Հիշել նախագիծը

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 57-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2)  մինչև հետաքննության ժամկետը լրանալը հարուցվել է քրեական հետապնդում և ավարտվել են անհետաձգելի քննչական գործողությունները

2) 3-րդ կետից հանել «, կամ քննիչը ներգրավվում է գործի քննությանը» բառերը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։    

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքը (այսուհետ՝ օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

«Հոդված 5.1. Ոստիկանությունում խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի նախականխումը

  1. Մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կահավորվում են տեսագրող, իսկ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ հնարավոր լինի տեսագրել ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքեր անձանց մուտք գործելու և ելքի ժամանակը, տեսաձայնագրել ոստիկանության ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող հարցաքննությունները և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ հարցումները:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրությունները ոստիկանությունում պահպանվում են 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները՝ 2 տարի:
  4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեսագրություններն ու տեսաձայնագրությունները, բացառությամբ օպերատիվ հարցումների տեսաձայնագրությունների, տրամադրվում են՝

1) հարցաքննված անձին, ինչպես նաև նրա ներկայացուցչին.

2) քրեական վարույթն իրականացնող մարմնին՝ իր իրավասության սահմաններում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ համապատասխան քրեական գործի կամ կարգապահական վարույթի շրջանակում.

3) Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր իրավասությունների սահմաններում սկսված քննարկման շրջանակում.

       4) Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի անդամներին:

  1. Նախնական քննության տվյալներ պարունակող տեսաձայնագրությունները (տեսագրությունները) տրամադրվում են վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:
  2. Օպերատիվ հարցման տեսաձայնագրությունները հարցման ենթարկված անձին, նրա ներկայացուցչին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի անդամներին տրամադրվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով՝ գաղտնազերծումից հետո, իսկ այլ անձանց՝ նաև օպերատիվ հարցման ենթարկված անձի գրավոր համաձայնությամբ:
  3. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված անձանց տեսաձայնագրությունները (տեսագրությունները) տրամադրվում կամ դրանց տրամադրումը մերժվում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված հիմքերով, կարգով և ժամկետներում:
  4. Ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության և օպերատիվ հարցման համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները) տեսաձայնագրող համակարգերով կահավորված լինելու դեպքում արգելվում է հարցաքննությունների և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ օպերատիվ հարցումների իրականացումը տեսաձայնագրող համակարգերով չկահավորված այլ տարածքներում (աշխատասենյակներում):
  5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակներով իրականացվող տեսաձայնագրությունները հարցաքննության արդյունքների քրեադատավարական ամրագրման ձև չեն հանդիսանում և քրեական գործի նյութերին չեն կցվում:
  6. Սույն հոդվածով նախատեսված նպատակների համար ոստիկանության ստորաբաժանումներում տեղադրված տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի տեխնիկական բնութագրերը, տեսագրությունների և տեսաձայնագրությունների պահպանման, օգտագործման կարգը, ինչպես նաև տեսագրմանն առցանց հետևելու, տեսագրություններին և տեսաձայնագրություններին հասանելիություն ունեցող ոստիկանության ծառայողների շրջանակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:»:

 

Հոդված 2.  

Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «քանակը և դրանց հանրորեն վտանգավոր բնույթը» բառերը փոխարինել «կանխարգելման անհրաժեշտությունը» բառերով, իսկ 4-րդ մասում վերջին նախադասության «նախազգուշացնել» բառից հետո լրացնել «, եթե չի կրում ոստիկանության ծառայողի համազգեստ» բառերը:

 

Հոդված 3.  

Հայաստանի Հանրապետության ոստիկանության վարչական շենքերի մուտքերն ու ելքերը, ինչպես նաև Ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերում հարցաքննության և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող բոլոր տարածքները (աշխատասենյակները) համապատասխան տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով պետք է կահավորված լինեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Քննարկվել է

    22.07.2019 - 06.08.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8417

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արտակ Ղազարյան

31.07.2019

Ներկայացված նախագիծը ունի որոշակի թերություններ, ինչը, կարծում եմ, պայմանավորված է հետաքննության՝ որպես նախնական քննության ձևի որոշակի սկզբունքային հատկանիշներ հաշվի չառնելով: Մասնավորապես՝ գործող քրեական դատավարության օրենսգիրքը ընտրել է այսպես կոչված «հատված» հետաքննության մոդելը, այսինքն՝ հետաքննության, որը հանդիսանում է նախնական քննության ոչ պարտադիր, ֆակուլտատիվ ձևը, որին, բոլոր դեպքերում, պետք է հաջորդի նախաքննությունը: Հետաքննության նշված մոդելի առանձնահատկությունը (ի տարբերություն այսպես կոչված «լրիվ» հետաքննության, որի պարագայում որպես կանոն բացակայում է նախաքննությունը) կայանում է նրանում, որ այն ունի, ի համեմատ նախաքննության, շատ պարզ, երկու կարևոր խնդիր. 1. Բացահայտել հանցանք կատարած անձին (այլ կերպ՝ «տաք հետքերով» հայտնաբերել հանցանք կատարած անձին): 2. Անհետաձգելի քննչական գործողությունների կատարմամբ հայտնաբերել, ամրագրել, ամրապնդել հանցագործության հետքերը (որպեսզի ժամանակի պատճառով չունենանք ապացուցողական նշանակություն ունեցող ինֆորմացիայի կորուստ): Ընդ որում՝ հետաքննության ֆակուլտատիվությամբ է պայմանավորված այն, որ հետաքննությունը չի կարող տևել ավել, քան քրեական գործ հարուցելու պահից 10 օր: Նման կարգավորման նպատակն էլ հասկանալի է. հնարավորինս արագ ապահովել քննության առավել որակյալ ձևով իրականացումը (նախաքննության ձևով իրականացումը): Հենց այս հանգմանքի հաշվառմամբ է, որ հետաքննության 10օրյա ժամկետը դիտարկվում է դրա ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ժամկետը, այսինքն՝ հետաքննությունը պետք է ավարտվի, երբ ԼՈՒԾԵԼ Է ԻՐ ԱՌՋև ԴՐՎԱԾ ԽՆԴԻՐԸ(ՆԵՐԸ), ԿԱՄ ԵՐԲ ԱՐԴԵՆ ԻՆՔՆԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՏՇՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՑԱԿԱՅԻ: Ասվածի լույսի ներքո պետք է հասկանալ հետաքննության ավարտման օրենսդրական հիմքերը՝ 1. հանցանք կատարած անձի ի հայտ գալը (քր.դատ.օր-ի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ), (վերը բերված առաջին խնդրի լուծում) 2. գործին քննիչի ներգրավում (քր.դատ.օր-ի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ) (հետաքննության շարունակության անհրաժեշտության բացակայություն (քանի որ քննիչի ներգրավվմամբ գործի կշարունակվի առավել որակյալ քննության ձևով՝ նախաքննությամբ, ինչը ինքին բացառւոմ է հետաքննության անհրաժետշտությունը)) (Ընդ որում՝ այստեղ պետք է նկատենք, որ օրենսդիրը հնարավոր է համարում քննիչի կողմից վարույթի ներգրավվման երկու եղանակ՝ 1. դատախազի կողմից գործը հետաքննիչից վերցնելով և քննիչին (նախաքննության) հանձնելով 2. Քննիչի կողմից սեփական նախաձեռնությամբ գործին ներգրավվելով (քր.դատ.օր-ի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ)): 3. Մինչ հետաքննության առավելագույն ժամկետը լրանալը հետաքննության մարմնի կողմից անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողությունները ավարտելը (վերը բերված երկրորդ խնդրի լուծում): Հետաքննության ավարտման այս ինքնուրույն հիմքը շատ դեպքերում «վրիպում է» հետազոտողի ուշադրությունից, որը թերևս կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ իրավական կարգավորման տեխնիկական թերության պատճառով նշյալ հիմքը տեղ է գտել ոչ թե նախնական քննության ավարտը կանոնակարգող 196-րդ հոդվածի 2-րդ մասում, այլ՝ հետաքննության մարմնի լիազորությունները կանոնակարգող 57-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում: Սակայն նշյալ տեխնիկական թերության առկայությունը ամենևին չի նսեմացնում հետաքննության ավարտման այս հիմքը, ավելին՝ այն ուղղակիորեն բխում է հետաքննության այօրվա մոդելի էությունից: Հետաքննությունը պետք է ավարտվի հնարավորինս արագ. ԱՆՀՐԱԺԵՇՏ, հնարավոր բոլոր քննչական գործողույթունները կատարելուց հետո: Ընդ որում՝ եթե անհետաձգելի քննչական գործողությունները արվեցին ապացուցողական նշանակություն ունեցող հետքերը հայտնաբերվեցին ու ամրագրվեցին, միևնույն ժամանակ նաև դեռ չի բացահայտվում (հայտնաբերվում) հանցանք կատարած անձը, ՈՉ ԹԵ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ ՄԻՆՉ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆԱ, ԱՅԼ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՀԵՆՑ ՔՐ.ԴԱՏ.ՕՐ-Ի 57-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾԸ ՀԱՆՁՆԵԼՈՎ ՔՆՆԻՉԻՆ (ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ): Հակառակ մոտեցումը կբերի այնպիսի անհեթեթության, որ հետաքննության մարմինը, օրինակ, առաջին երկու օրը կանի անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողությունները հանցագործության հետքերը հայտնաբերելու, ամրագրելուն, հանցանք կատարած անձին հայտնաբերելու համար, սակայն պետք է ևս 8 օր գործը «քնեցնի»՝զուր ծախսելով նախաքննության համար կարևորագույն այդ ժամանակը: ԱՅԺՄ ՆԱԽԱԳԾԻ ԲՈՒՆ ԹԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. 1. Կարծում ենք, նախագծի հեղինակները հաշվի չեն առել, մեր կողմից վերը մատնանշած հետաքննության ավարտման երրորդ ինքնուրույն հիմքը՝մինչ հետաքննության առավելագույն ժամկետի լրանալը հետաքննության մարմնի կողմից անհրաժեշտ բոլոր անհետաձգելի քննչական գործողությունները ավարտելը: Ներկայացված Նախագծի առաջին հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 57-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ընդ որում Նախագծի Հիմնավորումներում այս առումով նշվում է, որ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետն օրինագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել, քանի որ Օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասն արդեն իսկ սահմանում է հետաքննության ավարտի վերաբերյալ ժամկետները, ինչպես նաև հետաքննության մարմնի կողմից հարուցված քրեական գործը նախաքննության մարմնին փոխանցելու լիազորությունը»: Ինչպես արդեն վերը նկատել ենք, հետաքննության ավարտման այս ինքնուրույն հիմքը (մինչ հետաքննության առավելագույն ժամկետի լրանալը հետաքննության մարմնի կողմից անհրաժեշտ բոլոր անհետաձգելի քննչական գործողությունները ավարտելը (57-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ)) իրավական կարգավորման տեխնիկական թերության պատճառով տեղ չի գտել 196-րդ հոդվածում: Նախագծի հեղինակները, սակայն, այս հանգմանաքը հաշվի չառնելով՝ առաջարկում են ուժը կորցրած ճանաչել 57-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, այսպիսով և՝ փաստացի ՎԵՐԱՑՎՈՒՄ Է ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԱՆ ԱՅՍ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՀԻՄՔԸ (մնացած հիմքերը), որն էլ հղի է արդեն վերը ներկայացված վտանգով: Ընդ որում՝ Նախագծում հետաքննության ավարտման այս ինքնուրույն հիմքը ոչ միայն վերացվում է, այլ դեֆորմացվում. բանն այն է, որ Նախագծի հեղինակները ցանկանալով «շտկել ստեղծված պրակտիկան» և ապահովել, որ հետաքննության մարմինը իրականցնի իր լիազորությունները (մասնավորապես հարցաքննի կասկածյալին, կատարի նրա մասնակցությամբ այլ անհետաձգելի քննչ. գործողություններ), առաջարկում են փոփոխել 196-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ներկայիս խմբագրությունը՝ «մինչև հետաքննության ժամկետը լրանալն ի հայտ է գալիս հանցանք կատարած անձը», հետևյալ խմբագրությամբ. «մինչև հետաքննության ժամկետը լրանալը հարուցվել է քրեական հետապնդում և ավարտվել են անհետաձգելի քննչական գործողությունները»: Այսպիսով ինքնուրույն հիմքը՝ անհետաձգելի քննչական գործողությունների ավարտումը կապվում է քրեական հետապնդման հարուցման հետ (միացվում է մյուս հիմքի հետ): Այս պարագայում կունենանք այն վտանգավոր պրակտիկան, երբ հետաքննության մարմինը ավարտելով անհրաժեշտ անհետաձգելի բոլոր գործողությունների կատարումը, սակայն միաժամանկ չհայտնաբերելով հանցանք կատարած անձին, պետք է գործը պահի իր վարույթում մինչ առավելագույն ժամկետի լրանալը կամ լավագույն դեպքում «սպասի» դատախազի կողմից գործը նախաքննության հանձնելուն: Այստեղ մոտենում ենք նախագծի, մեր կարծիքով երկրորդ թերությանը. 2. Նախագծով առաջարկվում է քր.դատ.օր-ի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից հանել «կամ քննիչը ներգրավվում է գործի քննությանը» բառերը: Այդպիսով վերացվում է քննիչի ներգրավվման եղանակներից մեկը (տե՛ս վերևում). քննիչը (նախաքննության մարմինը) զրկվում է ինքնուրույն հետաքննությանը ներգրավվելով նախաքննություն սկսելու իր լիազորությունից: ԱՅՆ ՈՐ ՔՆՆԻՉԻ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ,դա մենք չենք վիճարկում, սակայն, մի բան հստակ է, որ առաջարկվող փոփոխությունը ավելի մեծ անհստակություն է բերելու: Բանն այն է, որ քննիչի սեփական նախաձեռնությամբ հետաքննության ներգրավելու լիազորությանը թղթակցում է հետաքննության մարմնի պարտականությունը՝ հայտնաբերված հանցագործության և գործով սկսված հետաքննության մասին անհապաղ տեղյակ է պահել ոչ միայն դատախազին , այլ նաև քննիչի (57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ): Մյուս կողմից՝ քննիչը լիազորված է կատարված հանցագործության մասին հետաքննության մարմնից հաղորդում ստանալիս մեկնել դեպքի վայր և ներգրավվել գործի քննությանը` քրեական գործ հարուցելու կամ հարուցված գործն իր վարույթ վերցնելու միջոցով (55-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետ): 3. Եթե Նախագծով առաջարկվող փոփոխությունը ընդունվի ու հանվեն 196-րդ հոդվածով նախատեսված «կամ քննիչը ներգրավվում է գործի քննությանը» բառերը, ապա հարց է առաջանում այն բոլոր դեպքերում, երբ հետաքննության մարմինը կատարի իր լիազորությունը գործով սկսված հետաքննության մասին անհապաղ տեղյակ պահի քննիչին (57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), իսկ քննիչն էլ իր լիազորությունը ՝55-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետով ներգրավվի գործի քննությանը հարուցված գործն իր վարույթ վերցնելու միջոցով, ի՞նչ պետք է լինի. շարունակվի՞ հետաքննությունը (չէ որ արդեն կբացակայի քննիչի ինքնուրույն գործին ներգրավվելով հետաքննության ավարտման հիմքը), կսկսի՞ նախ նախաքննությունը (չէ որ քննիչի կողմից հարուցված գործը «իր վարույթ վերցնելը» պետք է նույնացնել գործը վարույթ ընունելու որոշմանը, որով էլ սկսվում է նախաքննությունը): Առաջարկ. Հետևաբար միաժամանակ և հետաքննության, և նախաքննության անհեթեթ իրավիճակում չհայտնվելու պատճառաբանությամբ կա՛մ պետք է օրենսդրական փոփոխությունը լինի ոչ թե մասնակի այլ վերջնական՝ խմբագրվեն քննիչի (՝55-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետով) և հետաքննության մարմնի (57-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով) նախատեսված լիազորությունները՝ զրկելով քննիչին նման լիազորությունից (ինչը, մեր կարծիքով կհակասի հետաքննության այսօրվա մոդելի էությանը), կամ հրաժարվել 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում առաջարկվող փոփոխությունից՝ հստակեցնելով արդեն քննիչի սեփական նախաձեռնությամբ վարույթի ներգրավման հարցերը

Գևորգ Մալխասյան

22.07.2019

Գտնում եմ նաև, որ 5.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջը պետք է տարածել ցանկացած իրավախախտում կատարման մեջ կասկածվող, ինչպես նաև բացատրություն կամ հաղորդագրություն կամ ցուցմունք տվող ցանկացած անձի վրա՝ այդ թվում վկաներ, տուժողներ և այլն:

Գևորգ Մալխասյան

22.07.2019

Կարծում եմ, որ համանման մոտեցում պետք է ցուցաբերվի բոլոր հետքաննության ու նախաքննության մարմիններում:

Տեսնել ավելին