն կամ այդպիսի միջնորդությունը մերժելուն:

(...)

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրի կողմից հետապնդվող իրավաչափ նպատակին այլ, ավելի մեղմ միջոցներով հասնելու հնարավորությունը պետք է օրենսդրորեն երաշխավորված լինի: Մինչդեռ, վիճարկվող օրենսդրական կարգավորման պայմաններում կալանավորված անձը զրկվում է որոշակի երաշխիքի տրամադրման դիմաց ազատ արձակվելու հիմնական իրավունքի իրականացումից: Ավելին, անձին չի տրամադրվում նաև հնարավորություն՝ խափանման այլ, ավելի մեղմ միջոցի կիրառման շնորհիվ ի սկզբանե խուսափել ազատազրկումից, քանի որ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է ընտրվել միայն այն դեպքում, երբ խափանման մյուս միջոցները չեն կարող ապահովել կամ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և հանրային շահերի համարժեք պաշտպանությունը:

(...) [Ո]րպես գրավ ընդունված գույքը կարող է դարձվել պետության եկամուտ և գրավը կարող է փոխարինվել կալանքով միայն այն դեպքում, երբ մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք: Այսինքն՝ եթե նույնիսկ գրավը կիրառվի մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի այլ դրսևորումները կանխելու կամ խափանելու համար, ապա այլ պարտականություններ չկատարելու կամ այլ սահմանափակումներ խախտելու դեպքում Օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերով նախատեսված անբարենպաստ հետևանքները վրա հասնել չեն կարող: Հետևաբար, հիշյալ դեպքերում այդ սանկցիաները չունեն զսպող ազդեցություն և ի զորու չեն մեղադրյալին հետ պահել ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելուց: Մինչդեռ յուրաքանչյուր խափանման միջոցի, այդ թվում՝ գրավի կիրառման նպատակը կասկածյալի կամ մեղադրյալի՝ Օրենսգրքով նախատեսված ոչ պատշաճ վարքագծի ցանկացած դրսևորում կանխելն է, իսկ այդ արդյունքին չհասնելու դեպքում՝ նրա նկատմամբ դատավարական ավելի խիստ սահմանափակումների գործադրումը:

Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասը, որով գրավի կիրառումը թույլատրելի է համարվում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով, ինչպես նաև Օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասը, որը գրավը պետության եկամուտ դարձնելը հնարավոր է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու համար, խնդրահարույց են Սահմանադրության 27 և 78-րդ հոդվածների տեսանկյունից:

(...)

[Կ]ալանավորումը՝ որպես քրեադատավարական հարկադրանքի վերջին՝ բացառիկ միջոց (ultima ratio), միշտ և պարտադիր կերպով պետք է այլընտրանք ունենա: Քրեադատավարական օրենքում ամրագրվելիք այդ այլընտրանքը պետք է քրեական վարույթն իրականացնող մարմնին փաստացի հնարավորություն ընձեռի և իրավաբանական պարտականություն դնի նրա վրա՝ ի սկզբանե ընտրություն կատարել տարբեր խափանման միջոցների միջև՝ իրավաչափ նպատակին հասնելու համար ընտրելով առավել պիտանի միջոցը: Միևնույն ժամանակ այն պետք է նաև պարտադիր կարգով լինի անձի հիմնական իրավունքները և ազատություններն առավել նվազ սահմանափակողը, այսինքն՝ անհրաժեշտ միջոցը: Ուստի, Սահմանադրության տեսանկյունից անթույլատրելի է խափանման միջոցներից մեկի կիրառման հարցը քննարկել արդեն իսկ դրանցից մյուսին, ընդսմին՝ ամենախիստ միջոցին նախապատվություն տալուց հետո:

Այսպիսով, հաշվի առնելով անձի անձնական ազատության իրավունքին կալանավորման առավել ինտենսիվ միջամտող բնույթը, վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր դեպքում այն ընտրելուց առաջ պարտավոր է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հիմնավորված կերպով բացառել մնացած բոլոր, ավելի մեղմ խափանման միջոցների ընտրության հնարավորությունը: Մինչդեռ, Օրենսգրքով նախատեսված «այլընտրանքի» պայմաններում դատարանը որոշակի հիմքերով սկզբում կիրառում է առավել խիստ խափանման միջոցը, իսկ կարճ ժամանակ անց իր կողմից հաստատված փաստերի և ընդունված հիմնավորումների առկայությամբ այն իրավասու է փոխարինել ավելի մեղմով:

Անձի անձնական ազատության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունից հետևում է, որ օրենքով նախատեսված ցանկացած խափանման միջոց, որը կապված չէ անձին ազատությունից զրկելու հետ, պետք է դիտարկվի որպես այլընտրանք կալանավորմանը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ «այլընտրանք» հասկացության սահմանադրաիրավական ընկալումն իրավասու մարմնին պետք է ոչ միայն այս կամ այն խափանման միջոցն անմիջական ընտրելու հնարավորություն վերապահի, այլև կանխորոշի անձի անձնական ազատությանը միջամտող առավել ինտենսիվ, ամենախիստ խափանման միջոց հանդիսացող կալանավորման՝ որպես դատավարական ծայրահեղ միջոցի կիրառումը միայն այն դեպքում, երբ սպառվել են անձի պատշաճ վարքագիծը քրեադատավարական ներգործության այլ միջոցներով ապահովելու բոլոր հնարավորությունները:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ գրավի՝ որպես կալանավորման այլընտրանքի վերաբերյալ Օրենսգրքի կարգավորումները, մասնավորապես, գրավը միայն որպես կալանավորման միակ այլընտրանք սահմանելը հակասում են Սահմանադրության 27 և 78-րդ հոդվածներին: (...)»:

Ամփոփելով ՀՀ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները հարկ է արձանագրել հետևյալը.

- գրավի կիրառումը թույլատրելի է ոչ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով, այլ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված խափանման միջոցների կիրառման հիմքերից ցանկացածի առկայության դեպքում,

- գրավը պետության եկամուտ դարձնելը թույլատրելի է ոչ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու դեպքերում, այլ նաև անձի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքներից ցանկացածը կատարելու դեպքում,

- գրավը պետք է կիրառվի ոչ միայն որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլ նաև ինքնուրույն՝ կալանավորումից անկախ,

- անձին ազատությունից զրկելու հետ չկապված խափանման բոլոր միջոցները պետք է դիտվեն կալանավորման այլընտրանք և յուրաքանչյուր դեպքում դատարանը մինչև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելը, պետք է քննարկի այլ խափանման միջոցների կիրառմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հասնելու հնարավորության հարցը:

Այսպիսով, անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները համապատասխանեցնել ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումներին:

Հարկ է նշել, որ ներկայումս գրավը հնարավոր է պետության եկամուտ դարձնել միայն դատախազի միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ, ինչը զրկում է դատարաններին քրեական գործը դատարանում քննելիս այս հարցին սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ անդրադառնալու հնարավորությունից:

Հարկ է նշել, որ երաշխավորության գումարը պետության եկամուտ դարձնելու ընթացակարգը ներկայումս տարբերվում է գրավը պետության եկամուտ դարձնելու ընթացակարգից:  

Բացի այդ, հարկ է նշել, որ ներկայումս հետախուզում հայտարարելու մասին որոշում կայացնելուց հետո երկու օրվա ընթացքում քննիչը, ի թիվս այլ փաստաթղթերի, հետաքննության մարմին պարտավոր է ուղարկել խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշման պատճենը: Մինչդեռ, հնարավոր են դեպքեր, երբ այդ ընթացքում անձի նկատմամբ դեռևս խափանման միջոց ընտրված չի լինում, որի արդյունքում  վարույթն իրականացնող մարմինը զրկվում է անձին հետախուզման միջոցով հայտնաբերելու հնարավորությունից:  

Բացի այդ, ներկայումս առկա են խափանման միջոցներին վերաբերող քրեադատավարական նորմեր (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետ, 139-րդ հոդվածի 4-րդ մաս), որոնք իրավակիրառ պրակտիկայում փաստացի չեն գործում, սակայն դեռևս ուժը կորցրած չեն ճանաչվել:

Վերոգրյալից բխում է, որ անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարել փոփոխություններ՝ խափանման միջոցներին վերաբերող քրեադատավարական կարգավորումները ՀՀ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերին համապատասխանեցնելու նպատակով: 

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով առաջարկվում է խափանման բոլոր միջոցները դիտել որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ՝ հնարավորություն ընձեռելով դատարաններին մինչև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելը լուծել մեղադրյալի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հասնելու հնարավորության հարցը:

Նախագծով առաջարկվում է նաև ընդարձակել գրավ խափանման միջոցի կիրառման հիմքերը՝ այն թույլատրելով կիրառել ոչ միայն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ անձի գտնվելն ապահովելու նպատակով, այլ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ցանկացած հիմքի առկայության դեպքում, ինչից բխում է, որ պետք է նաև թույլատրել գրավը պետության եկամուտ դարձնել այն դեպքերում, երբ անձը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներից ցանկացածը:

Բացի այդ, առաջարկվում է գրավը կիրառել ոչ միայն որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց, այլ նաև՝ որպես ինքնուրույն խափանման միջոց՝ կալանավորումից անկախ:

Առաջարկվում է նաև գրավը, ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների պես, կիրառել նաև դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի որոշմամբ ինչպես մեղադրյալի, այնպես էլ կասկածյալի նկատմամբ:

Նախագծով առաջարկվում է նաև գրավի գումարի նվազագույն չափը սահմանել 200.000 ՀՀ դրամ՝ անկախ հանցագործության տեսակից՝ հնարավորություն տալով անձի նկատմամբ կիրառվող գրավի չափը անհատականացնել՝ հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքները:

Խափանման միջոց կալանավորումը միայն որպես ծայրահեղ միջոց դիտելը երաշխավորելու համար առաջարկվում է, որպեսզի կալանավորում ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու յուրաքանչյուր դեպքում քննիչի կամ դատախազի կողմից միջնորդության մեջ շարադրվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին այլ խափանման միջոցների կիրառմամբ հասնելու անհնարինության վերաբերյալ հետևությունները:

Նախագծով առաջարկվում է նաև կատարելագործել գրավը պետության եկամուտ դարձնելու ընթացակարգը՝ թույլատրելով քրեական գործը դատարանում քննելիս դրանք պետության եկամուտ դարձնելու հարցը քննարկել ոչ միայն դատախազի միջնորդության հիման վրա, այլ նաև դատարանի նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ:

Առաջարկվում է նույնանման ընթացակարգ սահմանել նաև երաշխավորության գումարը պետության եկամուտ դարձնելու համար:

Նախագծով առաջարկվում է քննիչի կողմից հետախուզում հայտարարելուց հետո հետաքննության մարմին խափանման միջոց ընտրելու որոշումը ուղարկելու պարտականություն սահմանել միայն այն դեպքում, երբ այդպիսի որոշում կայացվել է:

Նախագծով, ի թիվս վերոշարադրյալի, առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել խափանման միջոցներին վերաբերող քրեադատավարական նորմեր, որոնք փաստացի այլևս չեն կիրառվում:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին, անձի անձնական ազատությունը երաշխավորող միջազգային իրավական փաստաթղթերին, ինչպես նաև կատարելագործելու նպատակով փոփոխություններ կկատարվեն խափանման միջոցներին վերաբերող քրեադատավարական այլ նորմերում, ուժը կորցրած կճանաչվեն իրավակիրառ պրակտիկայում փաստացի չգործող նորմերը:   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:   

 

      

 

[1] Տե՛ս Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշումը, 36-րդ կետ ։

[2] Տե՛ս Դավիթ Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/0056/06/14 որոշումը, 16-րդ կետ:

[3] Տե՛ս նույն տեղում։

[4] Տե՛ս նույն որոշումը, 19-րդ կետ:

[5] Տե՛ս Գոռ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԴ/0699/06/18 որոշումը, 16-րդ կետ:

[6] Տե՛ս նույն որոշումը, 17-րդ կետը:

[7] Տե՛ս նույն տեղում:

[8] Տե՛ս 2017 թվականի վիճակագրական տվյալները՝

http://court.am/index.php?link=arm/left/statistics/2017/crim/by_court.htm,

2018 թվականի վիճակագրական տվյալները՝

http://court.am/index.php?link=arm/left/statistics/2018/crim/by_court.htm:

[9] Տե՛ս նույն որոշումը, 17.1-րդ կետը:

[10] Տե՛ս Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ անդամ պետություններին ուղղված՝ կալանքի կիրառման, դրա համար անհրաժեշտ պայմանների և չարաշահումներից պաշտպանության երաշխիքների վերաբերյալ 2006 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ (2006)13 հանձնարարականը։

[11] Տե՛ս նույն տեղում:

[12] Տե՛ս Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ պետություններում մինչդատական կալանքի չարաշահման մասին» 2015 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 2077 (2015) բանաձևը։

[13] Տե՛ս «Ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ» 1990 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնները («Տոկիոյի կանոններ»)։

[14] Տե՛ս նույն տեղում:

[15] Տե՛ս Idalov v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` 2012 թվականի մայիսի 22-ի վճիռը, գանգատ թիվ 5826/03, 140-րդ կետ:

[16] Տե՛ս, mutatis mutandis, Sahin Alpay v. Turkey գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի մարտի 20-ի վճիռը, գանգատ թիվ 16538/17, 181-րդ կետ:

[17] Տե՛ս, mutatis mutandis, Djundiks v. Latvia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 15-ի վճիռը, գանգատ թիվ 14920/05, 89-րդ կետ:

[18] Տե՛ս Khudoyorov v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2005 թվականի նոյեմբերի 8-ի վճիռը, գանգատ թիվ 6847/02, 183-րդ կետ:

  • Քննարկվել է

    07.11.2019 - 22.11.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11930

Տպել

Առաջարկներ`

Կարապետ Համբարձումյան

08.11.2019

Թերի փոփոխություններ են: Պատրանք է ստեղծվել ՍԴ որոշման պահանջները կատարելու, մինչդեռ իրականում ոչինչ չի փոխվել: Գրավը դեռևս շարունակում է գործել կալանքի հետ զուգակցված, իսկ դրա առանձին կիրառումն այդպես էլ իրավակարգավորում չի ստացել:

Grigor Minasyan

08.11.2019

134-րդ հոդվածի 3-րդ մասում բացի կալանավորումից և գրավից խոսվում է նաև 2 այլ խափանման միջոցի կիրառման առանջնահատկությունների մասին, որոնք, ըստ իս, ևս կարևոր են։ Կարծում եմ, սա բացթողում է, և այդ մասը ևս պետք է մնա, այլապես չափահասների նկատմամբ կսկկսվեն կիրառվել հսկողության հանձնելը խափանման միջոցը։ Ինչ վերաբերվում է գրավին, ապա հստակ չէ, թե նախաքննության ընթացքում այն ինչպես պետք է կիրառվի, ում կողմից, մասնավորապես՝ եթե կիրառվում է քննիչի կողմից, ինչպես պետք է ապահովվի դատախազության դեպոզիտ գումար մուծելու կարգը։ Բացի այդ, նոր կարգավորումներով ստացվում է, որ դատարանի կողմից գրավ կիրառելու հիմքը կրկին մնում է մինչ այդ կալանավորումը կիրառված լինելոը, այսինքն՝ դատարանի կողմից կիրառելու մասով ոչինչ չի փոխվել, պարզապես ձևակերպումներն առավել անհստակ են դարձել։ Կարծում եմ անհրաժեշտ է առավել հստակեցնել գրավի կիրառման հիմքերը և կարգը՝ տարըմբռնումներից զերծ մնալու համար։

Տեսնել ավելին