Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   ՏԵՂԵԿԱՆՔՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

          Անհրաժեշտությունը

          Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը  (այսուհետ՝ համալսարան) հանրապետությունում տնտեսագիտական  բնագավառների մասնագետներ պատրաստող հիմնական բարձրագույն դպրոցն է:

        Հարկ է նշել, որ ներկայում բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման արդիականացումը կրթական բարեփոխումների կարևոր գործոններից մեկն է:

        Բացի այդ, հատկապես կարևորվում է համալսարանական ինքնավարությանը նպաստող քաղաքականության մշակումը և իրականացումը:

         Կրթության բնագավառի արդի զարգացումները թելադրում են սկզբունքորեն նոր հարաբերություններ պետության և բարձրագույն ուսումնական հաստատությունների  միջև:

          Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բարձր վարկանիշ ունեցող եվրոպական շատ բուհերի գործունեության իրավակազմակերպական հիմնական ձևը հիմնադրամն է, որը սահմանում և ապահովում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ ինքնավարությունը:

          Հարկ է նկատի ունենալ, որ Եվրոպայի համալսարանների ասոցիացիայի հռչակագրերում ի սկզբանե առանցքային կարևորություն է տրվել բուհի ինքնավարությանը, որը ենթադրում է ակադեմիական, կառավարման և ֆինանսատնտեսական գործունեության ազատականացում:

              Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները կրթական բարեփոխումների համատեքստում կարևորում են ակադեմիական ինքնավարության, այն է՝ կառավարման և ֆինանսատնտեսական գործունեության ազատականացման կարևորությունը:

     Նշված նախապայմանների ապահովման համար անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

          Բարձրագույն կրթության կայացման ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություններից բխում է, որ կրթության որակի բարձրացման նպատակով արդիական լուծում է պահանջում   բուհերի ինքնավարության ապահովումը:

          Ներկայում Հայաստանի Հանրապետությունում պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակում գործող գրեթե բոլոր պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպվել են  հիմնադրամների: 

        Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդը, դեռևս 2012թ. քննարկելով պետական բուհերի ՊՈԱԿ-ից հիմնադրամ վերակազմակերպելու հարցը, հավանություն է տվել բուհերը հիմնադրամների վերակազմակերպման գործընթացին և արձանագրել է, որ գործընթացը բխում է Բոլոնյան համակարգին ինտեգրման պահանջներից և համարվում է դրական բարեփոխում համալսարանների ինքնավարության ապահովման գործընթացում:

        Վերակազմակերպելու արդյունքում հիմնադրամը կունենա լայն հնարավորություն ավելի ճկուն, ազատ, ռացիոնալ, արդյունավետ օգտագործելու իր գույքը, ներգրավելու արտաքին ներդրողների՝ ի նպաստ կրթության ու գիտության զարգացման: Զգալիորեն կավելանան հիմնադրամի կողմից պետական բյուջե մուծվող հարկերը: Պետությունը կպահպանի հիմնադրամին օգտագործման իրավունքով հանձնված գույքի ճիշտ, նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունքը՝ պահպանելով նաև օրենքով նախատեսված կրթության ֆինանսավորումը պետական բյուջեից: Հիմնադրամն ինքն է սահմանում ձեռնարկատիրական գործունեության այն տեսակները, որոնցով կարող է զբաղվել, իսկ ՊՈԱԿ-ի դեպքում այդ ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Համալսարանը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն, ներկայումս բոլոր դրամական միջոցների  շրջանառման գործընթացը իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի «ե» ենթակետի,  ՀՀ կառավարության 15.06.2018թ N 706-Ն որոշման՝ 01.01.2019թ.-ից  պետության, համայնքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն գանձապետական համակարգում ներառված իրավաբանական անձանց բոլոր դրամական միջոցների  շրջանառման գործընթացը իրականացվում է գանձապետական համակարգի միջոցով` միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսում է բյուջեների դրամական միջոցների շրջանառումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միասնական գանձապետական հաշվով:

Համալսարանը 01.01.2019թ.–ից անցում կատարեց վերը նշված համակարգին, ինչը համալսարանի  համար առաջացրեց լուրջ խնդիրներ, մասնավորապես՝

  • առևտրային բանկերից յուրաքանչյուր ֆինանսական տարում  համալսարանի դրամական միջոցները համալրվում  էին  մոտ 45 մլն. դրամ  գումարով՝ որպես տոկոսային հաշվեգրում:  Հաշվի առնելով, որ 2019 թվականին համալսարանն ունի  ֆինանսական տնտեսումներ,  նշված բանկային տոկոսային հաշվեգրումը կարող էր շատ ավելին լինել,  որն էլ կնպաստեր համալսարանում որոշակի խնդիրներ լուծելու համար.
  • առևտրային բանկերի փոխարինումը գանձապետական համակարգով իր բացասական հետևանքն ունեցավ արտարժույթային գործարքների իրականացման գործընթացում: Համալսարանում իրականացվում են բազմաթիվ միջազգային ծրագրեր, որոնց պայմանագրերի շրջանակներում ամրագրված որոշ դրույթների  իրականացումը անհամատեղելի է գանձապետական ծրագրի հետ.
  • մի քանի գանձապետական հաշվեհամարների բացումը և դրանց վարումը ենթադրում է տվյալ հաշվեհամարի վրա հաշվեկշռված բյուջեի մուտքագրում: Շատ դեպքերում ֆինանսական հաշվառման համար ուղղակի անհրաժեշտություն են հանդիսանում առանձին հաշվեհամարների առկայությունը՝ տարբեր ծրագրերի կամ գործընթացների ֆինանսական հաշվառումը առանձնացված վարելու համար.
  • կապված համալսարանի գործունեության հետ (գնումներ և այլ ֆինանսական գործընթացներ)՝ նոր համակարգի ներդրմամբ անհրաժեշտություն է առաջացել մեծ ծավալով փաստաթղթեր սկանավորել և մուտքագրել համակարգ, ինչը բավականին դանդաղեցրել է ֆինանսական գործարքների իրականացումը:  

      Մինչդեռ, համալսարանի ռազմավարական ծրագրերում նախատեսված է  տեխնիկապես ավելի  կատարելագործել, վերազինել  և արագացնել  համալսարանի գործունեության հետ կապված գործընթացները:

 

Կարգավորման նպատակը

 

 Ներկայացված նախագծի ընդունմամբ առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն՝ ուղղված համալսարանի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Մասնավորապես՝ անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը.

      Համալսարանի՝ որպես ՊՈԱԿ, ֆինանսական սահմանափակ միջոցները հնարավորություն չեն տալիս զգալի ներդրում պահանջող բնագավառներում ապահովել շոշափելի զարգացում, իսկ համալսարանի կարգավիճակը հնարավորություն չի ընձեռում սահմանված կարգով ներգրավելու արտաքին ներդրողների:

        «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Համալսարանի, որպես պետական ոչ առևտրային կազմակերպության  սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել՝

1) հիմնադրի ներդրումը.

2)ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.

3) դրամական մուտքերը պետական բյուջեից.

4) դրամաշնորհները.

5) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից.

7) օրենքով չարգելված այլ միջոցներ:

Վերը նշվածից բխում է, որ պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական միջոցները և կարգավիճակը թույլ չեն տալիս  ներդրումներ  կատարել կազմակերպության համար անհրաժեշտ ոլորտները զարգացնելու համար, ինչպես նաև  օգտագործել ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումները:

      «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը հիմնադրամի վերակազմակերպման արդյունքում ակնկալվում է լուծել ֆինանսավորման խնդիրը, ինչը կուղղվի կրթության որակի ապահովմանը,  պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանն աջակցելուն, միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանը և դրա ինտեգրմանը և ՀՀ օրենսդրությամբ բուհական հաստատություններին վերապահված այլ ուղղությունների զարգացմանը:

         Համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի՝ ձեռնարկատիրական գործունեության այն տեսակները, որոնցով հիմնադրամը կարող է զբաղվել, սահմանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, իսկ ՊՈԱԿ-ի դեպքում՝ այդ գործունեության տեսակները հաստատում է ՀՀ կառավարությունը:

 Համալսարանի ներկա կազմակերպաիրավական կարգավիճակը հնարավորություն չի ընձեռնում ընդլայնել ձեռնարկատիրական գործունեության տեսակները՝ առանց ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունման:

        Այս պարագայում ակնառու է, որ  ձեռնարկատիրական գործունեության սահմանափակումները չեն նպաստում համալսարանի գործունեության  արդյունավետության բարձրացման և զարգացման գործընթացին: 

         Ձեռնարկատիրական գործունեության ծավալների ավելացման արդյունքում կավելանան  նաև համալսարանի կողմից հարկերի տեսքով պետական բյուջե մուտքերը:

      Այսպիսով,  հիմնադրամի վերակազմակերպվելու արդյունքում՝

  • համալսարանը կունենա իր գույքը ավելի ճկուն, ազատ, արդյունավետ օգտագործելու հնարավորություն, կկարողանա ներգրավել արտաքին ներդրողների՝ ի նպաստ կրթության և գիտության զարգացման.
  • զգալիորեն կավելանան համալսարանի կողմից պետական բյուջե մուծվող հարկերը.
  • պետությունը կպահպանի համալսարանին օգտագործման իրավունքով հանձնված գույքի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունքը՝ պահպանելով նաև պետական բյուջեից օրենքով նախատեսված ֆինանսավորումը.
  • համալսարանի դրամական միջոցների շրջանառման գործընթացում անցում կկատարվի գանձապետական ծրագրից առևտրային բանկերին.
  • համալսարանն ինքը կսահմանի ձեռնարկատիրական գործունեության այն տեսակները, որոնցով կարող է զբաղվել.

            - համալսարանի կառավարումը կիրականացվի առաջադեմ այլ երկրների                դրական փորձի հաշվառմամբ և  բուհերի ինքնուրույնության և            ինքակառավարման արդյունավետության բարձրացմամբ, ինչը կապահովի  համալսարանի զարգացման հնարավորությունները, կրթության որակի բարելավումը,  ուսումնագիտական ներուժի պահպանումը և զարգացումը՝  գիտության և կրթության ոլորտի արդի զարգացումներին համապատասխան: 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, կանոնադրությունը հաստատելու և գույք տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծի  ընդունման  կապակցությամբ  պետական կամ տեղական  ինքնակառավարման  մարմնի  բյուջեում ծախսերի և եկամուտների  էական  ավելացման կամ նվազեցման մասին

        «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, կանոնադրությունը հաստատելու և գույք տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության  կառավարության    որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական  ինքնակառավարման  մարմնի  բյուջեում ծախսերի և եկամուտների  էական  ավելացում կամ նվազեցում  չի սպասվում:

  • Քննարկվել է

    05.11.2019 - 20.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9234

Տպել