ՕՐԵՆՔԸ
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1.-ին մասով՝
«6.1. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետը բաց թողնելը կարող է հարգելի համարվել, եթե դիմողը հիմնավորում է իրենից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) ժամկետը բաց թողնելու հանգամանքը:
Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը դիմողի միջնորդությամբ կարող է ժամկետը բաց թողնելը հարգելի համարել, եթե
- պետական գրանցման համար դիմումը նշված ժամկետում ներկայացնելու արգելք է հանդիսացել արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք (անհաղթահարելի ուժ).
- պետական գրանցման համար դիմումը նշված ժամկետում ներկայացնելու արգելք է հանդիսացել դիմողի այնպիսի հիվանդությունը, որը խոչընդոտել է նրա իրավունքի իրացմանը.
- դիմողը գտնվել է ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում կամ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների, այլ մարտական առաջադրանքների, ծառայողական պարտականությունների կատարմանը.
- գործարքի կողմը ճանաչվել է անգործունակ և ժամկետի վերականգնման համար դիմել է օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալը.
- գործարքի կողմը մահացել է, և ժամկետի վերականգնման համար դիմել է իրավահաջորդը.
- գործարքի կողմը անհայտ բացակայող է եղել, և անհայտ բացակայող ճանաչվելուց հետո ժամկետի վերականգնման համար դիմել է նրա գույքի հավատարմագրային կառավարիչը.
- մահացել են անչափահաս քաղաքացու օրինական ներկայացուցիչները, և նա չի ունեցել օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու:
Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը կարող է ժամկետը բաց թողնելը հարգելի համարել, եթե նշված հիմքերը ծագել կամ առկա են եղել նշված երեսնօրյա ժամկետում:»:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետը «խախտմամբ» բառից հետո լրացնել «, եթե պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինն այդ ժամկետի բացթողումը հարգելի չի համարել սույն օրենքի 24-րդ հոդվածի 6.1.-ին մասով սահմանված հիմքերով.»
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5) այն անհատական իրավական ակտը, որով տրամադրվում է իրավունքը կամ կիրառվում է իրավունքի սահմանափակումը, կայացվել է ոչ իրավասու վարչական մարմնի կողմից.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով`
«5.1) օրենքով սահմանված կարգով անվավեր է ճանաչվել այն անհատական իրավական ակտը, որով տրամադրվում է իրավունքը կամ կիրառվում է իրավունքի սահմանափակումը.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
27.04.2019 - 12.05.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Կադաստր
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7867
Տպել