Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՙ       ՚ ----------- 2019 թվականի N       -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի  մասին>> օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված մարտական գործողությունների մաuնակցի և (կամ) երկրապահ կամավորականի կարգավիճակները պահպանում են իրենց ուժը:
  3. Սույն որոշման հավելվածի 5-րդ կետում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` 10-օրյա ժամկետում պաշտպանության նախարարություն ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց թեկնածությունները:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

         Հավելված

Կառավարության 2019թ.         <<   >>-ի

                                             N     -Ն որոշման

 

 ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՐՏԱԿԱՆ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ

    

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի իմաստով՝

     1) մարտական գործողությունների մասնակից են համարվում 1989-1994 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտական գործողություններին ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ մասնակցած, ինչպես նաև անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից՝ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված անձինք, ովքեր`

ա. գտնվել են զինվորական ծառայության մեջ, ներառյալ՝ վարժական հավաքների ներգրավման միջոցով.

բ. գտնվել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում.

գ. ընդգրկվել են ռազմական կամ մարդատար օդանավերի (ուղղաթիռների) անձնակազմերում և իրականացրել մարտական գործողությունների գոտու սպասարկումը,

դ. մարտական կամ այլ հատուկ առաջադրանքների կատարման նպատակով գործուղվել են մարտական գործողությունների գոտի,

ե. մասնակցել են մարտական գործողությունների գոտում հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներին.

2) կյանքին պատճառված վնաս է համարվում անձի զոհվելը (մահանալը) կամ դատական կարգով մահացած ճանաչվելը.

3) առողջությանը պատճառված վնաս է համարվում անձի կողմից վնասվածք կամ խեղում ստանալը կամ դրանց հետևանքով հիվանդություն ձեռք բերելը:

  1. Սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը:
  2. Միջգերատեսչական հանձնաժողովը մշտապես գործող խորհրդակցական մարմին է, որը՝

1) եզրակացություն է տալիս անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ.

2) պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ է ներկայացնում մարտական գործողությունների մասնակիցների՝ օրենքով սահմանված սոցիալական երաշխիքների ապահովման վերաբերյալ.

 3) քննարկում է մարտական գործողությունների մասնակիցների՝ օրենքով սահմանված սոցիալական երաշխիքները և դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ:

  1. Միջգերատեսչական հանձնաժողովը կազմված է 12 անդամից, որոնցից 3-ը՝ Պաշտպանության նախարարության, 1-ական՝ արտակարգ իրավիճակների, արդարադատության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, իսկ 3-ը` մարտական գործողությունների մասնակիցների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Միջգերատեսչական հանձնաժողովը գլխավորում է պաշտպանության նախարարը: Միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է պաշտպանության նախարարը: Միջգերատեսչական հանձնաժողովը անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
  2. Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով` սույն որոշման 5-րդ կետում նշված պետական կառավարման մարմինները պաշտպանության նախարարություն են ներկայացնում հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց տվյալները: Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ներկայացուցիչներ ունենալու ցանկություն ունեցող` մարտական գործողությունների մասնակիցների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության հիման վրա դիմում են ներկայացնում հանձնաժողովի նախագահին՝ հայտարարությունում նշված ձևով և ժամկետում:
  3. Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում թափուր տեղ առաջանալու դեպքում` հանձնաժողովի նոր անդամի նշանակումն իրականացվում է սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված կարգով:
  4. Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Նիստերը հրավիրում և անցկացնում է հանձնաժողովի նախագահը: Նիստերը հրավիրվում են 2 ամիսը մեկ անգամ՝ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու դիմումների առկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի. ժամանակի և օրակարգի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին գրավոր ծանուցում է նիստի օրվանից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
  5. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստն իրավազոր է միջգերատեսչական հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ կամ հրավերով նիստերին կարող են մասնակցել նաև այլ անձինք: Ներկայացված դիմումների վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացություններն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է: Արձանագրությունն ստորագրում են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա հանձնաժողովի անդամները: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստում հաստատվում են սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված դիմումի ձևը և անհրաժեշտ լուսանկարների չափսերն ու քանակը, ներկայացված դիմումների գրանցամատյանի և հանձնաժողովի եզրակացությունների ձևերը, գրանցամատյանի վարման կարգը: Դիմումի ձևը և անհրաժեշտ լուսանկարների չափսերի ու քանակի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:
  6. Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կազմակերպական-տեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովում է Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանումը, որի ներկայացուցիչը հանդիսանում է նաև միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը, ով հանձնաժողովի անդամ չէ: Միջգերատեսչական անձնաժողովի գործունեության հետ կապված փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
  7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած անձը, իսկ վերջինիս՝ զոհված (մահացած) լինելու դեպքում՝ նրա ընտանիքի անդամը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ (անձի՝ զոհված (մահացած) լինելու դեպքում՝ հետմահու) ստանալու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ներկայացնում`

1) դիմում և անհրաժեշտ չափսերով ու քանակով լուսանկարներ.

2) սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված համապատասխան հանգամանքները հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ զինվորական ծառայության ստաժի հաշվարկման կանոններով սահմանված փաստաթղթերին ներկայացվող պահանջներին.

3) մարտական ուղի` տրված մարտական գործողություններին մասնակցած ստորաբաժանման հրամանատարի (պետի) կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած այլ անձանց կողմից տրված գրավոր վկայությունները.

4) մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի պատճառական կապը հաստատող փաստաթղթերը:

  1. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում դիմումատուին գրավոր առաջարկվում է 15-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ այդ ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում դիմումը վերադարձվում է՝ նշելով դիմումի վերադարձման հիմքերը:
  2. Միջգերատեսչական հանձնաժողովն անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու եզրակացությունը կայացնում է սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա և եզրակացության կայացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացությունը, ստացված դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է պաշտպանության նախարարին, որի հիման վրա ոչ ուշ, քան դրանք Պաշտպանության նախարարությունում սահմանված կարգով մուտքագրվելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում պաշտպանության նախարարի հրամանով անձին շնորհվում է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ (այդ թվում` հետմահու), և դիմումատուին տրվում է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայական, որի ձևը սահմանում է պաշտպանության նախարարը:

 

  • Քննարկվել է

    24.07.2019 - 08.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9664

Տպել

Առաջարկներ`

Հրաչյա Պետրոսյանց

25.07.2019

1. Հասկանալի չէ 2-րդ կետով սահմանված մարտական գործողությունների մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ ստացած անձանց շրջանակը։ Քանի որ ինչքանով տեղյակ եմ մինչև 2012 թվականը տրվել են այլ վկայականներ, դրանից հետո այլ։ Իսկ երկրապահ կամավորականի կարգավիճակ ստացած անձանց մեծագույն մասը նույնիսկ մոտիկից չի տեսել հայ-ադրբեջանական ռազմաճակատի գիծը։ Այնպես որ նախագիծը ընդունելի կլինի այս հստակեցումը կատարելուց հետո միայն։ 2. Որոշման նախագիծը նաև պետք է համահավաք կերպով ներկայացնի այն բոլոր գործառույթները և առավելությունները, որոնք տարբեր ոլորտներում ստանում են մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ունեցող անձինք։ Կարծում եմ հարցը չի կարող ունենալ մեծ բովանդակություն, քանի որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ունեցող անձանց տրվող առավելությունները ուսումնասիրելիս կարող եք համոզվել, որ գործնականում դրանք պարզապես չկան կամ էլ կան միայն թղթի վրա։

Տեսնել ավելին