Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 498-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը.

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 498-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) քարտուղարության ապահովման անհրաժեշտությամբ:

  1. Առկա իրավիճակը.

       «Քաղաքացիության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով։

      Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններն ստանալուց հետո Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը դրանք քննարկում է։

     Ներկայումս բացակայում է իրավական կարգավորում, որով սահմանվում են Հանձնաժողովի քարտուղարության իրականացման հարցերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանձնաժողովի նախագահը ՀՀ արդարադատության նախարարն է, եզրակացությունները Ոստիկանության կողմից ուղարկվում են ՀՀ արդարադատության նախարարություն: Արդարադատության նախարարությունում բացակայում է համապատասխան հարցերով զբաղվող ստորաբաժանում, այդ իսկ պատճառով Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն ապահովում է Իրավական ապահովման վարչությունը, այն պարագայում, երբ հիշյալ վարչության գործառույթներն այլ են: Միևնույն ժամանակ, Վարչապետի աշխատակազմում առկա է Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժին, որը նույնիսկ մինչև Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները Նախագահի աշխատակազմում իրականացնում էր եզրակացությունների ուսումնասիրության գործառույթը: Այս բաժինը տարիներ շարունակ զբաղվել է նույն հարցով և իրականացրել է ներկայացված եզրակացությունների պատշաճ ուսումնասիրություն: ՀՀ ԱՆ իրավական ապահովման վարչությունն այժմ ևս իրականացնում է նույն գործառույթը` չնայած աշխատանքային ծանրաբեռնվածության և ռեսուրսների բացակայության: Հանձնաժողովում քննարկվելուց հետո ոստիկանության ներկայացրած եզրակացությունները Հանձնաժողովի եզրակացության հետ մեկտեղ ուղարկվում են Վարչապետի աշխատակազմ և ըստ էության հիշյալ բաժինը կրկնում է նույն գործառույթն ինչ արդեն իսկ կատարել է ՀՀ ԱՆ իրավական ապահովման վարչությունը: Ուստի՝ առկա է գործառույթների անհարկի կրկնություն, ինչի արդյունքում դիմումների քննությունն իրականացվում է ավելի երկար ժամկետում: Բացի այդ, հիշյալ բաժինն ավելի պրոֆեսիոնալ կարող է եզրակացությունների ուսումնասիրությունը կատարել:

       Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել Հանձնաժողովի քարտուղարություն իրականացնող մարմինը՝ որպես այդպիսին նախատեսելով համապատասխան գործառույթներ ունեցող Վարչապետի աշխատակազմի Ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժնին: Փոփոխությունների արդյունքում Ոստիկանությունն ի դեմս Հանձնաժողովի եզրակացությունները կուղարկի քարտուղարություն, վերջինս նախապես կուսումնասիրի եզրակացությունները և կներկայացնի Հանձնաժողովի քննարկմանը, որից հետո Հանձնաժողովի եզրակացությունը կուղարկվի Վարչապետին և քանի որ Վարչապետի աշխատակազմի հիշյալ բաժինը Հանձնաժողովի կողմից քննարկելուց հետո այլևս ստիպված չի լինի եզրակացություններն ուսումնասիրել` ավելի սեղմ ժամկետում Վարչապետը կդիմի ՀՀ նախագահին:

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

     Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերացնել քաղաքացիության գործերի ուսումնասիրության կրկնակիությունը և ապահովել դիմումների քննության ավելի սեղմ ժամկետում իրականացումը:

 

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

       Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

  • Քննարկվել է

    12.06.2019 - 27.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6995

Տպել