Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ` օրենք) 13-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 1-ին կետում «երեխա» բառից հետո լրացնել «(զավակ)» բառը.

2) 9-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝

 «Երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը  Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում ներկայանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:».

3) 11-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

 Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի՝

  • 3-րդ և 4-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած.
  • 5-րդ մասում «հիման վրա» բառերից հետո լրացնել «(14-18 տարեկան երեխայի դեպքում ներկայացվում է նաև երեխայի գրավոր համաձայնությունը)» բառերը:

 

 Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի ՝

  • 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
  • 3-րդ կետում «ազգային անվտանգության» բառերը փոխարինել «պետական անվտանգության» բառերով.
  • 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

        «4) ունի «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պետության հանդեպ չկատարված պարտավորություններ՝ մասնավորապես,

ա) տվյալ տարվա ընթացքում լրանում է արական սեռի քաղաքացու 16 տարին և վերջինս պետք է կատարի զինվորական հաշվառման կանգնելու իր պարտականությունը.

բ) ունենալով զինվորական հաշվառում չի զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության կամ չի հաշվառվել զինված ուժերի պահեստազորում.

գ) հաշվառված է զինված ուժերի պահեստազորում, սակայն ունի օրենքով սահմանված բժշկական վերափորձաքննություն անցնելու պարտականություն.

դ) քաղաքացիության դադարեցման մասին դիմումի քննարկման ժամանակահատվածում ընդգրկված է կազմակերպվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին.

ե) դիմումի քննարկման ժամանակահատվածում հայտարարվել կամ գործում է ռազմական դրության իրավական ռեժիմ.»:

 

Հոդված 4.  27-րդ հոդվածի

1) 1-ին մասում «դիվանագիտական ներկայացուցչություն» բառերը փոխարինել «դեսպանություն» բառով։

2)  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1 մասով.

«3.1. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դիմումների քննարկման  ընթացակարգը չի տարածվում ազգությամբ հայերի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հետ կապված հարաբերությունների վրա։ Ազգությամբ հայերի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու դիմումների քննարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները երկամսյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ առանց  Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու:».

3) 4-րդ մասում «եզրակացություններն» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 3.1. կետով նախատեսված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունները» բառերը։

 

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունում «ժամկետում» բառից հետո լրացնել «,բացառությամբ ազգությամբ հայերի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների, որոնք քննարկվում են եռամսյա ժամկետում» բառերը։

 

Հոդված 6. Օրենքի ողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։

  • Քննարկվել է

    28.10.2019 - 12.11.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8965

Տպել

Առաջարկներ`

Ann Ananian

12.11.2019

Զին․ ծառայության հետ կապված արգելքներ ստեղծելը չի ելնում պետության շահերից։ Ինչքանո՞վ է ելնում պետության անվտանգության շահերից պետության պաշտպանության գործը վստահել անձանց, ովքեր չեն ուզում այլևս ՀՀ քաղաքացի լինել և համապատասխան դիմում են ներկայացրել։ Կամ էլ նման անձանձ թույլ տալ մասնակցել ՀՀ կողմից իրականացվող ռազմական միջոցառումներին և այլն։ Եթե անձը դիմել է ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար, նամանավանդ այլ պետության հետ համաձայնություն ձեռք բերելու հետո, նրա մասնակցությունը ՀՀ կողմից իրականացվող ռազմական միջոցառումներին պետք բացառվի՝ ելնելով պետության անվտանգության շահերից։ Եվ սա պետք է օրենքով ամրագրել։ Նման անձանց պետք է ասել «ցտեսություն» որքան հնարավոր է շուտ, իսկ անձանց, ովքեր ՀՀ քաղաքացի են ուզում դառնալ ՝ «բարի գալուստ», և որքան հանարավոր է շուտ։

Sam Scap

12.11.2019

Այս օրենքը կարող է վնասել ՀՀ միջազգային իմիջին և ՀՀ շահերին։ Ստեղծվում է տպավորություն, որ մարդիկ ամեն կերպ ուզում են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, իսկ պետությունն ամեն կերպ փորձում է դրան խոչընդոտել։ Այս օրենքով ստեղծվում են բարդություններ, որոնք համաչափ չեն և հակասում են քաղաքացիությունը փոխելու յուրաքանչյուր անձի իրավունքին /ՀՀ Սահմանադրություն, ՄԻԵԿ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր/։ Քաղաքացիությունից հրաժարվելը, ինչպես նաև պայմաններին բավարարող անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը պետք է լինի հնարավորինս հեշտ ընթացակարգով և առանց բարդացումների։ Ի՞նչ իմաստ ունի անձանց խոչընդոտել այս կամ այն երկրի քաղաքացի լինել՝ անձի կամքին հակառակ։ Հաշվառման կանգնելն ածանցյալ իրավունք է, ոչ թե ինքնուրույն։ Ինչպե՞ս կարելի է 16 տարեկան անձին խոչընդոտել ՀՀ քաղաքացիությունից դուրս գալ, ինչ է թե նա 2 տարի հետո զին. ծառայության կարող է զորակոչվել։ Սա ակնհայտորեն անհամաչափ խոչընդոտ է։ Նույն կերպ հնարավոր է, որ անձը պետք է բժ․ վերափորձաքննություն անցնի 2 կամ 3 տարի հետո։ Իսկ որոշ դեպքերում այս երկու իրադարձությունը իրար կարող են հաջորդել ու ի՞նչ կստացվի․ անձը 5 տարի չի՞ կարողանա փոխել իր քաղաքացիությունը /2 տարի մինչև 18 տարին լրանալը և 3 տարի մինչև բժ․ վերափորձաքննություն անցնելը/ այն էլ այնպիսի իրավիճակում, երբ վերջնականորեն պարզ էլ չէ՝ արդյոք նա ենթակա կլինի զորակոչման, թե ոչ՝ բժ․ և այլ հանգնամանքներից ելնելով։ Պարտականությունը, որը կարող է խոչընդոտել քաղաքացիությունից դուրս գալուն, պետք է լինի իրական և դիմելու պահին անմիջականորեն առկա, ոչ թե տարիներ հետո ապագայում վրա հասնելիք։

Artavazd Galatyan

30.10.2019

Kxndreinq anpayman nshel vor qaxaqaci lineluc baci karox en hrajarvel ayn andzinq evs ovqer unen orinakan bnakucyan card tvyal petucyunum! Shnorhakalucyun!

Տեսնել ավելին