Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

       1) ՀՀ ջրային օրենսգրքի հիմնական գաղափարներից մեկն է  ջրային  ռեսուրսների  ջրավազանային կառավարման  սկզբունքին  անցնելը, որը իրականացվում է բոլոր առաջադեմ  երկրների կողմից։ Այդ կառավարման հիմնական մոտեցում  է համարվում ջրային  ռեսուրսների կառավարման ապակենտրոնացումը, ինչը հիմնվելով ջրային ռեսուրսների  հիդրոմորֆոլոգիական  և այլ առանձնահատկությունների, ինչպես նաև տվյալ տարածքի  սոցիալ-տնտեսական  զարգացման միտումների վրա, կիրականացնի  ջրային ռեսուրսների այնպիսի կառավարում, ինչն էլ թույլ կտա հնարավորինս զերծ պահել դրանք հյուծման, աղտոտման  և  գերծանրաբեռնվածության  սպառնալիքներից։

      Ջրավազանային կառավարման  մարմիններն էլ,  որոնք համարվում են  ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի(ի դեմս բնապահպանության նախարարության) անբաժանելի մաս, կհամարվեն  վերը նշված  կառավարման մոտեցման  հիմնական  շահագրգիռ  օղակը։ Այդ մարմինների  հիմնական գործառույթներից  պետք է լինեն իրենց տարածքում  գործող ջրօգտագործողների  փաստացի գործունեության ուսումնասիրությունը և համադրումն  ըստ ջրօգտագործման թույլտվության պահանջների, ինչպես նաև ապօրինի  ջրօգտագործողների  բացահայտումն ու իրավական դաշտ  բերելը և փաստացի  իրավիճակի  ուսումնասիրությունն  ու զննումը։

        Գործող Ջրային օրենսգրքում և Ջրային ռեսուրսների կառավարման  գործակալության կանոնադրությունում բացակայում են ջրավազանային կառավարման  մարմինների կողմից իրականացվող ուսումնասիրությունների և զննման  գործառույթները, ինչն էլ  զգալիորեն  նվազեցնում  է  նախապես   Ջրային օրենսգրքի   կողմից այդ մարմիններին  տրված  լիազորությունների գաղափարը։

 

     2) Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի հոդված  30-ի՝ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը, հիմք ընդունելով  Ջրային օրենսգրքի պայմանները և պահանջները, կարող է կասեցնել  ջրօգտագործման թույլտվությունը, եթե այն չի ապահովում Ջրային օրենսգրքով կամ ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված պայմաններն ու պահանջները։

        Նախքան կասեցումը, ջրօգտագործողին  տրամադրվում է 15 աշխատանքային օր իր գործունեությունը թույլտվության  պահանջներին  համապատասխանեցնելու համար, սակայն Ջրային օրենսգրքում բացակայում են  կասեցման համար հիմք հանդիսացող  խախտումն  արձանագրող մարմինների  կողմից կազմվող փաստաթղթերի և արձանագրությունների ցանկն ու հիմքերը, ինչը իրավաբանորեն  թուլացնում է կասեցման գործընթացը որպես վարույթ և  հետագայում  կարող է  սահամանված կարգով    բողոքարկման  հիմք  հանդիսանալ։

 

          3) Արարատյան դաշտում գործում է շուրջ 120 ձկնաբուծարան: 2010 թվականից, երբ սկսվեց Արարատյան դաշտում ձկնաբուծության արագընթաց զարգացումը,նկատվեց արտեզյան ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակի (ջրատար հորիզոններ) անկում: Դա պայմանավորված է եղել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի չվերահսկվող հորատանցքերով, ստորերկրյա ջրերի գերշահագործումով, իսկ շահագործումից հետո՝ հորատանցքերի լքված ու անմխիթար վիճակով:

         Արարատյան դաշտի արտեզյան վիճակի ջրավազանի վերականգնման միակ հնարավոր եղանակներից է չշահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման գործընթացների իրականացումը, ինչը կվերականգնի արտեզյան ջրավազանի ստորերկրյա հորիզոնը:

         Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 37.2 հոդվածի նախավերջին պարբերության՝ հորատանցքերի լուծարումն ու կոնսերվացումն իրականացվում է այն անձանց միջոցների հաշվին, որոնց սեփականության իրավունքով պատկանող տարածքում գտնվում է տվյալ հորը:

          Այդ գործընթացն առավել դժվարանում է այն պարագայում, երբ փաստացի ունենում ենք լքված տնտեսություններ: Այդ առումով զգալիորեն մեծանում է պետության վրա ֆինանսական բեռը նման հորատանցքերը լուծարելու համար:   

        Նման բարդություններից խուսափելու համար առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ, համաձայն որոնց տնտեսվարողը պարտավոր կլինի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտին կից ներկայացնել համապատասխան ֆինանսական երաշխիքներ՝ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ փոխանցված գումարի տեսքով, հետագայում դրանք չշահագործելու պարագայում պետության կողմից այդ հորերի լուծարման կամ կոնսերվացման գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

 

          4) Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարիների ընթացքում նկատվում է ջրային ռեսուրսի պաշարների նվազեցման միտում, ուստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և պահպանության համար անհրաժեշտ է հստակ պատկերացում ունենալ ձևավորվող ջրառաջարկի և փաստացի ջրապահանջարկի վերաբերյալ:

         Ջրառաջարկը ձևավորվում է հիմնականում հիմք ընդունելով հիդրօդերևութաբանական ցուցանիշները՝ դրան գումարելով փաստացի ջրօգտագործման  տվյալները: Դա անհրաժեշտ է, որպեսզի իրականացվի ջրային ռեսուրսի հավասարաչափ բաշխում՝ ըստ գերակայությունների և տնտեսական ոլորտների: Ջրառաջարկը և ջրապահանջարկի  ճշգրիտ գնահատումը կարևոր է հատկապես լեռնային երկրների համար, ինչպիսին Հայաստանի  Հանրապետությունն է:

         Փաստացի օգտագործված ջրաքանակի հաշվառման հիմնական մեխանիզմներից  են ջրառի կետում ջրաչափերի/հոսքաչափերի կամ ջրաչափական սարքերի տեղադրումը, որոնք թույլ են տալիս տվյալ պահին ամրագրել ջրօգտագործողի ջրի ծախսը:

          Սույն դրույթների ներառումը արդիական է և նպաստելու է ջրային ռեսուրսի արդյունավետ բաշխմանը ջրօգտագործման տարբեր ոլորտներում՝ հիմնվելով առկա տվյալների վրա,  ստորերկրյա և մակերևութային ջրային ռեսուրսների համար:

 

         5) Ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածով ամրագրված է ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգման ժամանակ պարզեցված ընթացակարգ, որի համաձայն՝ ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված, եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել կամ փոփոխվել, կամ դրա երկարաձգումը չի հակասում օրենքին կամ այլ իրավական ակտերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերին կամ ջրավազանային կառավարման պլաններին:

          Սակայն ջրօգտագործման փաստացի կարիքների և պահանջների գնահատման համար անհրաժեշտ է ջրօգտագործողի կողմից ներկայացված համապատասխան դիմումի առկայությունը: Դիմումը հիմք է հանդիսանում ջրօգտագործման թույլտվության երկարաձգման համար և ներառվում է ջրային պետական կադաստրի տվյալների բազայում:   

 

           2.Առաջարկվող կարգավորման բնույթը

             «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ կարգավորվում է ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրառը դադարեցնելուց հետո տնտեսվարողի միջոցների հաշվին խորքային հորի լուծարման կամ կոնսերվացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ապահովումը, փաստացի ջրածավալի հաշվառումը և ջրօգտագործման թույլտվությունների պարզեցված ընթացակարգով երկարաձգման գործընթացը, կարգազանց ջրօգտագործողների ջրօգտագործման թույլտվությունների կասեցման գործընթացի պարզեցումը և իրավական տեսանկյունից հստակությունը, շրջակա միջավայրին ուղղված  սահմանափակումներ  կիրառելու ընթացակարգի  պարզեցումը:

 

          3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

          Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցների կողմից:

        

  1. Ակնկալվող արդյունքը

          «Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  ընդունումը հետամուտ է  ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային  պաշարի պահպանմանը, օգտագործելի ջրային ռեսուրսների  արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի և որակի  ջրով քաղաքացիների և  տնտեսության   պահանջների բավարարմանը, շրջակա միջավայրի  էկոլոգիական կայունության  ապահովմանը, ինչպես նաև սույն օրենսգրքի խնդիրների լուծման  համար իրավական  հիմքերի ապահովմանը։

         Ջրային  ռեսուրսների   պահպանության դրամագլխի  ստեղծումը  կապահովի 

հետագայում չօգտագործվող ստորերկրյա հորերի սահմանված կարգով կոնսերվացումն առանց սեփականատիրոջ  միջամտության։ Դա կկարգավորի Արարատյան դաշտի ստորերկրյա հորերի օգտագործման և հետագա կոնսերվացման/լուծարման  գործընթացը։

       Ջրահաշվիչ (ջրաչափիչ/հոսքաչափիչ) սարքերի տեղադրումը կապահովի հետագայում  ջրային ռեսուրսների  փաստացի հաշվառումը, բնապահպանական թողքի փաստացի համապատասխանությունը ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված  բնապահպանական թողքի չափաքանակին, ինչերն էլ հիմք  կհանդիսանան ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ մեկտեղ  ապահովել  դրանց լիարժեք  պահպանությունը։

  

ՏԵՂԵԿԱՆՔ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218–Ն որոշման մեջ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    29.08.2019 - 19.09.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր), Ջրային տնտեսություն, Հանրային ծառայություն, Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8481

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

30.08.2019

1.<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի /այսուհետ՝ օ 1-ին հոդվածի 1-ին պարբերության և 8-րդ հոդվածով լրացվող 37.1.1 հոդվածի 3-րդ մասերի միջև առկա է հակասություն, որովհետև մի դեպքում դրամագլխի գումարները ուղղվում են ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացմանը և լուծարմանը, իսկ մյուս դրամագլխի գումարները օգտագործվում են նաև ջրօգտագործողի գործունեության հետևանքով բնությանը և շրջակա միջավայրին հասցված և նրա կողմից չհատուցված վնասների վերականգնման նպատակով: 2.Բացի այդ, արդարացի և նպատակահարմար չէ որևէ ջրօգտագործողի կողմից բնությանն ու շրջական միջավայրին հասցված վնասի վերականգնումը կատարել մյուս բարեխիղճ ջրօգտագործողների կողմից կատարված վճարումների հաշվին գոյացած ընդհանուր դրամագլխի հաշվին, ինչը վատ նախադեպ է ստեղծում և հնարավորություն է տալիս մյուս ջրօգտագործողներին իրենց անբարեխիղճ գործունեության և կատարած խախտումների ու հասցրած վնասի համար չկրել անձնական պատասխանատվություն և խուսափել հասցրած վնասը սեփական միջոցներով վերականգնելուց, ինչը հղի է գործընթացի հսկողության և իրականացման ընթացքում սուբյեկտիվ դրսևորումների, չարաշահումների և այլ բացասական ռիսկերով ր դրանցից բխող հետևանքներով: Նման մոտեցումը անհրաժեշտ է բացառել և օրենքով հստակ նախատեսել հասցրած վնասի համար սեփական պատասխանատվության և դրա հետևանքների վերացման ինստիտուտը, քանի որ հակառակ դեպքում ստեղծվում է իրավիճակ, երբ, օրինակ՝ վարչական տույժի ենթարկվելու դեպքում տվյալ ջրօգտագործողը խախտման և վնաս հասցնելու համար տուգանվելու է և վճարելու է ինչ-որ չափի տուգանք կամ կրելու է քրեական պատասխանատվություն, սակայն մյուս կողմից էլ դրամագլխի հաշվին է հատուցվելու նրա հասցրած վնասը, ինչի պարագայում ստացվում է, որ միևնույն նպատակի համար ոչ միայն միջոցների ծախսի կրկնորդում է լինում, այլև խաթարվում կամ չի ապահովվում խախտում կատարողի և վնաս հասցնողի նկատմամբ վարչական կամ դատական ակտով նախատեսված խախտումների վերացման, վնասի հատուցման կամ վերականգնման համար անձնական պատասխանատվության սահմանադրական ինստիտուտը: 3.Նախագծի 1-ին հոդվածում հաշվի առնել, որ գործող օրենքի 1-ին հոդվածում սահմանված հասկացությունները փաստացի հոդվածի 1-ին մասի կետեր են, այլ ոչ թե պարբերություններ՝ հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերը: Նախագծի 3-րդ հոդվածում հաշվի առնել, որ գործող օրենսգրքի 30.2-րդ հոդվածում փաստացի մասեր են, այլ ոչ թե պարբերություններ՝ հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերը: Նույնը նկատի առնել նաև նախագծի 7-րդ և 9-րդ հոդվածներում: 4.Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասը խնդրահարույց է, որովհետև պարզ չէ, թե այս դեպքում կառավարության կողմից սահմանելիքը նույնն է, ինչ որ սահմանված է 8-րդ մասով լրացվող 37.1.1 հոդվածի 1-ին մասում կամ էլ 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում, թե տարբեր կարգավորումներ են: Բացի այդ, ստացվում է, որ նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով կառավարությանը նման լիազորություն վերապահելու մասին դրույթը փաստացի ուժի մեջ կմտնի օրենքի նախագծի հաստատումից հետո, հետևաբար կառավարությունը չի կարող առանց նման լիազորությունը ուժի մեջ մտնելու՝ ջրօգտագործման թույլտվություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից դրամագլխի հաշվին վճար կատարելու չափի հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանել կամ հաստատել: Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում նշված է հատկացումների մասին, իսկ 8-րդ մասով լրացվող 37.1.1 հոդվածի 1-ին մասում հատկացումների մասին խոսք չկա, ինչից պարզ չէ, թե կարգավորումները նույն բանին են վերաբերում, թե տարբեր, հետևաբար գործ ունենք կամ կրկնորդման կամ հակասության հետ:

Տեսնել ավելին