Հիշել նախագիծը

«Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարությունը մշտապես շարունակական քայլեր է իրականացնում հիփոթեքային վարկավորման համակարգի, բնակարանաշինության զարգացման և բնակարանային ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ: Ներկայում գործում է բնակարանային խնդիրների հաղթահարմանը միտված պետական նպատակային աջակցության ընգրկուն համակարգ՝ ուղղված հասարակության տարբեր շերտերի կարիքների բավարարմանը: Պետության կողմից ձեռնարկված միջոցառումների և ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող բազմազան գործիքների շնորհիվ հիփոթեքային շուկան զգալիորեն ակտիվացել է:  

Նման պայմաններում ավելի ու ավելի արդիական է դառնում վարկառուների շահերի պաշտպանության և երաշխիքային գործուն համակարգի ձևավորումը: ՀՀ-ում գործող վարկատու կազմակերպությունների կողմից այժմ էլ առաջարկվում են վարկային պարտավորությունների վերակառուցման տարբեր գործիքներ, սակայն դրանք ուղեկցվում են այդ գործընթացի հետ կապված լրացուցիչ վճարներով: Մինչդեռ Նախագծով օրենսդրորեն ամրագրվում է հիփոթեքային արձակուրդից օգտվելու վարկառուների իրավունքը և դրա իրացման պայմանները՝ զգալիորեն մեղմելով հիփոթեքային վարկավորման պայմանները:

Կյանքի տարբեր իրավիճակներում հայտնված վարկառուների պարտավորությունների կատարման հետաձգման մեխանիզմներ կիրառվում են զարգացած բանկային համակարգ ունեցող բազմաթիվ երկրներում: Օրինակ, Մեծ Բրիտանիայում բոլոր բանկերի կողմից քաղաքացիների առանձին խմբերի համար նախատեսվում է հիփոթեքային արձակուրդ՝ մինչև 12 ամիս տևողությամբ: Գերմանիայում գործում են վճարումների հետաձգման հատուկ ծրագրեր՝ նախատեսված ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունեցող անձանց համար: Ծրագրերի շահառու դառնալու հստակ պայմանները որոշվում են հաճախորդի և բանկի կողմից համատեղ: Իռլանդիայում դժվարին իրավիճակում (շտապ վերանորոգում, ուսումնառություն, հղիություն, ծննդաբերություն և այլն) հայտնված վարկառուներին հիփոթեքային արձակուրդներ տրամադրվում են բոլոր բանկերի կողմից: Հիմնական գումարի մարումները կարող են հետաձգտվել մինչև 6 ամիս ժամկետով, իսկ տոկոսագումարները՝ մինչև 12 ամիս ժամկետով: Ֆրանսիայում աշխատանքը կորցրած և այլ դժվարություններ ունեցող վարկառուների համար նախատեսված է վճարումների հետաձգման հնարավորություն ցանկացած տեսակի, այդ թվում՝ հիփոթեքային վարկի դեպքում: Այդ արտոնյալ ժամանակահատվածը կարող է լինել առավելագույնը 24 ամիս: 2019 թվականից հիփոթեքային արձակուրդի տրամադրման վերաբերյալ օրենսդրական փաթեթ է ընդունվել նաև ՌԴ-ում: Արդյունքում օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում վարկառուները հնարավորություն ունեն ստանալու մինչև 6 ամիս ժամկետով արտոնյալ ժամանակահատված:

Նախագիծը մշակվել է միջազգային լավագույն փորձին համահունչ, և դրա ընդունումը թույլ կտա զգալիորեն թեթևացնել դժվար կացության մեջ հայտնված վարկառուների ֆինանսական բեռը, որոնց կյանքի պայմանները փոխվել են հիփոթեքային վարկ ստանալուց հետո: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են նաև վարկառուների գույքային իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը, հաշվի առնելով, որ կրեդիտավորման պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում վարկառուն կարող է զրկվել իր միակ բնակարանից:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերով առաջարկվում են հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1.«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է «հիփոթեքային արձակուրդ» հասկացությունը և դրա տրամադրման առնչությամբ առանցքային դրույթները:

2.«Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնված վարկառուներին տրվում է հիփոթեքային արձակուրդ վերցնելու մեկանգամյա հնարավորություն: Միաժամանակ, սահմանվում է կրեդիտավորողի պարտավորությունը՝ հիփոթեքային արձակուրդի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը կրեդիտավորման պայմանագրում   ներառելու:

Նախագծով սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»: Այդ պայմաններին բավարարելու դեպքում վարկառուն կարող է դիմել մինչև 6 ամիս ժամկետով հիփոթեքային արձակուրդ ստանալու նպատակով՝ կողմերի միջև համաձայնեցված պայմաններով: Արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճարումները շարունակվում են կրեդիտավորման պայմանագրով սահմանված նախնական պայմաններով, իսկ հիփոթեքի պայմանագրի ժամկետը կողմերի միջև կնքված համաձայնագրով երկարացվում է արձակուրդի տևողության չափով:

Նախագծի ընդունման դեպքում «Հիփոթեքային արձակուրդից» օգտվելու դեպքում վարկը վարկի դասակարգումը չի փոխվի, տույժեր և տուգանքներ չեն գանձվի, ինչպես նաև դա որևէ կերպ չի արտացոլվի ընթացիկ վարկային զեկույցներում (վարկային պատմություն): Իսկ վարկատուների շահերը կշարունեն մնալ պաշտպանված անշարժ գույքի գրավով, կանխավճարով, ինչպես նաև լրացուցիչ ռեզերվ ստեղծելու անհրաժեշտության բացակայությամբ:

Նախագծով առաջարկվում է նաև «հիպոտեկ» հասկացությունը փոխարինել «հիփոթեք» հասկացությամբ, ինչը թույլ կտա ապահովել ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ կիրառվող հասկացությունների միասնականությունը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել հիփոթեքային վարկավորման ինստիտուտը և թեթևացնել դժվար կացության մեջ հայտնված անձանց վարկային բեռը: Արդյունքում կմեղմվի վարկատու կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականությունը, ինչը կարող է խթանել հիփոթեքային վարկերի նկատմամբ պահանջարկը:

  • Քննարկվել է

    30.07.2019 - 14.08.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11334

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

31.07.2019

Առաջարկություններ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություններ և լարացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածը սահմանում է պայմանագրի ազատության սկզբունքը: Այս սկզբունքից ելնելով կրեդիտ հատկացնողն ու կրեդիտ ստացողն իրավունք ունեն կրեդիտային պայմանագրում նախատեսել օրենքին չհակասող դրույթներ, ինչպես նաև այդ պայմանագրում կատարել օրենքին չհակասող փոփոխություններ: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի արգելում կրեդիտ հակացնողին տրամադրել կրեդիտային արձակուրդ կամ այլ որևէ ձևով թեթևացնել կրեդիտ ստացողի իրավական վիճակը: Այս պայմաններում գտնում եմ, որ նշված նախագիծը որևէ էական խնդիր չի լուծում: Խնդրի լուծման համար պետք էր սահմանել պայմաններ ու պահանջներ, որոնց առկայության դեպքում կրեդիտ հատկացնողը պարտավոր կլիներ տրամադրել կրեդիտային արձակուրդ: Կարծում եմ, որ սույն օրենքի նախագծով միայն սահմանափակվում են կրեդիտ հատկացնողների իրավունքները այլ հիմքերով ու կարգով կրեդիտ ստացողներին տրամադրել կրեդիտային արձակուրդներ: Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի պահանջն առաջարկում եմ հանել 7.1-ին հոդվածի 8-րդ մասի 2-րդ նախադասությունը: Իրավական տեխնիկայի մասով առաջարկում եմ 3-րդ հոդվածում «հանել» բառը փոխարինել «ուժը կորցրած ճանաչել» բառերով:

Մանուկ Կարապետյան

31.07.2019

Ողջույն Հիպոթեքային արձակուրդ սահմանել նաև վարկառու կողմից վարկը ստանալուց հետո 2 և ավելի երեխա ունենալու դեպքու երեխայի ծնունդից 6 ամսվա ընթացքում, հաշվի առնելով, որ նորածին երեխայի խնամքը առաջին 6 ամիսների ընթացքում զգալի ավելացնում է վառկառույի ֆինանսական ծախսերը

Տեսնել ավելին