Լրամշակման փուլում է
«Աղբահանության համակարգի ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
7 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
___________ 2019 թվականի N - Լ
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-------------------------------------------------------------------------------------------------------------
Հիմք ընդունելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1 հոդվածի 1-ին մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հավանություն տալ աղբահանության համակարգի ռազմավարությունը՝ համաձայն հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ 6-ամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել աղբահանության համակարգի ռազմավարության դրույթների իրականացման միջոցառումների ծրագիր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն․ՓԱՇԻՆՅԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
1.1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N650-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 226․3–րդ միջոցառման կատարման ապահովմամբ։
- Գործող օրենսդրական դաշտը
Աղբահանության ոլորտը կարգավորվում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին, «Թափոնների մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Լիցենզավորման մասին» «Բազմաբնակարան շենքերի մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Հարկային ՀՀ օրենսգրգերով և մի շարք ենթաօրենսդրական ակտերով։
Սակայն հաշվի առնելով ներկայումս հանրապետությունում առկա աղբահանության և ծառայությունների ցածր որակը և դրանց ընդգրկվածության ծավալները, բնագավառի համակարգված և միասնական քաղաքականության վարման, ինչպես նար ռազմավարական ուղղությունների սահմանման անհրաժեշտություն է առաջանում:
1.3 Ընթացիկ իրավիճակը
Հանրապետության 501 համայնքներից կազմակերպված աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացվում է hիմնականում քաղաքային բնակավայրերում և քաղաքամերձ գյուղական բնակավայրերում: 2019 թվականի հունիսի 1-ի տվյալներով հանրապետության 58 համայնքներում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում։ Հանրապետությունում 443 բնակավայրերում աղբահանություն և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացվում են 274 կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ 208-ը՝ համայնքի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից։
ՀՀ համայնքներում աղբահանության ծառայությունների մատուցման համար կատարված ծախսերը կրկնակի անգամ գերազանցում են ծառայությունների դիմաց հավաքագրված վարձավճարները։ Մասնավորապես՝ հավաքագրված աղբահանության վարձավճարները ՀՀ մարզերում կազմում են աղբահանության վրա կատարված ծախսերի 43,9 տոկոսը, իսկ հանրապետությունում /ներառյալ Երևանը/՝ 50 տոկոս։
Աղբահանության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ԿԿԹ առաջացնող բոլոր սուբյեկտների ընդգրկվածության, պայմանագրերի կնքման վարձավճարների հավաքագրման գործընթացների նկատմամբ ընդհանուր և կենտրոնացված հսկողություն չի իրականացվում: Գործնականում ծառայությունների մատուցման կիրառվող պայմանագրերը թերի են, չեն ներառում երկկողմ փոխհարաբերությունների բոլոր անհրաժեշտ դրույթները:
Դրա հետ մեկտեղ, անմխիթար վիճակ է տիրում նաև աղբի հեռացման վայերում` աղբավայրերում և աղբանոցներում։ Հանրապետությունում առկա աղբի հեռացման վայրերը՝ աղբանոցները, չեն համապատասխանում միջազգային կամ որևէ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին և հանդիսանում են բացառապես աղբի կուտակման վայր: Դրանք հիմնականում չեն համապատասխանում հիգիենիկ և սանիտարական ստանդարտներին և շահագործվում են չհամակարգված: Մասնավորապես, ցանկապատված չեն, ինչի պատճառով տարածք կարող են մուտք գործել անօթևանները և կենդանիները, բացակայում է տեղադրվող աղբի հաշվառման համակարգը, բացակայում են աղբատար մեքենաների լվացման և ախտահանման սարքավորումները, տեղադրված թափոնները չեն ծածկվում հողով, ինչի հետևանքով տեղի է ունենում ինքնահրկիզում` ինչը հանգեցնում է օդի, ջրի և հողի աղտոտմանը, մասնավորապես դիօքսիդներով, որոնց բացասական ազդեցությունը մարդկանց առողջության վրա ակնհայտ է։
Հանրապետությունում ընդհանուր առմամբ դեռևս ձևավորված չէ աղբի նախնական տեսակավորումը, այսինքն՝ տեսակավորումը սկզբնաղբյուրում։ Հիմնականում այն կատարվում է ոչ ֆորմալ ուղիներով աղբավայրերում և աղբանոցներում` աղբի մեջ որոնողների կողմից, որոնք հիմնականում հավաքում են մետաղը, թուղթը, պլաստմասսան և օգտակար նյութերը։
Դեռևս բացակայում է սկզբնաղբյուրում աղբի տեսակավորման մշակույթը, ինչը նպաստում է վերաօգտագործվող, օգտահանվող և վերամշակվող թափոնի արժեզրկմանը։ Բացակայում է նաև շրջանաձև տնտեսության և (կամ) թափոնների «5 Rs» ստորադասության (գոյացող աղբի քանակի նվազեցում, վերաօգտագործում, օգտահանում, վերամշակում և էներգետիկ ռեսուրսի վերականգնում) սկզբունքը, ինչը հնարավորություն կտա արտադրանքից ստանալ առավելագույն օգուտ` միաժամանակ առաջացնելով նվազագույն քանակով աղբ:
Չեն գործում աղբի տեսակավորման, ինչպես նաև դրանց օգտահանման, վերաօգտագործման, վերամշակման և վերականգնման համար խթանիչ մեխանիզմներ։
Դրա հետ մեկտեղ, ցածր է հասարակության իրազեկվածությունը՝ վերամշակման և կենցաղային թափոնների կառավարման գործընթացների հետ՝ կապված չօգտագործվող կենցաղային տեխնիկայի, սարքերի, էլեկտրական լամպերի, փաթեթավորման վտանգավոր բաղադրիչների, թափոնների վտանգի չեզոքացման ընթացակարգերի, ինչպես նաև թափոնների տեսակավորված հավաքման և ռեսուրսների կառավարման պրակտիկայի վերաբերյալ ցածր տեղեկացվածության հետ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով հանրապետությունում աղբահանության մաքրման ծառայությունների ցածր մակարդակը, դրա հետ կապված սոցիալական, բնապահպանական և ընդհանուր սանիտարական խնդիրները, անհրաժեշտություն է առաջանում ՀՀ բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման, կոշտ կենցաղային թափոնների կառավարման բնագավառում պետական միասնական և համակարգված քաղաքականության գերակայությունների ձևավորման, հիմնական սկզբունքների և ուղղությունների սահմանման և ոլորտում պետական-տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման:
- Ռազմավարությամբ առաջարկվում են աղբահանության կայուն և արդյունավետ համակարգի ներդրման համար լուծման ուղիներ՝ նպատակաուղղված հանրապետության աղբահանության ծառայությունների որակի նարձրացմանը, բնագավառում կայուն կառավարման համակարգի ձևավորմանը, ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտի բարելավմանը, բնագավառում պետական կառավարման, վիճակագրական հաշվառման և մոնիթորինգի և վերահսկողական միասնական համակարգի ներդրմանը, ինչպես նաև : աղբի քանակի նվազեցման, վերաօգտագործման, վերամշակման, օգտահանման և էներգիայի վերականգնման մեխանիզմների ներդրմանը և համակարգում մասնագիտացված կազմակերպւթյունների ներգրավմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Աղբահանության համակարգի ռազմավարության նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման և անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման կայուն համակարգ՝ նպատակաուղղված բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովմանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբաթափության բացասական և վտանգավոր ներգործության նվազեցմանն ու չեզոքացմանը, միևնույն ժամանակ թափոնների առավելագույնս օգտագործմանը, որպես երկրորդային ռեսուրս:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։
«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
16.10.2019 - 31.10.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 10605
Տպել