Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

                                                                                                                                           

                                                                                                                                                  ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում ընթացող սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների գործընթացի շրջանակներում առավել կարևորություն են ստանում մարդու իրավունքների նորովի արժևորումը, իրացումն ու իրական պաշտպանությունն ապահովող կառուցակարգերի ներդնումը:

Այս կապակցությամբ հարկ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով կարևորվել է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների իրականացման ապահովմանն ուղղված օրենքի ընդունումը: Մասնավորապես, սահմանադրության  56-րդ հոդվածը սահմանում է.  

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունք:

  1. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:
  2. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով»:

Այս համատեքստում հատկանշական է, որ անկախության հռչակումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել օրենք ազգային փոքրամասնություններին պաշտպանության մասին, այլ տարբեր օրենքներում և այլ իրավական ակտերում տեղ են գտել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ու ազատությունների իրականացման վերաբերյալ առանձին դրույթներ, ինչի պատճառով համապատասխան կարգավորումները կրում են ոլորտային և հատվածական բնույթ:

Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների օրենսդրական ապահովման պահանջներ ամրագրված են բազմաթիվ միջազգային համաձայնագրերով, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը։ Մասնավորապես, ՄԱԿ-ի 1966 թվականի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Միջազգային Դաշնագրի 27-րդ հոդվածի համաձայն. «Այն երկրներում, որտեղ գոյություն ունեն էթնիկական, կրոնական և լեզվական փոքրամասնություններ, այդ փոքրամասնություններին պատկանող անձանց չի կարող մերժվել այդ նույն խմբի այլ անդամների հետ համատեղ իրենց մշակույթից օգտվելու, իրենց կրոնը դավանելու և դրա ծեսերը կատարելու, ինչպես նաև մայրենի լեզվից օգտվելու իրավունքը»: Հայաստանի Հանրապետւթյունը միացել է նաև Ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին 1995թ․ Եվրոպայի Խորհրդի Շրջանակային կոնվենցիային, որում կարգավորվում և պարզաբանվում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց մշակույթը, էթնիկ, լեզվական և կրոնական առանձնահատկությունները պահպանելու և զարգացնելու իրավունքները և պետությունների պարտավորությունը նպաստելու այդ իրավունքների իրականացմանը։ ԵԽ շրջանակային կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1998 թվականի նոյեմբերի 1-ից։

Մինչ ԵԽ շրջանակային կոնվենցիան ստորագրելը, Հայաստանի Հանրապետությունը 1994 թվականի հոկտեմբերի 21-ին Մոսկվայում ստորագրել էր «Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման մասին» ԱՊՀ կոնվենցիան, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1997 թվականի հունվարի 10–ից։

Առաջարկվող նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը և հաստատուն կամքը ապահովել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների իրականացումը Հայաստանում։ Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն միջազգային իրավական սկզբունքից, համաձայն որի ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը համարվում է մարդու իրավունքների պաշտպանության անկապտելի մասը։

Միևնույն ժամանակ, փոփոխված սահմանադրությունն ընդգծում է խտրականության համընդհանուր արգելքի կարևորությունը: Այդ նպատակին են ուղղված 28-30-րդ հոդվածները, որոնք սահմանում են բոլորի հավասարությունն օրենքի առջև, խտրականության համընդհանուր արգելքը և կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը: Բացի այդ, Սահմանադրության 86-րդ հոդվածում, որը թվում է տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակները, առանձնացված է կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը: Այդպիսով ՀՀ Սահմանադրությունը նոր խնդիրներ է դրել՝ միջազգային չափանիշներին համապատասխան կանոնակարգել և պաշտպանել իրավահավասարությունը և հավասար հնարավորությունները։

Պետք է հաշվի առնել, որ խտրականության բացառումը չի կարող սահմանափակվել իրավական ակտերում խտրականության զութ հռչակագրային արգելքով: Այս ոլորտում նույնպես անհրաժեշտ են առավել համապարփակ կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան երաշխավորել բոլորի իրավահավասարությունը, դրա խախտման դեպքում կանխատեսելի և արդյունավետ ընթացակարգերի միջոցով իրավունքները վերականգնելու, փոխհատուցում ստանալու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ:  Հիշյալ նպատակներին է ուղղված է իրավահավասարության ապահովմանն ուղղված միասնական օրենսդրություն մշակելը, ինչը բխում է նաև ՀՀ միջազգային պարտավորություններից: Մասնավորապես, խտրականության արգելքի և իրավահավասարության ապահովման գործնական և արդյունավետ կառուցակարգեր նախատեսելը բխում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրից, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայից և հատկապես՝ դրա 12-րդ արձանագրության 1-ին հոդվածից, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայից և մի շարք այլ միջազգային փաստաթղթերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը մարդու իրավունքների միջազգային ատյանների կողմից ուղղված հանձնարարականներից, այդ թվում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի՝ 2017թ. մայիսի 12-ին հրապարակված ՀՀ 6-րդ և 7-րդ պարբերական զեկույցների վերաբերյալ դիտարկումներից, ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի՝ ՀՀ 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներից, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման  կոմիտեի՝ ՀՀ 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցների վերաբերյալ իր եզրափակիչ դիտարկումներից, ՄԱԿ-ի hաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի՝ Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ 2017 թվականի ապրիլի 7-ին կայացած 325-րդ հանդիպման դիտարկումներից և մի շարք այլ փաստաթղթերից: 

Նշված խնդրի լուծման ուղղությամբ պետական քաղաքականության առաջին քայլերից կարելի է համարել ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27–ի N 303-Ն որոշման ընդունումը։ Այդ որոշմամբ հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը, որի 8–րդ կետի շրջանակներում սահմանվել է ՀՀ օրենսդրության՝ խտրականության արգելմանը վերաբերող միջազգային իրավական նորմերին համապատասխանության ուսումնասիրման անհրաժեշտությունը, ինչպես նաև «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք ընդունելու նպատակահարմարության քննարկումը: Իսկ 2017 թվականի մայիսի 4-ին հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի 77-րդ կետով արդեն նախատեսված է իրավահավասարության ապահովման համար օրենսդրական կառուցակարգերի ստեղծումը:

«Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը կապահովի նաև պետության կողմից ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց նկատմամբ խտրականության բացառման ինչպես նեգատիվ, այնպես էլ պոզիտիվ պարտականությունների իրականացումը, ինչով էլ պայմանավորված՝ «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը հղում է կատարում «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Քննարկվող օրենքների նախագծերն օրգանական կապի մեջ են միմյանց հետ և այդ պատճառով էլ նպատակահարմար է դրանք ներկայացնել մեկ փաթեթով: 

Ամփոփելով՝ կարելի է փաստել, որ «Ազգային փոքրամասնությունների մասին» և «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով, խտրականության համընդհանուր արգելքի գործնական ապահովման և ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ իրականացման համար կազմակերպաիրավական հիմքերի նախատեսման պահանջով, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն առավել համակարգված ձևով սահմանել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց սահմանումը, նրանց իրավունքները և պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմներ, սահմանել հանրապետական գործադիր մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները այդ ոլորտում։ Նախագծով նախատեսվում է նաև ստեղծել Ազգային փոքրամասնությոնների պալատ, որը կծառայի որպես հարթակ ազգային փոքրամասնությունների հարցերը քննարկելու և լուծումներ առաջարկելու համար։ Նման կարգավորումը օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքեր կստեղծի ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ամրագրված՝ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների համակարգված իրագործումն ապահովելու համար:

Ներկայացված օրենքի նախագծով՝ միջազգային իրավական փաստաթղթերի համաձայն, ամրագրվել են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները:

 «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են խտրականության հասկացությունը և տեսակները, կանոնակարգվում են խտրականության վերացմանն ուղղված և խտրականությունից պաշտպանվելու իրավական մեխանիզմները, ինչպես նաև Իրավահավասարության խորհրդի կարգավիճակը, խնդիրները և գործունեությունը։

Նախագծերի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի և քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։

Ամրագրելով խտրականության համընդհանուր արգելքը՝ «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը սահմանում է խտրականության հասկացությունը և տեսակները, ինչպիսիք են՝ ուղղակի խտրականությունը, անուղղակի խտրականությունը, խտրականության հրահրումը, հետապնդումը և սեգրեգացիան: Անկյունաքարային նշանակություն ունի Նախագծով խտրականության վերաբերյալ բողոքների քննության համար ապացուցման բեռի բաշխումը: Մասնավորապես, ինչպես Նախագծում, այնպես էլ վերաբերելի դատավարական օրենսգրքերում լրացում կատարելու մասին հարակից նախագծերում սահմանվում է, որ թեև բողոք բերած անձը ներկայացնում է տվյալներ և փաստարկներ, որոնք առերևույթ հիմնավորում են խտրականության առկայությունը, խտրականության բացակայությունն ապացուցելու պարտականությունը, այնուամենայնիվ, կրում է պատասխանողը:

«Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծում հասարակական կյանքի առանձին ոլորտներում խտրականության դեպքերի վերացմանը նվիրված է առանձին գլուխ, որն անդրադառնում է անձի իրավունքների տեսանկյունից այնպիսի հիմնաքարային ոլորտների, ինչպիսիք են՝ հավասարության ապահովումն աշխատանքի և հանրությանը մատչելի ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման, տնտեսական գործունեության ոլորտներում:

Ինչ վերաբերում է Իրավահավասարության խորհրդին, ապա ըստ նախագծի՝ այն Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խորհրդակցական մարմին է, որի նպատակն է ապահովել անձանց հավասարությունը և պաշտպանությունը խտրականության բոլոր տեսակի դրսևորումներից:

Նախագծով կարգավորված են Իրավահավասարության խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները, անդամների ընտրությունը, նշանակումը և լիազորությունների դադարումը: Իրենց հատուկ ամրագրումն են ստացել խորհրդի գործառույթները:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց շրջանակը, սահմանել ազգային փոքրամասնությունների հիմնական իրավունքները և ազատությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունները դրանց իրականացման ապահովման գործում,

կազմավորել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց խնդիրները և իրավունքների իրացման հետ կապված հարցերը քննարկելու համար խորհրդակցական մարմին։

 «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է երաշխավորել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորությունները, կատարելագործել խտրականության դեմ պայքարի բնագավառի օրենսդրությունը, ապահովել խտրականության կանխարգելման, դրանից իրավական և դատական պաշտպանության իրավական հիմքերը:

  • Քննարկվել է

    15.07.2019 - 31.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 23370

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

31.07.2019

Նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվում է, որ իրավահավասարության ապահովմամբ պետք է զբաղվի Մարդու իրավունքների պաշտպանը, որն այդ գործունեությունը կիրականացնի Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ստեղծվող խորհրդակցական մարմնի՝ Իրավահավասարության խորհրդի միջոցով։ Միեւնույն ժամանակ նախատեսվում է, որ Իրավահավասարության խորհուրդը գործելու է հասարակական հիմունքներով, առանց վարձատրության, ինչն արդեն ենթադրում է, որ դրանում ներգրավված անձիք իրենց ամբողջ ժամանակը չեն կարողանա տրամադրել այդ աշխատանքին: Բացի դրանից, Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իր սահմանադրական լիազորություններով որոշակի սահմանափակումներ ունի, քանի որ վերջինս, օրինակ, չի կարող քննել մասնավոր կազմակերպություններում առաջացող վեճերն ու արդյունքում ստղծվելու է մի իրավիճակ, երբ հասարակության մի ամբողջ հատվածում առաջացող խտրականության դրսեւորումները մնալու են պաշտպանության ոլորտից դուրս։ Ավելին, Իրավահավասարության խորհրդի կայացրած որոշումներն ունեն ուղղակի խորհրդակցական բնույթ, ինչից ենթադրվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է դրանց հետեւել եւ նույն կերպ կարող է չհետեւել։ Արդյունքում առաջանում է մի իրավիճակ, երբ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ձեւավորվում է մարմին, որի գործունեությունը կրում է պարզապես դեկլարատիվ բնույթ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում ենք փոփոխություն կատարել եւ ՀՀ Սահմանադրութան համաձայն ստեղծել ինքնավար մարմին, որը կապահովի Հանրապետության ողջ տարածքում եւ բոլոր ոլորտներում խտրականության դրսեւորման ենթարկված անձանց իրավունքների պաշտաճ պաշտպանությունը։

Ստելլա Չանդիրյան

31.07.2019

Նախագծի 5-րդ հոդվածում, ի թիվս այլնի, նշվում է նաեւ վիկտիմիզացիայի սահմանումը, համաձայն որի՝ վիկտիմիզացիան դիտավորյալ գործողություն կամ անգործություն է, որը սույն օրենքի շրջանակում իր իրավունքների պաշտպանության նպատակով իրավասու մարմիններին դիմում կամ բողոք ներկայացրած կամ ենթադրյալ խտրականության փաստը հրապարակած անձի համար հանգեցրել է բացասական հետեւանքների։ Հարկ է նշել, սակայն, որ հնարավոր են դեպքեր, երբ անձն առհասարակ բարձրաձայնի սույն օրենքի շրջանակներից դուրս կատարվող որեւէ հարց (օրինակ՝ իր աշխատանքային պայմանների վերաբերյալ) եւ արդյունքում նա ենթարկվի խտրականության եւ դա հանգեցնի իր համար բացասական հետեւանքների, սակայն այդ պարագայում նշված օրենքով նախատեսված կարգավորումները չեն տարածվի այդ իրավիճակի նկատմամբ եւ անձը կզրկվի իր իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերաձեւակերպել օրենքում տեղ գտած վիկտիմիզացիայի նշված նեղ սահմանումը։

Ստելլա Չանդիրյան

31.07.2019

«Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ խտրականությունը գործողություն, անգործություն, կարգավորում, վերաբերմունք կամ քաղաքականություն է, որն արտահայտվել է անձի իրա-վունքների եւ ազատությունների տարբերակմամբ, բացառմամբ, սահմանափակմամբ կամ նախապատվությամբ, երբ՝ առկա չեն հետապնդվող իրավաչափ նպատակի, ժողովրդավարական հասարակությունում դրա անհրաժեշտության եւ նպատակի ու ընտրված միջոցների միջեւ ողջամիտ համաչափության պայմանները՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական, կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝ իրական կամ ենթադրյալ։ Նշված սահմանման մեջ ներառված չէ խտրականության դրսեւորումը սեռական կողմնորոշման եւ գենդերային պատկանելիության հիմքով, ինչն առաջակում ենք ամրագրել նախագծով։

Տեսնել ավելին