Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության օրենքը «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1) Դեպքի վայրի պահպանության ոլորտում քրեական հետապնդման իրավասու մարմինների կազմակերպաիրավական բնույթի հարաբերությունների հստակեցում:

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասում՝ նախատեսելով, որ հետաքննության մարմինն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է դեպքի վայրի պահպանություն, որի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գործող օրենսդրությամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածում թվարկված հետաքննության մարմիններից դեպքի վայրի պահպանության պարտականություն օրենքով դրված է միայն ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների վրա։

 «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 36–րդ հոդվածի համաձայն` Ոստիկանության  ծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ զբաղեցրած պաշտոնից, գտնվելու վայրից և ժամանակից, պարտավոր են` (…)

2) անձի կամ հասարակության անվտանգությանն սպառնացող դեպքի  մասին քաղաքացիներից տեղեկություններ ստանալիս կամ անմիջականորեն նման դեպք հայտնաբերելիս միջոցներ ձեռնարկել  մարդկանց փրկելու, իրավախախտումը կանխելու կամ խափանելու, իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձանց ձերբակալելու, դեպքի վայրը պահպանելու ուղղությամբ և այդ մասին անմիջապես հայտնել մոտակա ոստիկանության ստորաբաժանում:

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրք օրենքի[1] 91–րդ հոդվածի համաձայն`

Գնդի հրամանատարը  պարտավոր է` միջոցներ ձեռնարկել հանցագործությունների և պատահարների կանխման ուղղությամբ, իսկ եթե դրանք արդեն տեղի են ունեցել, ժամանակին զեկուցել վերադաս հրամանատարներին (պետերին) և անհապաղ հաղորդել համապատասխան իրավապահ մարմիններին, նշանակել ծառայողական քննություն, անձամբ մասնակցել մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ պատճառած դեպքերի հետաքննությանը` ապահովելով դեպքի վայրի, հանցագործության գործիքների և այլ իրեղեն ապացույցների պահպանությունը մինչև իրավապահ մարմինների ներկայանալը։

Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ վերը նշված երկու մարմիններից բացի, հետաքննության մարմիններ են նաև՝ հարկային մարմինները` հարկային հանցագործությունների գործերով, մաքսային մարմինները` մաքսանենգության և, օրենքով նախատեսված դեպքերում, մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով, ազգային անվտանգության մարմինները` օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով, ինչպես նաև օդանավի հրամանատարը՝ օդանավում թռիչքի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ գործերով:

Այսինքն, գործնականում  հետաքննության այլ մարմիններ ևս պետք է իրականացնեն դեպքի վայրի պահպանություն (օրինակ՝ քրեակատարողական հիմնարկները՝ այդ հիմնարկների տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով, պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը` հրդեհներին և տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով և այլն) և օրենսդրական գործող կարգավորումը, այն է՝ դեպքի վայրի պահպանության պարտականությունը միայն ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների վրա դնելը, անտրամաբանական է և անհիմն կերպով տարբերակված մոտեցում է դրսևորվում համանման գործառույթներ իրականացնող հետաքննության այլ մարմինների նկատմամբ։

Հետևաբար, գործնական բավական խնդրահարույց հարցին հնարավորինս ամբողջական և համակարգային լուծում տալու համար Նախագծով առաջարկվում է համապարփակ կերպով կարգավորել նաև հետաքննության մյուս մարմինների  լիազորությունը ՝ դեպքի վայրի պահպանության ոլորտում:

 

2) Քրեական հետապնդման և քրեադատավարական հարկադ­րանքի կիրառման ոլորտում դատախազի և քննիչի լիազորութ­յունների տարանջատման հետ կապված իրավահարաբերությունների հստակեցում:

Քրեական հետապնդման և քրեադատավարական հարկադ­րանքի կիրառման ոլորտում դատախազի և քննիչի լիազորութ­յունների ոչ հստակ տարանջատման հետևանքով ծա­գում են որոշ հակասական իրավիճակներ: Այսպես՝ ՀՀ քր. դատ. օր-ի 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կալանավորման և գրա­վի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխվել և վերացվել դատարանի կողմից, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում՝ նաև դատախազի կողմից: Ինչպես նկատում ենք, նշված նորմը կարգավորում Է մինչդատական և դատական վարույթում կալանքը և գրավը փոխելու իրավական ռեժիմները: Դատական վարույթում կալանքը և գրավը փոխելու և վերացնելու լիազորություն ունի միայն դատարանը, իսկ մինչդատական վարույթում՝ նաև դատախազը:

ՀՀ քր. դատ. օր.-ի 142-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնի որոշման հիման վրա կալանքից ենթակա է ազատման, եթե`

1) կարճվել է համապատասխան քրեական գործի վարույթը, կամ նրա նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը.

2) դատարանը դատապարտյալին նշանակել է պատիժ, որը կապված չէ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու կամ կալանքի հետ.

3) քրեական վարույթն իրականացնող մարմինը պարզել է անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը.

4) լրացել և չի երկարացվել կալանավորման մասին որոշում կայացնելիս կալանքի տակ պահելու` դատարանի կողմից սահմանված ժամկետը.

5) լրացել է անձին կալանքի տակ պահելու սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը.

6) մուծված է անձին կալանքից ազատելու համար դատարանի կողմից նշանակված գրավը:

Ավելին, 4-6-րդ կետերով նախատեսված դեպքերում անձին կալանքից ազատելու որոշում կայացնելու լիազորությունը տրված է նաև կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարին: Հետևաբար, անգամ գործող իրավակարգավորումների շրջանակներում վարույթ իրականացնող մարմինը լիազորված է անձին կալանքից ազատել, սակայն իրավական հակասությունների և մասնակի կարգավորումների հետևանքով գործնականում դա իրականացնել չի կարող:

ՀՀ քր. դատ. օր-ի 55-րդ հոդվածի 28-րդ կետի համաձայն' քննիչը լիազորված է ընդունել որոշում քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին՝ որոշման օրինա­կանությունն ստուգելու նպատակով, իսկ 22-րդ կետի համաձայն՝ քննիչը լիազորված է որոշում ընդունել խափանման միջոցներ ընտրելու, փոխելու, վերացնելու և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին` բացառությամբ կալանքի, իր որոշմամբ ազատել կալանքի տակ պահվող այն մեղադրյալին, ում կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է: Նշված նորմերից բխում է, որ քննիչն, առանց դատախազի նախնական համաձայ­նության, իրավասու է կարճել քրեական գործի վարույթը կամ դադարեցնել քրեական հետապնդումը, ինչպես նաև փոփոխել և վերացնել դատավարական հարկադրանքի միջոցները` բացառութ­յամբ կալանքի: Քննիչը կարող է կալանքի տակ գտնվող մեղադր­յալին ազատ արձակել միայն այն դեպքում, երբ լրացել է կալանքի ժամկետը, մյուս դեպքերում` մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալին կալանքից ազատելու իրավասությունը վերապահ­ված է դատախազին, չնայած որ ՀՀ քր. դատ. օր.-ի 142-րդ հոդվածի համաձայն՝ նման լիազորությամբ օժտված է հենց քննիչը, այլ ոչ թե դատախազը:

Գործնականում հանդիպում են դեպքեր, երբ քննիչը զրկվում է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու լիազորությունն ինքնուրույն իրականացնելու հնա­րավորությունից այն դեպքերում, երբ կարճման ենթակա քրեական գործով մեղադրյալը գտնվում է կալանքի տակ: Այսպես` ՀՀ քր. դատ. օր-ի 261-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն' գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման եզրափակիչ մասում շարադրվում են քրեական գործը կարճելու հիմքերը, օրենքի նորմը, որի հիման վրա կայացվում է որոշումը, խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ հարցերը: Ստացվում է մի իրավիճակ, որ կալանքի տակ գտնվող մեղադրյալի վերաբերյալ գործերով քննիչն իրավասու է ինքնուրույն կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը, միաժամանակ` նա այդ իրավունքից չի կարող օգտվել, քանի որ վարույթը կարճելու որոշման մեջ պետք է վերացնի խափանման միջոցը, իսկ կալանքը վերացնելու իրավասությունը վերա­պահված է դատախազին:

Նշված իրավիճակում քննիչի՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու օրենքով նա­խատեսված լիազորության իրականացումն ապահովելու նպա­տակով առաջարկվում է քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կալանավորման և գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը փոփոխելու և վերացնելու հնարավորություն վերապահել նաև քննիչին:

Միաժամանակ, ՀՀ քր. դատ. օր.-ի 142-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում (քրեական վարույթն իրականացնող մարմինը պարզել է անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը), դատախազական հսկողությունն ապահովելու համար, քննիչը կալանավորումը որպես խափանման միջոց վերացնելու կամ փոփոխելու  մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին` որոշման օրինականությունը ստուգելու նպատակով:

Առաջարկվող փոփոխության արդյունքում ՀՀ քր. դատ. օր.-ի 151-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունն ամբողջությամբ կարգավորում է քննիչի կողմից կալանավորման և գրավի վերացնելու կամ փոփոխելու  հարաբերությունը, ուստի առաջարկվում է 3-րդ մասի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագիծն ուղղված է օրենքի վերը նշված բացը լրացնելուն՝ իրավակիրառ պրակտիկայում անորոշությունը բացառելու նպատակով, մասնավորապես առաջարկվում է քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կալանավորման և գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը փոփոխելու և վերացնելու հնարավորություն վերապահել նաև քննիչին: Միաժամանակ, Նախագծով հստակեցվում է հետաքննության մարմնի՝ դեպքի վայրի պահպանության լիազորությունը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

    ՀՀ քննչական կոմիտե:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան դեպքի վայրի պահպանության ոլորտում հետաքննության մարմինների գործողությունները, ինչպես նաև քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում կալանավորման և գրավի ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը փոփոխելու և վերացնելու լիազորություն կվերապահվի նաև քննիչին, ինչով կվերանա դատախազի և քննիչի լիազորությունների բաշխմամբ պայմանավորված կոլիզիան և քննիչները կկարողանան իրականացնել օրենքով իրենց վերապահված լիազորությունը:

 

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա մշակելու «Հայաստանի Հանրապետության հետաքննության մարմինների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

 

[1] Ընդունվել է  03.12.1996թ-ին, ստորագրվել է 07.01.1997թ-ին (ՀՕ-99):

  • Քննարկվել է

    25.04.2017 - 13.05.2017

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10892

Տպել