Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի 20-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.2-րդ հոդվածով.

«Հոդված 169.2 Ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը

  1. Հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու միջոցով կամ շահադիտական դրդումներով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։

  1. Նույն արարքը, որը կատարվել է՝
    • պաշտոնեական դիրքն օգտագործելով,
    • կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
    • կազմակերպված խմբի կողմից,

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:»: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Քննարկվել է

    16.09.2019 - 01.10.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8040

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Թումասյան

20.09.2019

Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով ներկայացված նախաձեռնությունը և համաձայնվելով ներկայացվող արարքի քրեականացման հետ՝ անհրաժեշտ է նշել հետևյալ դիտարկումները՝ 1. Նախագծի 1-ին հոդվածի «օրենսգրքի 20-րդ գլուխը» բառերը փոխել «օրենսգիրքը» բառով, քանի որ փոփոխությունը կատարվում է օրենսգրքում, այլ ոչ թե նրա առանձնացված մասում և դա է պահանջում իրավական տեխնիկան, 2. Առաջարկվող 169.2-րդ հոդվածի 1-ին մասում ներկայացվում է, որ հանցագործությունը կատարվելու է հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու միջոցով (հանցագործության օբյեկտիվ կողմի ֆակուլտատիվ հատկանիշ՝ կատարման եղանակ) կամ շահադիտական դրդումներով (հանցագործության սուբյեկտիվ կողմի ֆակուլտատիվ հատկանիշ՝ շարժառիթ), այսինքն հեղինակներն այլընտրանքային ներկայացնում են կատարման եղանակը և շարժառիթը, որոնք նույն հարթությունում համադրելը ճիշտ չէ, քանի որ դրանք բնութագրում են հանցակազմի տարբեր տարրերը և այլընտրանքը կարող է լինել միևնույն տարրի տարբեր պայմանների միջև: Հետևաբար, առաջարկվում է 1-ին մասից հանել «կամ շահադիտական դրդումներով» բառերը՝ այն նախատեսելով 2-րդ մասում որպես հանցագործության ծանրացնող հանգամանք, 3. Առաջարկվող հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսվող ծանրացնող հանգամանքերը խմբագրման և մեկ կետով ներկայացնելու կարիք ունեն՝ ներառելով առանց նախնական համաձայնության այն կատարելը, ինչպես նաև որպես ծանրացնող հանգամանք պետք է նախատեսել նշված հանցագործության կատարումը առողջական խնդիրներ ունեցող երեխայի առնչությամբ՝ առողջական խնդիրների առկայության պատճառով: Բացի այդ, խիստ վիճահարույց է 2-րդ մասով նախատեսված սանկցիան, որն անհարկի խիստ է համեմատած ինչպես երեխայի դեմ ուղղված այլ, այնպես էլ մարդու դեմ ուղղված բոլոր հանցագործությունների համեմատ: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է 169.2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2. Նույն արարքը, որը կատարվել է՝ 1) առողջական խնդիրներ ունեցող երեխայի առնչությամբ՝ առողջական խնդիրների առկայության պատճառով, 2) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 3) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, 4) շահադիտական դրդումներով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:»:

Տեսնել ավելին